HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայ կնոջը ծեծելու մեջ մեղադրվող իրանցին լքել է Հայաստանը. հայտարարվել է հետախուզում

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի վարույթում քննվող քրգործերից մեկը կտրուկ զարգացում է ունեցել:

Ինչպես արդեն գրել ենք, անցյալ ամռանը ազգությամբ քուրդ, Իրանի քաղաքացի Հասսան Դոլաթխահը, ըստ մեղադրանքի, Երեւանի Հանրապետության հրապարակում ծեծի էր ենթարկել ՀՀ քաղաքացի Ժաննա Զաքարյանին: Նրան մեղադրանք էր առաջադրվել Քր.օր.-ի 117 հոդվածով («Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ վնաս պատճառելը, որն առաջացրել է առողջության կարճատեւ քայքայում կամ ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորուստ, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով»): 

Այսօր նշանակված հերթական նիստում պարզվել է, որ ամբաստանյալը, որի նկատմամբ խափանման միջոց էր ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը, Հայաստանում չէ: Տուժող Ժաննա Զաքարյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ ամբաստանյալի ավագ եղբայրը նախ ասել է, թե Հասսանը հիվանդ է, սակայն Իրանի քաղաքացու փաստաբան Արթուր Ալիխանյանը նշել է, որ նա մեկնել է Իրան՝ մասնակցելու մրցումների: Հիշեցնենք, որ Դոլաթխահը ըմբշամարտիկ է, սակայն հանդես է գալիս ՀՀ դրոշի ներքո:

Երկիրը լքելու մասին լուրը ապշեցրել է դատավոր Պապոյանին, ով դատախազ Արման Հակոբյանի միջնորդությամբ իրանցու նկատմամբ հետախուզում է հայտարարել: Եթե իրանցի ամբաստանյալն իսկապես լքել է Հայաստանը, ապա կարելի է միայն զարմանալ, քանզի նշված խափանման միջոցի դեպքում նրա անձնագիրը պետք է պահվեր ոստիկանությունում, եւ առանց դրա, բնականաբար, նա չէր կարող լքել երկիրը: Չնայած եւ չի բացառվում սովորական փախուստի տարբերակը: Եվ այս դեպքում արդեն հարց է ծագում, թե ամբաստանյալն ինչպես է կարողացել ԱԱԾ-ից թաքուն հատել սահմանը:      

Պաշտպանական կողմի եւ պատկան մարմինների արձագանքին կանդրադառնանք առաջիկայում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter