
Թույլատրելի՞ են Շարբաթյանի գործով ձեռք բերված ապացույցները
Լոռու մարզի Շահումյան գյուղի «Մուշ» ռեստորանային համալիրում փաստաբան Սամվել Շարբաթյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրգործի շրջանակներում առաջադրված` խմբի կազմում խուլիգանության և սպանության մեղադրանքը ձևակերպվել է հիմնականում հանգուցյալի քրոջ որդու` Հայկ Ասլիկյանի ցուցմունքի հիման վրա և հիմնավորվել մյուս վկաների ցուցմունքներով: Բայց ինչպես Հայկ Ասլիկյանը հայտնեց «Հետքին», իր նախնական ցուցմունքները` այն, որ 3-ով են կռվել քեռու հետ, դեպքի ազդեցության տակ է գրել, իրավապահների թելադրանքով: Ինչպես պարզվում է, մյուս վկաների ցուցմունքները, որոնք սույն գործով որպես ապացույց են օգտագործված, նույնպես ձեռք են բերվել քննչական և դատավարական գործողության կատարման կարգի էական խախտումներով: Վկաները պատմում են, որ ոստիկանություն են կանչվել առանց ծանուցման, առանց տվյալ գործով իրենց կարգավիճակն իմանալու:
Վկաներից երգիչ Ջիվանն ասում է. «Կանչեցին էլի, եսիմ ով, շատ եմ հիշում ով: Չգիտեմ, եսիմ ինչի համար: Զանգով էր, ինչով էր, եսիմ: Թուղթ չի եկել: Ես չեմ հիշում` ինձ ասել ա վկա եք, թե ինչ եք: Շատ եմ հիշում` ասավ իրավունքներ ունեմ, թե չէ»,-ասում է վկան: Խոհարար Կարենն էլ է զանգով կանչվել քննչական բաժին: «Ինձ ընդամենը հարցաքննության թերթերն էին տալիս, որտեղ որ գրված էր, որ սխալ ցուցմունք տալու համար ես քրեորեն պատասխանատվություն կկրեմ: Իմ իրավունքների մասին ոչ մի բան ինձ տեղյակ չեն պահել, չեն ասել»,-պատմում է Կարենը:
Մինչդեռ` Քր. օր.-ն ու Քր. դատ. օր.-ը սահմանում են վկայի իրավունքներն ու նրա հարցաքննության կարգը: Քր. դատ. օր.-ի 86-րդ և 206-րդ հոդվածներով` վկան իրավունք ունի իմանալ, թե որ քրեական գործով է կանչվում և քրեական վարույթն իրականացնող մարմնին ներկայանալ փաստաբանի հետ: Վճռաբեկ դատարանն էլ, թիվ ԼԴ/0301/01/09 քրեական գործով նախադեպային որոշման մեջ անդրադառնալով որպես ապացույց օգտագործված` վկաների ցուցմունքների թույլատրելիությանը, արձանագրել է, որ նախքան հարցաքննությունը վկան պետք է տեղեկացվի, թե ո´ր դեպքի (փաստի) առթիվ հարուցված քրեական գործով և պարզաբանման ենթակա ո´ր հանգամանքների շուրջ է հարցաքննվում և ի’նչ կարգավիճակով, հակառակ դեպքում վկայի ցուցմունքը կդիտվի որպես քննչական գործողության կատարման կարգի էական խախտմամբ ձեռք բերված, նաև եթե փաստի առթիվ հարուցված քրեական գործով որպես վկա չի հարցաքննվել:
Խոհարար Կարենը հիշում է, որ դեպքի գիշերն իրեն «բերման են ենթարկել» և «պարտադիր» բացատրություն վերցրել իրենից: «Բերման ենթարկեցին մեզ նույն օրը գիշերը ժամը 4-ին, մատնահետքեր, հետո հարցաքննության տարան: Բերման են ենթարկել ինձ, Խլղաթյան Էդիկին, Շարբաթյանի քրոջ որդուն»,-ասում է վկան: Դեպքի գիշերը գործով մեղադրյալ Վերանյանների ծնողներն էլ են բերման ենթարկվել ոստիկանության Գուգարքի քննչական բաժնի պետ Արտուշա Հարությունյանի ու 2 աշխատակիցների կողմից և 5 ժամ պահվել ոստիկանությունում` չնայած գործով նրանք ոչ մի կարգավիճակ չունեն:
«Արձանագրությունը կազմելու ժամանակ զանգ եկավ, ասեցին, որ տղաները տանը չեն, երևի ասեցին` իրանց բերեք: Թե` պետք ա ձեզ բերման ենթարկենք, դատախազը և ոստիկանության վարչության պետը ասել են, որ ձեզ բերման ենթարկենք: Հագնվեցի որ դուրս գամ, ասավ` մենակ դուք չեք գալու, ձեր կինն էլ: Ասի` կինս վատառողջ է, ջերմություն է տալիս, թոռներս էլ ջերմություն են տալիս, եթե հնարավոր ա, ես գամ, ինքը չգա: Ասավ` ոչ: Հագնվեցինք, երեխանցը թողեցինք մոր մոտ` հիվանդ վիճակում»,-պատմում է Սամվել Վերանյանը, ով ինքն էլ ոստիկանության համակարգի 23 տարվա աշխատող է և համակարգից էլ թոշակի է անցել:
Նա ու կինը իրավապահների հետ գնացել են Գուգարքի բաժին, որտեղ պետի աշխատասենյակում նրանց դիմավորել է ոստիկանության մարզային վարչության պետ Անուբախ Համբարյանը: Մինչդեռ` Քր. դատ. օր.-ի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ոչ ոք չի կարող քրեական գործով ձերբակալվել, խուզարկվել, կալանավորվել, դատապարտվել, ենթարկվել բերման և դատավարական հարկադրանքի այլ միջոցների, ինչպես նաև իրավունքների ու ազատությունների այլ սահմանափակումների այլ կերպ, քան օրենքով սահմանված հիմքերով և կարգով: Քր. դատ. օր.-ի 153-րդ հոդվածի 2-րդ մասով` բերման ենթարկելը կատարվում է վարույթն իրականացնող հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի կամ դատարանի պատճառաբանված որոշման հիման վրա: Շարբաթյանի գործով իրավապահների գործողությունները նույնիսկ օրենքով սահմանված`օպերատիվ միջոցառումների տեսանկյունից չեն կարող արդարացվել, քանի որ, Քր. դատ. օր.-ի 284-րդ հոդվածի համաձայն, օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացումը թույլատրվում է 48 ժամվա ընթացքում այդ մասին ծանուցելով դատարանին, նրան ներկայացնելով նախատեսված փաստաթղթերը: Եթե այդ միջոցառման իրականացման հապաղումը կարող է հանգեցնել տեռորիստական ակտի կատարմանը, կամ հնարավոր են ՀՀ պետական, ռազմական կամ բնապահպանական անվտանգությանն սպառնացող իրադարձություններ կամ գործողություններ, օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարի որոշման հիման վրա թույլատրվում է նման միջոցառումների իրականացումը: Դրանց իրականացման վերջնական թույլտվությունը տալիս է դատարանը:
Մինչդեռ` Շարբաթյանի գործով վկաներին ու մեղադրյալ Վերանյանների ծնողներին բերման են ենթարկել առանց որոշման: «Որ եկան ներկայացան, ոչ մի փաստաթուղթ, ոչ մի բան, չեն ասել ինչի համար ենք բերման ենթարկում, ասին` գնանք, տեղում ամեն ինչ կասենք: Հետո ոչ մի բան չենք գրել, չեն ասել, որ գրենք»,-ասում է Սամվել Վերանյանը: Կինը` Թամարա Խոջոյանն էլ է հաստատում. «Դուռը թակեցին, բացեցի: Գուգարքի շրջանի քննչականի պետն էր 2 աշխատողների հետ, ասացին, որ դեպք ա եղել, ուր են տղաները: Ասեցինք` դեռ տուն չեն եկել, սենյակները նայեցին, որ համոզվեն` տանն են, թե չէ, արձանագրության ժամանակ զանգ եկավ, ասավ` հագնվեք, ասում են` ծնողներին բերման ենթարկեք: Ինչքան հարցրինք` ինչն ա պատճառը, ասին` կգնանք ընդեղ, կիմանաք, ոչինչ չասացին: Հարցրեցի`ինչ ա եղել, ոչ մեկը ոչ մի բառ չխոսաց»:
Մինչդեռ`Ոստիկանության մասին օրենքով` ոստիկանության կողմից իրավունքների ու ազատությունների սահմանափակումները հնարավոր են միայն օրենքով նախատեսված դեպքերում, կարգով և սահմաններում: Ոստիկանության ծառայողները մարդու իրավունքների ու ազատությունների սահմանափակման ցանկացած դեպքում անմիջապես պարտավոր են նրա համար մատչելի և հասկանալի լեզվով ներկայացնել սահմանափակման հիմքերն ու պատճառները, ծանոթացնել և բացատրել դրանից բխող իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև աջակցել իրավունքների իրացմանը:
Երբ խոհարար Կարենն առաջին անգամ քննիչին ասել է, որ «ադեկվատ» վիճակի մեջ չէ և չի կարող հարցերին պատասխանել կամ «ադեկվատ» ձևով պատասխանել դրանց և խնդրել է հետաձգել հարցաքննությունը, քննիչը մերժել է` պնդելով, որ հենց այդ օրը պետք է հարցաքննվի:
«Մի երիտասարդ էր, ասեց, որ պարտադիր պետք է բացատրություն տամ: Պատճառը ինձ չի բացատրվել` ինչի պարտադիր»,-ասում է Կարենը: Վերջինս հարցաքննության ժամանակ նշել էր, որ Արտակ և Արեն Վերանյաններն ու Սամվել Դիլոյանը 3-ով էին կռվում Շարբաթյանի հետ. հանգուցյալի մարմինը տեսնելով` այդպիսի տպավորություն էր ստացել, և իրեն թվացել էր, որ 3-ով էլ կռվելիս են եղել:
«Չգիտեմ, չեմ կարա կոնկրետ ասեմ թե ինչու, ուղղակի երեսի այտուցը, վնասվածքը աչքի, հետո որ արյուն էր կաթում մարմնից, դա էր ինձ շփոթացրել, ու ինձ թվացել էր, որ հա, իսկապես, ոնց որ 3-ով էին կռվում իրար հետ: Սակայն հաջորդ օրը երբ որ սկսեցի հիշել դեպքը, շատ մանրամասնություններ էլ չէի հիշում, բայց երբ որ հիշում էի, որ Դիլոյան Սամվելը ասում էր` ինչ եք անում, վերջ տվեք, հլա թարգեք, արա էս ինչ եք անում, դրանից նոր սկսեցի մտածել, որ հնարավոր չէր նրանք էլ խփելիս լինեին: Նրանք ավելի շատ փորձում էին ազատեն, նրանց գործողությունները դա էր»,-ասում է Կարենը: 1 օր հետո` հաջորդ հարցաքննությանը, ինքն այդ մասին ասել է քննիչին ու ցանկացել նկարագրել «ավելի ճիշտ ձևը», բայց նա ուշադրություն չի դարձրել իր ասածներին:
«Ընդհակառակը, ինձ բացատրեցին, որ եթե ես փոխեմ իմ տված ցուցմունքները, դա արդեն քրեորեն պատժելի հանցագործություն ա դուրս գալիս: Սիստեմին ես ծանոթ չեմ, ինձ թվաց, որ ավելի վատ վիճակ կստեղծվի: Որոշեցի իմ մեջ, որ մինչև փաստաբանների հետ չխորհրդակցեմ, քայլ չանեմ: Ես ուզում էի իմանամ իմ իրավունքներն ու պարտականությունները, արդեն որը որ ճիշտն ա, հենց էդ ձևով էլ վկայությունը շարունակեմ»,-բացատրում է Կարենը:
Մինչդեռ`Քր. օր.-ի 338-րդ հոդվածի համաձայն` հիմնական գործի քննության ընթացքում ընդհուպ մինչև դատարանի կողմից վերջնական դատական ակտ կայացնելը անձը հնարավորություն ունի հարցաքննվելու և այլ ցուցմունք տալու, կամ կարող է հայտնել իր տված ցուցմունքի սուտ լինելու մասին: Թիվ ԼԴ/0301/01/09 քրեական գործով էլ Վճռաբեկ դատարանը իրավական դիրքորոշում է հայտնել, որ սուտ ցուցմունք տալու հանցակազմի առկայության կամ բացակայության մասին հետևության հնարավոր կլինի հանգել միայն համապատասխան դատական ակտը կայացնելուց հետո: Դատարանն արձանագրել է, որ քանի դեռ իրագործված չեն օրենսդրի կողմից առաջադրված պայմանները, խոսք չի կարող լինել սուտ ցուցմունք տալու հանցակազմի առկայության մասին` դա պայմանավորելով այնպիսի հիմնարար սահմանադրական արժեքով, ինչպիսին է մասնավորապես արդարադատության իրականացումը միայն դատարանների կողմից (ՀՀ Սահմանադրության 91-րդ հոդված): Միայն դատարանի կողմից արդարադատության իրականացումը ենթադրում է, որ մինչդատական վարույթում արված հետևությունները նախնական բնույթ են կրում և իրենցով փաստացի չեն կարող փոխարինել վերջնական դատական ակտով կատարվող հետևություններին: Եթե որևէ ցուցմունք գնահատվի որպես «սուտ»` նախքան տվյալ գործով վերջնական դատական ակտով այդ ցուցմունքի գնահատումը, ապա դա կխաթարի արդարադատության Սահմանադրական գործառույթի բուն էությունը:
Իրավաչա՞փ է Շարբաթյանի գործով առաջադրված մեղադրանքը
Շարբաթյանի մահվան փաստի առթիվ նախապես հարուցվել էր քրեական գործ` Քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասով: Ապա մեղադրանք էր առաջադրվել Քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով. սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից և խուլիգանություն` դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, և որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ: Մինչդեռ մեղադրանքի մեջ կան մի շարք հանգամանքներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը, այսպես` դեպքի առթիվ ոստիկանությունը մանրամասներ էր հրապարակել` նշելով, թե նոյեմբերի 18-ին, ժամը 22.00-ի սահմաններում, եղբայրներ Արտակ և Արեն Վերանյանները և Սամվել Դիլոյանը «Մուշ» ռեստորանային համալիրում հանդիպել են Սամվել Շարբաթյանին` անձնական հարցերի շուրջ նրանից պարզաբանումներ ստանալու: Այնինչ Շարբաթյանն է Ա. Վերանյանին հրավիրել նշված ռեստորան: Նշվում էր, թե ծագած վիճաբանության ընթացքում Վերանյանները, կոպիտ կերպով խախտելով ռեստորանի աշխատանքը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հաճախորդների ու սպասարկող անձնակազմի նկատմամբ, վիճաբանել են Շարբաթյանի հետ, սեռական բնույթի հայհոյանքներ տվել նրա հասցեին և շուրջ 15 րոպե խախտել հասարակական կարգն ու խաթարել ռեստորանի բնականոն աշխատանքը: Այնինչ դեպքի պահին չգործող ռեստորանում հաճախորդներ չեն եղել, Շարբաթյանի հասցեին և ընդհանրապես հայհոյանքներ տալու ու հասարակական կարգը խաթարելու հանգամանքներն էլ չեն հաստատվում:
Նշվում էր, թե Արեն և Արտակ Վերանյաններն ու Սամվել Դիլոյանը 3-ն էլ բռնություն են գործադրել Շարբաթյանի նկատմամբ, սակայն կռվողը, ինչպես «Հետքին» պատմել են գործով վկաները, եղել է Արտակ Վերանյանը: Նշվում էր նաև, որ վիճաբանությունն սկսվել էր Շարբաթյանի` Արտակ Վերանյանից իր քրոջ դստերը չհետապնդելու պահանջից, բայց, Շարբաթյանի քրոջ որդու խոսքով, վիճաբանությունն ամենևին էլ դրանից չի ծագել, ամեն ինչի պատճառը, նրա ասելով, «խմածությունն» է եղել:
Կա ՎԲ-48/08 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը, ըստ որի` սպանության յուրաքանչյուր գործով պետք է պարզել մեկ ուրիշին մահ պատճառելու շարժառիթները, նպատակը և եղանակը: Անհրաժեշտ է տարբերել խուլիգանական դրդումներով սպանությունը վեճի կամ կռվի ժամանակ կատարվող սպանություններից: Դրա համար անհրաժեշտ է պարզել, թե ինչն է վեճի կամ կռվի առիթ ու պատճառ հանդիսացել, ով է եղել դրանք հրահրողը, ինչ է իրենից երկայացնում հանցավորի և տուժողի անձը, ինչպիսին են եղել նրանց փոխհարաբերությունները, ով է նրանցից ակտիվ կողմը, որոնք են վեճի ու կռվի ընթացքում կատարված սպանության շարժառիթները:
Մեկնաբանություններ (8)
Մեկնաբանել