
Թոսունյանները պահանջում են արդար դատավարություն
2010 թ. Քաջարանում մահվան ելքով ծեծկռտուքին մասնակցելու համար խուլիգանության հոդվածով կալանավորվել է Գևորգ Թոսունյանը, ով այն ժամանակ այս գործով միայն որպես վկա էր անցել: Կալանավորվել են նաև Թոսունյանների ընտանիքի այլ անդամներ:
Թոսունյաններն այսօր առավոտյան ՀՀ Գլխավոր դատախազության դիմաց բողոքի ակցիա էին անցկացնում՝ պահանջելով արդար դատավարություն:
Խոսքը 2010 թ. օգոստոսի 28-ին՝ ժամը 20-ի սահմաններում, Քաջարանի մշակույթի տան մոտակայքում գործող սրճարանի բացօթյա հատվածում Գրիգոր Պապյանի հետ Գևորգ Թոսունյանի և Սահակ Սահակյանի վիճաբանելու մասին է: Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի հետևանքով մահացել էր Գրիգոր Պապյանը:
Հիշեցնենք, որ այս գործով ձերբակալվել էր նաև Սյունիքի մարզի դատախազի նախկին տեղակալ Էդիկ Հովսեփյանը՝ առանձնապես ծանր հանցագործության՝ Գրիգոր Պապյանի սպանության վերաբերյալ քննվող քրեական գործով ապացույց կեղծելու կասկածանքով:
Նույն քրեական գործի շրջանակներում կալանավորվել էին Սյունիքի մարզի ոստիկանության քննչական բաժնի նախկին քննիչ Արման Ենգոյանը և Կապանի ոստիկանության պետի օպերատիվ գծով նախկին տեղակալԳագիկ Դանիելյանը:
Գևորգ Թոսունյանի մայրը՝ Մանյա Գրիգորյանը, «Հետքի» հետ զրույցում ասաց. «Մեծ տղայիս՝ Գևորգ Թոսունյանին, մեղադրում են ծեծկռտուքին մասնակցելու համար, ամուսինս ձերբակալվել է կեղծ ցուցմունքների հիման վրա: Վիճաբանություն է տեղի ունեցել ժամը 20-ին ու վերջացել, իսկ այդ ծեծկռտուքը՝ 22:30-ին, ինչ-որ սրճարանի դիմաց՝ Քաջարանում: Գևորգը դատավարություններին որպես վկա է մասնակցել, իր ասելիքն ասել է ու վերջ, իսկ հիմա՝ 2 տարի անցած, երբ տղաս արդեն այստեղ չէր՝ Ռուսաստանում էր, մեզ ասացին, որ ձեր տղան գտնվում է հետախուզման մեջ: Նա ինքնակամ եկավ, ներկայացավ, ու նրան ձերբակալեցին, բերեցին Երևան:
Ամուսնուս դեմ այդ սրճարանի աշխատողներից ինչ-որ մեկը ցուցմունք է տվել, որ Հակոբ Թոսունյանն իրեն վախեցրել է, և այդ հոդվածով արդեն 6 ամիս է, պահում են նրան՝ չնայած դեպքի ընթացքում ես և ամուսինս այստեղ չենք եղել՝ Ռուսաստանում ենք եղել: Բանակում գտնվող տղայիս՝ Ջորջին, նույնպես կալանավորել են նույն մեղադրանքով՝ ծեծկռտուքին մասնակցելու համար»:
Թոսունյանների ընտանիքը բողոքում է այն բանից, որ դատավարությունը ձգձգվում է, և պահանջում է արդար դատավարություն: «Ամուսնուս պահանջածը միայն դեղորայքն է: Նա ասում է, որ իրեն անգամ սնունդ պետք չէ, ինքը ջուրն ու հացը կթաթախի կուտի: Ինֆարկտ է տարել, ունի առողջական խնդիրներ լյարդի և լեղապարկի հետ կապված: Բժիշկները նայում են, ինչքան կարողանում են, միայն թե տեղում»,- հավելում է Մանյա Գրիգորյանը:
Դեպքի իրավական կողմի մասին «Հետքին» պարզաբանումներ տվեց Թոսունյանների իրավապաշտպան Վահագն Մանուկյանը:
«Ամբողջ ընտանիքի՝ երեք որդիների և հոր նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում: Հայրը և երկու տղան կալանքի տակ են: Գևորգ Թոսունյանը մեղադրվում է խուլիգանություն կատարելու համար, Գևորգի հայրը՝ Հակոբ Թոսունյանը՝ վկային հարկադրելու ցուցմունքը փոխելու և կեղծ ապացույցներ ձեռք բերելուն օժանդակելու հարցում: Դեպքի հետ կապված կա դատական ակտ, սակայն վերաքննիչ դատարանը դատական ակտը բեկանել է, ուղարկել է լրացուցիչ դատաքննության, որի ընթացում առանձին վարույթ է իրականացվել, որի շրջանակներում էլ կատարվում է այս գործի քննությունը»,- ասաց Վահագն Մանուկյանը:
Փաստաբանը, ով ներկայացնում է միայն Թոսունյանների շահերը, նշեց, որ այս գործով 10 մեղադրյալ կա, ըստ նախաքննական մարմնի վարկածի՝ Թոսունյաններն այս դեպքին առնչվում են որպես մասնակից, սակայն հերքում են իրենց առնչությունը տվյալ խուլիգանությանը:
«Թե ինչ ապացույցներ և գործողություններ կան, արդեն ժամանակը ցույց կտա: Պարզապես եթե կան այդպիսի ցուցմունքներ, ապա առաջանում են էական հակասություններ: Նախաքննական մարմինն այդ դեպքում պարտավոր է կատարել առերես հարցաքննություն, որն այս պահի դրությամբ չի կատարվել, բայց մենք միջնորդություններ ենք ներկայացրել քննիչին»,- ասաց Վահագն Մանուկյանը:
Նա հավելեց, որ այս գործով դատական նիստ դեռևս չի նշանակվել:
Լուսանկարները՝ Սոնա Սիմոնյանի
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել