HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ ՀՀ նախագահին

Մեծարգո պարոն նախագահ,
էկոլոգիական վիճակը հանրապետությունում շարունակում է սրընթաց վատանալ: Չնայած ընդունված օրենքներին և որոշունմերին` խոշոր կորպորացիաները հանքօգտագործման բնագավառում շարունակում են անխնա կյանքի կոչել ՀՀ-ի ազգաբնակչության նկատմամբ հանցագործ պլաններ:

Չկատարելով գործող օրենքների և բնապահպանական նորմերի պահանջները հատել են խոցելիության սահմանը, իրենց գործողությունների արդյունքում թողնելով ծանր մետաղներով և այլ վնասակար քիմիական տարրերով հարուստ ամբողջական տարածաշրջաններ:

Դրա հետևանքով` այդ և հարակից շրջանների գյուղատնտեսական արտադրանքների, ջրի և օդի պարունակության մեջ նկատելիորեն ավելացել են ծանր մետաղների ու քիմիական   թունավոր նյութերի քանակը: Որպես արդյունք` խորացող սոցիալական շերտավորումը ավելի է ծանրացնում ՀՀ ազգաբնակչության սոցիալական վիճակը, աղքատության անդադար աճը: Անընդհատ ավելանում են քաղցկեղածին և այլ քրոնիկ հիվանդությունների քանակը ազգաբնակչության շրջանում:

Չնայած մեր երկրում բացվում են նոր հանքեր, և ըստ մեր պետական այրերի, հանքարդյունաբերությունը պետք է բարելավի մեր ժողովրդի վիճակը, բայց հանքարդյունաբերությունից ստացված եկամուտները ոչ միայն անտեսանելի են տրված վնասների համեմատ, այլև`անհատուցելի:

Պարոն նախագահ, խնդրում ենք լիարժեքորեն օգտագործել սահմանադրորեն Ձեզ ամրագրված իշխանական լծակները,  որպեսզի կարգուկանոն հաստատվի լեռնահանքահումքային արտադրություններում: Հայաստանի գերակա շահերը պարտադրում են` նախ, ավելացնել պետական բաժնեմասերը Հայաստանի ընդերքի շահագործման ասպարեզում` ներկայիս 5%-ից հասցնելով մինչև 25% և ավելի, ինչպես ընդունված է համաշխարհային պրակտիկայում:

Երկրորդ` քայլեր ձեռնարկել պարզելու հանքարդյունաբերությունից ստացված եկամուտների բաշխվածությունը մեր երկրում:

Երրորդ` թույլատրել օգտագործել հանրապետության տարածքում միայն առաջավոր, բնապահպանական տեսանկյունից մաքուր տեխնոլոգիաներ: Բնապահպանական հասարակական կազմակերպությունների հետ համաձայնեցված` ստեղծել արգելված տեխնոլոգիաների ցուցակ: Կարծում ենք` հանրապետությոնում առկա է մեծ գիտական ներուժ նոր և մաքուր տեխնոլոգիաների մշակման համար:

Չորրորդ` չեղյալ համարել այն լեռնահանքահումքային կազմակերպությունների արտոնագրերը, որոնք իրենց կազմավորման և գործունեության արդյունքում խախտում են գործող օրենքներն ու բնապահպանական նորմատիվները: Մեզ զարմանք է պատճառում պարոն նախագահ, թե ի՞նչով է զբաղված Ձեր անմիջական հսկողությամբ գործող Սևանի հանձնաժողովը, եթե «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը խախտելով «Սևանի մասին» ՀՀ օրենքը Սոթքում կառուցել է ըստ էության Արարատի հարստացնող կոմբինատի մի արտադրամաս, որը ջարդում և մաղում է հանքաքարը, վերցնում են իրենց անհրաժեշտ ոսկով և արծաթով հարուստ հանքաքարը և թափոնները կուտակում Սոթքի տարածքում:

Թափոնների առկայությունը կարող եք տեսնել տեղում: Այդ թափոնները հարուստ են ծանր մետաղներով, որոնք անձրևաջրերի և հոսքային ջրերի միջոցով անարգել լցվելու են և լցվում են Սևանա լիճ: (Ծանր մետաղների ցանկը կարող ենք Ձեզ տրամադրել): Օրենքի ամբողջ խստությամբ մեղադրանքներ ներկայացնել պատասխանատու պաշտոնյաներին /անկախ դիրքից և զբաղեցրած պաշտոնից/, որոնք իրենց անձնական շահի համար և կոռուպցիոն եղանակներով աչք են փակում այդ բոլոր ապօրինությունների հանդեպ:

Փոխել նրանց, ովքեր իրենց գրպանի շահերը վեր են դասում հանրապետության շահերից, փոփոխել ղեկավարման այն թիմերը, որոնք չեն կարողանում պաշտպանել իրենց երկրի շահերը խոշորագույն միջազգային կորպորացիաների հետ աշխատելիս: Այս կետի հետ կապված, խնդրում ենք պետական մակարդակով գոնե տարին մեկ անգամ այդ կորպորացիաների գործունեության արդյունքների անկախ փորձաքննություն և աուդիտ անցկացնել, որպեսզի վերացվեն հանրապետության բնապահպանության վատթարացմանը նպաստող գործոնները:

Հինգերորդ` արգելել ՀՀ քաղաքների վարչական տարածքներում ինչպես նաև վարչական տարածքների և բնապահպանական կարևորագույն արգելոցների շրջակայքերում նոր լեռնահանքահումքային գործունեության իրականացում: Որպես օրինակ, նշենք մետալուրգիական կոմբիանատի կառուցումը Հրազդան գետի ակունքում, որը կարող է ունենալ բացասական ազդեցություն մեր տարածաշրջանի էկոհամակարգի վրա:

Չէ՞ որ Հրազդան գետի ջրհավաք ավազանում, մասնավորապես նրա ակունքում, բխում են աղբյուրներ  որոնք սնում են Երևան քաղաքի խմելու բարձորակ ջրի մատակարարումը (Յոթնաղբյուր և Ղլբուլաղ): Արտադրության պրոցեսում այդ աղբյուրները կաղտոտվեն քիմիական տարրերի էլեմենտներով, այդ թվում` ծանր մետաղներով, իսկ դա անխուսափելի է արտադրության պրոցեսում առաջացող պոչամբարների առկայությամբ:

Խնդրում ենք Ձեզ ՀՀ տնտեսությունը ուղղորդել իննովացիոն տեխնոլոգիաների զարգացմանը` առավելություններ տալով Հայաստանում այնպիսի ճյուղերի զարգացմանը, որոնք նպատակաուղղված են էլեկտրոնիկայի, մեքենաշինության, վերականգնվող էներգետիկայի, համակարգչային տեխնոլոգիաների, գյուղմթերքների վերամշակման, բժշկության, ակտիվ երկարակեցության, տուրիզմի, նանոտեխնոլոգիաների զարգացմանը:  Դա կնպաստի ավելի արդյունավետ օգտագործել այն հսկայական գիտական ներուժը, որը դեռևս առկա է մեր հանրապետությունում:

Բոլոր առումներով այս ուղղությունների զարգացումը շատ ավելի շահավետ է և քիչ ներդրումներ է պահանջում, քան հանքահումքային ուղղությունների զարգացումը: Հայաստանը շատ փոքր հողային և շատ խիտ բնակչություն ունեցող երկիր է, և վերոհիշյալ նպատակների զարգացումը, ինչպես ասում են, ինքնին բնատուր է մեր ժողովրդին. չեինք ցանկանա հետամնաց երկրների նման դառնալ խոշորագույն միջազգային կորպորացիաների լեռնահումքային կցորդ:

Մեր հանրապետության բնակլիմայական պայմաններն այնպիսին են, որ հանքահումքային գործունեությունը միանշանակորեն շատ արագ ազդում է օդային և մանավանդ ջրային ռեսուրսների աղտոտմանը և ոչնչացմանը: Լեռնահանքահումքային արտադրությունները վերջնականապես կավերեն մեր ժողովրդի գենոֆոնդը, իսկ մենք պարտական ենք մեզնից հետո եկող սերունդների համար թողնել լավ և մաքուր երկիր, այլ ոչ թե պոչամբարների և թափոնների պահեստարաններ: Եվ արդյո՞ք կարելի է հայրենի երկիրը մաս-մաս վաճառել մասնավոր սեփականատերերի:

Հույս ունենանք, որ պետական օրենքի ընդունման մակարդակով կարգելվի բոլոր տեսակի նոր լեռնամետալուրգիական հանքավայրերի շահագործումը, իսկ արդեն գոյություն ունեցողները կանցնեն խստագույն բնապահպանական նորմերի կատարմանը:

Եթե այսօր չկարողանանք կատարել այս աշխատանքները, ապա վաղն արդեն ուշ կլինի և նույնիսկ ապրելու տեղ չենք ունենա:

Հայկական տեխնոլոգիական ակադեմիա,
Էկոլոգիայի և անվտանգ կենսագործունեության գիտությունների միջազգային ակադեմիա,
ՀՀ նախագահին կից հանրային խորհրդի անդամներ,
Հայաստանի գիտատեխնոլոգիական ակադեմիա
05.05.2011թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter