HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաստանն ու տարածաշրջանը Սահակաշվիլուց «հետո» եւ Իվանիշվիլու օրոք

Ստեփան Սաֆարյան, քաղաքական վերլուծաբան

Վրաստանում խորհրդարանական ընտրությունների միջոցով Բիձինա Իվանիշվիլու գլխավորած «Վրացական երազանքի» իշխանության գալուց ու կառավարությունը խաղաղ ճանապարհով վերցնելուց հետո այդ երկրի արտաքին քաղաքականության մեջ ուշագրավ դրսեւորումներ եւ ելեւեջներ են նկատվում: 

Թե՛ մինչեւ խորհրդարանական ընտրությունները, թե՛ դրանից հետո էլ քաղաքական վերլուծաբանների եւ գործիչների ուշադրությունը առավելապես սեւեռված էր այն հիմնահարցի վրա, թե այդ «թավշյա հեղափոխությունից» հետո ինչպիսի՞ փոփոխություններ կկրեն Վրաստանի ներքին ու արտաքին քաղաքականությունները. մասնավորապես, կփոխվի՞ արդյոք Վրաստանի ռազմավարական այն կուրսը, որ որդեգրել էին նախագահ Սահակաշվիլին ու նրա թիմը:

Իվանիշվիլու տպավորիչ կապիտալի ռուսական ծագումնաբանությունը, նրա կապերը ու ռուսական հրապուրանքը ինչպե՞ս կազդեն Վրաստանի` վերջին տարիներին միարժեք եվրաատլանտյան կողմնորոշման վրա: Այդ ամենը ինչպիսի՞ խոտորումների կհանգեցնի արտաքին քաղաքական կողմնորոշումների հաշվեկշռի մեջ, ու միջինացված ի՞նչ ուժագիծ կընդունի Վրաստանի արտաքին քաղաքականությունը: 

Նոր իրավիճակ, նոր վախեր եւ սպասումներ «վրացական երազանքից» 

Երբ վարչապետ նշանակվելուց հետո Բիձինա Իվանիշվիլին արեւմտյան լրատվամիջոցներին, մասնավորապես «EuroNews»-ին տված հարցազրույցում վերահաստատեց եվրատալանտյան կառույցներին Վրաստանը ինտեգրելու իր հաստատակամության մասին, «Վրացական երազանքի» առաջնորդի ռուսական ռևերանսները ընկալվեցին իբրեւ հյուսիսային հարեւանի հետ հարաբերությունները նորմալացնելու ձգտում: Դա անգամ ողջունելի էր արեւմտյան որոշ շրջանակների համար, որոնք հատկապես 2008 թ. վրաց-ռուսական պատերազմից հետո նախագահ Սահակաշվիլուն քննադատում էին Ռուսաստանի հետ հարաբերությունները կարծր գծի մեջ պահելու, լուծումներ չփնտրելու եւ փակուղին պահպանելու մեջ: 

Որքան էլ Բիձինա Իվանիշվիլին ու «Վրացական երազանքը» Վրաստանի հեռացող նախագահին ու նրա կառավարությանը քննադատեն եւ մեղադրեն Ռուսաստանի, ինչպես նաեւ երբեմնի վրացահպատակ տարածքների հանդեպ վարած սխալ քաղաքականության, ավելի ստույգ` սխալ մարտավարության մեջ, այդուհանդերձ, հրաշալի հասկանում են, որ նրա թույլ տված սխալները Ռուսաստանի համար առիթ էին վախեցնելու Վրաստանի՝ եվրաատլանտյան ինտեգրման կուրսը խորացնելու եւ ՆԱՏՕ-ին Հարավային Կովկաս բերելու համար: Եւ եթե դա վրաց-ռուսական հնգօրյա պատերազմի չբարձրաձայնվող ասպեկտներից մեկն է, ուստի՝ Վրաստանի ՆԱՏՕ-ական գիծը շարունակել խոստացող Բիձինա Իվանիշվիլին գիտակցում է, որ առաջիկայում էլ Վրաստանի հյուսիսային հարեւանի հետ նոր լարվածություններ հնարավոր են, քանի դեռ պուտինյան Ռուսաստանի համար ՆԱՏՕ-ի ընդլայնումը շարունակում է նրա ազգային շահերին եւ անվտանգությանն ուղղված վտանգ դիտարկվել, իսկ Իվինաիշվիլին էլ կոչված է լինելու ավարտին հասցնել կամ մոտեցնել Վրաստանը ՆԱՏՕ-ին:

Բիձինա Իվանիշվիլին առավել լավ գիտի, որ 2008 թ. օգոստոսին Մ. Սահակաշվիլին կորցրեց այն, ինչ Վրաստանը վաղուց էր կորցրել` ինքահռչակ տարածքները, ավելի ստույգ՝ համոզված է, որ Սահակաշվիլին անհաջող ու սխալական փորձ կատարեց վերադարձնելու կորցրածը` ինքնահռչակ տարածքները, ըստ որում, ռազմական եղանակով: Վրաստանում այլեւս դժվար թե գտնվի մեկը, ով համոզված լինի, որ ոչ միայն մինչեւ 2008թ. օգոստոսի 8-ը, այլեւ դրանից հետո Վրաստանի ռեինտեգրացիայի հարցը հնարավոր է լուծել ռազմական եղանակով, առավել եւս` Ռուսաստանից այդ եղանակով խլել Աբխազիան կամ Հարավային Օսիան:  

Հետեւաբար, Իվանիշվիլու` Վրաստանի ռեինտեգրացիայի քաղաքականությունը առնվազն մարտավարության առումով պետք է արմատապես տարբերվեր Սահակաշվիլու հայեցակարգից` թույլ չտալով նրա կամ նույն սխալները: Իսկ դա գլուխ բերելու համար նախեւառաջ անհրաժեշտ է վերահաստատել Ռուսաստանի հետ հաղորդակցության խողովակները, ապաեւ՝ կոնֆլիկտի լուծումները փնտրել միանգամայն այլ հարթության վրա` ընդլայնելով «տորթի» չափերը, նոր շահագրություններ ստեղծելով հարեւանների մոտ ու նրանց ներքաշելով դրա մեջ, ինչպես նաեւ` հակամարտությունների լուծման փորձում օգտագործելով ազդեցության միանգամայն այլ ռեսուրս` տնտեսական շահերն ու լծակները:

Սահակաշվիլու համամետությամբ այդ հարցում առաջընթաց գրանցելու համար Իվանաշվիլուց, անշուշտ, պահանջվում է զերծ մնալ նոր կորուստներից եւ կառավարել բոլոր հնարավոր ներքին ռիսկերը, որոնք կարող են մանիպուլյացիայի օբյեկտ դառնալ դրսից: Այլապես, Իվանիշվիլին գիտակցում է, որ այդ նոր մոտեցման` Վրաստանի համար կորստաբեր հետեւանքների դեպքում ինքը կհայտնվի Սահակաշվիլուց վատ վիճակում, երբ, ասենք, տարածքային նոր կորուստներ լինեն:  

Մասնավորապես, Վրաստանի անկայունության նիրհող օջախները, ի դեմս հայերով ու ադրբեջանցիներով բնակեցված տարածքների, կարող են ակտիվանալ օբյեկտիվ ու սուբյեկտիվ դրդապատճառներով, ներսից եւ դրսից: Ջավախքի եւ վրացահայության հարցում հայ-վրացական լարվածությունը նորություն չէ, իսկ առիթներն էլ լիուլի են. վրացահայության իրավունքներ, հայկական եկեղեցիների պատկանելության ու պահպանության հարցեր, Հայ առաքելական եկեղեցու կարգավիճակ, Վահագն Չախալյանի գործ, Ջավախքի մշակութային ու քաղաքական ինքանավարության պահանջներ եւ այլն:

Իսկ Ադրբեջանի ու Վրաստանի սահմանով կիսված պատմամշակութային հուշարձանի` վրացիների ուխտագնացության վայր, 6-րդ դարի վանական համալիր Դավիթ Գարեջայի շուրջ ազգամիջյան կրքեր բորբոքվեցին անցած տարի: Դրան հավելած ադրբեջանաբնակ գյուղերի հողերի, Ադրբեջան-Վրաստան սահմանագծման` նախկինից առկա խնդիրները, Մառնելուլի շրջանի իրավիճակը, որտեղ Ադրբեջանի առաջին տիկնոջ ու նախագահի հովանավորությամբ մեծամաշտաբ ծրագրեր են իրականացնում` մեծացնեով ադրբեջանական ազդեցությունը: Հետեւաբար, Բիձինա Իվանիշվիլու կառավարությունը հարկադրված է նախկին իշխանություններից տարբերվող նոր մարտավարություն որդեգրել այդ ռիսկերը կառավարելու համար:      

Ռուսաստանի հետ հարաբերությունների «Restart»-ի առնչությամբ իր հայտարարություններով, բացի ներքին ընդդիմախոսին` ընդդիմություն դարձած նախագահ Սահակաշվիլուն ու նրա թիմին գրգռելուց, վարչապետ Իվանիշվիլու ռուսական գիծը թե դրական, թե բացասական անորոշություններ ստեղծեց հարեւանների համար: 

Վրացական արտաքին քաղաքականության մեջ նորաբաց այդ պատուհանը Կրեմլը դիտարկեց իբրեւ նրա արտաքին քաղաքականության ու եվրատալանտյան ընթացքի վրա ազդելու հնարավորություն: Սակայն Ռուսաստանի համար խնդիրը սոսկ Վրաստանը չէ. «Վարդերի հեղափոխությունից» հետո վրացական իշխանությունների թե՛ արեւմտամետ արտաքին քաղաքական կողմնորոշումը, թե՛ երկրում իրականացրած արդյունավետ ռեֆորմները եւ թե՛ Արեւմուտքի կատարած մեծ խաղադրույքը Վրաստանը դարձրել էին ոչ միայն գրավիտացիայի կենտրոն, այլեւ կովկասյան տարածաշրջանը եվրոպականացման տանող լոկոմոտիվ եւ առանցքային հանգույց: Վրաստանի առաջընթացը արեւմտականացման խորացմանը զուգընթաց լուրջ մրցակցություն ստեղծեց հարեւան երկրների` Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների համար, եւ վերջիններս էլ հաջողակ ու գովաբանվող հարեւանից ետ չմնալու համար հարկադրված կամ անհրաժեշտաբար վարակվեցին նրա արտաքին քաղաքական «վիրուսից» ու դրա հետեւանքները այսօր առավել քան տեսանելի են նախեւառաջ Մոսկվայի համար: 

Մինչդեռ 2008 թ. օգոստոսյան պատերազմից հետո առավել քան Ռուսաստանն է գիտակցում, որ Աբխազիան ու Հարավային Օսիան վերցնելով, իրականում Հյուսիսային կովկասի լեռնաշղթայի ստորոտին` մի փոքր հատվածում, մեծ պատ է կանգնեցրել իր եւ Հարավային Կովկասի միջեւ.  թեպետ վրաց-ռուսական պատերազմում հաղթանակ տանելով նա ստացել է անջատողական փոքր տարածքներ, սակայն կանգնել է ավելի մեծ ու ռազմավարական առումով ավելի կարեւոր տարածք` ողջ Կովկասը կորցնելու վտանգի առջեւ: Արժե հիշել, թե ինչպես 2008 թ. պատերազմից հետո Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, պատասխանելով հարցին, թե ի՞նչ է պատրաստվում անել Վաշինգտոնը այդ ամենից հետո, նշել էր, որ մտածում են, թե ինչպես կարելի է Ռուսաստանի մարտավարական հաղթանակը վերածել ռազմավարական պարտության: Եւ Ռուսաստանի ձեռամբ Հարավային կովկասում ստեղծված իրողությունները, որքան էլ զարմանալի է, բայց ժամանակի ընթացքում աշխատեցին հենց իր դեմ՝ էապես թուլացնելով նրա դիրքերը, զգալիորեն արժեզրկելով անգամ Հայաստանում նրա ռազմաքաղաքական ներկայությունը, եթե տարածքային կապ չկա դաշնակցի հետ: 

Հետեւաբար, «Վրացական երազանքը» միայն նրան հավատացած վրացիների համար չէր երազանք, այլ նաեւ Ռուսաստանի համար` վերացնելու հարավում դրված «ռուս-վրացական մեծ պատը», կանգնեցնելու տարածաշրջանը դեպի Եվրոպա տանող գնացքի լոկոմոտիվը` Վրաստանին եւ, ինչպես «Ծառայողական սիրավեպ» խորհրդային կատակերգության թեւավոր խոսքերից մեկն է բանաձեւում, նրան «վերադարձնելու կոլեկտիվ, ընտանիք»: Ակնհայտորեն, Վրաստանի նոր իշխանությունները գիտակցում են, թե ռազմավարական առումով որքան կարեւոր է Ռուսաստանի համար վրաց-ռուսական հարաբերությունների «Restart»-ը, իսկ Հարավային Կովկասում նրա ներկությունը ուղղակի Կրեմլի աքիլեսյան գարշապարն է:     

Իվանիշվիլու արտաքին քաղաքականության հայեցակարգը, մասնավորապես դրա ռուսական ուղղվածությունը դրական անորոշություն ստեղծեց նաեւ Հայաստանի համար, ով կարող էր հույսեր փայփայել, որ նորմալացող վրաց-ռուսական հարաբերություններում այլեւս չեն ստեղծվի լարվածության այնպիսի պահեր, որոնք պաշտոնական Երեւանին կկանգնեցննեն բարդ խնդիրների կամ երկընտրանքի առջեւ, ինչպես 2008 թ. օգոստոսյան պատերազմի օրերին. հնգօրյա պատերազմից հետո մի կողմից արտաքին աշխարհի հետ Հայաստանի կապն ապահովող դրացի ու բարեկամ համարվող Վրաստանը նրա պաշտապանության կարիքն ուներ, նաեւ փակվել էին Հայաստանի կամար կենսական նշանակության ճանապարհները, մյուս կողմից` Վրաստանին վտանգավոր վիճակում դրած պետությունը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն էր, ով քիչ անց պաշտոնական Երեւանի առջեւ բարձրացրեց Աբխազիան ու Հարավային Օսիան ճանաչելու պահանջը: Երեւանին, աշուշտ, հաջողվեց խուսանավել ու չնեղացնել երկուսին էլ ու պահպանել առավելագույն չեզոքություն, սակայն թե՛ Վրաստանը, թե՛ Ռուսաստանը չէին կարող հիացած լինել, որ արժանացել են դրկիցի կամ դաշնակցի նվազագույն աջակցությանը, քանի որ կցանկանային առավելագույնը ստանալ: 

Երեւանի համար Վրաստանում տեղի ունեցածը դրական էր նաեւ այն առումով, որ իր հաշվարկով Վրաստանի նոր արտաքին ուղեգծի արդյունքում այդ երկրի եվրոպական ընթացքի արագությունը կնվազի եւ նրանից «ետ չմնալու» քաղաքականության հարց այլեւս չի լինի: Հակառակ պարագայում Հայաստանի իշխանությունների ու նախագահի խորացող «շպագատի» դիրքը Բրյուսելի ու Մոսկվայի միջեւ այլեւս կարող էր լուրջ ցավեր պատճառել, հատկապես, երբ գահին վերադարձած Վ. Պուտինը պահանջում է իր դաշնակցից ավելի հստակ կողմնորոշվել եվրոպական ու եվրասիական ինտեգրացիաների միջեւ եւ արգելակել ԵՄ-ի հետ հարաբերութունների խորացումը:

Այս առումով Վրաստանի թեկուզեւ թեթեւակի «ռուսականացումը» բխում է Հայաստանի իշխանությունների (բայց ոչ Հայաստանի) շահերից, քանի որ այլեւս թե՛ նրան, թե՛ Ադրբեջանին չեն ցուցանի կամ ակնարկի, թե որքան բարեբեր հետեւանք է ունենում երկրի արեւմտականացումը եւ բռնապետական համակարգերի կազմաքանդումը:

Թեպետ Հայաստանում նաեւ գիտակցում են, որ Վրաստանի էական ռուսականացումը Հայաստանին կզրկի իր արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու եւ ԵՄ-ի հետ փոխշահավատ հարաբերությունները խորացնելու հնարավորությունից: Բացի այդ, Վրաստանի այդպիսի թեթեւ ռուսական երանգավորումը հեռանկար է բացում նաեւ վրաց-ռուսական հարաբերությունների նորմալացման, իսկ դրա արդյունքում` Վրաստանի տարածքով դաշնակիցներ Հայաստան-Ռուսաստան ցամաքային հաղորդակցության վերականգնման համար, որը կմեղմեր Հայաստանի շրջափակումը:   

Նման հեռանկարը, անշուշտ, ոգեւորիչ չի կարող լինել Ադրբեջանի համար, քանի որ Հայաստանի հանդեպ նրա եւ Թուրքիայի ողջ քաղաքականության նպատակը Հայաստանին խեղճացնելը, զարգացումից ետ գցելն ու իրենց կամքը ղարաբաղյան ու հայ-թուրքական խնդիրներով թելադրելն է: Առաջին հերթին այդ հեռահար նպատակով են նրանք Վրաստանի տարածքն օգտագործել ու կառուցել Հայաստանը շրջանցող նավթամուղերն ու գազամուղերը, իսկ վերջին տարիներին նաեւ` Բաքու-Թբիլիս-Ղարս երկաթգիծը: Ուստի՝ հյուսիս-հարավ առանցքի ակտիվացման ու հաղորդակցության բացման հեռանկարը չէր կարող վրացական նոր քաղաքականության առնչությամբ բացասական անորոշություններ չստեղծել թե՛ Ադրբեջանի, թե՛ նրա դաշնակից Թուրքիայի մոտ, քանի որ սպառնում է արժեզրկել Հայաստանի շրջափակման քաղքականությունը: Իվանիշվիլին ոչ մեկ անգամ է առիթ ունեցել համոզվելու, թե որքան թանկ արժեն Հայաստանի շրջափակման այդ գործիքները Ադրբեջանի ու Թուրքիայի համար, եւ որ ղարաբաղյան հակամարտությունն ու Ցեղասպանության հարցը հակամարտության բոլոր կողմերի աքիլեսյան գարշապարն է: Հետեւաբար, դրանք իր նոր մոտեցման ու մարտավարության հարցում բացառված է, որ առանցքային նշանակություն չունենային:    

Վեջապես, անցած տարիներին աննկատելի չի եղել եւս մեկ հանգամանք`Թուրքիայի քաղաքականությունը Կովկասում, որը միտված է եղել այդ տարածաշրջանում ավելի մեծ ներգրավվածություն ունենալուն, Ռուսաստանին այնտեղից դուրս մղելուն ու ստեղծված վակուումը իր ազդեցությամբ լցնելուն: Մինչդեռ այժմ հեռացած Ռուսաստանը ոչ միայն Վրաստան, այլեւ ամբողջ տարածաշրջան վերադառնալու հնարավորություն է ստանում: Թեպետ, Թուրքիայի համար խորթ չէ նման ռիսկերը շահարկելով եւ անգամ ստեղծելով Արեւմուտքին վախեցնելն ու սեփական պահանաջարկը բարձրացնելը` դա թույլ չտալու նպատակով առաջարկելով սեփական ծառայությունները:

Այդուհանդերձ, Արեւմուտքի հետ ոչ հարթ հարաբերություններ ու նրա հետ լարվածության պարբերական պիկեր ունեցող Թուրքիան մյուս կողմից ուրախ կլինի տեսնել, որ Արեւմուտքը Վրաստանի վրա ավելի մեծ խաղադրույք չի կատարում, քան իր վրա: Նախկինում` Սահակաշվիլու իշխանության շրջանում, այդ երկիրը անթաքույց նեղվում էր, թե ինչպես կարող էր մի փոքրիկ հետխորհրդային երկիրը եվրոպական ինտեգրման հարցում առաջ անցնել իրենից, այն դեպքում, երբ ինքը տասնայակներով հերթ է կանգնած ԵՄ դռների առջեւ: 

Հետեւաբար, Արեւմոտքից փոքր-ինչ խռոված Թուրքիայի համար շահեկան է նաեւ, թե ինչպես է Ռուսաստանը ոչ միայն փորձում մասմաբ (բայց ոչ ամբողջովին. այլապես Թուրքիայի` տարածաշրջան ներթափանցման խողովակներն էլ կփակվեն) վերանվաճել Վրաստանը, այլեւ եվրասիականացնել ու ռուսականացնել նրա շրջակայքը, ինչը, անշուշտ, առաջիկայում կարող է դառնալ Վրաստանի արտաքին քաղքականության վրա ազդող օբյեկտիվ գործոն. օբյեկտիվ, քանի որ այն կախված չի լինի Վրաստանից:  Ռուս-թուրքական վերջին բանակցությունները լավագույնս կծառայեցվեն այդ հեռանկարին:          

Իսկ ընդհանուր՝ թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում իշխանությունների մոտ վախեր առաջացրեց բուն Վրաստանում տեղի ունեցածը` սահուն իշխանափոխության նախադեպը, երբ արդեն հարավկովկասյան պետության վարչախումբը փոխվում է ոչ թե հեղափոխական ցնցումներով, այլ ընտրություններով: Հատկապես, երբ երկու երկրների հասարակություններն այս անգամ էլ վարակվել էին «թավշա հեղափոխության» վրացական երազանքի վիրուսով: 

Այս ոչ պարզագույն իրավիճակում դեռեւս անպատասխան է մնում Վրաստանի արտաքին քաղաքականության ընդհանրացված ու միջինացված ուժագծի մասին հարցը միջնաժամկետ ու երկարաժամկետ կտրվածքով, քանի որ պարզ չէ, թե ինչպես է «երազանքի» Վրաստանին հաջողվելու այդ իրողությունների պայմաններում ոչ միայն պահպանել ավանդական ուղղությունը եւ դա զուգակցել նոր` «ռուսական» գծով ու ռիսկերի կառավարման նոր մոտեցմամբ: Բայց գնալով նկատելի ու ընդգծված են դառնում նրա արտաքին ու «նոր հարեւանության» քաղաքականության նոր երեւեջները. Վրաստանի` բիզնես մտածողությամբ առաջնորդը այն իրացնում է նոր տեխնոլոգիաներով` ստուգելով հարեւանների վախերը (պահանջարկը) եւ բարձրացնելով նրանց համար կարեւոր ապրանքի գինը… 

Շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter