HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լրագրող Սոնա Գրիգորյանի գույքի վրա դրված արգելանքը հանվել է

«Ժողովուրդ» օրաթերթը հայտնում է, որ թերթի դեմ գործարար Խաչիկ Խաչատրյանի կողմից ներկայացված հայցադիմումը երեկ բավական թեթեւ մթնոլորտում քննվեց` նույնիսկ դատավորի «առողջության հաշվին»:

«Գուցե չկարողանանք երկար նիստ անել, կներեք, ես հարբուխ եմ` հրաբուխ»,-ասաց նախագհող դատավոր Ռուբեն Ափինյանը` հայտարարելով, որ բավարարում է «Ժողովուրդ»-ի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանի միջնորդությունը եւ լրագրող Սոնա Գրիգորյանի գույքի վրա դրված արգելանքը հանում է:

Դրանից հետո դատավորը սկսեց հարցուպատասխանի միջոցով պարզել, թե օլիգարխ Խաչիկ Խաչատրյանն ինչ չափով եւ որ բառերից է վիրավորվել:

Դատավոր. Խնդրեմ, ասե°ք` ինչ եք ուզում դատարանից, «Ժողովուրդ» օրաթերթից:

Խաչիկ Խաչատրյանի ներկայացուցիչ Հայկ Եգանյան. Զրպարտչական ենք համարում ԵԹՖ-ի կողմից ժամկետանց ձու վաճառելու, դրա պատճառով Խաչիկ Խաչատրյանին տուգանելու մասին արտահայտությունները. «Ժամկետանց ձվերի առաքումը հրահանգվել է իրացնել երեկոյան ժամերին»:

Դատավոր. Սրանք զրպարտություն են` ուղղված ո՞ւմ:

Հ. Ե. Խաչիկ Խաչատրյանին եւ ԵԹՖ-ին:

Դատավոր. Խաչիկ Խաչիկյանին տուգանելու հարցը համարում եք զրպարտությո՞ւն: Հրահա՞նգն էլ` հասկացավ դատարանը:

Հ. Ե. Խաչիկ Խաչատրյան, հարգելի’ դատարան: Նաեւ ժամկետանց ձվերի մասը:

Դատավոր. Այո’, բա որ այդ ձուն ժամկետի մեջ լիներ, հիմա այսքան բան կլինե՞ր: Բա որ ժամկետանց չլիներ, կուտեինք, կվերջանար, կգնար: Փաստորեն, զրպարտություն է, որ գիշերով, գյոզերով տարել, հանձնել են խանութներում: Հիմա գրողի տարած ժամկետանց ձվերի վեճն է այստեղ: Հիմա ես տեսնում եմ ձեր հայցով, որ գործարար համբավը երկու դրվագով է շոշափվում: Ասե’ք` որն է վիրավորանքը: Կարո՞ղ է դա էլ եք վրիպել: (Ընթերցում է հայցը, որտեղ չկա վիրավորանքի մասին որեւէ բառ):

Հ. Ե.  Վերջի’ն մասը կարդացեք:

Դատավոր. Գրել եք, որ հեղինակը, Խաչիկ Խաչատրյանից ստանալով համապատասխան պարզաբանում, օրաթերթի վերջնամասում գրել է, թե «մինչդեռ պաշտոնական աղբյուրներն այլ բան են հաղորդում»: Օրաթերթի վերջնամասն ի՞նչ է:

Հ. Ե. Հոդվածի վերջնամասում: Մենք մեր առարկությունների մեջ ուղղել ենք:

Դատավոր. Դե որոշում կայացրե’ք, որ վրիպակներն ուղղե’ք: Հիմա ասում եք` «մինչդեռ պաշտոնական աղբյուրներն այլ բան են հաղորդում», այսինքն` լրագրողը մնացել է իր կարծիքին. սա վիրավորա՞նք է:

Հ. Ե. Մենք այդ արտահայտությունը դիտարկում ենք որպես Խաչատրյանին սուտ տվյալներ ներկայացնող:

Դատավոր. Էսպես անենք: Դուք գրել եք օրաթերթի վերջնամաս: Հիմա ենթադրենք, որ դա հոդվա՞ծը նկատի ունեք: Կամ որ ասում եք` վիրավորանք, հիմա էլի՞ ենթադրենք, որ նաեւ վիրավորանքի պահանջ եք ներկայացրել: Վիրավորանքի պահանջ չկա ներկայացված:

Հ. Ե. Մենք կավելացնենք:

Դատավոր. Դուք ենթադրում եք, որ օրաթերթը Խաչիկ Խաչատրյանին սուտասան է հանել: Նույն ձեւով էլ ենթադրելով` հայցադիմումում պահանջ չեք ներկայացրել: Ձեզ մոտ ամբողջությամբ գնում է գործարար համբավ: Պատիվ-արժանապատվության հարց էլ չկա առաջ քաշած: Վիրավորանքի համար էլ չկա պահանջ, թե ինչքան տուգանք եք ակնկալում: Դատարանը ձեզ ինչքա՞ն ժամանակ տա, որ ներկայացնեք:

Հ. Ե. Դատարանի հայեցողությանն ենք թողնում: 1 օրն էլ բավական է:

Դատավոր. Լավ, է՛, վրիպակ թույլ կտաք: Դատարանը ձեզ ողջամիտ ժամկետ կտա:

Դատական նիստի ընթացքում «Ժողովուրդ»-ի ներկայացուցիչն ասաց, որ հայցադիմումում առկա պահանջները տարբերվում են առարկությունների մեջ գրված տեքստից: Նշանակում է, որ հայցվորը հայցապահանջը հստակեցրել է: Բայց ՀՀ քաղ. օրենսգրքի 32 հոդվածը նախատեսում է. եթե հայցվորը փոխում է հիմքն ու առարկան կամ պահանջի չափը, ապա կարող է փոխել: Հստակեցում տերմին գործողություն չունի օրենսգրքով:

Դատավոր. Հայցվո’ր կողմ, ի՞նչը պարզ չէր, որ ուզում եք փոխել:

Հ. Ե. Մեր պահանջը վերաբերում է «Ժողովուրդ»-ին եւ Սոնային, որպեսզի հերքի:

Դատավոր. Պահանջները որ գրում էիք, Սոնան վրիպել է: Հիմա հասկացել են, դրա համար պահանջը հստակեցնելով` ուղղել են: Վրիպակ է եղել:

Հ. Ե. Ենթադրենք:

Դատավոր. Հիմա ուղղել եք, պահա՞նջ եք ներկայացրել Սոնային:

Հ. Ե. Այո’:

Հիշեցնենք, որ Խաչիկ Խաչատրյանը ընդհանուր հաշվով 6.2 մլն դրամ է պահանջում «Ժողովուրդ» օրաթերթից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter