HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեւոն Հայրապետյան

Վարկային բարքեր. «Սիգարոնի» սնանկացումը

2012թ. «Հետքը» անդրադարձել է «Անելիք բանկ» ՓԲԸ-ի և «ՍՊՍ Սիգարոն» ՍՊԸ-ի միջև դատական գործընթացին և ընկերության անվճարունակության պատճառներին:

«ՍՊՍ Սիգարոն» ՍՊԸ-ի հիմնադիր և 50%-ի բաժնետեր Սեմյոն (Սիմոն) Պողոսյանի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը 2012թ. ապրիլին դիմում է ներկայացրել ՀՀ ոստիկանապետին, որի հիման վրա Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր (ԿՀԴՊԳ) վարչությունում (6-րդ վարչություն) նյութեր են նախապատրաստվել:

2012թ. մայիսի 8-ին Գլխավոր դատախազությունը նյութերը հանձնել է ՊԵԿ քննչական վարչություն` «ՍՊՍ Սիգարոն» ՍՊԸ-ի տնօրինության կողմից կանխամտածված սնանկության հատկանիշներ ստեղծելու վերաբերյալ նյութեր նախապատրաստելու նպատակով:

Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը ներկայացրել է փաստեր, ըստ որոնց՝ 2.124.373.843 ՀՀ դրամին համարժեք 5.530.000 ԱՄՆ դոլար եւ  225.614 եվրո  չափով վարկը «Անելիք բանկ»-ը տրամադրել է առանց ընկերության ժողովի որոշման և, օրենսդրական այդ պահանջը շրջանցելու նպատակով, գործարքն իրականացվել է Ռեգիստրի Նոր Նորք տարածքային բաժնի պետ Ա. Հովհաննիսյանի կողմից տրված կեղծ տեղեկանքների հիման վրա: 2012-ի հոկտեմբերին «Հետքը» գրել է այս մասին: Փաստաբանը նաև «Անելիք բանկ»-ի ղեկավարին է գրություն ուղղել, սակայն բանկի ղեկավարությունը որևէ «ճշտում» չի կատարել, և փաստաբանը դիմել է դատարան` վարկային պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջով:

2012թ. նոյեմբերին «Հետք»-ը հարցում է կատարել ՊԵԿ-ում նախապատրաստվող նյութերի ընթացքի վերաբերյալ եւ ստացել ՊԵԿ-ի գրավոր պատասխանը, որտեղ նշված է. «26.06.2012թ. «ՍՊՍ Սիգարոն» ՍՊԸ-ում նշանակվել է բյուջեի փոխհարաբերությունների ստուգում, որի արդյունքները դեռևս չեն ստացվել, իսկ պետական ռեգիստրի ստորաբաժանման ղեկավարի տված տեղեկանքների հետ կապված փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանից ստացված գրությունը կցվել է նախապատրաստվող նյութերին, ուսումնասիրվում են, և դրանց ընթացքը կլուծվի դատավարական օրենքով սահմանված կարգով»:

Գործերի ընթացքի եւ մանրամասների  վերաբերյալ պարզաբանումներ տալով՝ փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը նշել է. «Վերջերս լրատվական կայքերում հրապարակումներ եղան այն մասին, որ ՀՀ բանկային համակարգում ճգնաժամ է հասունանում, և որպես հիմնական պատճառ նշվում է այն, որ «մի շարք խոշոր գործարարներ մեծ թվով տարաբնույթ վարկեր են վերցրել ու հիմա չեն կարողանում մարել»: Մի  հոդվածում, «կոնյակի գործարանի և թռչնաֆաբրիկայի» սեփականատիրոջ կողմից վերցրած վարկերի օրինակով, նշվում է նաև այն մասին, որ վարկային գործում փաստաթղթերով առկա են գրավադրված կոնյակ, ֆաբրիկա, սակայն երբ գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու կարիք է առաջանում, ապա պարզվում է, որ գրավի առարկան չկա: Այսինքն՝ այդ օրինակով  գրավի առարկան կամ ի սկզբանե չի եղել և միայն փաստաթղթային ձևակերպում է ստացել, կամ էլ այն հետագայում է օտարվել:

