HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հէկերը ցամաքեցրել են գեղատեսիլ «Դսեղի ծովերը» (տեսանյութ)

Դսեղ գյուղի մշակույթի տանը թղթախաղով զբաղված տղամարդիկ լավատես չէին Դսեղի զարգացման և ապագայի նկատմամբ: «Ո՞նց կարա մեր գեղը զարգանա, կամ հողը մշակվի, եթե Լոռու նախկին մարզպետը գյուղի ոռոգման ցանցի սաղ տրուբեքը հանեց, տարավ իրա համար գազի լցակայանի տրուբա սարքեց: Իմ հողիցն էլ հանեցին տարան: Ինձ հարցնեին ոչ, է~: Էդ ո՞վ ա ինձ բանի տեղ դնում»,- ասաց դսեղցի Հրաչոն՝ ակնարկելով Լոռու նախկին մարզպետ Արամ Քոչարյանին:

Վերջինիս պաշտոնավարման ժամանակ Դսեղի ոռոգման ներքին ցանցն ապամոնտաժելու վերաբերյալ իրենց վրդովմունքը հայտնեցին նաև դսեղցի Արամ Առաքելյանը և համայնքապետ Նորիկ Քոչարյանը:

«Հողն ինչո՞վ մշակենք, 20 տարի է՝ սեփականաշնորհել ենք, էդ նույն հողում անընդհատ կարտոլ ու ցորեն ենք ցանում»,- դժգոհեց Զալիկ Խառատյանը:

«Ջուր ունեինք, էդ ջուրն էլ ղաստի փակեցին, ինչա գեղի տակին գէսը էներգիա է արտադրում: Որ մեր գեղի ջուրը գա, գէս-ը կկանգնի: Էլ ո՞վ մեզ ջուր կտա: Ջրագծի տրուբեքը տրաքել էր, ուզեին շինեն, մարդկանց վխացրին, որ չշինեն: Վխացրեց նա, ով վերևը վեր ընկած է»,- ասաց Հրաչոն:

«Ապագա չկա ստեղ, ո՞վ կարա՝ քոչում ա ստիան: Մեր գեղումը ոչ մեկի դռանը մի մետր փետ չկա, բայց սաղ անտառը գնում է ուրիշ տեղ»,- ասացին հավաքվածները:

Դսեղում ամեն ինչ արվել է գյուղացիներին աղքատացնելու համար: ՀՀ կառավարության և գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի 2001 թ. ապրիլի 30-ին ստորագրված N 561-AM փոխառության համաձայնագրով 2002-2006թթ. կառուցվել է Դսեղի 770 հա վարելահողերի ոռոգման ինքնահոս ջրագիծը: Ջրագծի պատվիրատուն եղել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության «ԳՏՏԶ ԾՎԿԳ» պետական հիմնարկը:

Նախագծով Մոտկորի Սարբուլաղ գետակի ջուրը 9,5 կմ երկարությամբ ջրագծով, վայրկյանում 300 լիտր ջրի ելքով ուղղվելու էր դեպի «Դսեղի ծովեր», ինչպես ժողովուրդն է կոչում գյուղին հարակից գեղատեսիլ լճակները: Ջրի մակերևույթը բարձրանալուց հետո ծովերից սնվող 4,5 կմ երկարությամբ ջրագծով պետք է ոռոգվեին գյուղի 770 հա վարելահողերը:

Սարբուլաղից սնվող ինքնահոս ջրագծի նախահաշվային արժեքը կազմել է 141.3 մլն դրամ, ծովերից սնվող ջրագծի նախահաշվային արժեքը՝ 81 մլն դրամ: ՀՀ կառավարության թողտվությամբ ջրատարի համար նախատեսված գումարները մսխվել են, իսկ դսեղցիներն այդպես էլ չեն կարողացել օգտվել ջրատարից, քանի որ 9,5 կմ երկարությամբ ջրատարին հենց ջուր են տվել, վերջինիս 180 գծմ երկարությամբ խողովակների անորակ կառուցված հենասյուները չեն դիմացել, և խողովակները թափվել են ձորը:

Դսեղի նախկին համայնքապետներից Ռաֆայել Վարդանյանն իր պաշտոնավարման 4 տարում չի ստորագրել ջրագծի ընդունման ակտը, սակայն 4 տարի հետո՝ 2010թ. ապրիլի 10-ին, հաջորդ համայնքապետ Գառնիկ Հովսեփյանն ստորագրել է չգործող ջրագծի ընդունման ակտը: Դսեղի նորընտիր համայնքապետ Նորիկ Քոչարյանն ասում է, որ ստեղծված իրավիճակում ոչ միայն գյուղի 770 հա վարելահողերն են զրկվել ոռոգման ջրից, այլև բնության հրաշալիք «Դսեղի ծովերը» վերանալու շեմին է: «Սարբուլաղից եկող ջրատարը եթե չվերականգնենք և գետակի ջրով չբարձրացնենք ծովերի ջրի մակերևույթը, այստեղ տիղմի գյոլ կունենանք»,- ասում է նա:

Լեռնային աղբյուրներից սնվող Սարբուլաղը թափվում է Մարց գետ: Դսեղիցիները մի քանի անգամ փորձել են վերականգնել Սարբուլաղից սնվող ջրատարը, սակայն հանդիպել են Մարց գետի վրա վերջին տարիներին կառուցված հէկերի սեփականատերերի կոշտ դիմադրությանը: Նրանցից մեկը Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանն է: Նորիկ Քոչարյանը հաստատակամ է Սարբուլաղի ջրատարը վերականգնելու գործում: «Ես հէկերի տերերին չեմ նայելու, ջրատարը վերականգնելու եմ»,- ասում է համայնքապետը:

Դսեղի զարգացման գործում նախկին համայնքապետ Գառնիկ Հովսեփյանն անգործունեություն է ցուցաբերել: Համայնքի բյուջեի սեփական եկամուտները հավաքագրելու հարցում նա խորամանկ մեթոդների է դիմել: Գ. Հովսեփյանն ուսանողների ուսման վարձերը որպես հողի հարկ մուտքագրել է համայնքի բյուջե, ապա դրանք սոցիալական օգնության տեսքով վերադարձրել է նրանց:

Դրա համար նա ամեն տարի համայնքի բյուջեի նվազ՝ 34 մլն դրամ եկամուտներից սոցիալական օգնություն տողով 10 մլն դրամ է նախատեսել: Լոռու մարզպետարանը 2011թ. Դսեղի համայնքապետարանում կատարած վարչական հսկողությունից հետո Գառնիկ Հովսեփյանին հանձնարարել է համայնքի բյուջեի եկամուտներն օգտագործել համայնքային կարիքները հոգալու համար, իսկ սոցիալական օգնությունը տրամադրել սոցիալապես առավել ծանր վիճակում գտնվող ընտանիքներին:

Այդուհանդերձ, անդրդվելի համայնքապետը 2012թ. շարունակել է անօրինականությունները: Այդ է պատճառը, որ Գառնիկ Հովսեփյանը չի կարողացել լուծել համայնքապետարանի միակ բյուջետային հիմնարկի՝ մեկ խմբանոց նախադպրոցական ուսումնական հաստատության ջեռուցման խնդիրը:

Անլուծելի են մնացել նաև Դսեղի զարգացման 2009-2012թթ. քառամյա ծրագրով նախատեսված, գյուղի խմելու ջրի մայր ջրատարի, ներքին ցանցի հիմնանորոգման, ոռոգման ներքին ցանցի նախագծման, գյուղամիջյան ճանապարհների բարեկարգման և այլ ծրագրեր:

Դսեղի գործող համայնքապետ Նորիկ Քոչարյանը հունվարի 8-ից ցրտերի պատճառով փակել է նախադպրոցական հաստատությունը: Նա ասաց, որ այնտեղ հայտնաբերել է երեխաների դեկտեմբեր ամսվա սննդի գումարներից 11 հազար դրամի յուրացում: Համայնքապետի առաջարկով համայնքի ավագանին որոշել է 2013թ. հունվարից երեխաների սնունդը նախադպրոցական հաստատությունում կազմակերպել անվճար: Հաստատությունը կգործի ջեռուցման խնդիրը կարգավորելուց հետո:

Նորիկ Քոչարյանը «Հետքին» ներկայացրեց նաև Դսեղի 2013-2016թթ. քառամյա զարգացման ծրագրով նախատեսված ծրագրերը: «Ամենակարևոր հարցերից մեկն այն է, որ կարողանանք «Դսեղի ծովերի» ջրի մակերևույթը բարձրացնել»,- ասաց նա:

Քառամյա ծրագրով նախատեսվում են գյուղի աղբահանության կազմակերպման, աղբատար մեքենա գնելու, վարելահողերի ոռոգման ներքին ցանց կառուցելու, խմելու ներքին ցանցի հիմնանորոգման, գյուղամիջյան ճանապարհների բարեկարգման ծրագրեր: «Վստահեցնում եմ, որ մեկ տարի հետո Դսեղում լուրջ փոփոխություններ կնկատվեն»,- ասում է Նորիկ Քոչարյանը:

Մեկնաբանություններ (1)

Arman
Xaytarakutyun! Xexj Loreciner! Naxkin marzpetin harkavor e xstaguyn kargov datapartel!!!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter