HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատախազությունն առաջարկում է Օ.Ռ.Մարիանին վերադառնալ Հայաստան և հանցագործության մասին հաղորդում տալ

ՀՀ գլխավոր դատախազության պատասխանը` «Հետքի» հոդվածին

«Հետք» շաբաթաթերթի 31-րդ համարում տպագրվել է հոդված «Էժան «պրծնելու» գինը՝ 50.000 Եվրո+20.000 դոլար+ընկերոջ զոհողություն» վերտառությամբ, որտեղ Հայաստանում բանկոմատներից տասնյակ հազարավոր դոլարներ գողանալու համար դատապարտված Ռումինիայի քաղաքացի Օլիվեր Ռադուկու Մարիանի անունից Հայաստանի Հանրապետության դատաիրավապահ մարմինների տարբեր պաշտոնատար անձանց ներկայացվել են ինչ-ինչ մեղադրանքներ:

Հոդվածն ուսումնասիրվել և քննարկվել է ՀՀ գլխավոր դատախազությունում և, հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը, հրապարակում ենք որոշ մանրամասներ` դիտարկվող քրեական գործի վերաբերյալ: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Օլիվեր Ռադուկու Մարիանի ստորագրությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը չի ստացել ոչ «Բաց նամակ» և ոչ էլ հաղորդում՝ հանցագործության մասին:

ՀՀ Կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (խոշոր չափերով գողություն) հատկանիշներով 27.08.2008թ. հարուցված քրեական գործի նախաքննությամբ և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական աշխատանքների շնորհիվ պարզվել է, որ 2008թ. հուլիս-օգոստոս ամիսներին Հայաստանի Հանրապետության տարածքում գործել են բանկային կեղծ քարտերով բանկոմատներից գումարների գողությամբ զբաղվող 2 կազմակերպված հանցավոր խմբեր, որոնք հիմնականում բաղկացած են եղել Լոնդոնում բնակվող Ռումինիայի Բաքաու քաղաքում ծնված Ռումինիայի քաղաքացիներից, որոնց գործունեությունը ղեկավարել են Մարիուս Լուպուն և Կոռնել-Կոնստանտին Ստենգաչուն: Հանցավոր խմբի անդամները «ՎՏԲ-Հայաստան բանկ», «HSBS Հայաստան բանկ», «Անելիք բանկ» ՓԲ ընկերությունների բանկային քարտերի կեղծ կրկնօրինակներով ընդհանուր առմամբ գողության միջոցով հափշտակել են  77.517.000 դրամ:

Քրեական գործով առգրավվել և իրեղեն ապացույց է ճանաչվել 14.000.000 ՀՀ դրամ և փոխարկված 25.200 եվրո գումար:

Հափշտակված և ԱՄՆ դոլարի փոխարկված 80.254 ԱՄՆ դոլար գումարը «Վեսթերն Յունիոն» և «Մոնեյ Գրամ» միջազգային համակարգերով 2008 թ. օգոստոսի 11-ից մինչև 21-ն ընկած ժամանակահատվածում փոխանցվել է Մեծ Բրիտանիա և Ռումինիա: Քրեական գործով ձերբակալվել, ապա պատասխանատվության են ենթարկվել Ռումինիայի 8 և Լատվիայի 1 քաղաքացի, այդ թվում` Օլիվեր Ռադուկու Մարիանը, որը ձերբակալվել է 2008թ. օգոստոսի 27-ին, ապա նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով մեղադրվող Օլիվեր Ռադուկու Մարիանի և ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով մեղադրվող Դանիել Ֆլորին Ֆեռառուի վերաբերյալ մասը քրեական գործից առանձին վարույթ է անջատվել և ըստ էության քննելու համար մեղադրական եզրակացությամբ 26.01.2009թ. ուղարկվել է Երևանի քրեական դատարան:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 10.04.2009թ. դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով Օլիվեր Ռադուկու Մարիանին ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ դատապարտվել է ազատազրկման 2 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով Դանիել Ֆլորին Ֆեռառուն դատապարտվել է ազատազրկման` 6 տարի ժամկետով և գույքի բռնագրավմամբ:

Դատարանում Օլիվեր Ռադուկու Մարիանին և Դանիել Ֆլորին Ֆեռառուն առաջադրված մեղադրանքներում իրենց լիովին մեղավոր են ճանաչել, որի համար գործը քննվել է արագացված դատաքննության կարգով:

«Հետք» շաբաթաթերթի 31-րդ համարում տպագրված «Էժան «պրծնելու» գինը՝ 50.000 Եվրո+20.000 դոլար+ընկերոջ զոհողություն» վերտառությամբ հոդվածում (հոդվածագիր Արարատ Դավթյան) հոդվածագիրը, առանց լիարժեք ուսումնասիրելու ինչպես քրեական գործի նյութերը, այնպես էլ օրինական ուժ ստացած դատական ակտերը, հանգում է հետևությունների, թե «…դատավոր Գագիկ Ավետիսյանը որպես հանցանքը մեղմացնող հանգամանք դիտարկել է նաև այն, որ Օլիվեր Ռադուկու Մարիանը նախկինում ոչնչով արատավորված, մասնավորապես դատված չի եղել», որի համար նրա նկատմամբ կիրառվել է բացառիկ մոտեցում՝ նրան դատապարտելով ընդամենը 2 տարի ազատազրկման:

Մինչդեռ հոդվածագիրը, եթե ծանոթանար նշված գործով դատավճռին, կամ էլ դիմեր իրավասու մարմիններին, ապա դատական ակտի 7-րդ էջի ներքևից 3-րդ նախադասությունը կկարդար հետևյալ բովանդակությամբ՝ «Օլիվեր Ռադուկու Մարիանի նկատմամբ պատիժ սահմանելով, դատարանը հաշվի է առնում նրա ոչ ակտիվ հանցավոր դերը, հանցանքը կատարելուց հետո նրա վարքագիծը, որ ակտիվորեն օժանդակել է հանցագործությանը և դրա մասնակիցների  բացահայտմանը, ակտիվորեն համագործակցել է նախաքննական մարմնի հետ: Վերոհիշյալը դատարանը դիտում է որպես բացառիկ հանգամանքներ, որոնք էականորեն նվազեցնում են կատարված հանցանքի մեջ հանրության համար վտանգավորության աստիճանը, նաև այն, որ հանդիսանալով խմբակային հանցագործության մասնակից, աջակցել է խմբի կատարած հանցանքը բացահայտելուն: Նման պայմաններում դատարանը գտավ, որ Օլիվեր Ռադուկու Մարիանի նկատմամբ պետք է սահմանել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի սանկցիայով նախատեսված պատժի նվազագույն չափից ավելի մեղմ պատիժ»:

Միևնույն ժամանակ, եթե հոդվածագիրը չզլանար և ծանոթանար ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին մասի շարադրանքին, այն է՝ «Հանցանքի շարժառիթների ու նպատակների, հանցավորի դերի, հանցանքը կատարելիս ու դրանից հետո նրա վարքագծի և այլ հանգամանքների հետ կապված բացառիկ հանգամանքների առկայության դեպքում, որոնք էականորեն նվազեցնում են հանցանքի՝ հանրության համար վտանգավորության աստիճանը, ինչպես նաև խմբակային հանցագործության մասնակցի կողմից խմբի կատարած հանցանքը բացահայտելուն ակտիվորեն աջակցելու դեպքում կարող է նշանակվել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված պատժի նվազագույն չափից ավելի ցածր պատիժ կամ ավելի մեղմ պատժատեսակ, քան նախատեսված է այդ հոդվածով, կամ չկիրառել որպես պարտադիր նախատեսված լրացուցիչ պատիժ», ապա նրան պարզ կլիներ, թե դատարանը Օլվեր Ռադուկու Մարիանին ինչու է դատապարտել ազատազրկման 2 տարի ժամկետով:

Ինչ վերաբերում է Օլիվեր Ռադուկու Մարիանի համագործակցությանը, ապա այն դրսևորվել է հետևյալ կերպ. նա իր պաշտպանի մասնակցությամբ ուղղակի ցուցմունքներ է տվել, որոնք նաև տեսաձայնագրառվել են` կազմակերպված հանցավոր խմբերի պարագլուխներ Մարիուս Լուպուի և Կոռնել Կոնստանտին Ստենգաչուի, ինչպես նաև վերջիններիս խմբերի անդամներ Կատալին Իոնութ Ապետրի Ֆուրդույի, Դրագոս Իոնութ Բոտեզատուի, Ադի Իոան Բլագայի վերաբերյալ: Այդ ցուցմունքները հիմնավորվել են հետագայում նախաքննությամբ ձեռք բերված մի շարք այլ ապացույցներով, որոնց հիման վրա Կոռնել Կոնստանտին Ստենգաչուին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 203-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Այդ մեղադրանքը հաստատվել է դատաքննությամբ և Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 12.10.2009թ. դատավճռով նա դատապարտվել է ազատազրկման 12 տարի ժամկետով, իսկ մինչդատական վարույթում քրեական գործով կալանքի կիրառմամբ հետախուզում է հայտարարվել կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափերի գումարի գողության և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամոււտները մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ օրինականացնելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող Կատալին Իոնութ Ապետրի Ֆուրդույի, Դրագոս Իոնութ Բոտեզատուի, Ադի Իոան Բլագայի, Միհայ Ֆաուրի և Ֆլորին Դանիել Ժոակալեսնեյի նկատմամբ, որոնց մասով քրեական գործի նախաքննությունը կասեցված է մինչև նրանց հայտնաբերվելը (նախնական տվյալներով` նրանք գտնվում են Մեծ Բրիտանիայի Լոնդոն քաղաքում):

Հատկանշական է, որ Օլիվեր Ռադուկու Մարիանը պատժից պայմանական վաղաժամկետ ազատվելուց հետո նույնպես մեկնել է Մեծ Բրիտանիայի Լոնդոն քաղաք: Հարց է առաջանում, թե դատապարտյալ Օլիվեր Ռադու Մարիանի դիմումը ի՞նչ պայմաններում է հայտնվել «Հետք» թերթի խմբագրությունում, գրե՞լ է արդյոք նա նման դիմում, իսկ հոդվածում նշված այն պնդումը, թե նա դիմումը հասցեագրել է ՀՀ նախագահին, ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ արդարադատության նախարարին և ՀՀ ԿԱ ԱԱԾ տնօրենին, ապա  ներկա պահին խիստ կասկածելի է թվում, քանի որ առնվազն ոչ դատախազությունում և ոչ էլ ԱԱԾ-ում նման դիմում չի ստացվել: Մնում է միայն տարակուսել հոդվածագրի սկզբնաղբյուրի վրա:

Երկրորդ՝ եթե դիմումում մատնանշված հանգամանքները՝ տարբեր պաշտոնատար անձանց ինչ-որ կաշառքներ տալու մասին, գեթ մեկ տոկոսով համապատասխանում են իրականությանը, ապա առնվազն տարօրինակ է, թե ինչու մինչև Հայաստանից հեռանալը նա չէր բարձրաձայնում այդ մասին, երբ քրեակատարողական հիմնարկում պարբերաբար հանդիպումներ է ունեցել միջազգային կառույցների ներկայացուցիչների, Ռումինիայի դեսպանատան աշխատակիցների հետ:

Ավելին՝ դատաքննության ընթացքում Կոռնել Ստենգաչուի հարցադրումներին ի պատասխան` նա հայտարարել է, որ իր նկատմամբ նախաքննության ընթացքում ցուցմունքներ տալիս որևէ ճնշում, բռնություն, խոստում չի եղել, նշված ցուցմունքները տվել է քննությանն օգնելու նպատակով: Մինչդեռ Կոռնել Ստենգաչուն նախաքննության ընթացքում բազմիցս հրաժարվել է ցուցմունքներ տալուց և քննչական գործողություններին մասնակցելուց, այդ թվում Օլիվեր Ռադուկու Մարիանի հետ առերես հարցաքննությունից, որպիսիք հավաստվում են համապատասխան քննչական գործողությունների արձանագրություններով:

Մեր կարծիքով, նշված հարցի պատասխանը մեկն է. հետախուզման մեջ գտնվող մեղադրյալներ Մարիուս Լուպուն, Միհայ Ֆաուրը, Կատալին Իոնութ Ապետրի Ֆուրդույը, Դրագոս Իոնութ Բոտեզատուն Օլիվեր Ռադուկու Մարիանի հետ գտնվում են Լոնդոն քաղաքում և ամենայն հավանականությամբ հնարավոր ամեն քայլ ձեռնարկում են հայտարարված հետախուզումները դադարեցնելու և իրենց հիմնական հանցակից Կ. Ստենգաչուին քրեական պատասխանատվությունից ազատելու համար, որն առավել ցայտուն է երևում Ադի Իոան Բլագայի մասով, որը հայտնաբերվել և կալանավորվել է Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքի օդանավակայանում և ներկայումս Ինտերպոլի Հայաստանի ԱԿԲ-ի ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ գլխավոր դատախազության միջոցով համապատասխան փաստաթղթեր են ուղարկվել Գերմանիայի իրավասու մարմիններին և արտաքին գերատեսչություններին՝ նրան Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին հանձնելու և քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

Հատկանշական է նաև այն, որ հոդվածագիրը չի փորձել ստուգել Օլիվեր Ռադուկու Մարիանի անունից ներկայացվող հայտարարության մեջ մատնանշված հանգամանքները ոչ իրավապահ մարմիններից և ոչ էլ նրա պաշտպաններից: Նախաքննության փուլում նրա շահերի պաշտպանությունն իրականացրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը, իսկ դատաքննության փուլում՝ հանրային պաշտպան Անուշ Հովհաննիսյանը: Եվ ցանկության դեպքում հոդվածագիրը կարող էր փաստաբաններից ճշտել` արդյոք նրանք կաշառք բաժանե՞լ են իրավապահ մարմիններին, թե՞ ոչ, և ընթերցողներին փոխանցեր ստուգված տեղեկատվություն:

Դառնալով «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցի համարից գումար անհետանալու հայտարարությանը, ապա Կոռնել Կոնստանտին Ստենգաչուի սենյակի զննման ժամանակ հայտնաբերվել է 25.200 եվրո և 4.040.000 դրամ, որպիսի գործողությանը մասնակից են եղել հյուրանոցի աշխատակիցները, որոնք հարցաքննվել են հայտնաբերված գումարի չափի և տեսակի վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետությունից ներկայումս բացակայող անձի անունից Հայաստանի Հանրապետության տարբեր պաշտոնատար անձանց ինչ-ինչ մեղադրանքներ ներկայացնելը և առանց մատնանշված հանգամանքները ստուգելու` դրանք հրապարակելը նախևառաջ ՀՀ քաղաքացու սահմանադրական իրավունքների խախտում է, զրպարտություն՝ վտանգելով տվյալ անձանց պատիվն ու արժանապատվությունը:

Եթե Օլիվեր Ռադուկու Մարիանի անունից հնչեցվող մեղադրանքները որևէ աղերս ունեն իրականության հետ, ապա ՀՀ գլխավոր դատախազությունն առաջարկում է, որ տվյալ անձը վերադառնա Հայաստան և ներկայացնի  հաղորդում՝ հանցագործության մասին՝ մանրամասն շարադրելով, թե երբ, ում և որտեղ որպես կաշառք ինչքան գումար է տվել և ինչի համար, ինչը հնարավորություն կտա իրավապահ մարմիններին ձեռնարկել օրենքով սահմանված անհրաժեշտ բոլոր միջոցառումները: Հակառակ պարագայում տպավորություն է ստեղծվում, որ նրա անունից ինչ-որ մարդիկ զբաղված են զրպարտությամբ:

Ամենայն հարգանքով վերաբերվելով զանգվածային լրատվության միջոցների աշխատանքին և առաքելությանը` կարծում ենք, որ վերջիններս նույնպես պետք է հարգանքով և պատասխանատվությամբ վերաբերվեն իրենց աշխատանքին՝ զերծ մնալով չստուգված տեղեկություններ տարածելուց:

Սեպտեմբերի 16-ին լույս տեսնելիք համարում «Հետքը» կանդրադառնա Գլխավոր դատախազության այս հաղորդագրությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter