HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Իմ տղես դիտավորություն չի ունեցել, օր էրթա ու սպանե Ռոզային»

1991թ.-ին ծնված գյումրեցի Հարություն Հարությունյանն ամբաստանյալի նստարանին հայտնվել էր 77-ամյա Ռոզա Խաչատրյանին դաժանաբար սպանելու համար: Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով իրեն առաջադրված մեղադրանքն ամբաստանյալը թեպետ մինչեւ վերջ չէր կարդացել, ինչպես պատկերավոր արտահայտվեց դատարանում՝ «հավես չուներ», սակայն մեղքը լիովին ընդունել էր:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ընթացող դատական նիստը, որ նախագահում էր դատավոր Էդ. Մանուկյանը, սկսվեց դատակոչված վկաների «ներկա-բացակա» անելով: Գործում ընդգրկված 15 վկաներից ներկայացել էին միայն 4-ը: Մնացածը հրաժարվել էր գալ դատարան: «Ամերիկայում անգամ նախագահն է գնում դատարան, երբ հրավիրում են, ուր մնաց թե հասարակ քաղաքացին, իսկ մեզ մոտ մարդիկ օրենքը չեն հարգում: Հրաժարվել են գալ դատարան՝ առանց պատճառաբանության: Բոլորին բերման ենթարկելու որոշում եմ կայացնելու»,-խոստացավ դատավորը:

Դատական նիստի սկզբում կողմերի համաձայնությամբ որոշվեց նախ լսել ամբաստանյալին, այնուհետեւ տուժողի իրավահաջորդին եւ դատակոչված չորս վկաներին: Ամբաստանյալ Հ. Հարությունյանը պատմեց, որ դեպքի օրը՝ 2012թ-ի հունիսի 16-ին՝ ժամը 21-ի սահմաններում, որոշել է գնալ թաղում գտնվող խանութ՝ ծխախոտ գնելու: Ճանապարհին հանդիպել է Ռոզա տատին, ով առանց պատճառի վիրավորել է իրեն եւ ասել, թե՝ «էդ չախկալ աչքերդ կհանեմ, գործ տվող»:

«Ինչ գործի մասին է խոսքը»,-հետաքրքրվեց դատավորը: «Դե յանի ես միլիցեքին գործ եմ տվել»,-պատասխանեց ամբաստանյալը եւ պատմեց, որ թաղում ինչ-որ դեպքի կապակցությամբ ձերբակալություն է եղել, ու իբրեւ թե ձերբակալվածին ինքն է մատնացույց արել: Այդ օրվանից դարձել է Ռոզա տատի, այսպես ասած՝ «աչքի գրողը» ու ամեն անգամ, երբ պատահաբար հանդիպել են փողոցում, մեծահասակ կինը տղային հայհոյել է եւ կոչել «գործ տվող»:

«Բայց միթե կարելի էր այս բառերի համար դանակի 10 հարված հասցնել ծեր կնոջը»,-նկատեց դատավորը: Ամբաստանյալն էլ սկսեց արդարանալ, թե եթե ինքը դանակը չխլեր Ռոզա տատից, ապա կինն էր իրեն խփելու: Հարությունի ներկայացմամբ փողոցում սկսված վեճը պարզաբանելու նպատակով ինքը խանութից դուրս գալուց հետո գնացել է սպանվածի տուն: Կրկին վիճել են «գործ տվող» արտահայտության շուրջ: «Ես ներվային եմ, հասկըցեք, ներվերս ելավ իրա ըսածներից, ըդուր համար էլ զարգեցի»,-նկատեց ամբաստանյալը: Վեճի ժամանակ կնոջ մի ձեռքին դանակ է եղել, որով խնձոր է մաքրել: Տղայի հայտնվելու պահին դանակը Ռոզա տատը ձեռքից վայր չի դրել, այլ ընդհակառակը. ամբաստանյալի պատմելով, այն թափարելով մոտեցել է իրեն, ասելով՝ «աչքերդ կհանեմ, չախկալ»:

Տուժողի իրավահաջորդ Անժելա Գրիգորյանը՝ սպանվածի դուստրը, համաձայն չէր այն մտքի հետ, որ իր ծեր մայրը կարող էր  որեւէ վեճ հրահրել: Մայրը Լալայան փողոցում գտնվող իր տնակում ապրել է միայնակ: Կնոջ երեք տղաները արտերկրում են, աղջիկն էլ վաղուց ամուսնացել էր եւ ուներ սեփական ընտանիքը: Հունիսի 17-ին Ռոզա Խաչատրյանը պիտի մասնակցեր մեկ սենյականոց բնակարանների համար անցկացվող վիճակահանությանը, սակայն հունիսի 16-ին, ստանալով դանակի 10 հարված կրծքի եւ որովային շրջանում, մահանում է հիվանդանոցում: «Դու գիտես, թե մորս ինչքան բաներից ես զրկել»,-դիմելով ամբաստանյալին՝ հարցրեց Անժելա Գրիգորյանը:

Նախքան արյունոտ իրադարձությունները, Անժելան հեռախոսով խոսել է մոր հետ, տեղեկացել նրա առողջական խնդիրներին: Զրույցի ժամանակ Ռոզան եղել է հարեւանի տանը եւ հայտնել , որ գնալու է տուն սերիալ նայելու: «Ես գուզեմ ըսեմ, օր իմ մերս ոչ թե էդ ժամին դուրսն է եղել ու վիճել Հարությունի հետ, այլ իր տան մեջ սերիալ նայելուց է եղել»: Տուժողի իրավահաջորդն ասաց, որ տանից որեւէ իր չի պակասել, բացի փայտե կոթով սուրսայր մի դանակից, որ մշտապես գործածվել է կենցաղային նպատակներով:

Ամբաստանյալի հարցաքննության ժամանակ արդեն պարզվել էր, որ Հարությունի մոտ դանակ չի եղել, սպանության գործիքը նա խլել է կնոջ ձեռքից: Կատարվածից վախեցած, երբ փախել է Ռոզա Խաչատրյանի տանից, Հարությունը դանակը տարել է իր հետ եւ շպրտել ճանապարհին:

Դատակոչված վկաներից Սմբատ Սիմոնյանն ապրում է նույն թաղամասում: Ճանաչում է եւ ամբաստանյալին, եւ սպանված կնոջը: Հարությունի մասին վկան դրական արտահայտվեց: Ինչ վերաբերում է Ռոզա Խաչատրյանին, ասաց, որ «տղամարդ կին էր»: «Այսինքն՝ ի՞նչ նկատի ունեք՝ ասելով տղամարդ կին էր»,-հարցրեց դատավորը: «Դե ուզում եմ ասել, որ եթե պետք լիներ, կարող էր հանգիստ վիճաբանության մեջ մտնել տղամարդկանց հետ եւ մինչեւ վերջ իրա խոսքն առաջ տանել»,-պարզաբանեց վկան: «Իսկ հայհոյանքներ անո՞ւմ էր»,-կրկին հարց ուղղեց վկային դատավորը: «Այո»,-հակիրճ պատասխանեց վկան:

Սմբատ Սիմոնյանն այն հարեւաններից մեկն է, ով առաջինն է հասել օգնության Ռոզա տատին: Ներս մտնելով կնոջ տնակ՝ տեսել է նրան արնաշաղաղ՝ պառկած միջանցքում դրված թախտին: Կինը կցկտուր է խոսել, ասել է, որ իրեն դանակով խփել է Աղասու տղա Հարութը: «Քանի որ պարզ չէր խոսում, հարգելի դատարան, դրա համար էլ լավ չհասկացա, թե Հարութը տո լի 5000 դրամ է ուզել, տո լի ուզեցել է 5000 դրամը մանրել, բայց Ռոզա տատը փողի անուն էր տալիս»,-պատմեց վկան:

Դատակոչված մյուս երեք վկաները ամբաստանյալի հարազատներն էին՝ հայրը, մայրը եւ եղբայրը: Դատավոր Էդ. Մանուկյանն նրանց բացատրեց, որ կարող են օգտվել իրենց դատավարական իրավունքից եւ ցուցմունք չտալ հարազատի դեմ, սակայն Հարությունյանները որոշեցին պատմել այն ամենը, ինչ իրենք գիտեին: Ամբաստանյալի հայրը՝ Մանուկ (Աղաս) Հարությունյանն ասաց, որ տեղյակ է եղել տղայի եւ սպանվածի միջեւ եղած կոնֆլիկտին: «Տղես ներվային հիվանդ է, բայց եթե իրան չնեղեցնեն, ինքը դժվար թե առաջինը ինչ-որ մեկին վատ բան ըսե: Ընձի պատմել էր Ռոզայի ասածների մասին, ես էլ ըսել էի, թե հեռու մնա տղա ջան, ինչ գործ ունիս»,-պատմեց վկան:

«Իմ մամաս քյուֆուրգա՞ն (հայհոյող) էր»,-Մանուկ Հարությունյանին հարցրեց տուժողի իրավահաջորդը: «Հըլը գնացեք Կոմբինատ թաղ ու հարցրեք՝ էդ կինը քյուֆուգան էր, թե չէ»,-պնդեց վկան:

Ամբաստանյալի մայրն ավելի մարտական էր տրամադրված: Նա հայտարարեց, որ սպանվածն այնքան էլ «սուրբ» չէ, ինչպես դատարանում փորձում են ներկայացնել նրա հարազատները, եւ որ ամբողջ «Մսի կոմբինատ» կոչվող թաղամասը տեղյակ է, թե որքան կռվարար եւ «քյուֆուրգան» կին է եղել Ռոզա Խաչատրյանը: «Ճիշտ է, իմ տղես ներվային է: Ինքը մինչեւ 6 տարեկան չի խոսել, հետո 9 տարեկան էր, փետ ջարդելուց կացինով զարգել էր գլխին ու ըդուրից ավելի էր սրվել ներվային վիճակը, բայց իմ տղես դիտավորություն չի ունեցել, օր էրթա ու սպանե Ռոզային: Իրան հրահրել են»,-նկատեց վկան:

Հաջորդ դատական նիստը կկայանա հունվարի 22-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter