HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Նոր հնարավորություն՝ երիտասարդականի համար

ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարան Նիոնում կայացել է մինչեւ 21 տարեկանների Եվրոպայի 2015 թ. առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Թիմերը նախապես բաժանվել էին 5 խմբի, որոնցից առաջին չորսում ընդգրկված էր 10-ական, իսկ վերջինում՝ 12 թիմ: Բաժանումը կատարվել էր վարկանիշների համաձայն: Հայաստանի երիտասարդականը տեղ էր գտել 3-րդ խմբում, ինչը նշանակում էր, որ մեր թիմը խաղալու է ավելի բարձր վարկանիշ ունեցող երկու եւ ավելի ցածր մակարդակով երկու կամ երեք թիմերի հետ:

Վիճակահանության արդյունքում թիմն ընդգրկվեց վերջին՝ 10-րդ ընտրական խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Ֆրանսիան, Բելառուսը, Իսլանդիան, Ղազախստանը: Ըստ կանոնակարգի՝ 10 խմբերի հաղթողները եւ երկրորդ տեղում հայտնված թիմերից լավագույն 4-ը կազմելու են զույգեր, որոնք վիճարկելու են 7 ուղեգիր: Հաղթողները 2015 թ. մեկնելու են Չեխիա, որտեղ նրանց կմիանան տանտերերը, ու կվիճարկվի Եվրոպայի երիտասարդների հաղթողի կոչումը:

Այս մրցաշարի պատմությունը սկսվում է 1967-ից: Սկզբում այն մինչեւ 23 տարեկանների մրցաշար էր, որի կանոնակարգը նման էր շախմատին՝ հավակնորդը ձեռնոց էր նետում գործող չեմպիոնին: Անվանումն էլ այդպիսին էր՝ Մարտահրավերի գավաթ: 1976-ին որոշվեց փոխել անցկացման կարգը: Տարիքային առավելագույն շեմ սահմանվեց 21-ը: Երկամյա ցիկլով անցկացվող մրցաշարի առաջին հաղթող դարձան հարավսլավցիները՝ 1978-ին: Պատմության մեջ, բացի Հարավսլավիայից, մեկական անգամ հաղթող են դարձել Ֆրանսիան, Չեխիան, Գերմանիան, 2-ական անգամ լավագույնն են դարձել ԽՍՀՄ-ի, Անգլիայի, Հոլանդիայի, երիտասարդները, 3 անգամ՝ իսպանացիները, 5-ակի հաղթողներ են իտալացիները:

2015 թ. առաջնությունը 20-րդն է, իսկ գործող չեմպիոնները իսպանացիներն են: Չնայած Պիրենեյան թերակղզու ներկայացուցիչները դեռ պետք է փորձեն պահպանել իրենց կոչումը. այս տարվա հունիսին Իսրայելում կկայանա 2013 թ. առաջնության եզրափակիչ փուլը: Իսկ ահա 2013/15 ցիկլը կսկսվի մարտի 22-ից:

Հայտնի է նաեւ մեր երիտասարդականի խաղացանկը: Ռաֆայել Նազարյանի սաները հունիսի 6-ին տանը առաջին հանդիպումը կանցկացնեն Իսլանդիայի դեմ: Ահա խաղացանկը.

06.06.2013 Հայաստան-Իսլանդիա
13.08.2013 Ղազախստան-Հայաստան
10.10.2013 Հայաստան-Ֆրանսիա
14.10.2013 Հայաստան-Ղազախստան
14.11.2013 Ֆրանսիա-Հայաստան
19.11.2013 Բելառուս-Հայաստան
03.09.2014 Իսլանդիա-Հայաստան
09.09.2014 Հայաստան-Բելառուս

Հիշեցնենք, որ անցյալ շրջափուլում մեր տղաները հաջող հանդես եկան, ընտրական խմբում գրավեցին 2-րդ տեղը, բայց չկարողացան ընդրկգվել երկրորդ տեղը գրաված թիմերի լավագույն քառյակի մեջ, որպեսզի հետո վիճարկեին եզրափակչի ուղեգիրը: Չեխիայի, Չեռնոգորիայի, Ուելսի ու Անդորրայի հետ պայքարում մեր հավաքականը տարավ 4 հաղթանակ, 3 ոչ-ոքի խաղաց, 1 պարտություն կրեց՝ վաստակելով 15 միավոր: 

Հարկ է նշել, որ ներկայիս խումբն էլ բավականին հարմար է մրցակիցների տեսանկյունից ու Հայաստանի ընտրանին լավ հնարավորություններ ունի գոնե երկրորդ տեղով խմբից դուրս գալու համար: Այն, ինչ չստացվեց նախորդ անգամ, պետք է փորձել անել այժմ: 

Լուս.՝ Ավետիս Ղազանչյանի (uefa.com)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter