
Երևանի բնապահպանական խնդիրներն ու դրանց լուծումները նախընտրական ծրագրերում. ՀՅԴ, ԲՀԿ, ՀՀԿ
Մայիսի 5-ին անցկացվելիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող 6 կուսակցությունը և 1 կուսակցությունների դաշինքը հրապարակել են իրենց նախընտրական ծրագրերը, որոնցում ներկայացրել են Երևանի տարբեր խնդիրների լուծման խոստումներ:
Այս և հաջորդող երկու հրապարակման մեջ «Հետքը» ներկայացնում է նախընտրական ծրագրերի՝ Երևանի բնապահպանական խնդիրներին ու դրանց լուծմանը վերաբերող դրույթները:
Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցություն
Հայ հեղափոխական դաշնակցության նախընտրական ծրագիրը վերնագրված է «Երևան, փոխի՛ր Հայաստանը»:
Ծրագրի «Բյուջետային քաղաքականություն» բաժնում նախատեսվող միջոցառումներից է նաև Երևանի բյուջեի ծախսային քաղաքականության մեջ գերակայություն դարձնել քաղաքի սանիտարական, բնապահպանական վիճակի բարելավումը:
Երևանի բնապահպանական հիմնախնդիրներին նվիրված է ՀՅԴ նախընտրական ծրագրի «Քաղաքաշինություն, բնապահպանություն, տրանսպորտ» բաժինը: Բաժնում նշված միջոցառումներից բնապահպանությանը վերաբերում են հետևյալները.
- վերականգնել մայրաքաղաքի բնապահպանական անվտանգությունը,
- ընդլայնել բակային կանաչ տարածքները,
- ներդնել աղբի վերամշակման էկոլոգիապես մաքուր համակարգ,
- մինչև 2017 թվականը առնվազն կրկնապատկել կանաչ տարածքներն ու ջրային մակերեսները,
- կազմակերպել ջրային պաշարների պահպանության և արդյունավետ օգտագործման, կորուստների կանխարգելման, աղտոտման աղբյուրների (կոյուղաջրեր և այլն) բացահայտման, վերացման և կանխարգելման միջոցառումներ, ամբողջությամբ վերագործարկել Աերացիայի կայանը:
Նախընտրական ծրագրում, սակայն, ՀՅԴ-ն չի մանրամասնում, թե ընտրվելու դեպքում կոնկրետ ինչ քայլերով է իրականացնելու բնապահպանության ոլորտում այս բարեփոխումները:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
«Մայրաքաղաքի բնապահպանական և սանիտարական վիճակի բարելավումը, բնապահպանական համալիր միջոցառումների իրականացումը, այդ թվում արտադրական վտանգավոր թափոնների արդյունավետ վնասազերծումը և օգտահանումը, կոշտ կենցաղային թափոնների վերամշակման կազմակերպումը Երևանի բնակչության առողջ ապրելակերպի գրավականն են»,- այսպես է սկսվում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագրի՝ Երևանի բնապահպանական խնդիրներին նվիրված բաժինը՝ «Բնապահպանությունը»:
Ըստ դրա՝ Երևանում բնապահպանական կայուն վիճակ ապահովելու համար անհրաժեշտ է իրականացնել արտադրական և տրանսպորտային վնասակար արտանետումների նվազեցմանն ուղղված արդյունավետ միջոցառումներ, ընդլայնել կանաչապատման ծավալները, միամյա կուլտուրաները փոխարինել բազմամյա կուլտուրաներով, վերակառուցել զբոսայգիներն ու պուրակները:
ԲՀԿ-ն Երևանի բնապահպանական վիճակը բարելավելու համար անհրաժեշտ է համարում հետևյալ միջոցառումները.
- մայրաքաղաքի որոշակի տարածքների նկատմամբ բնապահպանական հատուկ ռեժիմի սահմանում,
- մայրաքաղաքի էկոհամակարգի վերականգնված տարածքներում քաղաքաշինական նպատակներով օգտագործման հատուկ ռեժիմի ներդրում,
- էկոլոգիապես վտանգավոր և վնասակար արտադրությունների վերացումը կամ դրանց համապատասխանեցումը գործող բնապահպանական պահանջներին:
«Երևանի տնտեսաէկոլոգիական հավասարակշռության պահպանման խնդիրների լուծումը պահանջում է այդ ոլորտի իրավական և նորմատիվային դաշտի կատարելագործում, դրանց համապատասխանեցում ժամանակի պահանջներին՝ իրականացնելով համալիր միջոցառումների ծրագիր»,- գրված է «Բնապահպանություն» բաժնում:
Նախընտրական ծրագրում ԲՀԿ-ն լրջագույն խնդիր է համարում կոշտ և կենցաղային թափոնների օգտահանումը և անհրաժեշտություն տեսնում կառուցել ու շահագործել ժամանակակից աղբավերամշակման ձեռնարկության:
«…անհրաժեշտ է բարելավել Հրազդան գետի կիրճի բնապահպանական և ենթակառուցվածքային պայմանները, աշխատանքներ տանել Երևանյան լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման և պահպանման համար, մայրաքաղաքի կանաչ գոտիների մակերեսը մեկ շնչի հաշվով հասցնել նվազագույնը 20 քառակուսի մետրի»,- նշված է «Բնապահպանության» բաժնում:
ԲՀԿ-ն նախընտրական ծրագրի «Քաղաքաշինություն և ճարտարապետություն» բաժնում առաջնահերթություն է համարում «մայրաքաղաքի հանրային կանաչ տարածքներում բացառել հիմնական շինությունների կառուցումը»:
Իսկ «Ջրամատակարարում» բաժնում նշվում է, որ «Երևանի ոռոգման ցանցի վերակառուցումը պետք է ապահովի մայրաքաղաքի կանաչ տարածքների պահպանումը»:
Այսպիսով, ԲՀԿ նախընտրական ծրագրի՝ բնապահպանության վերաբերող խոստումները հաճախ պարունակում են ընդհանրական դատողություններ և չեն մատնանշում կոնկրետ միջոցառումներ, որոնք, ընտրվելու դեպքում, ԲՀԿ-ն պատրաստվում է անել՝ բնապահպանական կոնկրետ խնդիրները լուծելու նպատակով:
Հայաստանի հանրապետական կուսակցություն
Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական ծրագիրը միակն է, որում գրված են ոչ միայն այն բարեփոխումները, որոնք պետք է արվեն, այլև նրանք, որոնք արդեն արվել են: Միաժամանակ, ի տարբերություն այլ նախընտրական ծրագրերի, ՀՀԿ-ի ծրագրում չկան խիստ գնահատականներ քաղաքի բնապահպանական ներկայիս վիճակին (օրինակ՝ կանաչ տարածքների ոչնչացման առթիվ):
Նախընտրական ծրագիրը սկսվում է Տարոն Մարգարյանի՝ երևանցիներին հղված ուղերձով: Տարոն Մարգարյանը նշում է, որ կանոնակարգվել և զարգանում են համայնքային կյանքի բոլոր ոլորտները, և այդ թվում ներառում է նաև կանաչապատումը: Ուղերձի վերջում Տարոն Մարգարյանը կուսակցության պատրաստակամությունն է հայտնում բոլորի համար ստեղծել ավելի բարեկարգ, ավելի մաքուր, ավելի կանաչ Երևան:
Երևանի բնապահպանական խնդիրներին անդրադարձ կա ՀՀԿ նախընտրական ծրագրի «Մաքուր և կանաչ Երևան» բաժնում: Բաժնի «Լավ Երևան 2009-2013 թթ.» ենթաբաժնում թվարկվում են այն միջոցառումները, որոնք կատարվել են այդ թվականներին: Դրանցից բնապահպանությանն են ուղղված եղել հետևյալները.
- Երևանի քաղաքային տնկարանի ընդլայնում և ջերմատան կառուցում (5000քմ),
- թվով 18 զբոսայգիների և պուրակների ստեղծում և վերականգնում (ընդհանուր 13.3 հա տարածք),
- ավելի քան 70 կմ երկարությամբ ոռոգման ցանցի նորոգում և ընդլայնում,
- ընդհանուր օգտագործման կանաչ տարածքի ավելացում (20 հա),
- սիզամարգային խոտածածկի ավելացում և ձևավորում (61 հա)։
«Մաքուր և կանաչ Երևան» բաժնի «Ավելի լավ Երևան 2013-2017 թթ.» ենթաբաժնում ՀՀԿ-ն խոստանում է.
- աղբի տեսակավորման, վերամշակման ձեռնարկության հիմնում
- նոր այգիների հիմնադրում և զբոսայգիների վերականգում,
- կանաչ տարածքների վերականգնման շարունակականություն,
- ընդհանուր օգտագործման կանաչ տարածքի ավելացում,
- ոռոգման ցանցի ընդլայնման, նորոգման շարունակականության ապահովում,
- ծաղկապատման և սիզամարգային խոտածածկ տարածքների ավելացում,
- անտառվերականգնման ծրագիր` Եռաբլուրի և Փարոսի բլուրի տարածքի, Հաղթանակի զբոսայգու և Ծիծեռնակաբերդի անտառպուրակային վերականգնում:
Թվարկված միջոցառումների շարքում ամենահստակն ու հասցեականը վերջինն է, երբ տեղանուններով նշվում են կոնկրետ տարածքներ, որտեղ ՀՀԿ-ն նախատեսում է իրականացնել անտառվերականգնման ծրագիրը:
շարունակելի
Մեկնաբանել