HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Առաքելյան

Ծուղրութ գյուղի պահապանը. ինչո՞ւ այն չի նորոգվում

Ախալցխայի Ծուղրութ գյուղում ցայսօր պահվում են միջնադարյան արվեստի և մանրանկարչության արժեքավոր ձեռագիր մատյաններ` 10-րդ դարի «Ծուղրութի Ավետարանը», «Գինոսենց Ավետարանը» (10-րդ դարի առաջին կես) և մի շարք հնատիպ գրքեր։

Ախալցխայի շրջանի Ծուղրութ գյուղի բնակիչների նախնիները տեղացիներ չեն. նրանք գաղթել են Էրզրումի շրջանի Իլիճա գյուղից 1829-1830թթ.: Նախքան ծուղրութցիների բնակություն հաստատելը, այստեղ ապրել են շատ քիչ քանակությամբ հույներ, որոնց մասին վկայում են գյուղի մոտի գերեզմանոցը և հին փոքրիկ եկեղեցին, որի շինության մասին տվյալներ չկան: Կարճ ժամանակ անց գյուղի հույն բնակիչներն առանձնացել են և իրենց համար հիմնել փոքրիկ գյուղ` Միքելծմինդա անունով:

Ծուղրութում բնակություն հաստատած հայ բնակիչները նույնպես քիչ էին` ընդամենը 30 ընտանիք, որոնք իրենց հետ բերել էին վերոնշյալ ավետարանները:  Այսօր արդեն Ծուղրութի բնակչությունը տասն անգամ կրկնապատկվել է: Այն շրջանի միակ գյուղն է, որտեղից արտագաղթ տեղի չի ունենում: Գյուղացիներից շատերը նշում են, որ իրենք պարտավոր են ապրել գյուղում և սրբորեն պահել ավետարաններն ու մնացյալ սուրբ մասունքները, որոնք իրենց նախնիների ջանքերով են պահպանվել:  

«Ծուղրութի ավետարանը» գրված է 974 թվականին: Պատմությունն ուշագրավ է: Երբ Ծուղրութցիները բռնում են գաղթի ճանապարհը և թողնում են Իլիճա գյուղը, ճանապարհին Հակոբ և Անախաս Սապոնջյանները հրդեհվելուց փրկելու համար գիրքը պարկով նետում են ջուրը, որտեղ բավականին երկար է մնում: Թուրքերի հեռանալուց հետո դժվարությամբ հանում են գետից: Մագաղաթյա ձեռագիր մատյանը գրեթե չէր վնասվել: Վերցնում են իրենց հետ եւ բերում նոր բնակության վայր` Ծուղրութ:

Գինոսենց Ավետարանը Ծուղրութի  Ավետարանը

Գրիչը Հովհաննեսն է, հիշատաակարանի հեղինակը` Եղիա քահանան: Գրչության վայրը և մանրանկարիչը հայտնի չեն: Ավետարանի մագաղաթյա թերթերը բավականին նուրբ են ու լավ պահպանված: Բայց, այնուամենայնիվ, Հովհաննես գրչի ձեռքով ստեղծված 395 էջ ծավալով հռչակավոր մագաղաթյա այս ավետարանը, որ արդեն սրբության և հայկական շարունակականության խորհրդանիշ է դարձել գյուղացիների համար, ունի մշակման ու հիմնանորոգման կարիք:

Գիրքը Ծուղրութի հպարտությունն է և պահվում է գյուղի կենտրոնում մեծ սրբությամբ, Սարգիս Սապոնջյանի տանը՝ մի առանձին սենյակում, որը և հիացմունք է պատճառում յուրաքանչյուր ուխտի գնացողին:  

«Ինչ ուզում է լինի, գիրքը մենք դուրս չենք տա, տնից դուրս չպիտի գա, էս գիրքը մենակ մերը չի, ամբողջ գյուղինն է, ամեն տեսակի վտանգներից գյուղին փրկում է, սա մեր գյուղի պաշտպանն է, եթե հանենք գյուղից դուրս, ամբողջ գյուղին կարող է վատ դեպք պատահել. գյուղացիները մեծ հավատք ունեն ու վախենում են գյուղից հանել», - Սապոնջյանների ընտանիքից պատմում է թոռնուհին` Լուսիկ Սապոնջյանը:

Ծուղրութի երկու ավետարններն էլ պահվող սենյակներից դուրս են բերվում միայն որոշակի հանդիսավոր ծիսակարգերի ժամանակ, երբ գյուղացիները միաբերան համաձայնություն են տալիս: Նրանք պնդում են, որ ավետարանը չի կարելի գյուղից տանել՝ թեկուզ մեկ օրով: Նորոգել, անշուշտ, ցանկանում են, բայց տեղում. «Թող իրենք գան էստեղ մշակեն, բացառված է Երևան տանելը»:

Նշենք, որ «Գինոսենց Ավետարանը», որը Գինոսյանների տանն է պահվում և ունի նաև «Կարմիր Ավետարան» անվանումը, ևս ոչ մի անգամ նորոգման չի ենթարկվել և մշակման կարիք ունի: Սա նույնպես 1829-30 թթ. գաղթի ժամանակ Գինոսյանների նախնիները բերել են Իլիճա գյուղից` մի քանի սուրբ մասունքների հետ:

Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը պատմում է, որ տարիներ առաջ մատենադարանից հատուկ խումբ է գնացել գիրքը մշակելու: «Վերջերս էլ առաջարկ եղավ համայնքի կողմից, որ նորից գնանք ու շարունակենք, համաձայնության եկանք, որ իրենք, երբ պատրաստ լինեն, կգան ու մեր արշավախմբին կուղեկցեն: Բայց  միևնույնն է՝ խիստ կարիք կա ամբողջական վերանորոգման, ձեռագրի վերկանգնման համար, դա պետք է այստեղ անել, եթե մենք կարողանանք գյուղացիների հետ լեզու գտնել և բերել Մատենադարան: Գոնե մեկ ամիս մնա, լիարժեք վերականգնվի, ձեռագրի կյանքը կերկարի»,- ասում է Թամրազյանը:

Նա հավաստիացնում է, որ լինում են ձեռագրեր, որոնց մշակումը նույնիսկ մեկից երկու տարի է տևում: Իսկ Ծուղրութ գյուղի ավետարանն այնքան էլ վատ վիճակում չէ, հավանաբար, մեկ ամսում էլ կվերականգնվի: Ձեռագրերը նույնպես հիվանդություններ ունեն` բորբոս, սնկային, ցեցակերություն և այլն: Մատենադարանի համապատասխան խումբը հաճախ այցելում է տարբեր վայրեր, անգամ գաղթօջախներ, նորոգում է և վերադառնում:

«Այդ մեկ ավետարանը ոչ թե մեկ գյուղ է պահում, այլ մի ամբողջ տարածաշրջան. դա ձգողական մի այնպիսի ուժ ունի, որ մի քանի գյուղ չի լքում տարծքը գրքի շնորհիվ: Այդպիսի սուրբ մասունք է, մենք բոլորս էլ այդ ամենը հասկանում ենք, բայց նաև իրենք պետք է հասկանան, որ ձեռագիրը վտանգված է, պետք է փրկել»,- ասում է Հ. Թամրազյանը:

Մեկնաբանություններ (2)

Gayane
:) Գյուղի ողջ բնակչությունն էլ խելքը գլխին է, անկեղծ ասած, ու շատ կարգին: Եվ իրենց ունեցվածքը ամուր պահում են, ոչ ոքի չեն վստահում: Էսքան բան:
Rosa
Vay ay Mard Ed amboxj gyuxum mi kargin Mard cka hetn Lezu gtnik?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter