HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ի՞նչ կանի դատավորը. 56,4 միլիոնի գողության մասին

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, Արշակ Վարդանյանի նախագահությամբ, լսեց «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ից կատարված խոշոր չափի գողության գործը, որով մեղադրանք է առաջադրվել Աշոտ Առուշանյանին և Էդգար Կարաքեշիշյանին: Երրորդ մեղադրյալը՝ Արտաշես Գալուստյանը, հոր հետ ինքնասպան է եղել: Այս պատմությանը «Հետքն» արդեն անդրադարձել է Խեղվող ճակատագիր եւ 2 ինքնասպանություն. ոստիկանական նախաքննության «հմայքը» եւ Ո՞րն է հոր եւ որդու ինքնասպանության պատճառը, եւ ուր են տանում հետքերը հոդվածներում:

Մեղադրական ճոռով դատախազը միջնորդել է Աշոտ Առուշանյանին դատապարտել 6, իսկ Էդգար Կարաքեշիշյանին 8 տարվա ազատազրկման: Մինչդեռ Առուշանյանի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը գտնում է, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը լիովին անհիմն է: Նա միջնորդել է Աշոտ Առուշանյանին ճանաչել անմեղ և նրա նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ:

Պաշտպանը իր ճառում բերել էր հետևյալ փաստարկները՝ հույս ունենալով, որ դատարանը տուրք չի տա դատախազությանը եւ կառաջնորդվի անկողմնակալության եւ արդարության սկզբունքով.

«Դատաքննությամբ հետազոտված ապացույցներից ակնհայտ է, որ Աշոտ Առուշանյանին առաջադրված մեղադրանքը հիմնված է միայն Արտաշես Գալուստյանի ցուցմունքի վրա, իսկ նրա մեղադրանքի հիմքում դրված մյուս նյութերը, որոնք կոչված էին հիմնավորելու վերջինիս ցուցմունքը՝  կրում են ֆակուլտատիվ բնույթ և հակասության մեջ գտնվելով Ա.Գալուստյանի ցուցմունքների հետ՝  հերքում են այն:

Նախ՝ Արտաշես Գալուստյանի ցուցմունքները հրապարակման միջոցով ենթակա չէին հետազոտման, քանզի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 337-րդ հոդվածը սպառիչ թվարկում է նախաքննության ընթացքում մեղադրյալի ցուցմունքների հրապարակման դեպքերը, եւ նույնիսկ ֆորս մաժորային իրավիճակում դատարանը լիազորված չէ հրապարակել որպես մեղադրյալ հարցաքննված, այժմ՝  հանգուցյալ Արտաշես Գալուստյանի նախաքննության ժամանակ տված ցուցմունքները:

Արտաշես Գալուստյանի կողմից Աշոտ Առուշանյանի դեմ տված ցուցմունքները հերքված են նաև հետևյալ ապացույցներով:

Այսպես, առերես հարցաքննության ժամանակ Գալուստյանն իր ցուցմունքում նշել է, թե 2011թ-ի հունիսի սկզբներին Օպրայի տարածքում գտնվող սրճարաններից մեկում ինքը, Էդգար Կարաքեշիշյանը և Աշոտ Առուշանյանը հանդիպել են, և վերջինս Կարաքեշիշյանին է փոխանցել մի թուղթ, որի վրա իբր նշված է եղել տուժող կողմից տեղափոխված գումարի և դրա օրվա հաճախականության վերաբերյալ տեղեկություններ: Այդ թղթում ամենաքիչ գումարը նշված է եղել 10 միլիոն, իսկ ամենաշատը՝ 200 միլիոնից անց:

Սակայն Աշոտ Առուշանյանի անձնագրի ուսունասիրությունից ակնհայտ է, որ նա 2011 թ. հունիսի 6-28 բացակայել է Հայաստանից, որպիսի փաստը անհերքելի է և ընդուվել է քննիչի որոշմամբ: Այսինքն՝ Ա.Առուշանյանը ենթադրվող գրավոր տեղեկությունը տրամադրել է մինչև հունիսի 5-ը: Հետեւաբար, տուժողի Երևան գալու օրերի և բանկ մուտք արած գումարի չափի վերաբերյալ տեղեկությունը պետք է վերաբերվեր մայիսից մինչև հունիսի 5-ը:

«Մանանա Գրեյն» ՍՊԸ կողմից վարույթն իրականացնող մարմնին տրամադրված տեղեկանքի ուսումնասիրությունից հետևում է, որ «Մանանա Գրեյն» ՍՊԸ կողմից «Էյչ-Էս-Բի-Սի» բանկի հաշվարկային հաշվին 2011 թ. մայիսից մինչև հունիսի 5-ը 200 միլիոն կամ դրանից ավելի գումար մուտք չի արվել, հետևապես, «Էյչ-Էս-Բի-Սի» բանկի համակարգչային բազայում նման տվյալ չէր կարող լինել և Աշոտ Առուշանյանն էլ այդպիսի տվյալ չէր կարող ունենալ և այլ անձանց փոխանցել:

Նշված փաստաթղթի համաձայն՝ մայիս ամսվա և մինչև հունիսի 5-ը տեղափոխված գումարի ամենաքիչ քանակությունը կազմել է 5 միլիոն դրամը, իսկ ամենախոշոր չափի գումարը՝ 179 միլիոն: Ակնհայտ է, որ 5 միլիոնը նման չէ 10 միլիոնի, իսկ 179-ը՝ 200 միլիոնի: Նշված փաստաթղթում առկա է 200 միլիոնից ավել տեղափոխելու մեկ դեպ, եւ նախաքննական մարմինը, ըստ իս, ուղղակի թելադրելուց կամ Արտաշես Գալուստյանը իրականությանը չհամապատասխանող տվյալ ներկայացնելուց հաշվի չէին առել, որ «Մանանա Գրեյն» ՍՊԸ կողմից այդ 200 միլիոնից ավել գումար տեղափոխելու օրը Աշոտ Առուշանյանն արդեն մի քանի օր էր, ինչ Հայաստանում չէր: Հետևապես, նման ենթադրյալ տվյալներ չէր կարող ձեռք բերել համակարգչային բազայից և տրամադրեր:

Գործի նյութերով հերաքված է նաև Արտաշես Գալուստյանի ցուցմունքի այն մասը, թե իբր ինքը, Էդգար Կարաքեշիշյանը ու Աշոտ Առուշանյանը 2011 թ. հունիս կամ հուլիս ամսին հանդիպել են Օպերայի տարածքում, որտեղ էլ Առուշանյանն իրենց է տրամադրել տեղեկատվությունը:

Նախաքննական մարմնի կողմից պահանջվել և «Ղ-Տելեկոմ» եւ «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ներից ստացվել են Աշոտ Առուշանյանի, Էդգար Կարաքեշիշյանի և Արտաշես Գալուստյանի կողմից օգտագործվող հեռախաոսահամարների մուտքային և ելքային հեռախոսազանգերի վերծանումները և այդ զանգերը սպասարկած կայանների համարներն ու տեղակայման հասցեները: Պարզվել է, որ նշված անձանց հեռախաոսահամարների մուտքային և ելքային հեռախոսազանգերը ոչ 2011 թ. հունիս-հուլիս ամիսներին, ոչ էլ մեկ այլ ժամանակահատվածում միաժամանակ չեն սպասարկվել Օպերայի տարածքը «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ կամ «Օրանժ Արմենիա» ՓԲԸ սպասարկող կայաններից: 

Բացի դրանից՝ Արտաշես Գալուստյանի կողմից Աշոտ Առուշանյանի դեմ տված ցուցմունքի եւ առերես հարցաքննության ժամանակ ասածներում առկա են էական հակասություններ, որոնք նույնպես խոսում են դրա անարժանահավատության մասին:

Ցուցմունքում Ա.Գալուստյանը հայտնել է. «2011թ-ի ամռանը՝ ամիսն ու օրը կոնկրետ չեմ հիշում, Օպերայի սրճարաններից մեկում ես և Էդգարը հանդիպեցինք Աշոտին և միասին սուրճ խմելու ընթացքում Աշոտը Էդգարին տվեց մի թուղթ, որի վրա տպագիր տվյալներ էր գրված»:

Իսկ Առուշանյանի հետ տեղի ունեցած առերես հարցաքննության ժամանակ Ա.Գալուստյանը հայտնել է. «Միաժամանակ Աշոտը Էդգարին փոխանցեց մի թուղթ, որը հետո ես տեսա, որ դրա վրա տուժողի կողմից տեղափոխված գումարի և դրա օրվա հաճախականության վերաբերյալ գրառումներ էր»:

Առկա հակասությունը էական է, քանի որ մի դեպքում Գալուստյանը նշում է , որ նույն պահին տեսել է թղթի վրա տպագիր գրառումներ, իսկ առաերեսման ժամանակ նշում է, որ հետո է Էդգարի մոտ տեսել մի թուղթ, որի վրա կար գրառում, այն էլ՝  տուժողի կողմից տեղափոխված գումարի և դրա օրերի հաճախականության վերաբերյալ:

Ակնհայտ է, որ այդ մտքերը չեն պատկանում Ա. Գալուստյանին և թելադրված են քննիչի կողմից և հարմարացված են «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի կողմից վարույթն իրականացնող մարմնին տրամադրված տեղեկանքին:

Ցուցմունքում Ա. Գալուստյանը հայտնել է, թե նշված թղթի վրայի տվյալները բոլորից գաղտնի հանել են ընկերոջ համակարգչից: Նախ՝ պարզ չէ, թե «հանել են արտահայտությունը» բացի Աշոտից էլ ում է վերաբերվում, բացի այդ, եթե Աշոտ Առուշանյանի համակարգիչը փորձաքննություն ենթարկվեր, ապա կպարզվեր, որ նման փաստաթուղթ չի տպագրվել, իսկ ընկերոջ համակարգիչ կոչվածը շատ տարածական և ենթադրական մեկնաբանություն կարող է ունենալ:

Նույն հարցի վերաբերյալ առերեսման ժամանակ Ա. Գալուստյանն իր ցուցմունքում նշում է, որ Էդգարն է իրեն ասել, որ այդ թուղթը տվել է Աշոտը, որը տպվել է բանկի համակարգչից: Այսինքն, նախաքննական մարմինը և Ա. Գալուստյանը համոզված լինելով, որ վերջինիս սկզբնական ցուցմունքը գործի հետագա քննությամբ հերքվելու են, քանի որ Աշոտը նման թուղթ բանկից չի տրամադրել և չի ասել, որ այն գաղտնի տպագրել է ընկերոջ համակարգչից, այդ թուղթը բանկի համակարգչից Աշոտ Առուշանյանի կողմից տպված լինելու և «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ին վերաբերվելու մասով վերագրում են Էդգար Կարաքեշիշյանի կողմից հայտնած լինելուն: Բացի այդ՝ փորձ է կատարվել ստեղծել մի իրավիճակ, թե «Աշոտ, տես՝ ոչ թե Արտաշես Գալուստյանն է քո դեմ սուտ ցուցմունք տալիս, այլ այդ ամենը նա իմացել է Էդգար Կարաքեշիշյանից»:

Մյուս կողմից՝ Արտաշես Գալուստյանի ցուցմունքները չեն կարող դրվել Աշոտ Առուշանյանի մեղադրանքի հիմքում, քանի որ դրանք ձեռք են բերվել պաշտպանական իրավունքի էական խախտումներով:

2012 թ. հունիսի 8-ին մեղադրյալ Արտաշես Գալուստյանը պաշտպան Լևոն Ներսիսյանից հրաժարվում է և ցանկություն է հայտնում պաշտպանվել հանրային պաշտպանի միջոցով, քանի որ անվճարունակ է: 2012 թ. հունիսի 11-ին քննիչ Մ. Ալեքսանյանը որոշում է մեղադրյալ Արտաշես Գալուստյանին իրավաբանական օգնության վճարից լրիվ ազատելու և ՀՀ Փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի միջոցով հանարային պաշտպան նշանակելու մասին:

Իմ կողմից ՀՀ Փաստաբանների պալատի Հանրային պաշտպանի գրասենյակ կատարվել է հարցում: Sտացել եմ Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի պատասխանը, որի բովանդակությունից հետևում է, որ 12.06.2012 թ. որպես Արտաշես Գալուստյանի շահերի պաշտպան է նշանակվել Ռուզաննա Սիրեկանյանը: Վերջինս քննիչին տեղեկացրել է այդ մասին, սակայն դրանից հետո քննիչը հայտնել է, որ առայժմ Ա. Գալուստյանի հետ քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտություն չկա և քրեակատրողական հիմնարկ չեն գնացել, իսկ վերջին անգամ, երբ Ռ. Սիրեկանյանը դիմել է քննիչին, որպեսզի գնան քրեակատարողական հիմնարկ, քննիչը նրան տեղեկացրել է, որ մեղադրյալ Ա. Գալուստյանը մահացել է:

19.06.2012 թ. ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող, մեղադրյալ Արտաշես Գալուստյանը դիմում է ուղարկում /ներկայացնում/ քննիչ Մ. Ալեքսանյանին, որի բովանդակությունը հետևյալն է. «08.06.2012թ. հայտնել եմ, որ հրաժարվում եմ պաշտպան Լևոն Ներսիսյանի ծառայություններից և ցանկացել եմ ունենալ հանրային պաշտպան: Ներկայումս հրաժարվում եմ նաև հանրային պաշտպանի ծառայություններից և դա կապված չէ նյութական միջոցների հետ: Ընդհանրապես, պաշտպան ունենալ չեմ ցանկանում, առայժմ շահերս կներկայացնեմ ինքս»:

Այս Դիմումը Էրեբունու քննչական բաժին մուտք է եղել 20.06.2012 թ., իսկ թե ինչպես է Ա. Գալուստյանի դիմումը ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից հասել ոստիկանության Էրեբունու քննչական բաժին, անհայտ է: Դիմումը ստանալու օրը քննիչ Մ.Ալեքսանյանը կարծես «կանխատեսելով», որ Արտաշես Գալուստյանը չի ցանկանում ընդհանրապես պաշտպան ունենալ և ցանկանում է ցուցմունք տալ, առանց հանրային պաշտպանի հայտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, հրավիրում Արտաշես Գալուստյանին և վերջինս էլ հայտարարում է, որ հրաժարվում է պաշտպան ունենալու իրավունքից, որի մասին կազմվում է համապատասխան արձանագրություն:

Դա այն դեպքում, երբ նա սկզբում գումար չունենալու պատճառով ցանկացել էր ունենալ հանրային պաշտպան, քննիչը նրա մոտ էր գնացել առանց հանրային պաշտպանի, ինչպես նաև պաշտպանից հրաժարվում է առանց նշանակված պաշտպանի կամ այն պաշտպանի ներկայությամբ, որը կարող էր նշանակվել:

Գործի նյութերով հիմնավարված է, որ մյուս մեղադրյալ Էդգար Կարաքեշիշյանը ուներ պաշտպան և մեղադրյալների շահերի միջև առկա էին հակասություններ: Նույն օրը՝ 20.06.2012 թ.՝ ժամը 11:00-ից-13:00-ն, Ա.Գալուստյանը, առանց պաշտպանի մասնակցության, տալիս է լրացուցիչ ցուցմունք և հայտարարում, որ իր և Էդգար Կարաքեշիշյանի կողմից գողություն կատարելուն օժանդակել է՝  տեղեկություններ է տրամադրել Աշոտ Առուշանյանը, որից հետո 21.06.2012 թ. Արտաշես Գալուստյանի և Աշոտ Առուշանյանի միջև քննիչը կատարել է առերես հարցաքննություն:

Այսպիսով, նախ՝ քննիչի կողմից մոտ 8 օր Արտաշես Գալուստյանի պաշտպանությունը իրականացնելու համար չի ներգրավվել Հանրային պաշտպանի գրասենյակի կողմից նշանակված պաշտպան Ռուզաննա Սիրեկանյանը, որից հետո օրենքի էական խախտմամբ ընդունել է մեղադրյալի պաշտպանից հրաժարումը, այն դեպքում, երբ այդ հրաժարումը պայմանավրված էր վճարման միջոցների բացակայությամբ, իսկ հրաժարումը իրականացվում էր առանց այն պաշտպանի ներկայության, որը կարող էր նշանակվել կամ նշանակված էր: Բացի այդ՝ մյուս մեղադրյալի և Արտաշես Գալուստյանի շահերի միջև առկա էր հակասություն, իսկ Էդգար Կարաքեշիշյանը ուներ պաշտպան: Այսինքն, քննիչի կողմից Արտաշես Գալուստյանը հարցաքննվել է և առկա ցուցմունքները՝ ապացույցները, ձեռք են բերվել պաշտպանական իրավունքի խախտմամբ:

Նման իրավիճակում՝ առանց պաշտպանի ներկայության պաշտպանից հարաժարվելու ընդունման անթույլատրելիության մասին իր իրավական դիրքորոշումն է հայտնել նաեւ ՀՀ վճռաբեկ դատարանը:

Սույն գործի փաստական տվյալներից հետևում է, որ Արտաշես Գալուստյանի հրաժարումը պարտադրված է եղել գործի քննության հանգամանքներով, այն է՝  ցուցմունք է տալիս Աշոտ Առուշանյանի դեմ և փոխվում է նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը: Նա հայտարարել է, որ հրաժարվում է նախկին պաշտպանից, ցանկանում է ունենալ հանրային պաշտպան, քանի որ անվճարունակ է, իսկ այդ հայտարարությունից 8 օր անց, քանի որ հանրային պաշտպանը քննիչի հետ չի այցելել, հայտարարում է, թե պաշտպանից հրաժարվում է, և այդ հրաժարումը պայմանավորված չէ նյութական միջոցներ չունենալու հետ: Միայն այն փաստը, որ այդ հարաժարումից մի քանի օր անց Արտաշես Գալուստյանը ինքնասպան է լինում, վկայում է այն մասին, որ նա ունակ չէր ամբողջովին գիտակցել իր վարքագծի հետևանքները:

Հիմնվելով վերը նշված իրավական վերլուծության վրա և դրանք համադրելով սույն գործի փաստական հանգամանքներին, գտնում եմ, որ նախաքննության ընթացքում Արտաշես Գալուստյանի մասնակցությամբ կատարված քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ցուցմունքները ստացվել են վերջինիս պաշտպանության իրավունքի խախտման պայմաններում, որպիսի հանգամանքը ազդել կամ կարող էր ազդել ձեռք բերված փաստական տվյալի հավաստիության վրա: Իսկ այդ ապացույցները դրվել իմ պաշտպանյալ Աշոտ Առուշանյանի մեղադրանքի հիմքում:

Աշոտ Առուշանյանին առաջադրված մեղադրանքը և Արտաշես Գալուստյանի ցուցմունքները հերքվում են նաև որպես վկա հարցաքննված տուժողի՝ Արմեն Մանուկյանի ցուցմունքերով:

Վերջինս դատաքննության ժամանակ տված ցուցմունքում և հարցերին պատասխանելիս հայտնել է, որ «Սովորական առօրյա էր, եւ մեր դրամարկղից գումարը պետք է գնար մուտքագրվեր ձեռնարկության հաշվարկային հաշիվ, որից հետո հետեւեր էն գործարքները, որոնք որ պլանավորված էր: Այդ օրը ես անձնական հանդիպում ունեի, որը պետք ա տեղի ունենար Տիգրան Մեծի տպարանի շենքում՝ բարձրահարկ շենքում, որտեղ իմ անձնական բիզնեսի հետ կապված շատ կարճ հանդիպում պիտի լիներ: Որոշեցի մեքենան կանգնեցնել նենց տեղ, որ մարդաշատ լինի , ապահով, մտքովս անգամ չէր անցնում նման բան, ու մտածում էի, որ շատ կարճ կլինի հանդիպումը, բայց հանդիպումը ձգձգվեց մոտ 40 րոպե, ու երբ վերադարձա, էդ դեպքը եղել էր»:

Այն հարցին, թե քանի օրը մեկ, ինչ հաճախականությամբ եք գումարներ բերել եւ Երեւանում մուտքագրել, վկան պատասխանել է. «Սովորաբար շաբաթական երկու անգամ լինում ա, բայց կարա մուտքերը վատ լինի, չլինի շաբաթական, կամ ինչ-ինչ գործերով ընկնենք, չլինի էդ մուտքագրումը բանկ: Կարող ա լինի շատ փոքր գումար, որը անհրաժեշտ ա ինչ-ինչ բաների համար ու ստացվի որ… »: Այն հարցին, թե շաբաթական քանի անգամ էիք գալիս, վկան հայտնել է, որ «0 անգամից 4 անգամ, կոնկրետ նշանակված օրեր չի եղել»:

Ա. Մանուկյանը իր նախաքննական ցուցմունքում հայտնում է, որ «Որպես կանոն, ընկերությունում կանխիկ առևտրից կուտակված գումարներն անհրաժեշտության դեպքում առանց օրերի սահմանափակման կամ օրինաչափությունների ես կամ տնօրենը Արմաշ գյուղից տեղափոխում ենք Երևան քաղաք «HSBC» բանկ՝ մեր ընթացիկ հաշվին մուտքագրելու և հետագայում գործարքներ կատարելու համար»:

Վերը նշված պատասխաններով հերքվում է որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման մեջ նշված այն ենթադրությունը, թե «ընկերության փոխտնօրեն Ա. Մանուկյանը նշված բանկում վճարումներ է կատարում առավելագույնը 3 օրվա հաճախականությամբ... »: Վկայի կողմից տրված պատասխաններով հերքված է նաև այն ենթադրությունը, թե «Ա.Մանուկյանն է մշտապես Արմաշ գյուղից Երևան տեղափոխել և բանկ մուտքագրել ընկերության գումարները»:

Վկան հարցերին պատասխանելիս հայտնել է, որ բացի իրենից Արմաշից Երևան գումարներ տեղափոխել են ինչպես ընկերության տնօրենը, այնպես էլ ընկերության այլ աշխատակիցներ և հնարավոր էր, որ այլ աշխատակիցներն իրենց մեքենաներով նույնիսկ շաբաթվա մեջ 1 կամ 3-4 անգամ Երևան տեղափոխեին ընկերությունում կուտակված գումարները:

Վկայի ցուցմունքով հերքվում է նաև Արտաշես Գալուստյանի ցուցմունքը և նախաքննական մարմնի այդ ցուցմունքից արված այն եթադրությունը, թե մի քանի անգամ Էդգար Կարաքեշիշյանը միայնակ, իսկ 2-3 անգամ Արտաշես Գալուստյանի հետ հետևել են Արմեն Մանուկյանի վարած «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան, սակայն այդ օրերին Ա. Մանուկյանը առանց կանգառի է գնացել մինչև «HSBC» բանկի գլխամաս:

Վկան հարցերին պատասխանելիս հայտնեց, մեջբերում եմ. «Դե, սենց ասեմ, երբ որ Արարատից գալիս ես, ամենամոտ մասնաճյուղը Շենգավիթի մասնաճյուղն ա, ու ամենակարճ ճանապարհն ա, դրա համար հիմնականում տեղ էի ես ձերբազատվում գումարից», իսկ դեպքի օրը բանկի գլխամաս էր ցանկանում գնալ, քանի որ անձնական գործ ուներ Տիգրան Մեծ տպարանի շենքում, որտեղից Տերյան փողոց գնալը ավելի հեշտ էր: Այսինքն, եթե Արմեն Մանուկյանը շեշտում է, որ ինքը մշտապես գումարները մուտք է արել բանկի Շենգավիթ մասնաճյուղում, հետևապես՝ Արտաշես Գալուստյանը նրան չէր կարող 3 օրը մեկ «ուղեկցել» Տերյան փողոցում գտնվող «HSBC» բանկի գլխամաս:

Հերքված է նաև նախաքննական մարմնի հետևյալ ենթադրությունը, մեջբերում եմ. «Հիմք ընդունելով այն պարզ հաշվարկը, որ Ա. Մանուկյանն ըստ Ա. Առուշանյանի տրամադրած գրավոր տեղեկատվության, գումարը բանկ է մուտքագրում առավելագույնը 3 օր տևողությամբ, վերջին վճարումը կատարել է 16.11.2011 թվականին, որին հաջորդել են շաբաթ և կիրակի օրերը, հերթական անգամ գողություն կատարելու դիտավորությունն իրականացնելու նպատակով 2011թ. նոյեմբերի 21-ին՝  երկուշաբթի օրը... և այլն»:

Նախ՝ վկաներ Արմեն Մանուկյանը և ընկերության գանձապահ Աննման Պետրոսյանը դատարանում ցուցմունք տվեցին այն մասին, որ նախապես որոշված չէր, որ նոյեմբերի 21-ին գումար պետք է տեղափոխվեր բանկ, նման անհրաժեշտություն առաջացել էր գումարը տեղափոխելուց մոտ 10 րոպե առաջ: Հետևապես, որևէ մեկը չէր կարող կանխագուշակել, որ այդ օրը Արմեն Մանուկյանը գումար կտեղափոխի Երևան, այն էլ ոչ թե «HSBC» բանկի Շենգավիթ մասնաճյուղ, այլ Տերյան փողոցում գտնվող գլխամաս: Այսինքն՝ նախաքննական մարմինը գործի քննությունը տարել է սխալ ուղղությամբ:

Ըստ Արմեն Մանուկյանի ցուցմունքի, բացի իրենցից՝ ոչ ոք տեղյակ չէր, որ այդ օրը գումար է տեղափոխվելու, հետևապես այսպես կոչված «ինտելեկտուալ օժանդակողին» ոչ թե պետք էր փնտրել բանկի աշխատակիցների մեջ, այլ մեկ ուրիշ՝ հակառակ ուղղությամբ:

Բացի այդ՝ դատարանի ուշադրությունն եմ հարվիրում նախաքննական մարմնի հետևյալ զավեշտալի ենթադրության վրա, որ վերջին վճարումը Արմեն Մանուկյանը կատարել է 16.11.2011 թ., հետևապես մյուսը պետք է կատարեր 21.11.2011 թ.:

Նախ, ըստ նախաքննական մարմնի ենթադրության և Արտաշես Գալուստյանի ցուցմունքի, Ա.Առուշանյանը տեղեկություններն իբր տրամադրել է 2011 թ. հունիսի սկզբներին: Պատկերացնո՞ւմ եք, ըստ մեղադրանքի կողմի, նոյեմբեր ամիսն ավելի շուտ է եղել, քան հունիս ամիսը, այլապես բանկի համակարգչային բազայից 2011 թ. մայիս-հունիս ամիսներին հանված ենթադրյալ թղթի վրա 2011 թ. նոյեմբեր ամսի 21-ը չէր երեվա: Ավելին՝ 16-ի և 21-ի միջև տևած ժամանակահատվածը ոչ թե կազմում է 3 օր, ինչպես նշված է մեղադրական եզրակացության մեջ, այլ կազմում է 4 օր, որը որևէ կերպ չի համապատասխանում նախաքննական մարմնի նույնիսկ «գործ սարքելու» տրամաբանությանը:

Այսպիսով, գտնում եմ, որ Արմեն Մանուկյանի և Աննման Պետրոսյանի ցուցմունքներով ևս հերքվում է Աշոտ Առուշանյանին առաջադրված մեղադրանքը և հաստատում Արտաշես Գալուստյանի կողմից ընդդեմ Առուշանյանի տված ցուցմունքների անարժանահավատ լինելը:

Մեղադրական եզրակացության մեջ, իբրեւ Աշոտ Առուշանյանի մեղքը հիմնավորող ապացույց է վկայակոչված որպես այլ փաստաթուղթ-ապացույց ճանաչված և քրեական գործին կցված «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի կողմից 2011 թ. մայիս, հունիս և նոյեմբեր ամիսներին բանկ մուտքագրված գումարների շարժի վերաբերյալ տեղեկանքը: Այն Աշոտ Առուշանյանի մեղքը հիմավորող նյութ չի կարող հանդիսանալ հետևյալ հիմավորմամբ:

Նախ՝ այդ տեղեկանքը կազմվել և նախաքննական մարմնին է ներկայացվել «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի կողմից և դրանով չի հիմնավորվում, որ նման փաստաթուղթ կարող է առկա լինել նաև «HSBC» բանկի համակարգչային բազայում: Սույն քրեական գործով նման փաստաթուղթ ձեռք չի բերվել, և կարծում եմ, եթե «HSBC» բանկի համակարգչային բազայում նման փաստաթուղթ առկա լիներ, ապա նախաքննական մարմինը չէր վարանի, այն կպահանջեր բանկից և կկցեր քրեական գործին: Այսինքն՝ նախաքննական մարմինը, հայտնվելով անելանելի վիճակում, ստիպված նման տեղեկանք պահանջել է «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ից:

Նախաքննական մարմնի կողմից, որպես Աշոտ Առուշանյանի մեղքը հիմանավորող նյութ է վկայակոչվել հեռախոսների մուտքային և ելքային հեռախոսազանգերի վերծանումների զննության մասին արձանագրությունը: Դրա վերաբերյալ մեղադրական եզրակացության մեջ ձևակերպվել հետևյալ միտքը. «Մշտական կապի մեջ են գտնվել նաև Էդ.Կարաքեշիշյանի և Ա.Առուշանյանի կողմից օգտագործվող հեռախոսահամարները, մասնավորապես՝ նրանք հեռախոսակապի մեջ են եղել 05.06.2011 թվականին՝  2 անգամ, 28.04.2012 թ.՝  3 անգամ, նույն օրը Օպերայի տարածքից՝ 2 անգամ»: Մեղադրական եզրակացության մեջ նշվել է նաև հետևյալ միտքը. «Հեռախոսազանգերի վերծանումներով հաստատվել է 2011 թվականի հունիսի սկզբին նրանց՝ Օպերայի տարածքում հանդիպելու հանգամանքը»:

Բայց ուսումնասիրելով ինչպես քննիչի կողմից՝ հեռախոսների մուտքային և ելքային հեռախոսազանգերի վերծանումների զննության մասին արձանագրությունը, այնպես էլ «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ից ստացված Աշոտ Առուշանյանի կողմից օգտագործվող հեռախոսահամարներով կատարված զանգերի և սպասարկող կայանների վերծանումները պարունակող սկավառակը, ակնհայտ է դառնում, որ Ա. Առուշանյանը Էդ. Կարաքեշիշյանին 2011 թ. հունիս ամսին կատարել է ընդամենը 2 զանգ: Ընդ որում, նշված հեռախոսազանգերը սպասարկվել են ոչ թե, ինչպես քննիչն է նշում, «Օպրերայի» տարածքից, այլ «Նորք 2» սպասարկող կայանի տարածքից, որը համընկնում է Աշոտ Առուշանյանի բնակության վայրի տարածքի հետ: Նման պայմաններում հարց է առաջանում, քննիչը անտեսե՞լ կամ շփոթե՞լ է այդ փաստերը, թե՞ փորձել է արհեստական ապացույցներ ստեղծել Աշոտ Առուշանյանի դեմ: Իսկ հարգելի մեղադրողը չի էլ փորձել պատշաճ հսկողություն իրականացնել գործի նկատմամբ:

Ավելին՝ հեռախոսազանգերի վերծանումներում առկա չէ որևէ ապացույց կամ թեկուզ պատահական համընկնում, որ Աշոտ Առուշանյանի, Էդգար Կարաքեշիշյանի և Արտաշես Գալուստյանի այդ բազմաթիվ հեռախոսներից ինչ-որ մեկը միաժամանակ սպասարկված լինեն «Օպերայի» տարածքից: Դրանով նաև հերքվում է Արտաշես Գալուստյանի ցուցմունքի այն մասը, թե իբր երեքով հանդիպել են «Օպերայի» տարածքում գտնվող սրճարաններից մեկում:

Այսինքն, ոչ միայն առկա չէ Աշոտ Առուշանյանի մեղք հիմնավորող որևէ նյութ կամ ապացույց, այլեւ վերը նշված փաստական տվյալներով հերքված են նաև նախաքննական մարմնի բոլոր ենթադրությունները: Իսկ Աշոտ Առուշանյանի և Էդգար Կարաքեշիշյանի միջև բռնցքամարտով զբաղվելու ժամանակ ընկերական հարաբերությունների ձևավորումը չի կարող հիմք հանդիսանալ Աշոտ Առուշանյանին նման մեղադրանք առաջադրելու համար՝ անկախ նման ցանկություն ունեցեող անձանց քանակից և զբաղեցրած դիրքից:

Աշոտ Առուշանյանին առաջադրված մեղադրանքը հերքվում է նաև Էդգար Կարաքեշիշյանի ցուցմունքով այն մասին, որ Աշոտ Առուշանյանն իրեն որևէ տեղեկատվություն չի տրամադրել, «HSBC» բանկից որևէ փաստաթուղթ չի տվել, իրեն մատնացույց չի արել որևէ անձի՝ որպես «Մանանա Գրեյն» ՍՊԸ փոխտնօրեն Արմեն Մանուկյանի: Էդգար Կարաքեշիշյանի ցուցմունքները հերքված չեն և արժանահավատ են:

Աշոտ Առուշանյանը ինչպես նախաքննության, այնպես էլ դատական քննության ժամանակ հերքել է առաջադրված մեղադրանքը և հայտնել. «... Առաջադրված մեղադրանքում ինձ մեղավոր չեմ ճանաչում, քանի որ ես որևէ առընչություն չեմ ունեցել ինձ որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման մեջ նկարագրված դեպքերի հետ: Մասնավորապես՝ ես Էդգար Կարաքեշիշյանին և Արտաշես Գալուստյանին տեղեկություններ տրամադրելու միջոցով կամ այլ կերպ չեմ օժանդակել առանձնապես խոշոր չափերի գողություն կատարելուն... »:

Աշոտ Առուշանյանի ցուցմունքը հաստատվում, իսկ նրան առաջադրված մեղադրանքը հերքվում է նաև դատարան ներկայացված և հետազոտված ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի տեսաձայնագրային փորձագետի եզրակացությամբ, համաձայն որի՝ ներկայացված ձայնագրության մեջ մոնտաժման հետքեր չեն հայտնաբերվել, իսկ ձայնագրված խոսակցության վերծանումը կցված է եզրակացության հավելվածում:

Ձայնագրության վերծանումներից ակնհայտ է դառնում, որ Աշոտ Առուշանյանի նակին պաշտպանը մեղադրյալի հորն հայտնում է գործի քննության վերաբերյալ որոշ տվյալներ, մասնավորապես, որ առերեսման ընթացքում տևական ժամանակով բացակայել է, իսկ ներկա գտնված ժամանակ Արտաշես Գալուստյանը բազմիցս նշել է. «Աշոտ, կներես, բայց... Ստիպված եմ, էլ վարիանտ չունեմ... »: Նա բազմիցս Աշոտից ներողություն է խնդրել, որպիսի հանգամանքները ևս վկայում են նրա կողմից ընդդեմ Աշոտ Առուշանյանի տված ցուցմունքների անարժանահավատության և շինծու լինելու մասին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter