
Ոստիկանության կողմից ցույցերի մասնակիցներին նկարահանելու ապօրինության մասին
Այլևս ոչ մեկի համար նորություն չէ, որ ընդդիմության բոլոր հանրահավաքները, երթերը ու ցույցերը զուգորդվում են մի նոր երևույթով` ոստիկանական օպերատորներով:
Ընթերցողի դատին թողնելով ոստիկանության կողմից ցույցերի և, մասնավորապես, դրանց մասնակիցների դեմքերը նկարելու իրական պատճառների շուրջ դատողությունները` փորձենք անդրադառնալ հարցի իրավական կողմին:
Սահմանադրությունն ու օրենքը
ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով», իսկ 23-րդ հոդվածի համաձայն «Առանց անձի համաձայնության նրա վերաբերյալ չի կարելի հավաքել, պահպանել, օգտագործել կամ տարածել այլ տեղեկություններ, քան նախատեսված է օրենքով»:
Այսինքն, ոստիկանությունը կարող է ցույցերի մասնակիցների դեմքերը նկարահանել կամ, առհասարակ, նկարահանումներ իրականացնել միայն այն դեպքում, եթե ոստիկանության նման ֆունկցիա ամրագրված է օրենքով:
Այսպիսով, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը ասում է.
«Ոստիկանության խնդիրներն են օրենքին համապատասխան ապահովել`
1) մարդու անվտանգությունը՝ սույն օրենքով նախատեսված դեպքերում.
2) հանցագործությունների ու վարչական իրավախախտումների նախականխումը, կանխումը և խափանումը.
3) հանցագործությունների հայտնաբերումը և բացահայտումը, քրեական գործով նախնական քննությունը.
4) հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունը.
5) սեփականության բոլոր ձևերի հավասար պաշտպանությունը.
6) սույն օրենքով նախատեսված սահմաններում ֆիզիկական և իրավաբանական անձանց իրենց իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելիս օգնություն ցույց տալը»:
Այստեղ հստակ երևում է, որ առնվազն օրենք չխախտող քաղաքացիներին նկարահանելը ոստիկանության գործառույթների մեջ չի մտնում, և նման գործառույթ չի կարող դրվել վերջինիս վրա, քանի որ նույն օրենքի 4-րդ հոդվածը պնդում է, որ «Ոստիկանության գործունեությունը կարգավորող այլ օրենքներով և իրավական ակտերով ոստիկանության վրա դրվող պարտականությունները պետք է համապատասխանեն սույն օրենքի 2-րդ հոդվածում թվարկված խնդիրներին»:
Այսինքն, ոստիկանության կողմից օրենք չխախտող քաղաքացիներին նկարահանելը օրենքի և սահմանադրության խախտում է: Նման գործառույթ կարող է կատարել միայն ճանապարհային ոստիկանությունը, ում վրա նման ֆունկցիա է դրված «Տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների մասին» ՀՀ օրենքով:
Ոստիկանների պատասխանի բացառիկ անհիմնավորվածությունը
Ի պատասխան քաղաքացիների բողոքների` ոստիկանները ասում են` «օրենքով արգելված չէ` նկարահանում ենք» և, որպես իրավական հիմք բերում են Կառավարոթան 2007 թվականի թիվ 151 որոշումը: Իսկ երբեմն անգամ ասում են, որ իրենք ոստիկանության «02» լրատվական ծառայությունից են և իրականացնում են լրատվական գործունեություն:
Սակայն, ինչպես արդեն ցույց տվեցինք, պետական մարմինները, ի տարբերություն քաղաքացիների, կարող են իրականացնել միայն այնպիսի գործառույթներ, որոնք ամրագրված են օրենքով:
Իսկ ՀՀ Կառավարության 2007 թվականի թիվ 151 որոշումը, որը իրենից ներկայացնում է ոստիկանության պարեկային ծառայության կանոնագիրքը, օրենքից ցածր իրավական ուժ ունի և չի կարող հակասել օրենքներին և սահմանադրությանը: Բայց անգամ այդ որոշման մեջ որևէ խոսք չկա նման նկարահանումների մասին: Կանոնագրքի 54-րդ հոդվածը ընդամենը ամրագրում է, որ զանգվածային միջոցառումների ժամանակ ոստիկանների գործողությունները համակարգող կենտրոնը կարող է ունենալ տեսանկարահանող սարքավորումներ:
Հարկ է նաև նկատել, որ ոստիկանության վրա, ինչպես տեսանք, դրված չեն լրատվական գործունեության խնդիրներ/գործառույթներ: Եվ բացի այդ, լրատվական գործունեությունը չի ենթադրում պտտվել հանրահավաքի մասնակիցների շարքերում և բոլորի դեմքերը նկարել:
Նկարահանելը միակ ապօրինությունը չէ
Պարեկություն իրականացնող և քաղաքացիների հետ շփվող ոստիկանները, ի հավելումն նշված իրավախախտումների, համատարած կերպով կատարում են նաև բազմաթիվ այլ խախտումներ, որոնց մենք կանդրադառնանք առաջիկա օրերին:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել