HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարելահողի, լճի և տնակի փոխհատուցման ճակատագիրն անհայտ է

Թեղուտի պղինձամոլիբդենային հանքավայրի շահագործման նպատակով ՀՀ կառավարության 2007թ. նոյեմբերի 1-ի N 1279-Ն որոշմամբ Թեղուտ և Շնող գյուղերի բացառիկ` հանրային գերակա շահ ճանաչված 81,483 հա գյուղատնտեսական նշանակության հողերի շարքին է դասվել նաև Շնող գյուղի բնակիչ Ռազմիկ Հախվերդյանի Շնողի վարչական սահմաններում գտնվող 322-018 ծածկագրով 0,749 հա վարելահողը:

Գերակա շահ ճանաչված հողերը ձեռք բերող «Թեղուտ ՓԲԸ»-ն արդեն 6 տարի է՝ չի վճարում Հախվերդյանների ընտանիքին պատկանող 0,749 հա վարելահողի և դրա վրա կառուցված 23,3 քմ մակերեսով տնակի, 2921 քմ մակերեսով լճի փոխհատուցման գումարները: Ռազմիկ Հախվերդյանը մահացել է 2009 թվականին: Նրա որդին՝ Արմեն Հախվերդյանը, ասում է, որ «Վալլեքս» խմբի ընկերությունների իրավաբան Սահակ Կարապետյանն իրենց հողամասի վրա կառուցված տնակի և լճի համար առաջարկել են 5 միլիոն դրամի չափով փոխհատուցում: Նույն առաջարկն է արվել նաեւ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում քաղաքացիական գործի շրջանակներում, որի վարույթն այժմ կասեցված է:

Սահակ Կարապետյանը «Հետքի» խնդրանքով մանրամասնում է, որ իր առաջարկն արվել է դատարանի կողմից կողմերին ընձեռնած վեճը հաշտությամբ լուծելու համաձայնության շրջանակներում:

«Հաշտության չգալու փաստն ինքնին հաստատում է, որ հաշտության պայմանով մինչ այդ արված բոլոր առաջարկները որևէ իրավական կամ բարոյական ուժ այլևս չունեն, ու հետագայում որևէ կերպ շահարկվել չեն կարող»,- նշում է Ս. Կարապետյանը:

«Թեղուտ ՓԲԸ»-ն 2008 թ. մայիսին, ընդդեմ Ռազմիկ Հախվերդյանի, հայցադիմում է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան` 0,749 հա վարելահողը պետական ու հասարակական կարիքների համար անհրաժեշտ փոխհատուցմամբ օտարելու պահանջով: Պատասխանող Ռազմիկ Հախվերդյանը ներկայացված հայցապահանջը չի ընդունել, քանի որ օտարման ենթակա հողակտորի արժեքի հետ չեն գնահատվել դրանում առկա տնակն ու լիճը: Այս արհեստական լիճը ստեղծելու համար Ռազմիկ Հախվերդյանը 1989 թ. ձկնաբուծությամբ զբաղվելու  իրավունքն է ստացել ժողովրդական դեպուտատների Թումանյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 11/14 որոշմամբ:

Թումանյանի շրջանային ագրոարդյունաբերական միավորումը 1989 թ. հուլիսի 12-ի 05-295 գրությամբ չի առարկել Շնողի սովխոզի «Ղումաշի» ճալա կոչվող (Շնողի Մանստև հանդամասի Ձորիգյուղ տարածքի հարևանությամբ) անօգտագործելի տարածությունից Ռազմիկ Հախվերդյանին 0,4 հա հողամաս հատկացնել` ձկնաբուծությամբ զբաղվելու նպատակով շինարարական աշխատանքներ կատարելու համար:

«Ձկնաբուծական տնտեսությամբ զբաղվելու իրավունքը Ռազմիկ Հախվերդյանին շրջխորհրդի գործկոմի կողից հատկացվել է Գորբաչովի կողմից խորհրդային երկրում իրականացվող կոոպերատիվների խրախուսման պահանջով»,- ասում է 1989 թ. Թումանյանի շրջխորհրդի գործկոմի նախագահ, ներկայումս Շնողի գյուղապետ Հովիկ Սահակյանը:

Նշված տարածքում Ռազմիկ Հախվերդյանը ստեղծել է լիճ և կառուցել տնակ: Հիմք ընդունելով Շնող համայնքի սեփականաշնորհման հանձնաժողովի 30.05.1991թ.-ի թիվ 4 որոշման քաղվածքը՝ 2004թ հունիսի 30-ին 0,749 հա վարելահողը Շնողի գյուղապետարանի կողմից գրանցվել է Ռազմիկ Հախվերդյանի անվամբ: Շնողի գյուղապետի կողմից 21.08 2006 թ. Ռազմիկ Հախվերդյանի անվամբ սեփականության իրավունքի պետական գրանցում է կատարվել 0,747 հա հողամասի, 23,3 քմ մակերեսով տնակի և 2921 քմ մակերեսով լճի նկատմամբ:

«Թեղուտ ՓԲԸ»-ի կողմից Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանին ներկայացրած քաղաքացիական հայցի քննության ընթացքում Ռազմիկ Հախվերդյանը, որպես ապացույց, դատարանին է ներկայացրել կադաստրային ծածկագրով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման վկայականը, համաձայն որի՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող 0,749 հա վարելահողը նպատակային նշանակությամբ դասվում է արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի շարքին, եւ հիշյալ հողատարածքի վրա առկա են 23,3 քմ մակերեսով տնակ և 2921 քմ մակերեսով լիճ, որոնք համապատասխանաբար գրանցված են 322-018 001 և 002 կադաստրային ենթածածկագրերով:

Սակայն «Թեղուտ ՓԲԸ»-ն Ռազմիկ Հախվերդյանի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը համարել է ոչ օրինական և հայցադիմում ներկայացրել Լոռու մարզի վարչական դատարան` ընդդեմ Շնողի գյուղապետարանի, ՀՀ կադաստրի Ալավերդու տարածքային ստորաբաժանման, Ռազմիկ Հախվերդյանի եւ Թումանյանի տարածքային նոտար Սամվել Մայիլյանի: ՓԲԸ-ն պահանջել է «Շնող համայնքի ղեկավարի 2006 թ. հուլիսի 14-ի թիվ 7, հուլիսի 24-ի թիվ 8, և օգոստոսի 8-ի թիվ 16 որոշումները, Շնող համայնքի և Ռազմիկ Հախվերդյանի միջև 2006 թ. օգոստոսի 8-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և ՀՀ կադաստրի ԱԳԿ ՊԿ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանի 107 համարի տակ 2006 թ. օգոստոսի 21-ին կատարված գրանցումը ճանաչել անվավեր:

Լոռի մարզի վարչական դատարանի դատավոր Ա. Միրզոյանը 2009 թ. փետրվարի 29-ին հայցադիմումն ընդունել է վարչական դատարանի վարույթ: Անցել է շուրջ 4 տարի, բայց  Հախվերդյաններին այդպես էլ հայտնի չէ՝ գերակա շահ ճանաչված իրենց 0,749 հա վարելահողի, վերջինիս վրա ձկնաբուծությամբ զբաղվելու նպատակով հիմնված լճի և տնակի փոխհատուցման ճակատագիրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter