HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Նաիրիտի» պայթյունից 4 տարի անց. ինչու է գործարանի ղեկավարությունը խոչընդոտել փորձաքննությանը, և ինչպես են կոծկվել փաստերը

«Նաիրիտ գործարանի» պայթյունի զոհ դարձած աշխատակից Արթուր Կարապետյանի հայրը` Հրանտ Կարապետյանը, որդու լուսանկարների ալբոմը սկսել է որդու ծննդյան վկայականով: Ասում է, որ Արթուրի ամբողջ կյանքն է ամփոփված այդ ալբոմում` մանկությունը, պատանեկությունը, բանակային կյանքը, «Նաիրիտի» աշխատանքային տարիները, հարազատներն ու ընկերները: Ալբոմն ավարտվում է Արթուրի մահվան վկայականով, և այդ էջը Հրանտ Կարապետյանը արցունքն աչքերին է փակում: 

81-ամյա Հրանտ Կարապետյանը հիմա միայնակ է ապրում: Կինը մահացել էր որդու մահվանից ամիսներ առաջ: Այլ երեխաներ Հրանտ Կարապետյանը չունի, հարազատներ՝ նույնպես. Բաքվից են գաղթել Հայաստան:

Արթուրը 39 տարեկան էր, չէր հասցրել նույնիսկ ամուսնանալ, որպեսզի Հրանտ Կարապետյանին թոռներ պարգևեր: Հրանտ Կարապետյանն ասում է, որ նախապատրաստվում էին գնալ Արթուրի ընտրած աղջկա տուն, բայց չհասցրին: Հրանտ Կարապետյանը երեկ որդու շիրիմին է այցելել` նրա մահվան 4-րդ տարելիցի կապակցությամբ: 

2009թ. մայիսի 14-ի «Նաիրիտ գործարանի» չարաբաստիկ 2 պայթյունները 4 աշխատակցի կյանք խլեցին. պայթյունի հետևանքով զոհվեցին հերթափոխի պետ, 50-ամյա Լևոն Լևոնյանը, թորման ապարատավար, 50-ամյա Վահան Ղարիբյանը, փականագործ, 39-ամյա Արթուր Կարապետյանը, ապարատավար-բրիգադիր, 51-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը: 

Լուսանկարում` ձախից առաջինը` Հովհաննես Հովհաննիսյանը, ձախից չորրորդը` Արթուր Կարապետյանը, աջից երրորդը` Վահան Ղարիբյանը: 


Հարուցվեց քրեական գործ: Մեղադրանք առաջադրվեց 1-12 արտադրամասի «Բ» բաժանմունքի հերթափոխի պետ Դավիթ Նահապետյանին, 1-12 ա, բ արտադրամասի պետ Արմենակ Ասլանյանին և քլորոպրենի արտադրության պետ Գենադի Խաչանյանին: Նրանք, ըստ մեղադրանքի, աշխատելով վտանգավոր քիմիական նյութերի օգտագործմամբ վտանգավոր քիմիական արտադրություն իրականացնող «Նաիրիտ գործարանի» 1-12 արտադրամասի «Բ» բաժանմունքում` վտանգավոր քիմիական նյութերի հետ վարվելու ընթացքում խախտել են գործարանի կողմից 2007-ի հոկտեմբերի 10-ին հաստատված` քլորոպրենի ստացման 1-12 արտադրամասի անվտանգության վկայագրով սահմանված անվտանգության կանոնները, որի պատճառով տեղի են ունեցել տեխնոլոգիական բնույթի պայթյուններ` անզգուշությամբ առաջացնելով գործարանի 4 աշխատակիցների մահը:

Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Ա. Ազարյանի, կարճել է քրեական գործի վարութը` կիրառելով «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ 2009թ. հունիսի 19-ի որոշումը: «Ամբաստանյալներին վերագրվող հանցագործության սուբյեկտիվ կողմը բնութագրվում է անզգուշությամբ»,- պատճառաբանել է դատարանը: 

29 տարի «Նաիրիտում» աշխատած Հովհաննես Հովհաննիսյանի կինը՝ Ռուզաննա Պետրոսյանը, և դուստրը՝ Ելենա Հովհաննիսյանը, կարծում են, որ «Նաիրիտի» պայթյունի պատճառը տեխնիկական է եղել, այսինքն՝ տեխնիկական սարքավորումների անսարքությունը: Ելենան՝ որպես տուժողի իրավահաջորդ, մասնակցել է դատական նիստերին, սակայն պայթյունի իրական պատճառն այդպես էլ նրան պարզ չի դարձել: 

Ելենան և մայրը հնարավորություն չեն ունեցել փաստաբան վարձելու, որպեսզի փորձեին իրենց ջանքերով պարզել իրականությունը: «Ստույգ ոչ մի պատճառ կամ մեկնաբանություն չտրվեց: Մենք ենք մտածում, որ միակ պատճառը կարող էր լինել տեխնիկականը, թե չէ ինչ-որ մեկի թույլ տված սխալ կամ ինչ-որ մեկի մեղավորություն չեմ կարծում, որ կար,- ասում է Ելենան,- հասկանալով, որ այդ պահին և առհասարակ մենք անզոր ենք ինչ-որ բան անելու և ինչ-որ բան փոխելու կամ որևէ բան ապացուցելու, մեր համար ցավ էր, որ նույնիսկ գնայինք այդ կեղծ դատավարություններին։ Ասացին՝ գործը հնարավոր է կարճեն, և այդպես էլ եղավ»: 

Պայթյունի հաջորդ օրը դժբախտ դեպքի տեխնիկական քննության հանձնախումբ է ստեղծվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում պատահարի պատճառներն ու հանգամանքները պարզելու նատակով: 

Հանձնախմբի եզրակացությունում, որը «Հետքին» տրամադրել է ՀՀ ԱԻՆ-ը, նշվում է, որ տեխնիկական անվտանգության փորձաքննություն տվյալ արտադրական վտանգավոր օբյեկտը վերջին անգամ անցել է 2007-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին, որի արդյունքում տրվել է միջոցառումների ծրագիր հայտնաբերված թերությունների վերացման վերաբերյալ: 2008-ին «Նաիրիտ գործարան»-ի արտադրական վտանգավոր օբյեկտները տեխնիկական անվտանգության փորձաքննություն չեն անցել: 2008-ին «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը բազմիցս զգուշացրել է տեխնիկական անվտանգության փորձաքննության անցկացման անհրաժեշտության և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետների խախտման վերաբերյալ: «Նաիրիտը» պատասխանել է, որ տվյալ պահին արտադրական վտանգավոր օբյեկտները չեն շահագործվում` պարտավորվելով վերագործարկելիս տեղեկացնել կենտրոնին: Սակայն առանց տեխնիկական անվտանգության փորձաքննության անցկացման և առանց կենտրոնին տեղեկացնելու՝ գործարանը սկսել է արտադրական վտանգավոր օբյեկտների շահագործումը: 

Հանձնախումբը փաստել է, որ «Նաիրիտ գործարանը» հանձնաժողովին բավարար քանակի տեղեկատվություն և տեխնիկական փաստաթղթեր չի տրամադրել` խախտելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթը, ուստի հանձնաժողովը չի կարող լիարժեք նշել պայթյունի և հրդեհի առաջացման հանգամանքները, սակայն հայտնաբերել է մի շարք խախտումներ, որոնք ուղղակի կամ անուղղակի կարող էին ազդեցություն ունենալ հանձնաժողովի` պայթյունի վերաբերյալ կազմած 2 վարկածների վրա: 

Վարկած 1: Պրոցեսում տեղի է ունեցել տեխնոլոգիական ռեժիմների խախտում: Տեխնոլոգիական ռեժիմները պետք է կարգավորվեն և վերահսկվեն չափիչ-ստուգիչ սարքերով և հակավթարային ազդարարման համակարգերով: Սակայն դեպքի վայրի ուսումնասիրությամբ և գործարանի աշխատակիցների տված բացատրություններից հայտնի է դարձել, որ հաշվիչ ստուգիչ սարքերը ստուգված չեն եղել «Չափագրության ինստիտուտի» կողմից, բադի դրանից` նույն սարքերը նախատեսված են մեծ հզորությամբ աշխատելու համար, և այդ հզորությունների պայմաններում ճշգրտությունը ապահովված չէ: Հակավթարային ազդարարման համակարգը երբևիցե չի ստուգվել, և ըստ բացատրությունների` աշխատանքի ընթացքում նկատված շեղումների ժամանակ չեն աշխատել: 

Վարկած 2: Հանձնաժողովը հնարավոր է համարել, որ խողովակաշարերում եղել է արտահոսք, որը նկատել է Արթուր Կարապետյանը և ահազանգել է հերթափոխի պետին, և նրանք փորձել են այն վերացնել, որի արդյունքում արտաքին իմպուլսի ազդեցության ներքո հնարավոր էր տեղի ունենար պայթյուն: Խողովակաշարերում արտահոսքը հնարավոր է լիներ խողովակների մետաղի կոռոզիայի պատճառով, խողովակաշարերում առկա փականների հնարավոր անսարքության պատճառով, փորձանմուշի վերցնելու ընթացքում առաջացած անսարքության պատճառով: Տվյալ վարկածի դեպքում առաջին հերթին խախտվել է նմուշների վերցման կարգը, վերանորոգման աշխատանքների կատարման կարգը, որը ընկերությունում աշխատանքային կարգապահության ոչ պատշաճ մակարդակի արդյունք է:  Արտաքին իմպուլս կարող էր հանդիսանալ հարվածը, ոչ պայթյունավտանգ գործիքներով աշխատանքը, քանի որ նրանք ապահովված չէին համապատասխան գործիքներով և այլ կայծ առաջացնող գործողություններով: 

Միաժամանակ հանձնաժողովը գտել է, որ դեպքի վրա ոչ ուղղակի, սակայն զգալի ազդեցություն է ունեցել գործարանի ոչ ռիթմիկ աշխատանքը: 

Որպես դեպքի պատճառ, ըստ հանձնախմբի, «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի պահանջները չկատարելն է, մասնավորապես` 

  • շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտը ենթակա է տեխնիկական անվտանգության փորձաքննության տարեկան առնվազն մեկ անգամ: Նախքան արտադրական վտանգավոր օբյեկտի գործարկումը (վերագործարկումը) փորձագիտական եզրակացությամբ պետք է հավաստված լինի օբյեկտի համապատասխանությունը նախագծային փաստաթղթերին, տեխնիկական անվտանգության փորձաքննությունն իրականացվում է` գործարկվող (վերագործարկվող) արտադրական վտանգավոր օբյեկտների նկատմամբ` նախքան գործարկման (վերագործարկման) աշխատանքները սկսելը, արգելվում է առանց տեխնիկական անվտանգության դրական փորձագիտական եզրակացության սկսել արտադրական վտանգավոր օբյեկտի գործարկումը (վերագործարկումը), 
  • արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձը պարտավոր է աջակցել տեխնիկական անվտանգության համակարգի այլ օղակներին` տեխնածին վթարների և դժբախտ դեպքերի պատճառների և հանգամանքների բացահայտման գործում և պահպանել տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջները:

Հանձնաժողովը որպես պայթյունի պատճառ նշել է նաև աշխատանքային կարգապահության ցածր մակարդակը, սարքավորումների և համակարգերի անսարքությունը: 

Այս ամենից պարզվում է, որ «Նաիրիտ գործարանը» շահագրգռված չի եղել պայթյունի հանգամանքները և պատճառները պարզելու հարցում: Գործարանի ղեկավարությունը նույնիսկ խոչընդոտել է հանձնաժողովի անդամների աշխատանքին, չի տրամադրել համապատասխան անհրաժեշտ փաստաթղթերը: «Միաժամանակ հանձնաժողովը տեղեկացնում է, որ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի ղեկավարությունը ոչ միայն խոչընդոտել է հանձնաժողովի աշխատանքներին, այլ նաև չեն ապահովել հանձնաժողովի անդամ Հրանտ Աբելյանի մասնակցությունը տեխնիկական քննության աշխատանքներին»,- եզրակացության վերջում առանձին կարծիքով արձանագրել է հանձնախումբը: 

Ո՛չ վտանգավոր օբյեկտի փորձաքննությունը, ո՛չ սարքավորումների վիճակը, ո՛չ էլ աշխատակիցների անվտանգությունը, փաստորեն, չի հետաքրքրել «Նաիրիտ գործարանի» ղեկավարությանը: Մարդկային 4 խլված կյանքի համար որևէ մեկը պատասխանատվություն չի կրել: Գործարանի արտադրամասը սկսել է աշխատել` չանցնելով փորձաքննություն, չեն ստուգվել արտադրամասի սարքավորումները: Գործարանի ղեկավարներն անձեռնմխելի են մնացել: Եվ դժվար չէ կռահել, թե ինչու են նրանք խոչընդոտել հանձնաժողովի անդամների աշխատանքին, չեն տրամադրել պահանջված փաստաթղթերը: Դատարանի վճիռն այս ամենին չի անդրադառնում: Իսկ գործով մեղադրվողները գործարանի սովորական աշխատողներ են, որոնք պատասխանատու չեն ո՛չ փորձաքննությունների, ո՛չ էլ սարքավորումների ստուգման համար: 

Գործարանն այդ ժամանակ ղեկավարում էր Վահան Մելքոնյանը` այժմյան Միջպետական բանկի հայաստանյան ներկայացուցիչը, որի մասին «Հետքն» արդեն բազմաթիվ հրապարակումներով է հանդես եկել: Սակայն իրավապահները համառորեն լռում են: Լռել են նաև պայթյունի ժամանակ: 

«Նաիրիտ գործարանը» վթարի հետեւանքով զոհվածների հարազատներին փոխհատուցել է թաղման և գերեզմանի ծախսերը և խոստացել հինգ տարի վճարել զոհվածների աշխատավարձը: Մինչ այժմ այդ գումարը տրվում է նրանց ընտանիքներին, սակայն ուշացումներով: Նախորդ տարվանից երկու ամսվա համար չեն վճարել Հրանտ Կարապետյանին, այս տարվա որևէ ամսվա համար նույնպես գումար չեն փոխանցել նրան: 

Հրանտ Կարապետյանը աչքի լույսի պես պահպանում է որդու լուսանկարների ալբոմը: Երբ սիրտը լցվում է, բացում և սկսում է թերթել:

Ելենան ցույց է տալիս իր հարսանեկան լուսանկարը, որտեղ հայրն էլ կա՝ դեպքից շուրջ 9 ամիս առաջ: Դա հոր վերջին լուսանկարն է: Ելենան շաբաթական մեկ օր գնում է աշխատանքի հենց «Նաիրիտի» դիմաց տեղակայված համալսարանում: Եվ ամեն անգամ նույն կանգառում է իջնում, որտեղ հայրն է իջել «Նաիրիտում» աշխատանքի գնալիս: Ասում է՝ ամեն անգամ ցավ է ապրում: «Զգացողությունները նույնն են, ինչքան էլ տարիներն անցնեն, տպավորությունը, կոպիտ ասած՝ ատելությունը «Նաիրիտի» նկատմամբ, վրդովմունքը, միևնույն է, մնում է»,- ասում է Ելենան: 

