
«Ես 10 մլն դրամ չունեի, որ տայի քննիչին». ամերիկահայ գործարարը մահացել է բանտում
Կալանքի երկարացման որոշումը ամերիկահայ գործարարի համար դարձել է մահվան դատավճիռ
Ապրիլի 25-ին Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում մահացել է սփյուռքահայ գործարար Ժորժ Բաղումյանը:
Ամերիկահայ գործարարը կալանքի տակ էր 2012թ. հոկտեմբերի 27-ից: Նա մեղադրվում էր առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու և անօրինական զենք պահելու մեջ: Ժորժ Բաղումյանը 65 տարեկան էր:
Բաղումյանների գերդաստանը սերում է Իրանից, որտեղից նրանք արտագաղթել են Միացյալ Նահանգներ: Հայրը` Լևոն Բաղումյանը 1990-ին հաստատվել է Հայաստանում: Ներդրում է ունեցել Արցախյան ազատամարտում` նյութական օգնություն ցուցաբերելով բանակին: Հիմնել է էլեկտրական մարտկոցների արտադրություն և մատակարարել դրանք բանակին: 1997-ին` հոր մահից հետո, նրա գործը ստանձնել է Ժորժ Բաղումյանը:
Ժորժ Բաղումյանի եղբայրը` Սերժո Բաղումյանը «Հետքին» պատմեց, որ եղբայրը լուրջ առողջական խնդիրներ ուներ: 2004-ին սրտամկանի կաթված էր ստացել, հիպերտոնիկ էր և տառապում էր շաքարային դիաբեդով:
Ժորժ Բաղումյանի մահվան փորձաքննության եզրակացությունը դեռևս չկա: Գործարարի փաստաբան Մուշեղ Շուշանյանը համարում է, որ Ժորժ Բաղումյանը հայաստանյան իրավական և դատական համակարգի հերթական զոհն է:
Փետրվարի սկզբից, երբ Ժ. Բաղումյանն արդեն 4 ամիս կալանքի տակ էր, փաստաբան Մուշեղ Շուշանյանը ստանձնել է նրա պաշտպանությունը: Այդ ընթացքում դատարանն արդեն երրորդ անգամ քննել էր Ժ. Բաղումյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը: Փետրվարի 22-ի նիստին փաստաբանը դատարանի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ժ. Բաղումյանին տևական կալանքի տակ պահելու անհրաժեշտություն չկա, քանի որ չկա օրենքով և միջազգային պայմանագրերով նախատեսված ոչ մի իրավական հիմք: Ավելին` նրա առողջական խնդիրները թույլ չէին տալիս, որ Ժ. Բաղումյանն այդքան երկար ժամանակ գտնվեր քրեակատարողական հիմնարկում:
«Հանրահայտ փաստ է, որ ՀՀ-ն ի վիճակի չէ ապահովել քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորների և դատապարտյալների համար պատշաճ բուժօգնության ցուցաբերում»,- այսօր կայացած ասուլիսին հայտարարեց փաստաբանը:
Դատարանն, այնուամենայնիվ, թե' փետրվարին, թե' ապրիլին որոշել է երկարացնել նրա կալանքի ժամկետը: «Ես հայտարարեցի, որ եթե դատարանը բավարարի քննիչի միջնորդությունը, ըստ էության կայացնում է մահվան դատավճիռ, որովհետև Ժորժ Բաղումյանի առողջական վիճակը գնալով վատթարանում էր, և նա պարզապես ի վիճակի չի լինի երկար ժամանակ գտնվել քրեակատարողական հիմնարկում առանց պրոֆեսիոնալ, պատշաճ բժշկական օգնություն ստանալու,- ասում է Մ. Շուշանյանը: -ՔԿՀ-ն պարտավոր էր նրան տեղափոխել դատապարտյալների կենտրոնական հիվանդանոց, ինչը չեն արել, դրա համար պետք է պատասխան տան»: Փաստաբանը մեկ փաստարկ է վկայակոչում, որով ամեն ինչ ասված է. «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող շուրջ 1200 դատապարտյալներին և կալանավորներին ընդամենը 1 բուժակ է սպասարկում:
Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը նշում է, որ Ժ. Բաղումյանի մահը վկայում է այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության համակարգում բարեփոխումների մասին խոսքերը զրոյական արժեք ունեն, և իրականում ոչ մի բարեփոխում այս երկրում չի կատարվում:
Կալանքը` պատի՞ժ
![]() |
Սերժո Բաղումյանը և փաստաբան Մ. Շուշանյանը |
Զենքը, որը հայտնաբերվել է Ժ. Բաղումյանի տանը, ձեռք է բերել հայրը` Լևոն Բաղումյանը: Դրդապատճառը եղել է այն, որ նրանց Էջմիածնում գտնվող սեփական տարածքի վրա ավազակային հարձակում է եղել, պահակներին կապել և թալանել են ողջ գույքը: Այդ զենքը տրվել է պահակներին, որպեսզի տարածքի հսկողություն իրականացնեն:
Ժորժ Բաղումյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանը նշում է, որ զենքը իսկապես օրինական չի եղել, բայց ապացուցվել է, որ որևէ հանցանք դրանով չի կատարվել, և ՊՆ-ից գողացված զենք չէ:
Իբրև չվճարված 16 մլն դրամ հարկն առաջացել է 2009-ին` Ժորժ Բաղումյանին պատկանող «Գոլդ Էներջի» ՍՊԸ-ի գործունեությունից: Գումարվել են նաև տուգանքները` ընդհանուր առմամբ շուրջ 41 մլն դրամ:
Փաստաբանը միջնորդել է տրամադրել «Գոլդ էներջիի» հարկային գործը, հարկերի անձնական հաշվի քարտերը, ստուգման ակտի և կից փաստաթղթերի պատճեններ և այլ փաստաթղթեր, որպեսզի պատշաճ իրականացնի իր վստահորդի պաշտպանությունը և մասնագետների ներգրավմամբ հաշվարկվի նրան վերագրվող հարկային պարտավորությունները. եթե պարզվի, որ իսկապես կան չվճարված հարկեր, դրանք Ժ. Բաղումյանը պարտավորվում է վճարել: Սակայն իրավապահները չեն տրամադրել փաստաբանի պահանջած փաստաթղթերը և շարունակել են երկարացնել կալանքը:
Մ.Շուշանյանը նշում է, որ մեղադրանքից պաշտպանվելու հնարավորությունից իր վստահորդը զրկված է եղել, և Ժորժ Բաղումյանի նկատմամբ կալանքը կիրառվել է որպես պատիժ` որևէ իրավաչափ նպատակ չհետապնդելով: Կալանքի անհրաժեշտությունը քննիչը պայմանավորել է Ժ. Բաղումյանի չվճարված հարկերով` նշելով, որ եթե վերջինս վճարի հարկերը, կազատվի կալանքից:
«Փոխանակ վճարվի իրան, որովհետև ինքը պահանջում էր մեծ փողեր ինձանից»,- փաստաբանին լրացնում է Ժորժ Բաղումյանի եղբայրը` Սերժո Բաղումյանը, ով ԱՄՆ-ից ժամանել է Հայաստան եղբոր հարցերով զբաղվելու համար: Սերժո Բաղումյանն ասում է, որ ԿԱ ՊԵԿ քննչական վարչության քննիչ Էդգար Անտոնյանը 10 մլն դրամ կաշառք է պահանջել իրենից. «Ես 10 մլն դրամ չունեի, որ տայի իրան»: Նա համարում է, որ այդպիսով իր եղբորը «սպանել են»: «Ցավալի է, որ մեր երկրում մեկի կյանքը վտանգված է տենց փողերով, որ պահանջում են, որ վճարվի»,- ավելացնում է եղբայրը:
Փաստաբանն ասում է, որ Ժ. Բաղումյանը հաշվապահությամբ չի զբաղվել, այլ զբաղվել է մեկ այլ անձ` Աշտարակի հարկային տեսչության նախկին աշխատակից Վահան Ամիրյանը, ում ցուցմունքների հիման վրա է Բաղումյանին մեղադրանք առաջադրվել:
Նույն քրեական գործով կա նաև մեկ այլ մեղադրյալ` «Սաքրեն» ՍՊԸ-ի հիմնադիր և տնօրեն Կարեն Գրիգորյանը: Նրա դեմ մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 5 հոդվածներով` մի շարք տնտեսական հանցանքների, այդ թվում` մաքսանենգության, հարկային պարտավորություններից խուսափել և այլի համար (Վերջինս նույնպես ցուցմունքներ է տվել Ժ. Բաղումյանի դեմ): Մինչդեռ Կ. Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ոչ թե կալանքը, այլ բնակության վայրից չհեռանալու մասին ստորագրությունը, սակայն նա մեկնել է ՌԴ, այնտեղից ապրանքներ է ներկրել ՀՀ և այլ գործողություններ կատարել: Անգամ դրանից հետո նրա խափանման միջոցը չի փոխվել: «Կարող ենք հիմա պնդել, որ Ժ. Բաղումյանի նկատմամբ վերաբերմունքը խիստ հասցեավորված է եղել»,- հարցնում է փաստաբան Մ. Շուշանյանը:
Վերջինս նշում է, որ իրենք տեսնում են Ժ. Բաղումյանին ունեզրկելու և նրա ունեցվածքին տիրանալու միտում: Սակայն թե ով կամ ում կողմից է ղեկավարվում, դժվարանում է նշել. գուցե վերոնշյալ անձինք են ցանկացել տիրանալ սփյուռքահայի ունեցվածքին, գուցե կատարել են որոշ բարձրաստիճան անձանց պատվերը:
Մի քանի ամիս առաջ Ժորժ Բաղումյանը զանգահարել էր «Հետքի» խմբագրին, ներկայացրել է, իր բնորոշմամբ, իր «գլխին սարքած» գործի մասին մանրամասներ և նշել, որ կփոխանցի խմբագրություն որոշ կարևոր փաստաթղթեր: Դեռևս երկու տարի առաջ էլ Ժորժ Բաղումյանը «Հետքին» պատմել էր, որ ՀՀ ՊՆ-ի հետ աշխատել է բարձրաստիճան զինվորականի պատկանող մի պաշտոնյայի ընկերության միջոցով, այժմ խնդիրներ ունի այդ ընկերության հետ, և մարտկոցների մատակարարումն այլևս ինքը չի իրականացնում, այդ «մենաշնորհն» այլ ընկերության է փոխանցվել:
Ժորժ Բաղումյանը աշխատել է «Առվա երկիր» ՍՊԸ-ի հետ, որի հիմնադիրներից մեկը ՀՀ ՊՆ ՔՀԾ 1-ին դասի պետական խորհրդական, Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն պետ, գեներալ Վարդան Ավետիսյանն է:
«Առվա երկիրը» մարտոկցների գնման դիմաց, ըստ փաստաբան Շուշանյանի, պատկառելի գումար չէր վճարել, և Ժորժ Բաղումյանը դիմել էր դատարան: Առաջին ատյանի դատարանը մերժել է Ժ.Բաղումյանի հայցը` բավարարելով պատասխանողի հակընդդեմ հայցը: Վճիռը բողոքարկվել է վերաքննիչ դատարան, և դեռևս որոշում չի կայացվել:
Բաղումյանի ներկայացուցիչները անուններ են տալիս
Խախտվել է Ժորժ Բաղումյանի կյանքի իրավունքը, որի համար պատասխանատվություն է կրում պետությունը` ի դեմս պաշտոնատար անձանց: Այս հիմնավորմամբ Ժ. Բաղումյանի հարազատները և փաստաբանը պահանջելու են, որ գործ հարուցվի, քննություն իրականացվի և պատասխանատվության ենթարկվեն այն անձինք, ովքեր առանց հիմքերի նրան կալանքի տակ են պահել: Մասնավորապես` ԿԱ ՊԵԿ քննչական վարչության քննիչ Էդգար Անտոնյանը, գործի նկատմամբ հսկողություն իրականացնող գլխավոր դատախաղության Կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Բագրատ Պետրոսյանը, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանը, ով 3 անգամ երկարացրել է նրա կալանքի ժամկետը, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արարատ Պետրոսյանը, ով մերժել է բողոքը և գտել, որ նա պետք է պահվի կալանքի տակ: Ըստ պաշտպանի` պետք է քննության առարկա դառնա այն հանգամանքը, թե արդյոք ՔԿՀ-ում Ժ. Բաղումյանին պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերվել է, թե ոչ: Պետք է հրաժարական տա արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Հ.Գ. լրացված
Մինչ հոդվածի հրապարակումը «Հետքը» փորձել էր կապվել քննիչ Է. Անտոնյանի հետ և պարզաբանումներ ստանալ նրա հասցեին հնչեցված մեղադրանքի շուրջ: Սակայն նրա աշխատանքային հեռախոսահամարը տևական ժամանակ չէր պատասխանում: Միայն աշխատանքային օրվա ավարտին կարողացանք զրուցել քննիչի հետ: Վերջինս իր հասցեին հնչեցրած մեղադրանքը հերյուրանք համարեց. «Դա հերյուրանք է, և նմանատիպ երևույթ ընդհանրապես չի եղել»: Ըստ քննիչի` Սերժո Բաղումյանն իր մոտ մեկ անգամ է եղել և խոստացել է օգնել եղբորը` կատարել հարկային պարտավորությունները: Դրանից հետո իր հետ կապ չի ունեցել: «Նրանից երբևիցե կաշառք չեմ պահանջել, ես դա ինձ երբևիցե թույլ չէի կարող տալ»,- եզրափակեց Է.Անտոնյանը:
Առաջին լուսանկարում՝ Ժորժ Բաղումյանը
Մեկնաբանություններ (21)
Մեկնաբանել