HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Կ. Ստենգաչու. «Հիմա ո՞վ է ինձ դատել»

Անցյալ տարվա օգոստոսին Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) վնասազերծեց «միջազգային հանցավոր խմբի», որը Հայաստանի տարբեր բանկոմատների միջոցով կեղծ պլաստիկ քարտերով իրականացրել էր ավելի քան 80 մլն դրամի կանխիկացման գործարքներ:

Խմբի անդամների դեմ հարուցված քրեական գործերը դատարան են ուղարկվել մաս-մաս: Դրանցից վերջինը Կոռնել Կոստանտին Ստենգաչուինն է, որին, իբրեւ հանցավոր խմբի պարագլխի, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանն այս տարվա հոկտեմբերի 12-ին դատապարտել է 12 տարվա ազատազրկման` ամբողջ գույքի բռնագրավմամբ: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը նաեւ որոշել է Կոռնելից բռնագանձել 25 միլիոն 457 հազար դրամ` հօգուտ հայաստանյան 4 բանկերի:

«Հետքը» բացառիկ հարցազրույց է վերցրել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող ռումինացի Կոռնել Ստենգաչուից:

Դուք ներկայացրել եք վերաքննիչ բողոք, ինչի՞ հետ համաձայն չեք:

Ես երբեք չեմ վճարի այդ փողը, որովհետեւ այն չեմ գողացել: Եթե մեղավոր լինեի, գուցե կխնդրեի, որ ինձնից վերցնեին, օրինակ` լյարդս: Բայց ինչո՞ւ վաճառեմ օրգաններիցս մեկը, եթե այդ գումարների հետ կապ չունեմ:
Հետո, ճիշտն ասած, չեմ հասկանում, թե այստեղի բանկերն ինչպե՞ս տուժող ճանաչվեցին: Գումարները հանվել են բրիտանական «Բարկլայս» բանկի կեղծ քարտերով, եւ վնաս կրողը հենց այդ բանկն է, ոչ թե հայաստանյան բանկերը:
Սա շատ կեղտոտ գործ է: Ես չգիտեմ` ի՞նչ կլինի այս հարցազրույցից հետո: Գուցե նրանք ուզում են ինձ դատել 15-20 տարով, բայց գործը, միեւնույն է, կգնա Եվրոպական դատարան, եւ եթե այնտեղ տեսնեն, թե Հայաստանում ինչ ձեւով են հետաքննություն անցկացնում, չգիտեմ, թե ով է վճարելու քննիչների, հետաքննիչների սխալի համար:

Նրանք (քննիչները) սկզբից էլ գիտեին, որ ես ոչ մի դեր չունեի այս գործում: Ինձ մեղադրանք է առաջադրվել Օլիվեր Մարիանի եւ Դանիել Ֆեռեռուի ցուցմունքներով, եւ քննիչը (ԱԱԾ քննչական վարչության ավագ քննիչ Արտյոմ Գրիգորյան) պարտավոր էր առերեսում կազմակերպել նրանց հետ: Ես բազմիցս դիմել եմ այդ պահանջով, անգամ Ռումինիայի դեսպանատան միջոցով խնդրել եմ, որ ինձ հարցաքննեն: Բայց չեն արել: Ինձ նույնիսկ 9 ամիս զրկել են զանգելու իրավունքից: Կինս նամակ էր ուղարկում, բայց ինձ 2-3 ամիս հետո էին տալիս:

Դուք ասում եք, որ նախաքննական մարմինը Ձեր դեմ ոչինչ չուներ: Բայց բանկոմատների տեսախցիկների լուսանկարահանումներում ֆիքսված է նաեւ Ձեր մասնակցությունը` կեղծ քարտերով գողության դրվագներում: Եվ ինչպե՞ս ստացվեց, որ հայտնվեցիք այն մարդկանց շրջապատում, ովքեր Հայաստան էին եկել բանկային կեղծ քարտերի մեծ խմբաքանակով (160 հատ): Անտեղյա՞կ էիք նրանց «առաքելությունից»:

10 տարի առաջ ես կռվեցի Մարիուս Լուպուի հետ: Արդյունքում Լոնդոնի փողոցում հետեւից ստացա մի հարված, որը դեմքիս մեծ սպի թողեց: Շատ մարդկանց հետ քննարկել ենք այդ հարցը, ու բոլորն էլ Լուպուին ասել են, որ լավ բան չի արել` վնասելով դեմքս: Պլաստիկ վիրահատությունն արժե 20 հազար դոլար, եւ Լուպուն պետք է այդ գումարը տար:

Վերջին անգամ, երբ Լուպուին տեսա, նա ասաց, որ Հայաստանում մարդիկ ունի, եւ նրանք ինձ կտան այդ գումարը: Լուպուն անընդհատ տարբեր տեղեր էր լինում, դրանից առաջ ասել էր, որ Մարոկկո է գնալու. այնտեղ է ապրում: Դրա համար էլ համաձայնվեցի Հայաստան գալ, քանի որ չգիտեի, թե քանի տարի հետո նորից կհանդիպեմ Լուպուին:

Նա չմանրամասնեց, թե Հայաստանում կոնկրետ ով է գումարը տալու: Միայն ասաց, որ Բլագան ինձ հետ կգա եւ կօգնի հանդիպել այդ մարդկանց: Մենք Հայաստան եկանք 2008 թ. օգոստոսի 18-ին եւ մնում էինք նույն սենյակում, որովհետեւ այդպես էժան էր: Ես իմ սեփական բանկային քարտի վրա 3500 ֆունտ ստերլինգ ունեի, դրանից էի վճարում հյուրանոցի համար, նաեւ վարձույթով մեքենա էի վերցրել: Թե Բլագան այստեղ ինչով էր զբաղվում, դա իմ գործը չէր. սենյակում ոչ մի վտանգավոր բան չկար, ու ես հարցեր չէի տալիս: Եթե նույնիսկ նա գողություն էր անում, ես իմ փողի հետեւից էի եկել ու ոչ մի վատ բան չեմ արել:

Օլիվերին հանդիպեցի հյուրանոցում: Նա եկել էր ինձնից իմանալու, թե որտեղից կարող է մեքենա վարձել: Որոշեցինք գնալ Սեւան, որովհետեւ մեզ ասել էին, որ այնտեղ կարող ենք լավ ժամանակ անցկացնել: Երեւան վերադառնալիս մի խանութի մոտ կանգնեցինք` ջուր եւ հյութ գնելու: Հենց այդտեղ էլ իմացա, թե նրանք ինչով էին զբաղվում: Բլագան ասեց, որ գրպանում 3 քարտ է մոռացել եւ եթե դրանք վերադարձնի Լուպուին, կմտածեն, որ գողացել է: Նա ինձ ու Օլիվերին մեկական քարտ տվեց, որպեսզի բանկոմատից գումար ստանանք: Ես համաձայնվեցի օգնել եւ 150 հազար դրամ հանեցի ու տվեցի նրան:

Օգոստոսի 23-ին կամ 24-ին Մարիուս Լուպուն եկել էր Հայաստան: Նա դեմքիս վիրահատության համար ինձ փոխանցել էր 3 միլիոն դրամ, այդքան էլ պետք է տար 1-2 օրում: Օգոստոսի 26-ին Բլագան տեղափոխվեց ուրիշ հյուրանոց: Ես սենյակում 6 կեղծ քարտ գտա ու դրեցի դրամապանակիս մեջ, որպեսզի վերադարձնեմ. չէի ուզում թողնել սենյակում: Հաջորդ օրվա համար Լոնդոն վերադարձի տոմս ունեի, բայց գիշերն աղջկա հետ էի անցկացրել ու առավոտյան մնացել քնած:

Զանգեցի Լուպուին, որպեսզի նոր տոմս գնելու համար վերցնեմ մնացած գումարը, քանի որ փողերս ծախսել էի աղջիկների վրա եւ ինձ համար «Վերտու» մոդելի հեռախոս էի գնել: Օլիվերն ասաց, որ Լուպուն Գորիսում է, այնինչ նա այդ օրը Բլագայի հետ Հայաստանից հեռացել էր: Խաբեց, որ պարտքս չվերադարձնեն:

Գնացի Գորիս: Տաքսու վարորդը 600 հազար դրամ պահանջեց: Ստիպված ինձ մոտ եղած կեղծ քարտերով բակոմատից գումար հանեցի, բայց ընդամենը 300 հազար դրամ: Ընդհանուր վերցրած, Սեւանի հետ միասին, բանկոմատներից ընդամենը 450 հազար դրամ եմ հանել:

Դանիել Ֆեռառուն դատավարության ընթացքում հայտարարել է, թե իրավապահները ձերբակալել են նաեւ Բլագային, բայց հետո ազատ են արձակել: Այդ մասին տեղեկություն ունե՞ք:

Այդ ինֆորմացիան գալիս է դատական նիստերց: Օլիվերը եւ Ֆեռառուն գիտեն, որ Բլագան ձերբակալվել է, քանի որ օգոստոսի 27-ին` նրանց ձերբակալման օրը, բանկոմատի մոտ եղել է նաեւ Բլագան. գործում կան վկայություններ: Թե ինչպես է նա հայտնվել ազատության մեջ, չգիտեմ. սա Հայաստանն է:

Դուք նշում եք, որ Օլիվերի հետ լավ հարաբերություններ եք ունեցել, միմյանց ճանաչում եք արդեն 10 տարի, այդ դեպքում ի՞նչն է պատճառը, որ նա Ձեր դեմ, ինչպես Դուք եք ասում, սուտ ցուցմունք է տվել:

Բայց վերջին դատական նիստում թե Օլիվերը, թե Ֆեռառուն ճիշտ ցուցմունք տվեցին: Ֆեռառուն պատմեց, թե ինչպես է Օլիվերն իրեն սովորեցրել իմ դեմ ցուցմունք տալ: Իսկ դրա համար Օլիվերը ժամանակ ուներ, որովհետեւ 4 ամիս նրանց պահել են նույն խցում:

Ֆեռառուն Հայաստան է եկել Օլիվերի միջոցով. վերջինիս մայրն է նրա համար տոմս գնել, բայց քննիչն ու դատավորն այսքանից հետո հավատում են, որ Ֆեռառուն իմ մարդն է եւ ինձ համար է աշխատել:

Օլիվերը նախկինում երկու անգամ դատվել է` կեղծ կրեդիտ քարտերով նման գործարքներ անելու համար: Նրա հայրը, մայրը, կինը Մեծ Բրիտանիայում նույն գործունեությամբ են զբաղվել: Բլագան նույնպես Օլիվերի խմբի անդամն է:
Ես քննիչ Արտյոմ Գրիգորյանին ասել եմ, որ օգոստոսի 27-ին Օլիվերն անձամբ գողացված փողերի մի մասը փոխանակել է 10 հազար եվրոյի, նշել եմ, թե կոնկրետ որտեղ եւ ում հետ, բայց նրանք չէին ուզում Օլիվերին ծանր հոդվածով մեղադրել:

Օլիվերին պետք էր մեկը, ում վրա կարող էր բարդել ամեն ինչ, եւ այդ մեկը ես էի: Նրան դատապարտեցին ընդամենը 2 տարվա ազատազրկման ու 1,5 տարին չլրացած` բաց թողեցին (Օլիվեր Մարիանին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել հոկտեմբերի 28-ին): Իսկ ինձ դատեցին 12 տարով, այն էլ` ոչ թե դատավորը, այլ քննիչը:

Նախաքննության ժամանակ քննիչ Արտյոմ Գրիգորյանը մի անգամ ինձ ասաց՝ «քեզ 12 տարի եմ տալու»: Դատարանում մեղադրող-դատախազը պահանջեց 9 տարվա ազատազրկում, բայց դատավոր Մնացական Մարտիրոսյանը 12 տարի տվեց: Հիմա ո՞վ է ինձ դատել:

Իսկ ինչո՞ւ են իրավապահները «հավատացել» Օլիվերին եւ որպես հանցավոր խմբի ղեկավար` մեղադրել ոչ թե նրան, այլ Ձեզ:

Օգոստոսի 27-ին ես ու Օլիվերը «Երեւան» հյուրանոցում համար էինք վարձել: Երբ հետաքննիչները սենյակը հետախուզել են, չհրկիզվող պահարանում խոշոր գումար են հայտնաբերել: Օլիվերն ասել է, թե դա Կոռնելինն է, բայց այստեղ կեղտոտ բան կա:

Սենյակը վարձակալելիս Օլիվերն է անձնագիրը տվել, սեյֆի կոդը (գաղտնագիր) նրան են հայտնել, եւ ինքն էլ գումարը դրել էր այնտեղ: Իմ անձնագիրն ուղեբեռիս մեջ էր, ավելին` մեջը 500 ֆունտ ստերլինգ կար: Ոստիկանները գողացել են ոչ միայն այդ փողը, այլեւ իմ հագուստը:

Այնուհետեւ օգտագործելով անձնագրիս տվյալները` նրանք այնպես են ձեւակերպել, որ իբր սենյակը ես եմ վարձել, հետեւաբար սեյֆի փողը իմն է: Բայց իրականում ես նույնիսկ չգիտեի, թե այնտեղ որքան գումար է եղել:

Գործում արձանագրված է, որ սեյֆից առգրավվել է 25 հազար 200 եվրո եւ 4 միլիոն 40 հազար դրամ: Սակայն բանտից դուրս գալուց առաջ Օլիվերն ինձ ասաց, որ իրականում սեյֆում շատ ավելի մեծ գումար է եղել` 37 հազար եվրո եւ 12 միլիոն դրամ: Հենց դրա համար էլ նախաքննության ընթացքում ինձ չեն հարցաքննել, որովհետեւ իմ ցուցմունքն ամեն ինչ գլխիվայր կշրջեր:

Իրավապահներն օգնել են Օլիվերին, իսկ նա ոչինչ չի ասել սեյֆի գումարի իրական չափերի մասին:

Ըստ Ռումինիայի Ինտերպոլի ԱԿԲ-ից ստացված տեղեկատվության` Ձեր եղբոր հետ Դուք կազմակերպել եք հանցավոր խումբ եւ «լինելով դրա պարագլուխը` առաջինն եք, որ հանցավոր գործունեություն եք սկսել Հայաստանում, ու Օլիվերը, Ֆեռառուն ու Բլագան այստեղ են եկել Ձեր նախաձեռնմությամբ»: Ի՞նչ կասեք այս մասին:

Ո՞նց եմ ես առաջինը եկել Հայաստան, երբ մյուսներն ինձնից առաջ այստեղ էին: Իրականում հանցավոր խմբերը շատ անդամներ են ունենում: Ի՞նչ է, ես ու եղբայրս խո՞ւմբ դարձանք:

Ըստ իս` Ինտերպոլի տված իմ ու եղբորս մասին ինֆորմացիան կեղծ է: Ես չեմ ասում` սխալ է, այլ ասում եմ, որ եթե իմ եղբայրը հանցագործ է, փող է գողանում, չի նշանակում, որ նա Ալ Կապոնեն է…

—————————-
Տեղեկանք

Այս տարվա ապրիլի 10-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը Ռումինիայի քաղաքացի Օլիվեր Մարիանի նկատմամբ կիրառել է բացառիկ մոտեցում` «Կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով գողություն» կատարելու համար նրան դատապարտելով ընդամենը 2 տարվա ազատազրկման, այն դեպքում, երբ առաջադրված հոդվածը սահմանում է նվազագույնը 4 տարվա ազատազրկում:

Դատավոր Գագիկ Ավետիսյանը, որպես հանցանքը մեղմացնող հանգամանք, դիտարկել է նաև այն, որ Օլիվերը նախկինում ոչնչով արատավորված, մասնավորապես` դատված չի եղել:

Մինչդեռ քրեական գործում առկա է Ռումինիայում Ինտերպոլի ԱԿԲ-ից ստացված տեղեկանքը, ըստ որի` Օլիվեր Մարիանին «հանդիսանում է հանցավոր խմբի պարագլուխ, հայտնի է կեղծ վճարման քարտերի օգտագործմամբ Մեծ Բրիտանիայում, Նիդերլանդներում, Իտալիայում, Իսրայելում, Մարոկկոյում եւ Ֆրանսիայում: Նա ձեռք է բերել խոշոր չափի գումարներ, որոնցով գնել է շինություններ, թանկարժեք ավտոմեքենաներ եւ բացել է բանկային հաշիվներ»:
Իսկ Մեծ Բրիտանիայում Ինտերպոլի ԱԿԲ-ից հայտնել են, որ «Օլիվերն անցնում է իրենց երկրի ոստիկանության քրեական հաշվառումներով եւ դատապարտվել է երկու անգամ` խարդախություն կատարելու համար»:

«Ես չեմ կարող ասել, թե ինչո՞ւ դատարանը մեր տրամադրած տեղեկությունները հիմք չի ընդունել: Դրանք օդից վերցված տեղեկություններ չեն. պաշտոնական հիմք ունեն և նույնիսկ ունեն իրավական ուժ»,- «Հետքին» ասաց Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետ Վարդան Եղիազարյանը` խուսափելով պատասխանել այն հարցին, թե արդյոք Ինտերպոլի տվյալների անտեսումը, որպես կեղծիք, չի՞ ենթադրում քրեական պատասխանատվություն:

Թե ինչու են դատավոր Գագիկ Ավետիսյանը և մեղադրող-դատախազ Հովսեփ Սարգսյանն աչք փակել հիշյալ տեղեկությունների վրա, կարելի է միայն ենթադրություններ անել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter