HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամուլսար. Համաշխարհային բանկի ներդրումները հանցավոր նախագծում

Ամուլսարի ոսկու հանքի հնարավոր շահագործման հարցը մեծ խնդիրներ է ստեղծել: Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն Ամուլսարի հանքավայրի ՇՄԱԳ-ի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն: 2012թ. ապրիլի 20-ին բնապահպանության նախարարությունը մի քանի պահանջներ դրեց «Գեոթիմ» ՓԲԸ-ի առջև.

-Ծրագիրը ուղղարկել կարծիքի Սևանի հարցերով հանձնաժողով, քանի որ այն առնչություն ունի Սևանի ավազանի հետ:

-Կազմակերպել հասարակական լսումներ Ջերմուկ քաղաքում:

-Նախարարությունում ստեղծել աշխատանքային խումբ` ներգրավելով համապատասխան մասնագետների, որոնք կզբաղվեն  բարձրացված հարցերի ուսումնասիրմամբ, ինչպես նաև առաջարկել բնապահպանական հասարակական կազմակերպություններին երկշաբաթյա ժամկետում գրավոր առաջարկություններ ներկայացնել նախագծի վերաբերյալ:

Թերևս առաջին կետն իրականացված է... Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը տվել է իր բացասական  եզրակացությունն Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ (տես` http://www.ecolur.org/files/uploads/pdf/amulsar.pdf 9-11-րդ էջեր): Երկրորդ  կետով. Ջերմուկում հանրային լսումներ այդպես էլ տեղի չունեցան: Միակ քննարկումը  եղել է 2011թ. նոյեմբերի 28-ին Ձախափնյակի թիվ 2 դպրոցում: Այն կրել է ոչ մասնագիտական բնույթ, չունի արձանագրություն, չի կարող համարվել որպես հանրային լսում  և ավարտվել է ծեծկռտուքով տես՝ (http://www.youtube.com/watch?v=0XlmgAGY-fg): Նշենք, որ այս կետը տապալված է և չի իրականացվել մինչ օրս: Ավելին, Ջերմուկը մինչ այս պահը ազդակիր համայքն չէ, իսկ նախարարը դիմեց բառախաղի հնարքին՝ ասելով, թե Ջերմուկը  Ամուլսարի հարցում շահառու կողմ է: Սակայն պետք է նշենք, որ շահառու կողմ լինելը իրավաբանորեն ոչ մի արժեք չունի, համայնքը կամ ազդակիր է, կամ ազդակիր չէ:

Կառավարման փորձագետների տեսանկյունից, երբ նախարարությունը ձեռնամուխ է լինում աշխատանքային հերթական խումբ ստեղծելուն, նշանակում է` ավելանում է ևս մեկ օղակ պատասխանատվության աստիճանը կոնկրետ անձանց վրայից հանելու ուղղությամբ:

Որևէ համագործակցություն վերը նշված երրորդ կետով մինչ օրս չի իրակացել:

2012թ. հուլիս ամսվա հանրային լսումները զայրացրել են բնապահպանական հասարակական կազմակերպություններին, ինչպես նաև ակտիվիստներին: 2012 թվականի հուլիսի 30-ին հրավիրված էին բոլոր կողմերը, այդ թվում նաև Ջերմուկ քաղաքը, սակայն բացակայում էր Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը: 

Իրավաբան Արթուր Գրիգորյանի հարցին՝ ազդակիր է արդյոք Ջերմուկ քաղաքը, պատճառաբանվեց, որ շահառու է, իսկ որոշում որպես փաստաթուղթ գոյություն չունի:

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հաստատեց Ամուլսարի ՇՄԱԳ-ը` 5 վերապահումներով,

1.Սահմանված կարգով ՀՀ բնապահպանության նախարարություն` շրջակա միջավայրի վրա ազդեցության  փորձաքննության ներկայացնել հանքի փակման ծրագիրը:

2.Հանքի շահագործման ընթացքում շրջակա տարածքներում կազմակերպել

- Սևանա լճի ջրհավաք ավազանի ջրի որակի մոնիտորինգ,

- շրջակա միջավայրի ճառագայթային մոնիտորինգ:

3.Հանքային իրավունքով ծանրաբեռնված տարածքում ՀՀ Կարմիր գրքում գրանցված բույսերի և կենդանիների առկայության կամ հայտնաբերման դեպքում առաջնորդվել «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի 26 հոդվածով:

4.Ոսկու կորզման գործարանի տեղադրման հարցում առաջնորդվել «Սևանա լճի մասին»ՀՀ օրենքով ամրագրված պահանջներով:

5.Հաշվի առնելով նախատեսվող գործունեության կարևորությունը՝ կապված Սևանա լճի պահպանության, Ջերմուկ առողջարանային քաղաքի, ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանիների և բույսերի, ինչպես նաև տնտեսական վնասի հաշվարկների հետ և կարևորելով միջազգային առաջավոր փորձի օգտագործումը, առաջարկել «Գեոթիմ» ՓԲԸ-ին՝ իրականացնել հանքավայրի ընդլայնման նախագծի միջազգային բնապահպանական փորձաքննություն՝ ՀՀ բնապահպանության նախարարության հետ նախօրոք համաձայնեցնելով փորձաքննություն իրականացնող կազմակերպության ընտրությունը:

Անդրադառնանք վերը նշված կետերին:

Ըստ օրենդրության դրույթների՝ Գլուխ 1, Հոդված 3, Սևանա լճի ջրհավաք ավազանն է այն տարածքը, որի մակերևութային և ստորերկյա ջրերը հոսում են դեպի Սևանա լիճ: Սևանա լճի ջրհավաք ավազանի մասն են կազմում նաև Կեչուտի և Սպանդարյանի ջրամբաները, Արփա և Որոտան գետերի ջրհավաք ավազանները՝ մինչև Կեչուտի ջրամբար:  10-րդ հոդվածի մասով գրված է հետևյալը.   

1.Կենտրոնական, անմիջական և ոչ անմիջական ազդեցության գոտիներում արգելվում է Սևանա լճի էկոհամակարգի վրա վնասակար ազդեցություն ունեցող ցանկացած տեսակի գործունեություն:

2.Անմիջական ազդեցության գոտում արգելվում են՝

ա) էկոլոգիապես վնասակար օրենսդրությամբ սահմնաված թույլատրելի նորմերը գերազանցող արտանետումներ և կեղտաջրեր առաջացնող տեխնոլոգիաների օգտագործումը

բ) ռադիոակտիվ նյութերի և թափոնների, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրությոնը, օգտագործումը, պահեստավորումը և տեղադրումը

գ) հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը

Հիշեցնենք, որ  Լիդիան Ինթերնեշնլը անգլիական կազմակերպություն է, հանքը պատրաստվում է շահագործել բաց եղանակով և ցիանիդիային տեխնոլոգիայով: Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը տվել էր բացասական եզրակացություն (տես փաստաթուղթը՝ http://www.ecolur.org/files/uploads/pdf/amulsar.pdf , 9-րդ էջ )

Ի՞նչ է նշանակում  առաջնորդվել Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի 26 հոդվածով:

 Հոդված 26. 

Ընդերքօգտագործման արգելումը 

1. Ընդերքի առանձին տեղամասերի օգտագործումն արգելվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` ազգային անվտանգության ապահովման, մարդկանց կյանքի և առողջության, պատմամշակութային արժեքների կամ բնության և շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից, եթե հայցվող ընդերքի տեղամասի վրա գտնվող հողամասում կան`

1) գերեզմաններ.

2) բնության, պատմության և մշակույթի հուշարձաններ.

3) Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված բույսեր կամ կենդանիների բնակատեղիներ, ինչպես նաև եթե տվյալ տարածքով անցնում են կենդանիների միգրացիոն ուղիներ:

2. Ընդերքօգտագործումը բնության հատուկ պահպանվող տարածքներում կարող է իրականացվել միայն Հայաստանի Հանրապետության բնապահպանական օրենսդրությամբ սահմանված կարգով:

Նշենք նաև, որ Ամուլսարում առկա են բոլոր երեք դեպքերը: ՀԱԿ-ի պատգամավոր Արամ Մանուկյանի կողմից արված պատգամավորական հարցմանն ի պատասխան` Ամուլսարի տարածքում կան արդյոք պատմամշակութային հուշարձաններ, Մշակույթի նախարարությունը` ի դեմս Պատմամշակութային ժառանգություն գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հակոբ Սիմոնյանի` պատասխանել է.

«Մեր կազմակերպությունը հայտնաբերել է բնակատեղիներ, դամբարանադաշտեր և գերեզմանոց: Նշված արժեքները ներկայացվել են Մշակույթի նախարարություն հուշարձանի կարգավիճակ տալու համար: Դամբարանադաշտեըը գտնվում են Կեչուտ գյուղից 10 կմ  հարավ-արևելք Ամուլսարի ստորոտին, Գնդեվազ գյուղից  18-23 կմ  հեռավորության վրա` Ամուլսարի Էրատո, Տիգրան և Արտավազդ լեռնագագաթներին» (տես` http://www.ecolur.org/files/uploads/pdf/amulsar.pdf  2-6- րդ էջ)

WWF-ի կողմից մի քանի ամսի շարունակ արվել է հետազոտություն` բացահայտելու համար կա՞ն արդյոք կարմիր գրքում գրանցված բույսեր և կենդանիներ: Հայտնաբերվել է բեզոարյան այծ, իժ, մի շարք բուսատեսակներ և կենդանատեսակներ:

Քաղաքացիական նախաձեռնությունների կողմից արված  հարցմանն ի պատասխան բնապահպանության նախարարությունը պատասխանել է, «Կենդանանիների աշխարհ»  ՍՊԸ -ի կողմից 2006-2012 թթ.. հաշվետվությամբ, որտեղ մանրամասն նշվում է Ջերմուկի տարածքում 4118 հ. Կարմիր գրքում գրանցված կենդանիների մասին: 2006թ. տվյալներով դրանք են՝ գորշ արջ՝ 23 հատ, լուսան՝ 6 հատ, բեզոարյան այծ՝ 45 և այլն:

Այսպիսով՝ նախարար Արամ Հարությունյանն ունի բոլոր հիմքերը մերժելու այս ծրագիրը, սակայն այս բոլոր կետերը և հիմքերը չպարզած նախարարը հաստատել է ՇՄԱԳ-ը: Եթե հղում եք անում 10-րդ հոդվածին հաշվի եք առնում Սևանի պահպանության փորձագիտական հանձնաժողովի բացասական եզրակացությունը և հորդորում եք առաջնորդվել ՀՀ օրենսգրքի 26-րդ հոդվածով, ապա առաջինը ինքներդ հետևեք վերը նշված կանոններին և օրենսդրական ակտերին:

Հիշեցնենք, որ Ամուսարի ոսկու հանքի շահագործման ծրագիրը ֆինանսավորում է Համաշխարային բանկը և ՎԶԵԲ-ը: Այս ծրագրի ֆինանսավորումը տեղի է ունենում մեր ներազգային օրենքների և ՀՀ Սահմանադրության կոպիտ խախտումներով:

Արհամարվում և բացարձակ հաշվի տակ չի առնվում բոլոր վերը նշված օրենսդրական ակտերը և փաստաթղթերը: Նույն ինքը` Համաշխարհային բանկն առաջնորդվում է մի շարք ստանդարտներով. առողջության պահպանություն և բնակչության անվտանգության ապահովում, կենսաբազմազանության պահպանում, պատմամշակութային հուշարձանների պահպանություն և այլն..Ովքե՞ր են կրելու պատասխանատվություն ՀՀ օրենդրությամբ սահմնաված կարգով վերը նշված բոլոր օրենդրական խախտումների և ստորագրաված փաստաթղթերի համար:

P.S. Հաջորդիվ կներկայացնենք WWF-ի կողմից արված տնտեսական հաշվարկը`տուրիզմ, թե՞ հանքարդյունաբերություն, հայտնաբերված Կարմիր գրքում գրանցված բույսերի և կենդանիների ցուցակը: Ինչպես նաև կանդրադառնանք Պատմամշակութային ժառանգություն գետահետազոտական կենտրոնի բացատրություններին և փաստաթղթին:


Թեհմինե Ենոքյան 

Մեկնաբանություններ (2)

Արիման
ինչ անիմաստ օրենք է, մենք էլ դրա պոճից բռնած գնում ենք, ինչ հանրային լսումներ? բա որ այդ հանրությանը լավ լավ աշխատատեղեր խոսատացան, ու սրանք էլ համաձայնեցին, այդ դեպքում ինչ ենք անելու ? թողնելու ենք որ Անգլիացին գա մեր ջերերը ապականի ու ոսկու հանքերը թալանի ?
Hayk
Մեկնաբանությունը...Ամուսլար. հնարավոր չի, շատ դժվար է հրա- ժարվել թուրուքլար քառերից ու անվանումներից.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter