HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վլադիսլավ Մանգասարյանը հարցաքննվեց. հաջորդը Ղևոնդ Ղալումյանն է

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվեց Մաշտոցի 33/1 շենքում բնակարանի համար վճարած, սակայն բնակարանը չստացած, խաբված գնորդ Լուսինե Գյուլխասյանի գործով դատաքննությունը, որով դատարանում հարցաքննվեց քաղաքացու բնակարանը այլ անձի տված Վլադիսլավ Մանգասարյանը:

Թե ներկաներից ով կարողացավ որևէ լուրջ բան հասկանալ Մանգասարյանի դատարանում տված ցուցմունքներից, դա դեռ հարց է, սակայն միանշանակ է այն հանգամանքը, որ Վլադիսլավ Մանգասարյանի շոուն այս անգամ դատարանում հաջողություն չունեցավ: Ցուցմուքնների հենց սկզբից Մանգասարյանը ամեն կերպ փորձում էր դատավորի և ամբաստանյալ Էդուարդ Եսայանի պաշտպան Կարինե խաչատրյանի հարցադրումներին պատասխանել իր լավագույն մեթոդներից մեկով՝ երկար բարակ նախադասություններով, որոնց վերջն անհայտ է և որևէ ընդհանուր եզր չունի հնչած հարցի հետ:

Ինչպես դատավորի, այնպես էլ մեղադրող դատախազ Լևոն Չարխիֆալակյանի բազմաթիվ փորձերը՝ ստիպելու Մանգասարյանին կոնկրետ հարցերին պատասխանել, անհաջողության մատնվեցին: Մանգասարայանի խոսքերում հնչած անթիվ հակասությունները նկատեցին ինչպես տուժող կողմի ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանը, այնպես էլ մեղադրող դատախազն ու ամբաստանյալ Էդուարդ Եսայանի պաշտպան Կարինե Խաչատրյանը:

Այս գործով կարևորագույն վկան, ով ինչպես վերջին դատաքննությունից հետո էր պարզ դարձել, որ իրականում պետք է ամբաստանյալների շարքում լինի, հնարավոր և անհնարին բոլոր միջոցներով դատարանում ի վերջո փորձեց խուսափել վճռորոշ հարցերի կոնկրետ պատասխաններից, սակայն տրված մոլորեցնող ու խճճված պատասխաններից էլ մեղադրող դատախազն ու նախագահող դատավորը հասցրեցին հետևություններ անել:

Ներկայացնել Վլադիսլավ Մանգասարյանի վկայությունը բառացիորեն անիմաստ է, քանի որ դրանից ոչինչ հանարավոր չէ հասկանալ, բացի դատախազի և դատավորի անընդհատ փորձերից՝ բացատրելու Մանգասարյանին, որ ոչ թե ինքն է եկել դատարանին հարցեր տալու, այլ եկել է պատասխանելու տրվող հարցերին: Սակայն լրատվամիջոցների ցանկության դեպքում նախաձեռնությունը կարող է տրամադրել Վլադիսլավ Մանգասարյանի ցուցմունքի ողջ ձայնագրությունը:

Հիշեցնենք, որ Վլադիսլավ Մանգասարյանին ՊԵԿ-ի քննչական վարչությունում հարցաքննելուց և ինչպես ինքը Մանգասարյանը դատարանում հայտարարեց՝ Եսայանի տված ցուցմունքից հետո ձերբակալել էին, իսկ այժմ դատարանի որոշմամբ նա երկամսյա կալանքի մեջ է: Վլադիսլավ Մանգասարյանը մեղադրվում է խարդախության, փողերի լվացման և կանխամտածված սնանկության համար: Նա ներգրավված է մի քանի քրեական գործերում ևս:

Նշենք, որ տուժող լուսինե Գյուլխասյանի փաստաբան Լուսինե Հակոբյանի միջնորդությամբ հաջորդ՝ ապրիլի 11-ի դատական նիստում դատարանում կհարցաքննվի սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանի հիմնադրած ընկերության թալանում իր մասնաբաժինն ունեցած Ղևոն Ղալումյանը, ում անունը խառն է նաև Լուսինե Գյուլխասյանի բնակարանի թալանի պատմության մեջ: Այս անձը նաև որոշ բարեկամական կապեր է ունեցել տուժողների հետ, ինչը, ըստ տուժողների իրենց վստահություն է ներշնչել Ղալումյանի հանդեպ, իսկ հետո պարզվել է, որ ապարդյուն:

Նշենք նաև, որ այս քրեական գործով նշանակված փորձաքննությամբ, ՀՀ Փորձաքննությունների ազգային բյուրոյի կողմից 2012 թվականի հոկտեմբերի 01-ին տրված 21 թերթից բաղկացած փորձագիտական եզրակացության 20-րդ էջում հստակ արձանագրվել է, որ 07.12.2007թ. «Արին Կապիտալ» ՍՊ ընկերության բանկային հաշվին, իրոք, մուտքագրվել է Լուսինե Գյուլխասյանի կողմից բնակարանի համար տրված 37 մլն 200 հազար դրամը, որից 15 մլն 891 հազար դրամը՝ Վլադիսլավ Մանգասարյանի եղբոր՝ Ռուբեն Մանգասարյանի անվամբ, իսկ 21 մլն 309 հազար դրամը՝ Ղևոնդ Ղալումյանի անվամբ:

Դատական հաջորդ նիստում դատարանը պետք է ապահովի Ղևոնդ Ղալումյանի ներկայությունը:

Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter