HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՓՄՁ-ների վարկավորումը շարունակվում է. 100 ընկերություն` 3,5 տարում

Պետության կողմից ստեղծված «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը իր գործունեության 3.5 տարիների ընթացքում տրամադրել է շուրջ 100 վարկ փոքր և միջին ձեռնարկություններին` 6.5 մլրդ դրամի չափով: 

«ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպության (ՈւՎԿ) գործադիր տնօրեն Արթուր Բադալյանն այսօր ամփոփեց 2012 թվականին կատարած աշխատանքները: Հիշեցնենք, որ «ՓՄՁ ներդրումներ» ՈւՎԿ-ն հիմնադրվել էր 2009-ին` ՀՀ կառավարության  2009 թվականի հունիսի 26-ի որոշմանբ և նպատակն է աջակցել փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը: Այն ֆինանսավորում էր ՀՀ վարչապետին կից գործող տնտեսական զարգացմանը նպաստող ծրագրերի աջակցության օպերատիվ շտաբի կողմից հավանություն արժանացած գործարար ծրագրերը, սակայն արդեն կազմակերպությունն ինքն է ներգրավում և վարկավորում ֆինանսավորման կարիք ունեցող սուբյեկտներին: «ՓՄՁ ներդրումների» միակ բաժնետերը ՓՄՁ ԶԱԿ-ն է: «ՓՄՁ ներդրումներ» ՈւՎԿ-ի համար ֆինանսավորման աղբյուրը Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանին տրամադրված պետական վարկի միջոցներն են: Այս տարվանից սկսվում է ռուսական վարկի մարումը: Արթուր Բալադյանը տեղեկացրեց, որ ֆինանսների նախարարությունը ՈւՎԿ-ին 10 տարի մարման ժամկետով է տրամադրել այդ միջոցները, և վարկավորման ծրագրեր կազմելիս իրենք հաշվի են առնում այդ ժամկետը:   

Վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով, մինչև 5 տարի մարման ժամկետով, 11 % միջին դրույքաչափով: «Ֆինանսավորվում են այն ծրագրերը, որոնք իրատեսական են, որոնք վարկունակ են, այսինքն` ֆինանսական վերադարձելիության ռիսկը թույլատրելի սահմաններում է, բացի դրանից` որպես լրացուցիչ ապահովման միջոց վերցվում է նաև գրավ` անշարժ գույք, շարժական գույք, շրջանառու միջոցներ, երաշխավորություններ նորմալ ճանաչում ունեցող ընկերության կողմից, որը շահույթով է աշխատում»,- մանրամասնում է Արթուր Բադալյանը: 

Նա նշում է, որ գրեթե չեն եղել դեպքեր, երբ վարկի վերադարձելիության խնդիր է առաջացել: Դեռևս մեկ ժամկետանց դեպք է գրանցվել, որն առաջացել է անհատ ձեռնարկատիրոջ մահվան պատճառով: Հիմա նրա ժառանգները փորձում են կարգավորել հարցը: 

ՓՄՁ-ի վարկավորում իրականացվել է` սկսած 1-ից մինչև 15 մլն դրամ առավելագույն գումարով: Արթուր Բադալյանը հայտնեց, որ 2012-ի ավարտին վարկային պորտֆելի մնացորդը կազմել է շուրջ 5 մլրդ դրամ: Տրամադրված վարկերի ավելի քան 83 %-ը բաժին է ընկնում արդյունաբերությանը, մոտ 10 %-ը`  գյուղատնտեսությանը,1 %-ը` հանքագործունեությանը, 4.5 %-ը` ծառայությունների մատուցմանը և այլ ոլորտների: 

Մարզերի համաչափ զարգացման նպատակով վարկերը տրամադրվում են նաև մարզերում գործունեություն ծավալած իրավաբանական անձանց: Վարկային պորտֆելի շուրջ 51 %-ը տեղաբաշխված է հենց մարզերում: Արմավիրի մարզին բաժին է հասել ավելի քան 15 %, Արարատին`  շուրջ 10 %, Կոտայքին`  ավելի քան 8 %, Գեղարքունիքին`  մոտ 5 %, Արագածոտնին` 4,5 %, Շիրակին`  շուրջ 4 %, ավելի քիչ` Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի և Լոռու և մարզերին:

Մշակվել են նաև կարճաժամկետ ֆինանսական գործիքներ, որոնք նպաստում են ՓՄՁ-ների զարգացմանը: Օրինակ` ջերմոցային տնտեսության զարգացման համար կարճաժամկետ վարկային գործիք է մշակվել, որը տրամադրվել ջերմոցներին գազի կանխավճար կատարելու կամ պարտքը մարելու համար: Արթուր Բադալյանն ասում է, որ կարևորվում է գյուղատնտեսության ոլորտը, և 2012-ին 1.8 մլրդ դրամի չափով վարկ տրամադրվել է հենց գյուղատնտնեսության ոլորտին, որից 1.4 մլն դրամը` գյուղմթերք վերամշակողներին: Աջակցություն են ստացել սկսնակ ՓՄՁ-ներ, որոնք գործունեություն են ծավալել սահմանամերձ շրջաններում: 

Ծրագրի շրջանակներում ավելացել է շուրջ 250 աշխատատեղ, և նախատեսվում է ծրագրի ամբողջական իրագործման արդյունքում ևս 200-ով ավելացնել աշխատատեղերը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter