Տուժողի ներկայացուցիչը` վկային. «Երդվի երեխեքիդ արևով, որ սուտ չես խոսում»
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսայի սպանության գործով դատակոչված 42 վկաներից առայժմ հարցաքննվել են 10-ը: Դատաքննության կարգը որոշելիս ամբաստանյալ Հարություն Սարգսյանի փաստաբանները միջնորդել էին խմբավորել վկաներին: Մարտի 1-ի դատական նիստում հիմնականում վկայություն տվեցին Շիրակացի փողոցում գործող ավտոլվացման կետի աշխատակիցները եւ այն վկաներ, ովքեր զբաղվել էին ամբաստանյալին պատկանող «Մերսեդես» մակնիշի մեքենայի ապակիների մգացմամբ:
Ավտոլվացման աշխատակիցներից Անդրանիկ Մուրադյանը դեպքի նախորդ օրը, այսինքն` 2012թ-ի ապրիլի 11-ին, աշխատել է: Վերջինս նշեց, որ ծանոթ չի եղել Կարեն Եսայանի հետ, իրենց մշտական հաճախորդը նրա ընկեր Ռոմանն էր: Սպանության նախորդ օրը տղաները երկու մեքենայով եկել են ավտոլվացման կետ: Կարենի մեքենան հանձնել են լվանալու, իրենք Ռոմանի «Լեքսուս» մակնիշի մեքենայով գնացել եւ վերադարձել են կես ժամից, այնուհետեւ մաքրման է հանձնվել Ռոմանի մեքենան: Քանի որ դրսում անձրևել է, Կարենը հարցրել է, թե կարող է արդյոք մեքենան թողնել ավտոլվացման կետում և վերցնել վաղ առավոտյան: «Մենք էլ ըսինք` հարց չկա, թող մնա,-պատմեց վկան,-հետո իրանք գնացին, մենք էլ, քանի օր ժամը իրիգվա 10-ը կեղներ, բդի արդեն փակվեինք»:
«Այդ ընթացքում որեւէ մեկը եկե՞լ է մեքենան լվանալու»,-հարցրեց մեղադրողը: «Հա,-պատասխանեց վկան,-բայց մենք ըսինք, օր շաբաշ է, շորերներս արդեն փոխել էինք»: «Ով էր եկողը»,-փորձեց ճշտել մեղադրողը: «Ինքը»,-մատնացույց անելով ամբաստանյալին՝ պատասխանեց վկան: Հարություն Սարգսյանին ավտոլվացման կետում մերժել են լվանալ մեքենան՝ պատճառաբանելով, որ արդեն ուշ է: Հայտնել են, որ կարող է առավոտ շուտ գալ, քանի որ իրենք ժամը 8-ից աշխատում են: Հաջորդ օրը, թեպետ չէր աշխատում, սակայն վկա Անդրանիկ Մուրադյանը 10:30-ի սահմաններում գնացել է աշխատանքի վայր եւ տեղեկացել, որ մեքենան Կարենը եկել տարել է: «Հետո, երբ օր ես ընտեղ էի, Կարենի ընկերները եկան, իրան կհարցնեին, հետո էլ միլիցեքն եկան, մեզի տարան միլիցիայություն»,-պատմեց վկան: Անդրանիկ Մուրադյանը հայտնեց, որ գործի առնչությամբ իրեն մի քանի անգամ կանչել են ոստիկանություն: Ամբաստանյալի փաստաբանին հետաքրքրում էր, թե վկան տեսել է լվացման կետում տեղադրված տեսախցիկների արձանագրածը: «Հա, տեսել եմ: Մոյկեն հավաքված կնայեին, ես էլ մոտեցել նայել եմ»,-պատասխանեց վկան:
Վկաներից Գարեգին Վարդանյանն աշխատել է դեպքի օրը: Ապրիլի 12-ին Շիրակացի փողոցում գտնվող ավտոլվացման կետը բացվել է ոչ թե ժամը 8:00-ին, այլ ժամը 09:15-ին: Բացելուց 15 րոպե անց եկել է ներսում կայանված մեքենայի տերը՝ Կարեն Եսայանն ու տարել մեքենան: «Ես ու ընկերս դուրս եկանք ծխելու: Էդ ժամանակ ավտոստայանկեն «Մերսեդես» կար կանգնած մուգ շուշեկով, մտածեցինք եկել է ավտոն լվալ տալու կամ էլ ստայանկի ավտո է,-պատմեց վկան,-հետո օր Կարենի ավտոն դուրս եկավ մոյկից, հլը կռուգը չդառած, դրսի կանգնած ավտոն շարժվավ իրա հետեւից»: Վկան ասաց, որ մեքենան արծաթափայլ գույնի, մգեցված ապակիներով «Մերսեդես» մակնիշի մեքենա էր, եւ իրենք չեն տեսել, թե ներսում քանի հոգի կար կամ ովքեր էին:
Ամբաստանյալի մեքենայի ապակիները մգեցրած վկաների հարցաքննության ժամանակ տուժողի ներկայացուցիչ Մելքոնյանն անընդհատ փորձում էր ճշտել, թե «պլյոնկան» քաշելիս ինչու են սկսել մեքենայի դիմապակուց: «Դուք էիք որոշել դիմացի հատվածից սեւ «պլյոնկան» քաշել, թե ամբաստանյալն էր էդպես ուզել»,- հարցրեց տուժողի ներկայացուցիչը գործով վկա Կարեն Գեւորգյանին: «Դե սովորաբար դեմից կսկսենք»,-հնչեց պատասխանը: «Իսկ դուք ինքներդ էիք որոշել ամենամուգ «պլյոնկեն» քաշել, թե աբաստանյալն էր ցանկություն հայտնել»,-կրկին վկային դիմեց Մելքոնյանը: «Չէ, Հարությունը բան չի ասել, ինքն ասեց, թե ուզում է «պլյոնկա» քաշվի, ես էլ ասի ձեռքիս տակի էղածը լավ մուգ է, ուրիշը չունեմ, էս էղածը քաշե՞մ, Հարութն էլ, թե` քաշի»,-պատասխանեց վկան:
Մարտի 12-ի դատական նիստին դատակոչված վկաներից ներկայացել էր միայն Աննա Գրիգորյանը: Վերջինս ամբաստանյալ Հարություն Սարգսյանի ազգականներից էր: Վկան ուսուցչուհի էր, աշխատում էր Ցողամարգ գյուղի դպրոցում: Տուժող կողմը, որ համոզված էր, թե սպանության օրը հենց Աննա Գրիգորյանին պատկանող արծաթափայլ«Մերսեդես»-ն է վարել ամբաստանյալը, բավական ագրեսիվ էր իրեն պահում վկային հարցեր տալիս:
Տուժողի ներկայացուցիչ Մելքոնյանը, իրեն վերապահելով դատավորի գործառույթները, նախ սպառնալից տոնով զգուշացրեց վկային, որ սուտ ցուցմունք տալու համար կենթարկվի քրեական պատասխանատվության եւ խորհուրդ տվեց միայն ճշմարտությունն ասել դատարանում, հետո ստիպեց վկային երդվել, որ ճիշտ է խոսում: «Դե երդվի երեխեքիդ արեւով, որ սուտ չես խոսում»,-պնդեց Մելքոնյանը: Վկան երդվեց հոր գերեզմանով: «Ես հետամուտ եմ լինելու, որ ովքեր այստեղ սուտ ցուցմունք են տվել, անպայման ենթարկվեն պատասխանատվության»,-հայտարարեց Մելքոնյանը:
Պատասխանող կողմի փաստաբանն էլ նկատեց, որ տուժող կողմը հոգեբանական ճնշում է կիրառում վկայի նկատմամբ: «Հարգելի դատարան, վկան ձեր կողմից արդեն զգուշացված է սուտ ցուցմունք տալու վերաբերյալ: Տուժող կողմից արվող հավելյալ զգուշացումները պարզապես ճնշումներ են վկայի նկատմամբ»,-նկատեց փաստաբան Հունան Բաբայանը:
Վկան պատմեց, որ մեքենան իրենց խնդրանքով արտերկրից բերել է Հարությունը: Ոչ ինքը, ոչ ամուսինը մեքենա վարել չգիտեն, բայց քանի որ գումար ունեին, որոշել էին մեքենա ձեռք բերել: Արծաթափայլ «Մերսեդեսը» գրանցված է վկայի անունով: Մեքենան հարկ եղած դեպքում վարել են կամ Հարությունը, կամ նրա հայրը: «Երբ որ մեզ պետք է եղել, խնդրել ենք Սամվել ձյաձյային, ինքը տարել է»,-պարզաբանեց վկան: Տուժողի ներկայացուցիչ Մելքոնյանին հետաքրքրում էր, թե վկան արդյոք հիշում է մեքենայի համարանիշը, դրանք հայկական էին, թե գերմանական: «Չեմ հիշում»,-պատասխանեց վկան: «Իսկ դուք կարող եք ասել` փոխանցման տուփը ավտոմա՞տ էր, թե՞ մեխանիկական, սալոնը կաշեպա՞տ էր, թե՞ նստատեղերին կտոր էր քաշած, ի՞նչ գույնի էր սալոնը»,-հարց ուղղեց վկային տուժողի ներկայացուցիչը: «Ես կնիգմարդ եմ, ես ի՞նչ իմանամ ավտոմատը որն է: Ճիշտ է, ավտոն ամուսինս ինձ է նվիրել, բայց ես մեքենայից շատ գլուխ չեմ հանե»,-նեղսրտեց Աննա Գրիգորյանը:
Դեպքի առնչությամբ Աննա Գրիգորյանին հրավիրել են քննչական բաժին: Վկան այնտեղ գնացել է անչափահաս որդու հետ: Իրեն չեն զգուշացրել, թե կանչում են հարցաքննության: Ասել են` եկեք պիտի մի հարց տանք, դրա համար էլ գնացել է: Երեխան սպասել է միջանցքում, իսկ իրեն հրավիրել են քննիչ Էդգարի սենյակ: Աննան հենց սկսզբից հրաժարվել է ցուցմունք տալուց՝ ասելով, թե փաստաբանի ներկայությամբ միայն կխոսի: «Քննիչն էլ, թե չի լինի, պիտի անպայման ցուցմունք տաս: Գործն էսօր պիտի ուղարկենք Երեւան, ժամանակ չկա, դու իմ հարցերին պատասխանե, հեչ բարդ բան չկա»,-պատմեց վկան:
Աննա Գրիգորյանը դատարանում հայտարարեց, որ իրենից ցուցմունքը կորզել են ստիպողաբար: Ինքը 4-5 ժամ անցկացրել է քննչական բաժնում: Երբ հրաժարվել է գրավոր ցուցմունքից, քննիչը սկսել է բանավոր հարցեր տալ, որոնց ինքը պատասխանել է, հետո իրեն հորդորել են նույն բանը գրել: «Գնաց օրենսգիրքը բերեց քննիչը, կարդաց ու ասաց, որ եթե ցուցմունք չտամ, ինձ 2 ամսվա կալանք կհասնի, տուգանք եւ աշխատանքից էլ կազատեն: Ինքը հարցնում էր, թե սպանության մասին որտեղից եմ իմացել, ես էլ ասի` հեռուստատեսությունից: Հետո հարցրեց` մեքենան ձերն է, ասի՝ այո: Հետո էլ դարձավ, թե Աննա, էսքան ժամանակ էս պիտի լղեիր ու գնայիր»,-պատմեց վկան:
Վերջինս հայտարարեց, որ նախաքննական ցուցմունքը գրված է իր ձեռքով, բայց քննիչի թելադրանքով: «Ես ասում էի` էդ սուտ է, ինքն ասում էր` գրի գնա»: Աննայի հարցաքննության ժամանակ բաժին է եկել ամբաստանյալի հայրը՝ Սամվել Սարգսյանը: Վերջինս մտել է քննիչի սենյակ, բարեւել նրան, եւ Աննան առիթից օգտվելով, դուրս է եկել միջանցք, որտեղ արդեն մի քանի ժամ է` սպասում էր անչափահաս երեխան: Աննան քննչական բաժնից հեռացել է առանց ցուցմունքի տակ ստորագրելու: «Ես շատ վախեցած էի: Ես քննիչի կաբինետում ավելի շատ ֆիզիկապես էի ներկա, քան հոգեպես ու հիմա չեմ էլ հիշում, թե ինչ եմ գրել»,-նկատեց Աննան:
Վկան նաեւ պատմեց, որ երբեք չի իմացել, թե հարազատները ցանկություն ունեցել են Հարությունին ամուսնացնելու, սակայն իմացել է, որ իր ազգականը սիրած աղջիկ ունի: «Մի անգամ Հարութին տեսել եմ այդ աղջկա հետ, հետո հարցրել եմ, ասել է, որ իր ընտրածն է»,-պատմեց վկան:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել