HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտակ Շաբոյանը խոստանում է, որ ավիատոմսի գինն անհիմն բարձրացրած բոլոր ընկերությունները կպատժվեն

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) շարունակում է ուսումնասիրությունները ավիափոխադրումների շուկայում:

Այսօր ՏՄՊՊՀ էին հրավիրվել դեպի Հայաստան և Հայաստանից դուրս ուղղություններով չվերթներ իրականացնող մոտ 2 տասնյակ ընկերությունների ներկայացուցիչներ՝ պարզաբանելու, թե ինչով են պայմանավորված վերջին շրջանում ավիատոմսերի գների փոփոխությունները:

ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրությունները սկսել է մամուլի հրապարակումների, ինչպես նաև քաղաքացիների դժգոհությունների հիման վրա, համաձայն որոնց՝ վերջին ժամանակահատվածում, հատկապես «Արմավիա» ընկերության կողմից չվերթների դադարեցումից հետո բարձրացել են մի շարք ուղղություններով ավիատոմսերի գները:

ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովը դժգոհություն է ստացել ուղևորներից, ովքեր պնդում են, որ Երևան-Դուբայ ուղղությամբ չվերթեր իրականացնող «Ֆլայ Դուբայ» ավիաընկերության ինքնաթիռի տոմսը գնել են նախկինից անհամեմատ բարձր գնով:

«Ֆլայ Դուբայ» ավիաընկերության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վաչագան Սարգսյանը նշեց, որ ուղևորների հոսքը խթանելու նպատակով իրենց ընկերությունը իրականացրել է սեզոնային ակցիաներ, ինչի արդյունքում տոմսերը վաճառվել են իրական գնից անհամեմատ ցածր արժեքով: Ակցիայից հետո «Ֆլայ Դուբայն» ավիատոմսերի գները բարձրացրել է մինչ ակցիան եղած գնային մակարդակին, ինչն էլ ավիատոմսերի գների բարձրացման տպավորություն է ստեղծել:

«Ավստրիական ավիաուղիներ» ընկերության ներկայացուցիչ Լուկաս Նեգեդլին հավաստիացրեց, որ իրենց ավիաընկերության կողմից իրականացվող չվերթների գները անփոփոխ են, որևէ ուղղությամբ ավիատոմսի գին չի փոփոխվել:

«Ուկրաինական միջազգային ավիաուղիների» ներկայացուցիչ Տիգրան Աչոյանն էլ  ասաց, որ վերջին 2-3 տարում «Արմավիան» էապես կրճատել է իր չվերթների քանակը և շատ ուղղություններով դարձել է անմրցունակ, այդ իսկ պատճառով ավիատոմսերի գների որոշակի փոփոխությունները պայմանավորված են ոչ թե «Արմավիայի» չվերթների դադարեցմամբ, այլ առավելապես սեզոնային գործոնով:

Ընդհանուր առմամբ բոլոր ավիաընկերությունների ներկայացուցիչներն էլ ավիատոմսերի գնագոյացումը բացատրեցին առաջին հերթին սեզոնային գործոնով, բացի դրանից՝ նշեցին, որ նույն չվերթի համար կիրառվող տոմսերի արժեքները կարող են լինել տարբեր՝ կախված ձեռքբերման ժամանակահատվածից, կարգից և այլ գործոններից:

Ավիատոմսերի լայնածավալ ուսումնասիրություն իրականացնելու համար ՏՄՊՊՀ-ն հրավիրել է նաև ԱՄՆ մրցակցային մարմնի իրավաբանական վարչության պետ Ստյուրատ Հիրշֆիլդին, ով հանձնաժողովի մասնագետների հետ ուսումնասիրում է Հայաստանի ավիացիայի ոլորտը:

Քննարկման ավարտին Ա. Շաբոյանն ասաց, որ կուսումնասիրվեն ավիաընկերությունների ներկայացուցիչների ներկայացրած բոլոր փաստաթղթերը, ինչպես նաև ներկայացված պատճառաբանությունների հիմնավորված լինելը, որից հետո ՏՄՊՊՀ-ն ավիափոխադրումների վերաբերյալ ամբողջական ուսումնասիրության փաթեթը, առաջարկություններով հանդերձ, կներկայացնի կառավարությանը:

«Բոլոր, այդ թվում՝ Հայաստան չվերթներ իրականացնող օտարերկրյա ոչ ռեզիդենտ ավիաընկերությունները պարտավոր են հարգել Հայաստանի օրենքները և աշխատել  մրցակցության օրենսդրության պահանջներին համապատասխան: Եթե ավիաընկերությունների կողմից գների անհիմն բարձրացումներ լինեն, ապա տվյալ ավիաընկերությունը կենթարկվի պատասխանատվության՝ անկախ նրանից օտարերկրյա՞ ավիաընկերություն է, թե՞ ոչ»,- ասաց Ա. Շաբոյանը:

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Փաստորեն հիմա ,օրինակ,Ամստերդամից (կամ Արևմտյան Եվրոպայից) Հայաստան ուղիղ չվերթ չկա: Ամենաքիչը 1 անգամ պիտի փոխես չվերթը (պերեսադկա) ու ժամերով (ու գիշերը անքուն) մնաս Վարշավայի,Պրագայի կամ Մոսկվայի օդանավակայանների փակ սրահում ու ԳԻՇԵՐԸ թթված ու անքուն հասնես Երևան: Դեռ մի հատ էլ 500-600 եվրո չոր տոմսի փող տաս: Մի խոսքով՝ իսկական ՏԱՆՋԱՆՔ:Հայը միշտ պիտի տանջվի: Հաստատ զբոսաշրջիկությանը «կնպաստի»: 500-600 եվրոյով 8-10 օր կպառկես Իսպանիայի կամ Հունաստանի ծովափին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter