
Վարդան Պողոսյան. «ՀՀ Սահմանադրությունը փոփոխության կարիք չունի. եղածը պիտի կյանքի կոչվի»
«Երկրում սահմանադրականության զարգացման առումով ամենամեծ խնդիրը Սահմանադրության իրականացումն է, որը մղոններով հետ է մնում այն պահանջներից, որոնք ամրագրված են հենց տեքստի մեջ: Մինչդեռ բովանդակային առումով մեր Սահմանադրությունը համապատասխանում է ժամանակակից իրավական պետության չափանիշներին»,- այսօր' լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նշեց Միջազգային համագործակցության ընկերության իրավական ծրագրերի ղեկավար, սահմանադրագետ Վարդան Պողոսյանը:
Նրա կարծիքով` իրավական պետության առումով մեր սահմանադրական իրականությունը շատ է տարբերվում սահմանադրական պահանջներից, և այդ տարբերությունը վերացնելը ամենամեծ հրամայականն է Սահմանադրությունը հաստատելու այսօրվա ճանապարհին:
Բանախոսը նշեց, որ այսօր մեր պետությունը չի կարողանում իրականացնել Սահմանադրության` ժողովրդավարական պետությանը վերաբերող առաջին և երկրորդ հոդվածները:
«Ընտրությունների մեխանիզմը անկախության հռչակումից հետո եղել է անկատար, եթե չասեմ հակասահմանադրական, և առանց ընտրական մեխանիզմների գործուն երաշխիքների` հնարավոր չէ պատկերացնել ժողովրդավարական պետության կառուցումը: Ընտրական մեխանիզմների վերականգնումը, երկրում ազատ և արդար ընտրությունների իրականացումը առաջին հրամայականն է, որ Սահմանադրության մնացած պահանջները կատարվեն»,- ասաց Վարդան Պողոսյանը:
Նա հավելեց, որ ի վերջո, Սահմանադրությունն իրականացնողը գործադիր իշխանությունն է, և եթե չկա վստահություն գործադիր իշխանության նկատմամբ, ապա դժվար է ակնկալել, որ այդ երկրում, որքան էլ Սահմանադրության տեքստի մակարդակը կատարյալ լինի, հնարավոր կլինի այդ Սահմանադրությունը կյանքի կոչել:
Բանախոսը նաև նշեց, որ եթե Սահմանադրությունը հռչակում է, որ մարդն է հիմնական արժեքը, և ամենաառաջնայինն են նրա իրավունքները, ապա պետք է լինի նաև մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանություն:
«Մեխանիզմների առումով Սահմանադրությունում դրանք ամրագրված են: Ըստ էության, 2005-ի փոփոխություններից հետո դատական իշխանության ինստիտուցիոնալ կախվածություն գործադիր իշխանությունից այլևս չկա: Բայց կրկին այստեղ իրականությունը քիչ է առնչվում Սահմանադրության տեքստի հետ: Եվ արդյունքում դատական համակարգում մենք ունենք երկու հիմնախնդիր. առաջին` որ այն դե ֆակտո շարունակում է կապված ու կախված մնալ գործադիր իշխանությունից, երկրորդը` կոռուպցիայի այն մակարդակը, որ իշխում է դատարաններում»,- նշեց Վարդան Պողոսյանը:
Բանախոսը փաստեց, որ եթե երկրում մարդու իրավունքները պաշտպանող հիմնական մարմինը` դատարանը, չունի հասարակության վստահություն, ապա դժվար է խոսել մարդու իրավունքների պաշտպանվածության մասին:
Մեկնաբանել