Հ.Գ. «Նաիրիտ գործարանում» տեխնիկական անվտանգության փորձաքննություն իրականացնելու համար գործարանը պայմանագիր է կնքել «Դամի» ՍՊԸ-ի հետ: «Դամի» ՍՊԸ-ն բավականին հետաքրքիր կենսագրություն ունի: Այս ընկերության հիմնադիրը, բաժնետերը և տնօրենը Դավիթ Աշոտի Սարգսյանն է` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբորորդին: Այն եղբոր, ով «Նաիրիտում» ֆինանսական գծով տնօրենի տեղակալ է: Ընկերության մասնակիցներից են ֆինանսների նախկին նախարար Էդուարդ Սանդոյանի եղբոր որդիները` Միքայել և Մարտին Ռաֆայելի Սանդոյանները:

Տեխնիկական անվտանգության փորձաքննության հավատարմագրման վկայագիր ՀՀ ԱԻՆ-ն այս ընկերությանը տրամադրել է պայթյունից ընդամենը երկու ամիս առաջ` 2009-ի մարտի 20-ին: «Դամի» ՍՊԸ-ն, ինչպես պատճառաբանել է գործարանը, դեռևս չէր հասցրել փորձաքննել տվյալ արտադրամասը, որտեղ պայթյունն էր տեղի ունեցել:   

Նույն ՍՊԸ-ն է փորձաքննել «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն» ընկերությունը, որտեղ անցյալ տարվա ապրիլի 24-ին մոլիբդենի արտադրամասում նույնպես պայթյուն էր եղել: 7 անձ տուժել էր: 

Անցյալ տարվա հունիսին պայթյուն էր տեղի ունեցել նաև «Մարիաննա» կաթնամթերքի գործարանում, մեկ աշխատակից ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց: Փորձաքննություն իրականացնողը կրկին «Դամի» ՍՊԸ-ն է եղել:

Առաջին լուսանկարը`  «Ֆոտոլուրի»

Մեկնաբանություններ (3)

Gegham
Փորձաքննություն անող անձը համապատասխան կրթություն և որակաորում պետք է ունենա, հարկաոր է պարզել որքանով Դամի ՍՊԸ իրավասու է կատարել նման աշխատանքներ
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ինչ տխուր է:Ամենատխուր պատմություններից մեկը երևի. միայնակ մնացած մարդը և ծերության դեմ պիտի պայքարի, և իր զգացումների դեմ , և իր անզորության զգացման դեմ:Հուզիչ է: ..............................Երևի ոչ մեկի համար նորություն չէ,որ Հայաստանում պետական-կառավարական մակարդակով ՄԱՖԻԱ է գործում: Ես «մաֆիա» բառը սենսացիայի համար չեմ օգտագործում. ուղղակի ուրիշ ճիշտ/փոխարինող բառ չկա իրավիճակը նկարագրելու համար: ԼԱՎ լուրն այն է,որ Հայաստանում ՍԿՍԵԼ են ոտքի ելնել մարդիկ. (որևէ ձևի) հեղաշրջումը արդեն ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ է. ժամանակի հարց է: ՀԳ. Համաձայն եմ 1 կոմենտին:
Կարեն
Քրիստինե ջան շնորհակալություն Ձեր բազմաչարչար աշխատանքի համար: Դուք միայնակ կատարեցիք այն, ինչ չկարողացան կամ չցանկցան կատարել մի ամբողջ համակարգի աշխատակիցներ:Շնորհակալություն նաև Ձեր թերթի ղեկավարությանը իրենց հետևողական և հայ ազգի համար բաղտորոշ նշանակություն ունեցող կառուցվացքի ապագաի նկատմամբ պայքարում: Վստահ եմ որ եթե ոչ այսօրվա ղեկավարության օրոք, ապա ժողովրդի ապագայով անհանգստացաց ղեկավարության օրոք մեղավորները անպայման կստանան իրենց արժանի պատիժը: Ցավոք' ուղղակի այն ժամանակ գործարանը էլ չի լինի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter