HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռոբերտ Քոչարյանը արդարանում ու մեղադրում է, ծուղակ է լարում, սպառնում եւ առաջարկում է-1

Ստյոպա Սաֆարյան,քաղաքական վերլուծաբան

Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հունվարի 15-ի բացառիկ հարցազրույցը պատահականությունների շարքից չէր ոչ ժամանակացույցի (timing), ոչ հարցազրույցը տարածած լրատվամիջոցի, ոչ էլ ասելիքի առումով: Ամեն ինչ լավագույնս հաշվարկված է, իմաստավորված, ասելիքն էլ` հղկված:

Հունվարի 21-ին պաշտոնապես մեկնարկում է նախագահական ընտրությունների քարոզարշավը, երբ խոսափողի մոտ առավելապես լինելու են նախագահի թեկնածուները կամ վերջիններիս անունից` նրանց խոսնակները: Իսկ Քոչարյանը դրանց շարքում չկա, թեպետ անցած տարի նրա անունը ամենատարբեր խողովակներով ու ձեւերով շրջանառության մեջ էր դրվում իբրեւ նախ վարչապետության, ապա` նախագահության պոտենցիալ հավակնորդ: 

2012-ի առաջին կիսամյակում նրա շնչառությունը զգացվում էր Միասնական շտաբը կազմավորած ԲՀԿ-ՀԱԿ-ՀՅԴ տանդեմի թիկունքում` իբրեւ Մեծ խաղի ստվերային դիրիժոր, ում միջնորդավորված համագործակցությունը «քաղաքագիտական վերլուծության» շրջանակներում առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի ու ՀԱԿ-ի հետ նպատակ ուներ ստեղծելու հակաՀՀԿ-ական լայն կոալիցիա` խորհրդարանում մեծամասնություն կազմելու, ապաեւ` կառավարություն ձեւավորելու իրավունքին վերատիրանալու համար: Հընթացս համակարգված տարվում էր կառավարության վարած քաղաքականության ջախջախիչ քննադատությունը, ինչպես նաեւ` հանրության շրջանում Սերժ Սարգսյանի հանդեպ Ռոբերտ Քոչարյանի համեմատական առավելությունների քարոզչությունը, եւ սպասումներ էին ձեւավորվում նրա վերադարձի համար:   

Մայիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի հետ լարված պայքարը տանուլ տալուց, իսկ տարեվերջին` «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» օպերացիայի կատարյալ ձախողումից հետո նրա անվան հետ կապված վերջին ինտրիգը մնաց այն, թե արդյո՞ք այդքանից հետո Ռոբերտ Քոչարյանը բաց առճակատման մեջ կմտնի Սերժ Սարգսյանի հետ ու կառաջադրվի նախագահական ընտրութուններում: Իսկ 2-րդ նախագահի մամուլի խոսնակի միջոցով հայտարարվել էր, որ Քոչարյանը աշնանային զարգացումների կապակցությամբ կուտակված ասելիքը կասի հարցազրույցի միջոցով… 

Ռոբերտ Քոչարյանի ասելիքն ու դրա ժամկետները, անշուշտ, միանգամայն այլ կլինեին, եթե չլինեին ԲՀԿ, ՀԱԿ տարեվերջյան հայտարարությունները: Նախ ԲՀԿ-ն առաջինը ազդարարեց Մեծ խաղից դուրս գալու մասին (աշխարհաքաղաքական զարգացումներում Մեծ խաղ անվանվում է խաղացողներից մեկին խաղից դուրս թողնելու գործընթացը, ինչպիսին էր «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» բանաձեւը): Իսկ ընտրություններին չմասնակցելու ու ոչ մի այլ թեկնածուի չսատարելու հայտարարությամբ էլ նա ոչ միայն սպառիչ փակեց Սերժ Սարգսյանին պաշտպանելու թեման, այլեւ առաջին հերթին` Ռոբերտ Քոչարյանին սատարելու/առաջադրելու որեւէ դուռ կամ պատուհան. Վարդան Օսկանյանը իբրեւ նախագահացու իսպառ խոցված էր իր գլխին դամոկլյան սրի նման առկախված քրեական գործով, «փողերի լվացման» թեմայով պախարակիչ քարոզչությամբ, իսկ Գագիկ Ծառուկյանն էլ լռությամբ մերժել էր անգամ այդ վիճակում նրա առաջադրվելու պատրաստակամությունը: 

Այդքանից հետո եթե Ռոբերտ Քոչարյանը որոշեր առաջադրվել նախագահական ընտրություններում, ապա նրա դեմ ստիպված էր լինելու առաջադրվել նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով նախկինում դրա նախապայմաններից էր թվարկել Քոչարյանի մասնակցությունը, ուստի հարկադրված էր լինելու ի կատար ածել իր սպառնալիքը, բայց արդեն` թուլացած ու կազմաքանդվող թիմով… 

Չառաջադրվելու իր վերջնական որոշման մասին Տեր-Պետրոսյանի տարեվերջյան հարցազրույցը ԲՀԿ-ի նախորդած հայտարարության հետ միասին Ռոբերտ Քոչարյանին մեն-մենակ թողեցին վատ ու վատթարագույն այլընտրանքների առջեւ. կամ տարեվերջին հայտարարել առանց զորեղ հենարանների ու դաշնակիցների առաջադրվելու մասին եւ ասելիքը կառուցել դրա շուրջ` մեղադրելով Մեծ խաղը լքած ԲՀԿ-ին, ՀԱԿ-ին ու ՀՅԴ-ին, կամ Տեր-Պետրոսյանի հանգույն հորինել անհամոզիչ մի բացատրություն չառաջադրվելու մասին ու հայտարարել քաղաքականությունից հեռանալու մասին: 

Այդպիսով, տարեվերջյան հայտարարությունների խորապատկերին Քոչարյանի ասելիքը, ինչպես Տեր-Պետրոսյանինն էր, բացառապես կարող էր լինել հեռանալու մասին` համեմված երբեմնի բացահայտ ու գաղտնի դաշնակիցների հասցեին մեղադրանքներով: Բայց նա ընտրեց երրորդ տարբերակը. սպասել եւ խոսել տարեսկզբին` ոչ թե քաղաքականությունից հեռանալու, այլ մնալու ու դանդաղ վերադարձի մասին: Իսկ քարոզարշավի մեկնարկին նախորդող շաբաթը այն վերջին ժամանակային հնարավորությունն էր, երբ նա կարող էր դա անել ու տարբեր լսարանների հասցնել իր ուղերձները իբրեւ ոչ թեկնածու… 

Այս ամենի հետ մեկտեղ երկրորդ նախագահի հարցազրույցը կազմակերպվեց ու տարածվեց ոչ միայն նրա համար վստահելի լրատվամիջոցով, այլեւ այնպիսի գործակալությամբ, որը կարեւորագույն հարցերի կապակցությամբ մշտապես հայաստանյան լսարանին է ներկայացնում միջազգային կարեւոր փորձագետների, պաշտոնյաների ու դիվանագետների տեսակետները եւ ուղերձները, ինչպես նաեւ` միջազգային լսարանին է փոխանցում Հայաստանի կարեւոր կարծիքները: Հունվարի 15-ին Mediamax.am կայքում Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը երեք լեզուներով միեւնույն ժամին (11:27) տեղադրվելու փաստն ինքնին վկայում է, որ ուղերձները պատրաստված են ոչ միայն ներքին, այլեւ` արտաքին լսարանի համար: 

Հանուն արդարության պետք է նշել, որ Ռոբերտ Քոչարյանի կարճ հարցազրույցը բավական հագեցած է տարատեսակ ուղերձներով, գրեթե անթերի է որպես քաղաքական տեքստ, բազմիմաստ է, տողատակերով ու բազմաթիվ դիպաշարերի դռներ բաց պահող: Դա մի տեքստ է, որտեղ նա արդարանում է ու մեղադրում, ծուղակներ լարում, սպառնում եւ առաջարկում…

Քոչարյանն արդարանում եւ մեղադրում է…

Ռոբերտ Քոչարյանին ուղղված առաջին հարցով, ըստ էության, քաղաքականություն վերադարձի ինտրիգը ներկայացվում է ոչ թե նրա ցանկությամբ ու ձգտումներով, այլեւ հասարակական սպասումներով: Այդ կերպ հենց հարցազրույցի սկզբից Քոչարյանի համար նախապատրաստվում է մի դիրք, թե իբր նա հանդես է գալիս որպես նախկին նախագահ, ով կողքից հետեւում է քաղաքական կյանքին, որպես «անկախ վերլուծաբան» գնահատականներ տալիս քաղաքական իրավիճակին, բայց ոչ իբրեւ քաղաքական գործիչ, ով անտարբեր չէ մեծ քաղաքականություն եւ նախկին բարձր կարգավիճակին վերադառնալու հեռանկարի հանդեպ: 

Այսպես. «հանրության շրջանում նախագահական ընտրություններին մասնակցելու առումով որոշակի սպասումների» պարագայում դրա «տեղի չունենալու» ու իր «որոշման դրդապատճառների» մասին հարցի ներքո Ռոբերտ Քոչարյանը մատնանշում է «անհետաքրքիր քաղաքական իրավիճակը»: Ավելին, «հարցազրույցով հանդես գալու միակ պատճառ» նա վկայակոչում է դրա խոստումը: Իրականում, Քոչարյանը անհետաքրքիր է համարում ոչ թե քաղաքականությունը, այլ քաղաքական իրավիճակը, որը ստեղծվել է անցած տարվա զարգացումների արդյունքում, իսկ ավելի ստույգ` անուղղակի կերպով անհետաքրքիր է համարում իրեն փակուղու առջեւ կանգնեցրած նախկին դաշնակիցներին ու զինակիցներին: 

Սակայն, Ռոբերտ Քոչարյանը խնդիր ունի արտաքին ու ներքին որոշակի լսարանների առջեւ ներկայացնել իր սկսած Մեծ խաղի տապալման պատճառները, արդարանալ ոչ միայն իր վերադարձին սպասող, հավատացած կամ դրա հետ հույսեր կապած ներքին ու արտաքին շրջանակների առջեւ, այլեւ տալ տեղի ունեցածի բացատրությունը` ապահովագրելով իրեն ձախողման մեջ մեղադրվելուց: Ըստ այդմ, նա նշում է. «Բնականաբար, գիտեմ, որ գալիք ընտրություններին իմ հնարավոր մասնակցության որոշակի սպասումներ կային: Թեեւ ես երբեք չեմ հայտարարել մասնակցելու մտադրության մասին, այնուամենայնիվ, ճիշտ եմ համարում որոշ բացատրություններ տալ գործողություններիս վերաբերյալ»

Միայն այն, որ Ռ.Քոչարյանը չի ուղղել իրեն ուղղված առաջին հարցը («Որո՞նք էին Ձեր որոշման (չառաջադրվելու-հեղ.) դրդապատճառները եւ ինչպե՞ս եք գնահատում ընթացիկ քաղաքական իրավիճակը»), եւ նաեւ այն, որ նա«ճիշտ է համարում բացատրություններ տալ իր գործողությունների վերաբերյալ», ինչպես նաեւ` առանձնացնում է «երեք հիմնական հանգամանք», որոնք իրեն «դրդում են ձեռնպահ մնալ ակտիվ քաղաքականություն վերադառնալուց»՝ մոռանալով, որ հարցազրույց տալու միակ պատճառը նախկինում տված խոստումն է, մատնում է այն մասին, որ նա լրջագույնս ծանրութեթեւ է արել այդ հարցը, եթե չասենք ակտիվ գործողություններ է ձեռնարկել այդ ուղղությամբ:  

Այս համատեքստում է, որ ընտրություններին չմասնակցելու նրա առանձնացրած երեք հանգամանքները դառնում են նույնքան անհամոզիչ, ինչպես 68 տարեկան լինելու պատճառով նախագահի թեկնածու չառաջադրվելու՝ Տեր-Պետրոսյանի «հիմնավորումն» էր: 

Մասնավորապես, իբրեւ առաջին լուրջ հանգամանք Ռոբերտ Քոչարյանը նշում է, թե «իշխանության պայքարը երկու ղարաբաղցիների, երկու վաղեմի գործընկերների միջեւ ինձ համար անընդունելի էր. այն բարդ ընտրության իրավիճակ կստեղծեր շատերի համար ու կդառնար տարատեսակ շահարկումների առարկա»: Ճիշտ այնպես, ինչպես մինչեւ 2012թ. դեկտեմբերը Տեր-Պետրոսյանը «չգիտեր», որ 68 տարեկան է դառնալու, եւ այդ տարիքը այլեւս անհարմար է երկիր ղեկավարելու համար, ստացվում է, որ Ռոբերտ Քոչարյանն էլ «չգիտեր», որ իշխանության համար պայքարը «երկու ղարաբաղցիների, երկու վաղեմի գործընկերների միջեւ» անընդունելի է ու բարդ ընտրության իրավիճակ կստեղծեր շատերի համար: 

Ստացվում է, որ մինչեւ հունվարի 15-ը կամ տարեվերջ Քոչարյանը չգիտեր դրա մասին, բայց ողջ 2011 եւ 2012 թվականների ընթացքում նրա համակրանքը վայելող ԲՀԿ-ն սեփական նախաձեռնությամբ «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» բանաձեւի շրջանակներում լիուլի միջնորդավորված պայքարում էր ՀՀԿ-ի ու նրա «ղարաբաղցի» առաջնորդի դեմ: Իսկ, այ, հենց հիմա Ռոբերտ Քոչարյանն իմացավ, որ այդ պայքարն անընդունելի է, վտանգաշատ է իր եւ Սերժ Սարգսյանի վաղեմի գործընկերության համար եւ կդառնա շահարկումների առարկա: Իբրեւ այդ «արդարացման» անհերքելի փաստ նա հավելում է, թե «ինքս եմ ժամանակին առաջարկել գործող նախագահին որպես հաջորդողի, եւ վերընտրվելու նրա ցանկությունը հասկանալի է»:  Քոչարյանը պահը բաց չի թողնում հընթացս Սերժ Սարգսյանին հիշեցնելու, թե ով է նրան տվել իշխանությունը, ում է պարտական դրա համար եւ ումից կարող է ետ պահանջել այն: Այդ կերպ նա նաեւ «հավաստիացնում» է, որ չէր կարող իշխանության համար պայքարել ոչ միայն իրավահաջորդի, այլեւ «ղարաբաղցու» ու «վաղեմի գործընկերոջ» դեմ:  Միաժամանակ, լեգիտիմ է ճանաչում Սերժ Սարգսյանի վերընտրվելու ցանկությունը ու իսպառ փակում ԲՀԿ-ՀՀԿ երկամյա կռվի թեման 2011թ. փետրվարի 17-ի կոալիցիոն հուշագրով Սերժ Սարգսյանին սատարելու շուրջ:   

Սերժ Սարգսյանի դեմ չպայքարելու «հայրենակցական ու գործընկերային» դրդապատճառները ներկայացնելուց զատ Ռոբերտ Քոչարյանը որպես երկրորդ հանգամանք առանձնացնում է այն, որ չէր «ցանկանում մասնակցել իշխանության պայքար մղող երեք նախագահների ծայրահեղ տհաճ եւ, վստահ եմ, երկրի համար վնասակար ձեւաչափի կազմավորմանը»: Դրանով Քոչարյանը Սերժ Սարգսյանին հասկացնում է, որ ինքը տարբերակ ուներ մասնակցելու այդ ձեւաչափի կազմավորմանը, սակայն դա չի արել եւ չի անում: Ասել է թե` Քոչարյանը արդարանում է, թե չի ընդունել Սերժ Սարգսյանի դեմ պայքարելու առաջին նախագահի առաջարկը: Իսկ ավելի ստույգ` Քոչարյանը կարծես ապահարզան է տալիս առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի հետ ստվերային համագործակցությաը, թեպետ դժվար է ասել, թե ով է առաջինն ապահարզան տվե՝. Տեր-Պետրոսյա՞նը իր տարեվերջյան հայտարարությամբ, թե՞ դրանից ավելի մեծ փակուղու առջեւ հայտնված Քոչարյանն իր այս հարցազրույցով:

Այդուհանդերձ, Ռոբերտ Քոչարյանը ներքին ու արտաքին լսարանների առջեւ արդարացումների համատեքստում ցուցանում է նաեւ Մեծ խաղի տապալման մեղավորներին, ինչը նաեւ ապահարզանի բացատրությունն է տալիս: Մասնավորապես, երրորդ հանգամանքի ներքո նա նշում է. «Քաղաքական կոմպրոմիսի փնտրտուքը Հայաստանում փոխակերպվել է մանրածախ քաղաքական առեւտրի: Իսկ դա ամենեւին էլ այն չէ, ինչի համար ես կուզենայի ծախսել ժամանակս, գիտելիքներս ու փորձս»: Այս բազմանշանակ նախադասությամբ նա մեղադրում է թե Սերժ Սարգսյանին, ով չգնաց քաղաքական կոմպրոմիսի, թե ԲՀԿ-ին, ՀԱԿ-ին ու ՀՅԴ-ին, որոնք մինչեւ վերջ չգնացին բուրժուադեմոկրատական հեղափոխության ճանապարհով կամ չպարտադրեցին Սերժ Սարգսյանին ընդունել կոմպրոմիսները: Նա մեղադրում է նրանց բոլորին, որ այդ ամենը վերածեցին «մանրածախ քաղաքական առեւտրի»: Այսինքն` Քոչարյանը ներքին ու արտաքին հանրությանը ցուցանում է այն պատճառները, որոնց արդյունքում Մեծ խաղը մնաց անավարտ, ավելի ճիշտ` տապալվեց, որովհետեւ երբեմնի լայն կոնսենսուս ձեւավորած ոչ իշխանական ուժերը բավարարվեցին խորհրդարանական ընտրություններում Սերժ Սարգսյանից ստացած մանդատներով ու դադարեցին ձգտել իշխանության «մեծածախ կոմպրոմիսին»: 

Հարցազրույցում աչքի է զարնում այն, որ որքան էլ Քոչարյանը առաջին հերթին թվարկում է վերոնշյալ երեք հանգամանքնեը, այդուհանդերձ, դրանք «հիմնարար գործոններ» չի համարում, այլ որակում է պարզապես«էմոցիոնալ եւ էթիկական տեսանկյունից  ծանրակշիռ», բայց ոչ՝ քաղաքական: Բավական  է ասել, որ դրանով նա իր երբեմնի զինակիցներին ու դաշնակիցներին, նրանց հետ կապված գործոնները ծանրակշիռ է համարում, բայց նրանց այլեւս քաղաքական գործոններ չի դիտարկում, ինչի պատճառով քաղաքական իրավիճակը նրա համար դարձել է «անհետաքրքիր», որոշների հետ համագործակցության շարունակումը` «ծայրահեղ տհաճ» ու «երկրի համար վնասակար», ինքն էլ չի ցանկանում իր «ժամանակը, գիտելիքները եւ փորձը» ծախսել դրա վրա: 

Սակայն, Քոչարյանը գիտակցում է, որ ոչ միայն ներքին ու արտաքին միջավայրերի առջեւ, այլեւ Սերժ Սարգսյանի համար պետք է նաեւ բացատրի, թե ինչու էր այդ «էմոցիոնալ ու էթիկական ծանրակշիռ» գործոնների վերաբերյալ նախկինում հարցազրույցներ տալիս ու ձեռնոց նետում իշխանությանը, ինչը եւ անում է հաջորդ նախադասությամբ.«Այդ պատճառով էլ սահմանափակվում էի կարճ հարցազրույցներով, այն էլ միայն այն դեպքերում, երբ իրավիճակին չարձագանքելն ուղղակի անհասկանալի կլիներ»

Չնայած Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ու նրա վերընտրության լեգիտիմացմանը, քաղաքականություն վերադառնալուց առայժմ ձեռնպահ մնալու մասին ակնարկներին, Ռոբերտ Քոչարյանը հընթացս մի շարք ծուղակներ է լարում Սերժ Սարգսյանի համար, որոնք այս կամ այն աստիճանի տեսանելի են հարցազրույցում...  

շարունակությունը

Լուսանկարը` www.2rd.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter