
Գյումրիի փոխհրաձգության ու սպանության գործով մեղադրանք է առաջադրվել Վահե Ղուկասյանին և Գևորգ Խաչատրյանին
Ապրիլի 23-ին Գյումրիում կատարված սպանության գործով ձերբակալված Գևորգ Խաչատրյանի նկատմամբ ապրիլի 28-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Վահե Ղուկասյանին ապրիլի 27-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով, 104 հոդվածի 1-ին մասով և 235 հոդվածի 1-ին մասով: Նույն օրը վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Վահե Ղուկասյանը գտնվում է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում:
Նախաքննության ընթացքում հարցաքննվել է շուրջ 60 վկա, կատարվել են առերես հարցաքննություններ, լուսանկարով անձին ճանաչման, ինչպես նաև անձին ճանաչման ներկայացնելու քննչական գործողություններ:
Նշանակվել են դատաբժշկական, ապրանքագիտական փորձաքննություններ, դատաքիմիական փորձաքննություն, դատաձգաբանական, դատամատնադրոշմային և դատաքիմիական համալիր փորձաքննություն, դատաձգաբանական և դատաքիմիական համալիր փորձաքննություններ:
Ոստիկանությունը հիշեցնում է, որ ապրիլի 23-ին Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գյումրիի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը և Արտյոմ Կարապետյանը: Վերջինս հիվանդանոցում մահացել էր: Ապրիլի 24-ին ոստիկանության Գյումրիի բաժնում 1989 թ. ծնված Վահե Ղուկասյանը խոստովանել էր, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Մեկնաբանել