Կարծում եմ, որ յուրաքանչյուր ձախողված խոշոր վարկի դեպքում գործ ունենք մեկ կամ մի քանի հանցագործության հետ, և անհրաժեշտ է համապատասխան քննություն իրականացնել, քանի որ վարկային պատմությունները առավել հարուստ են այնպիսի վարկային գործարքներով, որոնք իրենց էությամբ ստրկացուցիչ գործարքներ են (մեկ կողմի ներկայացուցչի՝ մյուս կողմի հետ չարամիտ համաձայնությամբ կնքված գործարքը, ինչպես նաև այն գործարքը, որն անձը ստիպված է եղել կնքելու ծանր հանգամանքների բերումով իր համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններով, որից օգտվել է մյուս կողմը) կամ խոշոր բիզնեսին տիրելու, կամ մրցակցությունից դուրս մղելու նպատակ են հետապնդում: Արդյունքում բանկերը գերշահույթներ են ստանում, իսկ տնտեսվարող սուբյեկտները սնանկանում են: Ինչպես է դա լինում.

Բանկի ղեկավարությունը ժամանակավոր դրամական միջոցների կարիք ունեցող ընկերության տնօրենի հետ կնքում է վարկային պայմանագիր, և էական չէ, թե քանի (ասենք` 12-16%) տոկոսով, քանի որ այդ տոկոսները ռիսկային վարկերի պարագայում, կարելի է ասել, ձևական պահանջ են: Բանն այն է, որ բանկի համար այդ գործարքով առավել «կարևոր» է`

ա/  որ տվյալ ընկերությունը վարկի գոնե կրկնակիի արժեքի չափով գույք ունենա,

բ/ տվյալ ընկերությունն իր տնտեսական գործունեության ցուցանիշներով փաստացի հնարավորություն չունենա անգամ մի քանի ամիս վարկի տոկոսները մարել,

գ/ տուժանքի տոկոսը հնարավորինս բարձր սահմանել, ասենք` օրական 0.2-05%, քանի որ եթե բ/ կետի «կանխատեսումներն իրագործվեն», ապա ինքնաբերաբար վարկի տոկոսը կազմում է օրական 0.2-05% X 30օր X 12 ամիս=72-180%:

Ի՞նչ է ստացվում. բանկի մասնագետները, որոնք ստուգում են վարկը տրամադրելու ռիսկայնությունը, իրենց բանավոր բացասական եզրակացությունն են տալիս, որ տվյալ ընկերությունն այդ վարկը մարելու հնարավորություն չունի, բայց բանկի ղեկավարությունը դրան հակառակ` վարկը  տրամադրելու որոշում է կայացնում: Եվ այս պարագայում արդեն կանխատեսելի է, որ մոտ ժամանակներում վարկառուն չի կարող վարկային պարտավորությունները կատարել, ու պայմանագրում նշված տարեկան 12-16%-ը, հետագայում կիրառվող օրական 0.1-0.5% տուժանքի քողի տակ, տարեկան 72-180% է դառնում: Ընդ որում` տուժանքի տոկոսները կիրառվում են ոչ միայն վարկի գումարի, այլև չվճարված տոկոսագումարի վրա: Այս գործելաոճով անբարեխիղճ, բայց տարեկան 72-180% վճարման պարտավորություն ունեցող վարկառուները հայտնվում են ստվերային «ոսկե» ցուցակում, և այդ պայմաններում բանկը չի էլ շտապում դատարան դիմել, քանի դեռ պարտքի գումարը չի հավասարվում գրավի առարկայի արժեքին, կամ հայցային վաղեմության ժամկետները չեն լրացել: Այս հանգամանքը բանկը կարող է բացատրել նրանով, թե իբր բանակցություններ են վարում վարկառուի հետ, հնարավոր տարբերակներ քննարկում, բայց իրականում գերշահավետ գործարք է իրականացվում: Այստեղ նաև առևտրային կաշառքի մեծ ռիսկեր կան, քանի որ բանկը կարող է նաև տուժանքի գումարից զիջել, իսկ խոշոր գործարքների դեպքում դրանք ահռելի գումարներ են կազմում:

Իսկ որո՞նք են, մեղմ ասած, այս տեսակ «օրինական վաշխառությանը» նպաստող պայմանները:

«Հանցագործության մեծագույն խրախուսանքը անպատժելիությունն է», և եթե որևէ մեկը 25%-ով փոխառությամբ գումար տրամադրի, ապա վաշխառության փաստով քրեական գործ կհարուցվի:  Բայց բանկերի պարագայում օրենսդրությունն ու բարքերն այլ են: Նախ՝ մեր օրենսդրությունն այնպիսին է, որ բանկի շահն է առավելագույնս պաշտպանված: Իսկ բանկերի մասնակցությամբ գործերով դատական համակարգի կանխակալ վերաբերմունքն էլ նպաստում է, որ վարկային պայմանագրով կնքված այն գործարքները, որոնք շինծու են, չբացահայտվեն: Փաստորեն, որպես կանոն հիմնականում վարկառուի իրավունքների դատական պաշտպանությունն էլ է հարցականի տակ:

Այնինչ, ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներում բազմիցս արձանագրել է. «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 369-րդ հոդվածի համաձայն` տուժանք (տուգանք, տույժ) է համարվում օրենքով կամ պայմանագրով որոշված այն դրամական գումարը, որը պարտապանը պարտավոր է վճարել պարտատիրոջը` պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում` ներառյալ կատարման կետանցի դեպքում: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածի համաձայն` եթե վճարման ենթակա տուժանքն ակնհայտորեն անհամաչափ է պարտավորության խախտման հետևանքներին, դատարանն իրավունք ունի պակասեցնել այն:

Վերոնշյալից հետևում է, որ տուժանքը պարտավորությունների կատարումն ապահովող երաշխիք է: Այն նպատակաուղղված է՝ ապահովելու պարտապանի կողմից պարտավորության կատարումը, իսկ դրա չկատարման կամ անպատշաճ կատարման դեպքում նրա համար նախատեսել գույքային անբարենպաստ հետևանքներ՝ դրամական պատասխանատվություն, իսկ դատարանը կոչված է ապահովելու սահմանված տուժանքի չափի և պարտավորության խախտման հետևանքների ողջամիտ հարաբերակցությունը: Տուժանքը պակասեցնելու դատարանի իրավունքը կոչված է կանխելու անձի կողմից իր քաղաքացիական իրավունքների իրականացման չարաշահումը:

Յուրաքանչյուր դեպքում տուժանքը պակասեցնելիս դատարանը առաջին հերթին պետք է գնահատման առարկա դարձնի այն հարցը, թե պայմանագրով նախատեսված տուժանքը որքանով է անհամաչափ պարտավորության խախտման հետևանքներին»:

Երբ մասնավոր զրույցներում դատավորներին հարցադրումներ են արվում վարկային գործերի հետ կապված, մասնավորապես՝ տուժանքների հետ հարցում արատավոր դատական պրակտիկան փոխելու վերաբերյալ, ապա որպես իրավաբան համաձայնում են, բայց միևնույն պատասխանն է ստացվում `«եթե նոր մոտեցում լինի մեկ գործով, ապա հարյուրավոր կամ հազարավոր դատական ակտեր վերանայելու հարց կառաջանա»:

Նման բարքերի ու կարգերի զոհն է «ՍՊՍ Սիգարոն» ՍՊԸ-ն, ինչով պայմանավորված՝ միլիոնավոր դոլարների վնաս է կրում իմ վստահորդ Սեմյոն (Սիմոն) Պողոսյանը: Բայց «ՍՊՍ Սիգարոն» ՍՊԸ-ի վարկային և դատավարական պատմությունն ու պարտավորություններով ծանրաբեռնվելու դրվագներն առավել գունեղ են:

Այսպես՝

Վարկային պատմությունը.

Ըստ «Դատալեքս» համակարգի դատական ակտերի` դեռևս 2007-2008թթ.  «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը, ի դեմս տնօրենի, առանձնապես խոշոր չափերի վարկ է ստացել, և այդ ժամկետանց վարկերի առկայության պայմաններում 2010թ. փետրվար-մայիս ամիսներին «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ը 200.000 ԱՄՆ դոլարին համարժեք վարկ է տրամադրում: Վարկային համաձայնագրերով ու պայմանագրերով սահմանված տարեկան տոկոսները 12-14% են, իսկ տուժանքի հետևյալ դրույթներ կան` « ժամկետանց պարտավորության 0.2 տոկոսի չափով ուշացրած մեկ օրվա համար» կամ` «վարկի մարումը սահմանված ժամկետում չկատարելու դեպքում տույժ ժամկետանց վարկի 0.1տոկոսի չափով ուշացրած մեկ օրվա համար, իսկ 5 աշխատանքային օր ժամկետանց պարտավորության առկայության դեպքում` նաև տուգանք` ժամկետանց վարկի 2 տոկոսի չափով, իսկ տոկոսագումարի չվճարելու դեպքում որպես տույժ վճարվում է 0,3 տոկոս, իսկ հինգ աշխատանքային օր ժամկետանց պարտավորության դեպքում նաև տուգանք` ժամկետանց տոկոսագումարի 5 տոկոսի չափով»:

«Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ի կողմից տրված վարկը նախկին վարկերի հետ կապված որևէ խնդիր չլուծեց և ընկերության համար նոր բեռ հանդիսացավ:

Ահա, այս ծանր ֆինանսական պայմաններում Ընկերության տնօրենը 2010թ. դեկտեմբերի 29-ին «Անելիք բանկ»-ի հետ համաձայնության եկավ մինչև 24% տարեկան տոկոսով 1.850.000.000 ՀՀ դրամ վարկ տրամադրելու վերաբերյալ: «Անելիք բանկի»-ի ղեկավարը, կարելի է ասել, ամենափորձառու բանկիրն է, իսկ 2010 թվականին ճանաչվել է տարվա բանկիր: Այսինքն՝ «Անելիք բանկ»-ի ղեկավարը, առանց լրացուցիչ ուսումնասիրությունների, տեղեկացված լինելով վերը նշված վարկային պատմություններին՝ ի սկզբանե ուներ իր որոշումը, որ նման վարկային պատմություն և վարկային պարտավորություններ ունեցող ընկերությանը վարկ չի տրամադրի: Նման բանավոր որոշում նա, իրոք, կայացրել է, բայց հետագայում, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, գործարքը կայանում է:

Ավելորդ չեմ համարում նշել, որ գործարքի կնքման համար անհրաժեշտ էր նաև Ընկերության երկու փայատերերի, այն է` Ընկերության ընդհանուր ժողովի որոշում, քանի որ, գործող օրենսդրության և Ընկերության կանոնադրության համաձայն, նման վարկ կարող էր տրամադրվել բացառապես այդ որոշման առկայության դեպքում, իսկ այդ գործարքի վերաբերյալ Ընկերության 50%-ի բաժնետեր Սեմյոն Պողոսյանը տեղյակ չէր, և, փաստորեն, գործարքը պետք է իրականացվեր նրանից գաղտնի: Այդ իսկ նպատակով Ռեգիստրից ձեռք է բերվում կեղծ տեղեկանք առ այն, որ Ընկերության «գործադիր մարմնի ղեկավարը հանդիսանում է Ընկերության պրեզիդենտը», որպիսի հանգամանքով պայմանավորված՝ նա օժտված է խոշոր գործարքներ իրականացնելու իրավասությամբ: Այսինքն, Բանկի և ընկերության միջև գործարքը կնքվել է նման գործարք կնքելու համար բանկային օրենսդրությամբ նույն Բանկի կողմից մշակված կանոնների, ինչպես նաև «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի ու ընկերության կանոնադրությամբ սահմանված սահմանափակումների շրջանցման արդյունքում: Եւ եթե պայմանագրերերը ստորագրած անձինք այդ հարցում ինչ-ինչ շահագրգռվածություններ ունեին, ապա այդ գործարքից տուժել է ինչպես Ընկերությունը, այնպես էլ` բաժնետեր Սեմյոն Պողոսյանը: Ավելորդ չեմ համարում նաև նշել, որ այդ խոշոր վարկով անգամ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ի վարկը չի մարվել, և 2012-2013թթ. գումարների բռնագանձման վերաբերյալ դատական ակտեր են կայացվել` տույժերով հանդերձ:

Վերադառնանք «Անելիք բանկ»-ի հետ կնքված գործարքի որոշ մանրամասների և պայմաններին:

«ՍՊՍ Սիգարոն» ՍՊԸ-ի հետ կապված վերջին մեկ տարվա գործընթացներից և «Անելիք բանկ»-ի կողմից տրամադրված վարկի վարկային գործի ուսումնասիրությունից պարզվում է, որ «ՍՊՍ Սիգարոն» ՍՊԸ-ի սնանկացումը կանխավ ծրագրավորվել է դեռևս 2010 թվականին: Մասնավորապես.

  1. «Անելիք բանկ»-ի կողմից 2010թ. դեկտեմբերի 29-ի գլխավոր վարկային պայմանագրով շուրջ 2 մլրդ դրամ «ՍՊՍ Սիգարոն» ՍՊԸ-ին վարկ տրամադրելիս բանկի ղեկավարությունը քաջատեղյակ էր, որ առանց ընկերության մասնակիցների ժողովի որոշման իրավասու չէ վարկային և գրավի պայմանագիր կնքել ընկերության տնօրենի հետ, սակայն պահանջվել և պետական ռեգիստրից ներկայացվել են կեղծ տեղեկանքներ: Այն, որ այդ տեղեկանքները կեղծ են, ինչպես նշեցի, բանկի ղեկավարությունն ի սկզբանե գիտեր, իսկ 2012թ. հունիսի 14-ի գրությամբ ես պարոն Ճզմաչյանին լրացուցիչ հայտնել եմ այդ մասին և ստացել պատասխան, որ «այդ փաստաթղթերի իրական կամ կեղծ լինելու վերաբերյալ իրավական գնահատական տալը դատարանի խնդիրն  է»:
  2. Բանկը վարկ է տրամադրել մի ընկերության, որը տվյալ պահին տարբեր բանկերում ժամկետանց խոշոր վարկեր է ունեցել, որի դիմաց գրավադրված է եղել ընկերության անշարժ ու շարժական գույքը: Այսինքն, 2010թ. դեկտեմբերի 29-ի դրությամբ, երբ 5 միլոն ԱՄՆ դոլարի չափով առաջին վարկն է տրամադրվել՝ իբր «ընկերության շրջանառու միջոցների համալրման նպատակով», ակնհայտ էր, որ վարկային միջոցների մեծ մասն այլ նպատակի է ծառայելու`ուղղվելու է այլ բանկերի հանդեպ ունեցած վարկային պարտավորությունների մարմանը: Բանկի ղեկավարությունն այդ մասին քաջատեղյակ էր, քանի որ կանխավ գիտեր, որ ընկերության գույքը գրավադրված է տարբեր բանկերում և այդ բանկերում եղած վարկերը մարելու պայմանով է, որ գրավի առարկաների վերաբերյալ «Անելիք բանկ»-ի հետ հետագայում պետք է կնքվեր հաջորդող գրավի պայմանագրեր:
  3. Այսինքն, «Անելիք բանկ»-ի ղեկավարությունը քաջ գիտակցել է, որ, ըստ էության, առանց որևէ հիմնավորման սպառողական վարկ է տրամադրում: Ավելին, բանկը 5 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիրը կնքել է ընդամենը 281.020.000 ՀՀ դրամ (774.500 ԱՄՆ դոլար) պայմանականորեն գնահատված 1956-2007թթ. սարքավորումների և հոսքագծի ձևական գրավի դիմաց: Հարց է ծագում. այդ ո՞ր մի բանկը հնամաշ, օգտագործված և լայն կիրառում չունեցող հոսքագծի ու սարքավորման դիմաց 5 մլն ԱՄՆ դոլարի վարկ կտրամադրի առանձնապես խոշոր չափերի վարկային և այլ պարտավորություններով ծանրաբեռնված ընկերությանը:
  4. Գլխավոր վարկային պայմանագիրը կնքվել է 29.12.2010թ.` 60 ամիս ժամկետով, մինչև 24 տոկոս տարեկան տոկոսադրույքով, ընհանուր մինչև 1.980.000.000 ՀՀ դրամ կամ դրան համարժեք արտարժույթի վարկ տրամադրելու վերաբերյալ: Եվ հանկարծ հենց նույն օրը կնքված 5.000.000 ԱՄՆ դոլարի վարկային պայմանագրում տարեկան տոկոսադրույքը սահմանվում է 13 տոկոս
  5. Գլխավոր վարկային պայմանագրի 1.3. կետում նշված է, որ «յուրաքանչյուր վարկի տրամադրումը կատարվում է վարկային հանձնաժողովի և/կամ վարկային կոմիտեի որոշումներով»: Առաջին հայացքից այդ կետում փաստվում է խստագույն վերահսկողության մասին, բայց իրականում  ձևական բնույթ էր կրում, քանի որ վարկային պայմանագրերի տակ եղած ստորագրությունները փաստում են այն մասին, որ, իրոք, վարկային պայմանագրի տակ վարչության նախագահի ստորագրությունից բացի, առկա են նաև վերջինիս 1-ին տեղակալի, մի քանի վարչության պետերի, բաժնի պետի, մասնագետի ստորագրությունները: Հարց է ծագում. այդ աշխատակիցներից որևէ մեկն արդյոք կասկած ունե՞ր, որ ակամա մասնակից է մի ստրկացուցիչ գործարքի, որով «ՍՊՍ Սիգարոն» ՍՊԸ-ն անխուսափելիորեն սնանկանալու է, իսկ բանկը, կազմված ժամանակացույցի համապատասխան, գումարներ չի ստանալու: Իհարկե, բոլորն էլ գիտեին այդ մասին…

Այդ կերպ 2010թ. դեկտեմբերի 29-ից մինչ 29.09.2011թ. բանկը 4 վարկային պայմանագրերով ընկերությանը ծանրաբեռնել է 2.124.373.843 ՀՀ դրամին համարժեք 5.530.000 ԱՄՆ դոլար և 225.614 եվրո չափով վարկային պարտավորությամբ: Ընդ որում՝ վերջին երկու վարկերը տրամադրվել են եվրոյով, բայց՝ ԱՄՆ դոլարով տրված 5.530.000 վարկի ընթացիկ պարտավորությունները կատարելու նպատակով:

Եվ ահա, բանկի կողմից վերջին վարկը տալու հաջորդ ամսվանից արդեն բանկի ղեկավարն ընկերության տնօրենին սկսում է ծանուցումներ ուղարկել` հորդորելով մարել բանկի նկատմամբ չկատարված վարկային պարտավորությունները:

Դատական պատմությունը

2012թ. ապրիլ ամսին ընկերության դեմ հայց է ներկայացվում դատարան`տուժանքներով հանդերձ 5.775.023 ԱՄՆ դոլարին և 206.349 եվրոյին համարժեք 2.358.533.790 ՀՀ դրամի ($ 6.050.315), ինչպես նաև` վարկերի մնացորդների նկատմամբ հաշվեգրվող կետանցի տոկոսներ` համապատասխան ժամանակահատվածի համար Հայաստանի Հանրապետության կետնրոնական բանկի սահմանած բանկային տոկոսների հաշվարկային դրույքի չափիով:

Ընդ որում՝ հայցադիմումով ներկայացված է հաշվարկ այն մասին, որ տրամադրված

ա/  $5.530.000 վարկի մասով $642.833 վճարում է կատարված` $636.833, որպես տոկոս և $6.000 վարկի մարում, ենթակա է գանձման` $5.775.023 (համարժեք ՀՀ դրամ) և բանկային տոկոսներ, իսկ

բ/ 225.344 եվրո վարկից 38.776 եվրոյի վճարում է կատարված, որից 28.164 եվրո`վարկի մարում, 10.612 եվրոն՝ տոկոսների վճարում, ենթակա է բռնագանձման`206.349 եվրո (համարժեք ՀՀ դրամ) և բանկային տոկոսներ:

Սակայն սրանով բանկը չի բավարարվել և դատարան դիմելուց 2,5 ամիս անց, երբ ԱՄՆ դոլարի և եվրոյի փոխանակման կուրսը փոփոխվել էին համապատասխանաբար 389.82-ից` 418.34 ՀՀ դրամի և 520.06-ից՝ 528.32 ՀՀ դրամի, առանց ընկերության մասնակցի ընթացող դատական նիստի ժամանակ, սկզբնական` 2.358.533.790 ՀՀ դրամի ($ 6.050.315) հայցապահանջի չափը 351.407.416,28 ՀՀ դրամով ($427.528) ավելացնում և սահմանում է 2.709.941.206,28 (երկու միլիարդ յոթ հարյուր ինը միլիոն ինը հարյուր քառասունմեկ հազար երկու հարյուր վեց դրամ քսանութ լումա) ՀՀ դրամ($6.477.843): Ընդ որում՝ այս փոփոխությունը միայն տարադրամի փոխարժեքով չի պայմանավորում, այլև`տուժանքի գումարի չափի ավելացմամբ՝ առանց նշելու և ներկայացնելու հաշվարկ, թե որ օրվանից է այն հաշվարկվում և քանի տոկոսով: Ի դեպ, սկզբնական հայցում էլ նման հաշվարկ չկար: Դատավոր Ն. Մարգարյանն էլ, առանց ընկերությանը տեղեկացնելու հայցագնի փոփոխության մասին, հապճեպ անցում է կատարում դատաքննության, գործի քննությունը համարում ավարտած և օրեր անց հայցադիմումում եղած վրիպակներով ու բացթողումներով հանդերձ՝ հօգուտ բանկի մի վճիռ հրապարակում, որով ընկերության համար նաև պետական բյուջե բռնագանձելու 54.198.824 ՀՀ դրամի($129.662) պարտավորություն է սահմանվում:

Հետագայում ընկերության և գործին մասնակից չդարձած Սեմյոն Պողոսյանի անունից ներկայացված 2 բողոքները «հոսքագծի» սկզբունքով նախ մերժվում են, ապա վերադարձվում են վճռաբեկ բողոքները: Ընդ որում՝ ընկերության անունից վերաքննիչ բողոք բերելու հետևանքով, որպես չվճարված պետական տուրքի գումար, ընկերությունից հօգուտ պետական բյուջեի լրացուցիչ 81.298.236 ՀՀ դրամի ($194.490) պարտավորություն է սահմանվում: Սա բանկերի հետ գործերով տիպային դատավարական պատմությունն է, որի արդյունքում ընկերությունը ծանրաբեռնվեց ևս 135.497.060 (մոտ $326.500) պետական տուրք վճարելու պարտավորությամբ:

Իսկ չէ՞ որ վարկային պայմանագրով սահմանված է, որ վեճերը կարող են լուծվել արբիտրաժային կարգով և համոզված եմ, որ, ի տարբերություն դատավոր Ն. Մարգարյանի, արբիտրը, ֆինանսական հաշտարարը չէր զլանա հայցագնի ճիշտ հաշվարկ կատարել, այդ չափով պետական տուրքի պարտավորություն չէր առաջանա:

Ահա մի քանի դրվագ վարկային պատմության և երբեմնի համաշխարհային համբավ ունեցած խոշոր հարկատու ընկերության սնանկության նախապատմության վերաբերյալ:

Qui bono??? Ու՞մ է դա ձեռնտու…

Ներկայումս ձեռնպահ կմնամ այլ մանրամասներ ներկայացնելուց, քանի որ հուսով եմ, որ մոտ ժամանակներս կանխամտածված սնանկության և այլ փաստերով հարուցվելիք քրեական գործը լույս կսփռի այս պատմության մութ անկյունների վրա:

Ավելացնեմ, որ 2013թ. մայիսի 15-ին, ժամը 10:00-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի  դատարանում (Թբիլիսյան 3/9 հասցե) տեղի է ունենալու այս վարկային գործարքի անվավերության պահանջով Սեմյոն Պողոսյանի անունից ներկայացված գործի դատաքննությունը` դատավոր Ս. Թադևոսյանի նախագահությամբ»:

Մեկնաբանություններ (3)

իրավաբան
Հետաքրքիր է, իրվապահ մարմինները մինչև հիմա այդ ընկերության տնօրենից հարցրել են, թե ինչ է արել վարկի գումարները???
Ադա
Վարկ վերցնողները երբևէ պայմանագրի այլ կետեր չեն կարդում, բացի տրամադրվող գումարի չափից, տարեկան տոկոսից: Մյուս կողմից եթե որևէ մեկը փորձի մյուս կետերի շուրջ քննարկում տանել, ապա ուղղակի նրա հետ պայմանագիր չեն կնքի և դրանով հարցը կփակվի: Ստացվում է, որ կարիքավոր անձը բանկի հետ ոչ թե վարկի տրամադրման պայմանների վերաբերյալ համաձայնության արդյունքում է ստորագրում, այլ` ստորագրում: Իրոք, որ սա ստրկացուցիչ գործարք է: Այդ տույժերի օրական տոկոսների չափը, որ վաշխառուն է որոշում: Ամոթ է: Հեց էս բանկերի քողարկված տուժանքներով էլ է նաև պայմանավորված, որ ոչ միայն ընկերություններ են սնանկանում, այլ`մեր ժողովուրդն է արտագաղթում: Հաճախ մարդիկ հարկադրված են լինում այս կամ այն կարիքի համար վարկ վերցնել ու աշխատանք չունենալու պատճառով այդ խայտառակ տուժանքների տակ են ընկնում, ունեցածը բանկը վերցնում է և քաղաքացուն ոչինչ չի մնում, քան օտար ափերում բախտ որոնելը: Բանկիրները ժողովրդի վատ վիճակից օգտվելով հսկայական հարստություններ են դիզում: Սրան պետական մոտեցում է պետք և թալանի ու վաշխառության այս տեսակի դեմն առնել է պետք: Ափսոս Սիգարոնը...
Հ.
Ի վերջո, տրամաբանական է: Եթե Ընկերության տնօրենը (այս դեպքում` նաև 50%-ի բաժնետերը), որը նաև ընկերության տնօրենն է, խնդիր ունենա ընկերության գույքն իրենը դարձնելու, ապա ամենահարմար տարբերակը վարկ վերցնելը և այն «ոչ նպատակային» օգտագործելն է: Չէ որ, ընկերության գույքը վաճառելն առանց ընկերության մասնակիցների ժողովի որոշման, ռիսկային է: Այն շատ հեշտությամբ կարելի է անվավեր ճանաչել, և հետ բերել վաճառված գույքը: Իսկ բանկի դեպքում (նամանավանդ եթե կա բանկի հետ համաձայնություն) նման ռիսկ համարյա թե չկա, որովհետև մեր դատական համակարգում ընդունված ավանդույթ է. «բանկերին ձեռք չե´նք տալիս» և բանկի հետ կնքած պայմանագիրն անվավեր ճանաչելն անիրականին մոտ անհավանական է...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter