
Խուլիգանության մեջ մեղադրվող երեք եղբայրները դատավորից ժամանակ են խնդրել վերջին խոսքի համար
Վանաձորի դատարանում դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ քննվող` Հարթագյուղի բնակիչներ Արմեն, Արթուր, Մացակ Բադալյան եղբայրների խուլիգանության գործով ավարտվել է նաև կողմերի վիճաբանության փուլը, մեղադրողն ու պաշտպաններն արդեն հնչեցրել են իրենց ճառերը: Ամբաստանյալ եղբայրները նույնպես ներկայացել են ճառերով` իրենց զարմանքն ու վրդովմունքը հայտնելով դատախազության գործելաոճի վերաբերյալ և ժամանակ խնդրել վերջին խոսքին պատրաստվելու համար: Հաջորդ դատական նիստին, որը նշանակված է ապրիլի 17-ին` ժամը 15.00-ին, ամբաստանյալների վերջին խոսքից հետո դատավորը կհեռանա խորհրդակցական սենյակ` վճիռ կայացնելու:
Բադալյանների օրինական շահերը ներկայացնող փաստաբաններ Ռուբեն Հակոբյանն ու Արտակ Ոսկանյանը, որոնց պահանջն է արդարացնել իրենց պաշտպանյալներին, համապատասխան միջնորդություններ են ներկայացրել դատարանին: Մասնավորապես` փաստաբան Արտակ Ոսկանյանը միջնորդել է դիմել գլխավոր դատախազություն` քրեական գործ հարուցելու նախաքննական մարմնի ներկայացուցչի և վերահսկողություն իրականացնող դատախազի նկատմամբ` ապացույցներ կեղծելու հիմքով, քանի որ, ըստ փաստաբանների, գործում քննիչի կողմից թույլ տրված բազմաթիվ խախտումների շարքում կա նաև կեղծված ապացույց. միևնույն քննիչը նույն ժամին տարբեր վայրերում հարցաքննել է 2 անձանց. 27.07.2012-ին` ժամը 15.10 րոպեից մինչև 16.00-ն, Սպիտակ քաղաքում հարցաքննել է վկա Արամ Մանուկյանին, այդ նույն ժամանակ` 27.07.2012-ին` ժամը 15.10 րոպեից մինչև 15.30-ը, Հարթագյուղում հարցաքննել է վկա Վարսիկ Չինարյանին: Իսկ նման բան չի կարող լինել:
Փաստաբան Ռուբեն Հակոբյանն էլ միջնորդել է վերսկսել դատաքննությունը, քանի որ իրեղեն ապացույց ճանաչված հանցագործության գործիքը` որսորդական հրացանը, դատարան չի բերվել և չի հետազոտվել: Փաստաբանի խոսքով` դեպքի վայրում անզգուշությամբ կրակոց է արձակվել, մինչդեռ իրեղեն ապացույց են ճանաչվել 2 հրացաններ: Բադալյանը, ով ընդունում է, որ պատահաբար կրակել է ձեռքին եղած հրացանով, որևէ մեկին վնասելու նպատակ չի ունեցել, այլ քանի որ զբաղվում է անասնապահությամբ, իսկ անասնագոմը սարերի տակ է, հրացանն օգտագործում է որպես գայլերից պաշտպանվելու միջոց, բացի այդ, որսորդմիության անդամ է և զենք կրելու թույլտվությու ունի:
«Հիմա մենք չենք հասկանում` որն է հանցագործության գործիքը: Եթե այն է, որով, Արթուր Բադալյանի ասելով, ինքը կրակել է, ապա մյո±ւսն ինչու են իրեղեն ապացույց ճանաչել: Բայց ամեն դեպքում 2 հրացաններն էլ գործում չկան և դատարանում չեն հետազոտվել»,-ասում է Ռուբեն Հակոբյանը` նշելով, որ եթե դատաքննության ընթացքում որևէ ապացույց չի հետազոտվում, այլևս չի կարող դրվել մեղադրական դատավճռի հիմքում: Բացի այդ, ըստ նրա, կան նաև այլ իրեղեն ապացույցներ, որոնք դատարան չեն ուղարկվել և չեն հետազոտվել:
Հեռանալով խորհրդակցական սենյակ` դատավոր Նարինե Հովակիմյանը որոշում կկայացնի նաև փաստաբանների միջնորդությունների վերաբերյալ: «Ես հույս ունեմ, որ դատարանը կվերսկսի դատաքննությունը, բացերը կլրացնի, նոր հետո կանցնենք վիճաբանությունների փուլին»,-ասում է Ռուբեն Հակոբյանը:
Մեկնաբանել