HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դատական և դատախազական դպրոցները կմիավորվեն. ինչո՞ւ դուրս մնաց փաստաբանական դպրոցը

Դատական եւ դատախազական համակարգերը մասնագիտացված կադրերով համալրելու գործառույթն առ այսօր վերապահված է երկու առանձին կազմակերպությունների՝ «Հայաստանի Հանրապետության դատական դպրոց» եւ «Դատախազական դպրոց» ՊՈԱԿ-ներին: Ազգային ժողովում քննարկվում է «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի քննարկումը: Ակադեմիայի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմu կառավարության։ 

Օրենքի նախագծով նախատեսվում է դատական եւ դատախազական դպրոցները միավորել եւ ստեղծել ակադեմիա: Նախագիծը խորհրդարանում ներկայացնում է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: 

Ըստ նախարարի` նախագծի քննարկման ժամանակ քննարկվել է նաեւ նոտարների ուսուցման եւ վերապատրաստման, ինչպես նաեւ «Փաստաբանական դպրոցը» եւս ակադեմիայի կազմում ներառելու մասին: Սակայն, հաշվի առնելով նրանց անկախությունը եւ այս ոլորտներում կառավարության որդեգրած քաղաքականությունը` որպես ինքնակառավարվող համակարգեր, պետությունը պետք է փոքր լծակներ ունենա այս հաստատությունների վրա: 

«Նույն «Փաստաբանական դպրոցը» նոր է սկսել իր աշխատանքները եւ հուսով ենք, որ դա շուտով կտա իր արդյունքները: Այնուամենայնիվ, չենք բացառել, որ փաստաբանական պալատը եւ նոտարական պալատը կարող են պայմանագրեր կնքել ակադեմիայի հետ եւ ուսուցումն ու վերապատրաստումը  կատարել համատեղ»,-ասաց Հրայր Թովմասյանը: 

Երեւանի քաղաքապետի 2007թ. օգոստոսի 27-ի թիվ 3097-Ա որոշմամբ հատկացվել է Փիրումյան փողոցին հարող տարածքում գտնվող 2500 քմ մակերեսով հողամաս, որի վրա կառուցվել է ակադեմիայի շենքը`844 մլն 681 հազար 213 դրամ արժեքով: Բացի այդ, գնվել են մոտ 450.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի գույք, կահավորանք, սարքավորումներ: Ակադեմիայում նախատեսվում է իրականացնել նաեւ հեռահար ուսուցում` ներգրավելով միջազգային մասնագետներին: 

Հրայր Թովմասյանի ասելով`մեկ կառույցում ուսումնառության կազմակերպումը հնարավորություն է տալիս դատական եւ դատախազական համակարգի կադրերի համար ընդհանուր թեմաներով համատեղ առարկայական կուրսերի դասավանդման,  ինչն արդարացված է ե’ւ դասավանդող մասնագետների ներգրավման, ե’ւ դասընթացի կազմակերպման համար հատկացվող ռեսուսրների օպտիմալ տնտեսման տեսանկյունից: 

Ըստ նախարարի` կրթական գործընթացի կազմակերպումը օպտիմալացնելու արդյունքում ազատ ֆինանսական միջոցները հնարավոր է դառնում ուղղորդել ինովացիոն տեխնոլոգիաների, ուսուցման նոր մեթոդների եւ միջոցների ներդրմանը, որոնք էլ իրենց հերթին կառաջացնեն նոր խնայողություններ եւ կուղղվեն մյուս հիմնախնդիրների պատշատ իրականացմանը: 

Հատկապես ընդդիմադիր պատգամավորները քննադատում էին, որ օրենքով մանրամասն կարգավորվել է ակադեմիային վերաբերող ընթացակարգային հարցերը, եւ ինքնակառավարելու հնարավորություն չի մնում:

Մեկնաբանություններ (1)

aram
Why is the government involved teaching the LAW of the land ,as the Opposition criticizes the Parliament's involvement ,in the training of the legal body of the land? The legal system has come a long way since the times of Hamurapi

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter