Պարզաբանում
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» ՀԿ-ի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի եւ Հայաստանի հելսինկյան կոմիտեի կողմից ներկայացված «Օպերացիա ինքնամաքրում. կոռումպացված պաշտոնյաները» տեսանյութում ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանի մասով հայտարարության առչությամբ անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ.
Տեսանյութում արված հայտարարությունն իրականության հետ աղերս չունի, բացարձակապես սուտ է եւ տարածման ձեւով կարելի է դիտարկել որպես զրպարտության դրսեւորում:
Առավել տարօրինակ է, որ նման գործելաոճ են որդեգրել իրենց իրավապաշտպան համարող կազմակերպությունները: Տեսանյութում ակնարկվող հարցի վերաբերյալ ժամանակին անհրաժեշտ պարզաբանումներ տրամադրվել են մամուլին, եւ դրանք հրապարակվել են: Ուստի անհասկանալի է, որ նշված կազմակերպությունները խնդրին առնչվող նյութերն օգտագործում են իրենց հայեցողությամբ, միակողմանի եւ կատարում մերկապարանոց հայտարարություններ` ակնհայտ շահարկման նպատակ հետապնդելով:
Ինչ վերաբերում է տեսանյութում հիշատակված «կառուցապատողի» վերաբերյալ դեպքին, ապա ինչպես ժամանակին ասվել է, հանդիպումը կայացել է հենց նրա նախաձեռնությամբ եւ աշխատանքային բնույթ է կրել: Վերջինիս պարզաբանվել է, որ ՀՀ նախագահի աշխատակազմը որեւէ իրավասություն չունի միջամտելու նրա կողմից բարձրացված հարցին: Կարող ենք ափսոսանք հայտնել, որ այդ քաղաքացու` ընդունելության բազմաթիվ խնդրանքներին ընդառաջելը, նրան լսելն ու պաշտոնական լիազորությունների շրջանակում պարզաբանում տալը այլ կերպ է ներկայացվել, եւ հանդիպմանը իրականության հետ կապ չունեցող բովանդակություն է վերագրվել:
Մեկ անգամ եւս հայտարարում ենք, որ այդ հանդիպման ժամանակ «Հայաստան» համահայկական հիմնադրամին գումար փոխանցելու վերաբերյալ հարց չի քննարկվել, «Հայաստան» համահայկական հիմնադրամին գործարարի կողմից կատարված նվիրատվությունը նրա սեփական նախաձեռնությունն է:
Ուստի, տարիներ անց բարեգործական նպատակով գումարների տրամադրումը Ա. Գեւորգյանի անվան հետ կապելը, դա որպես «շորթում» որակելը եւ մեր կողմից ներկայացված պարզաբանումներն ակնհայտ անտեսելը, կարծում ենք, անազնիվ նպատակներ է հետապնդում:
Իրավապաշտպան կազմակերպություններին եւ լրատվամիջոցներին առաջարկում ենք հրապարակվող նյութերին մոտենալ առավել պատասխանատվությամբ եւ զերծ մնալ անհիմն, զրպարտող նյութեր տարածելուց:
Տարածքային կառավարման նաախարարության հասարակայնություն հետ կապերի բաժին
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել