HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկել են Մաստարայի ջրամբարի կառուցման ծրագիրը

ՀՀ փոխվարչապետ, Տնտեսական եւ տեխնիկական համագործակցության հայ-քուվեյթյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանը Քուվեյթի Պետություն աշխատանքային այցի շրջանակում այսօր հանդիպեց «Քուվեյթ»  հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալ Համադ ալ Օմարի հետ: Հիմնադրամն ակտիվ գործունեություն  է ծավալում Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում` աջակցելով երկրների տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը: Հիմնադրամի հետաքրքրության շրջանակում են մասնավորապես  գյուղատնտեսության, խմելու եւ ոռոգման ջրի համակարգի, տրանսպորտի, էներգետիկայի ոլորտների ենթակառուցվածքների զարգացման հարցերը:

Կողմերը քննարկեցին նշված ոլորտներում համագործակցության հնարավորությունները: Փոխվարչապետ Ա. Գեւորգյանը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում հանրապետությունում ենթակառուցվածքների բարելավմանը, ինչը տարածքների զարգացման անհրաժեշտ նախապայման է:

Զրուցակիցները հատկապես անդրադարձան ջրային ոլորտում փոխգործակցության հնարավորություններին: Փոխվարչապետը նշեց, որ կառավարությունն  առաջիկա տարիներին  լուրջ աշխատանքներ է նախատեսում իրականացնել  ջրամբարաշինության ուղղությամբ: Նա տեղեկություններ ներկայացրեց  այդ ոլորտում նախատեսվող ծրագրերի եւ դրանց իրականացման հարցում միջազգային դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության սկզբունքների վերաբերյալ:

Հիմնադրամի ղեկավարությանը ներկայացվեց Մաստարայի ջրամբարի կառուցման ծրագիրը: Նշենք, որ նախատեսվում է Մաստարա գետի վրա կառուցել 10,2 մլն խմ ընդհանուր ծավալով, պատվարի 30 մ բարձրությամբ ջրամբար, որը  կկուտակի Սելավ Մաստարա գետի եւ Ախուրյանի ջրամբարից մինչեւ Թալինի ոռոգման համակարգի գլխամասային հանգույցն ընկած հատվածում եղած ազատ հոսքը: Ջրամբարի կառուցումը հնարավորություն կտա բարձրացնել տարածաշրջանի վեց համայնքի 4384 հա ոռոգելի հողերի ջրապահովվածությունը:

Հիմնադրամի ներկայացուցիչները նույնպես նշեցին, որ հետաքրքրված են  Հայաստանում ենթակառուցվածքների ոլորտում ծրագրերի իրականացմամբ եւ պատրաստակամություն հայտնեցին քննարկել կոնկրետ նախագծեր:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ հայկական կողմը մեկ ամսվա ընթացքում հիմնադրամին կներկայացնի Մաստարայի ջրամբարի կառուցման նախագծի փաթեթը, որից հետո հիմնադրամի ներկայացուցիչները կայցելեն Հայաստան` տեղում ծրագրի իրականացման հնարավորություններն ուսումնասիրելու նպատակով:  Նախատեսվում է, որ 2013թ. մայիսին Մաստարայի ջրամբարի կառուցման նախագիծը կներկայացվի հիմնադրամի խորհրդի հաստատմանը:   

Այս մասին տեղակացնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter