HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ինչպես են փոշիացվում պետական միջոցները. Կենտրոնական բանկ (մաս 1)

Տարիներ շարունակ Կենտրոնական բանկին հատկացվող միջոցների, այնտեղ բարձր պաշտոններ զբաղեցնողների աշխատավարձերի մասին մամուլը բարձրաձայնել է, սակայն անօգուտ: Այդ կառույցում շարունակում են ցոփ ու շվայտ կյանքով ապրել՝ ծախսելով օրվա հացը մի կերպ վաստակող ՀՀ քաղաքացու վճարած հարկերը:

Ընդհանուր պատկերացում կազմելու համար ներկայացնում ենք «Կենտրոնական բանկի 2013թ. վարչական ծախսերի նախահաշվի և կապիտալ ներդրումների ծրագրի» մեկնաբանությունները (հավելված 11):

Ըստ այդ մեկնաբանությունների՝ Կենտրոնական բանկի աշխատավարձ և նրան հավասարեցված միջոցները 2013թ. կազմում են 4 միլիարդ 860 միլիոն 488 հազար դրամ: ԿԲ-ի աշխատակիցների միջին աշխատավարձը այս տարվա համար պլանավորվել է 500 հազար դրամ, իսկ աշխատակիցների թիվը՝ 810 մարդ:

Բյուջեով միայն 390 միլիոն 500 հազար դրամ նախատեսված է աշխատակիցների առողջությունն ապահովելու և այլ սոցիալական ծախսերը հոգալու համար:

Ահռելի է նաև անձնակազմի գործուղումների համար նախատեսված գումարը՝ 432 միլիոն 757 հազար դրամ:

ՀՀ տարածքում ուսուցման և վերապատրաստման ծախսերը 2013թ. պլանավորվել են 70 միլիոն 342 հազար դրամ՝ նախորդ տարվա 69 միլիոն 703 հազար դրամի դիմաց:

ԿԲ աշխատակիցների օտար լեզուների իմացության մակարդակը գնահատելու համար նախատեսվել է 1 միլիոն դրամ՝ համապատասխան թեստեր մշակելու և դրանք կիրառելու նպատակով:

Ծառայողական փոխադրամիջոցների շահագործում՝ 97 միլիոն 909 հազար դրամ

Այս տարի ԿԲ-ում շահագործվելու է 29 ավտոմեքենա: 2013թ. ծառայողական փոխադրամիջոցների սպասարկման համար նախատեսվող գումարը մեկ ավտոմեքենայի համար կազմելու է ամսական 77 հազար դրամ:

Բանկի ներքին կարգերի համաձայն՝ ԿԲ-ում տարեկան ծախսվում է մոտ 95 հազար 880 լիտր բենզին, որի գինը 530 դրամով հաշվելու դեպքում, տարեկան ծախսը կազմում է 50 միլիոն 816 հազար 400 դրամ:

Նույն կարգերով ԿԲ-ում տարեկան ծախսվում է մոտ 34 հազար 240 լիտր դիզելային վառելիք, որի գինը 470 դրամով հաշվելու դեպքում, տարեկան ծախսը կազմում է մոտ 16 միլիոն 93 հազար դրամ:

Միայն քսայուղեր ձեռք բերելու համար 2013թ. նախատեսվում է 2 միլիոն 204 հազար դրամ: Իսկ ԿԲ-ի 29 ավտոմեքենաների շարժիչների համար անհրաժեշտ է լինելու կիսասինթետիկ 10x40 ստանդարտներին համապատասխան բարձրորակ յուղ, որի շուկայական արժեքը 5 լիտրի համար կազմում է 19 հազար դրամ:

Նախատեսվում է յուրաքանչյուր ավտոմեքենայի համար տարեկան 4 անգամ փոխել յուղը: Յուղը մեկ անգամ փոխելու արժեքը կազմում է 19 հազար դրամ:

ԿԲ-ում միայն 2 միլիոն դրամ նախատեսել են տեխնիկական զննման, պետավտոտեսչության և այլ հնարավոր ծախսերի իրականացման նպատակով:

Ֆիլմի և տեսահոլովակի նկարահանման ծախսեր

Պարզվում է՝ ԿԲ-ն այս տարի ֆիլմ և տեսահոլովակ է պատրաստվում նկարել՝ բացատրական և գովազդային տարբեր տեսահոլովակների նկարահանման, ռադիոգովազդների հեռարձակման համար, որոնց ծախսերը կկազմեն 20 մլն դրամ: Դրանից 6 մլն դրամը նախատեսվում է ռադիոգավազդների և հեռուստագովազդների պատրաստման, իսկ 14 մլն-ը՝ ռադիոգավազդների և հեռուստագովազդների հեռարձակման համար:

ԿԲ-ի հաշվարկով 30 վայրկյանանոց ռադիոգովազդի պատրաստման ծախսը միջինում կազմում է 25 հազար դրամ, իսկ 1 ամիս տևողությամբ հեռարձակումը 1 ռադիոկայանով՝ 450 հազար դրամ:

2013 թ. նախատեսվում է պատրաստել մի քանի ռադիոգովազդ և դրանք տարբեր ժամանակահատվածներով հեռարձակել 3-4 ռադիոկայանով:

Նույն հաշվարկով 2 րոպե տևողությամբ տեսահոլովակի նկարահանման ծախսը կազմում է 3 մլն դրամ: 2013թ. նախատեսվում է պատրաստել 2 տեսահոլովակ՝ ընդհանուր 6 մլն դրամ արժողությամբ: Դրանք հեռարձակվելու են 4-5 հեռուստաընկերությամբ: ԿԲ-ն գովազդային արշավները նախատեսում է իրականացնել տարեկան երկու անգամ:

«Պրայմ թայմ» համարվող ժամերին հեռարձակման ծախսերը 2012թ. ընթացիկ գներով կազմում են՝

Հ1 - 1 րոպեն՝ 150 հազար դրամ,

«Արմենիա» - 1 րոպեն՝ 250 հազար դրամ,

«Շանթ» - 1 րոպեն՝ 280 հազար դրամ,

«Արմնյուզ» - 1 րոպեն՝ 16 հազար դրամ:

Պատկերացում կազմելու համար, թե ԿԲ-ն որքան գումար է պետական բյուջեից ծախսում տեսահոլովակների նկարահանման ու հեռարձակման վրա, տեղեկացնենք, որ միայն 2010թ. գարնան ամիսներին 4 հեռուստաալիքով հեռարձակված դրամի մասին 6 տեսահոլովակի ծախսը կազմել է 7 միլիոն 758 հազար դրամ:

Նույն տարվա աշնանը նկարահանվել է ԱՊՊԱ-ի ներդրման մասին 8 հատ տեղեկատվական հոլովակ՝ 23 միլիոն 387 հազար 500 դրամ արժողությամբ, որոնց հեռարձակումը 4 հեռուստաընկերությամբ արժեցել է 48 միլիոն 638 հազար 833 դրամ:

Շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter