HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորցիները՝ քաղաքի մասին. «Ինչ պետք է ասեմ Վանաձորի զարգացման մասին, ոչ մի բանից էլա օգտվել չունեմ»

Լոռու մարզկենտրոն Վանաձորի 2012թ.-ի բյուջեի եկամուտները քաղաքապետ Սամվել Դարբինյանը կանխատեսել է 1 849 471,8 հազար դրամ, որից պետբյուջեից հատկացված դոտացիան կազմել է 1 129 243, 7 հազար դրամ: Եկամտային մասում համայնքի բյուջեի սեփական հարկային եկամուտներն ու տուրքերը կազմել են 420 658 հազար դրամ:

Բացի սրանից՝ Վանաձորի ներհամայնքային ճանապարհների վերանորոգման նպատակով ՀՀ կառավարության 2012թ. 1-ին և 2-րդ հրատապ ծրագրերով հատկացել է 310,4 մլն դրամ, 17 շենքի տանիքների վերանորոգման համար հատկացվել է 130 մլն դրամ, 11 շենքի վերելակների վերանորոգման համար՝ 30 մլն դրամ, 5 բակի և խաղահրապարակի նորոգման համար հատկացվել է 40 մլն դրամ:

Բյուջեի եկամուտների և կառավարության հրատապ ծրագրերով հատկացված պատկառելի գումարների ծախսումների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար «Հետքն» ընդունելություն խնդրեց Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանից: Վերջինիս օգնական Էդիկ Հովսեփյանը տեղեկացրեց, որ քաղաքապետը ժամանակ չունի՝ դեմ առ դեմ պատասխանելու լրագրողի հարցերին, և մեզ հետաքրքրող հարցերը կարող ենք գրավոր ուղարկել:

Մինչ Սամվել Դարբինյանին գրավոր հարցեր ուղղելն ու դրանց պատասխանները ստանալը Վանաձորի համայնքային բյուջեի և քաղաքի զարգացման մասին զրուցեցինք քաղաքի կենտրոնական փողոցներով քայլող վանաձորցիների հետ:

Լրագրող, «Բարի լույս Լոռի» ծրագրի հեղինակ և ռադիոհաղորդավար Դավիթ Անտոնյանն ասաց, որ բոլորովին տեղյակ չէ Վանաձորի համայնքային բյուջեից: «Ես տեղյակ եմ միայն քաղաքը լքող մարդկանց քանակից: Մինչև չլինեն գոնե մինիմալ աշխատավարձով կայուն աշխատատեղեր, Վանաձորը առաջ գնալ չի կարող»,- ասաց լրագրողը:

«Ինչքան ուժները պատում ա, էնքան էլ քաղաքը զարգացնում են: Ես կուզենայի՝ Երևանից մեր քաղաքին միջոցներ տրամադրեին և մեր փողոցները մի կարգին ասֆալտապատեին: Էդ վերևից պետք է անել տան, էստեղ ոչ մի բան էլ չի արվում»,- ասաց կենսաթոշակառու Ալեքսան Մանուկյանը:

Մասնագիտությամբ մարկետոլոգ Հովհաննես Եղյանը կարծում է, որ Վանաձորը զարգացման ներուժ ունի, ուղղակի պետք է ուշադրություն դարձնել քաղաքին, մի փոքր սիրել այն ու ղեկավարել:

«Այսօր Վանաձորի զարգացման տեսլական չկա, որ հետո էդ մարդկանց ասենք՝ գոնե ձեր կատարածի 25 տոկոս աշխատանքը ներկայացրեք: Քաղաքապետը, բնականաբար, Վանաձորի բնակչությանը իր կատարած աշխատանքների մասին հաշվետվություն պետք է տա: Մենք ընտրել ենք իրեն, որ ինքը մեր քաղաքի հարցերը լուծի: Մարդիկ, չտեսնելով քաղաքի զարգացման հեռանկարները, թողնում, հեռանում են քաղաքից»,- ասում է Հովհաննեսը:

Նա մտահոգված էր նաև Վանաձորի ճանապարհաշինությունից: «Քաղաքի ճանապարհաշինությամբ զբաղվում է հենց քաղաքապետին պատկանող շինարարական ընկերությունը: Հանրապետության 3-րդ քաղաքն է, գոնե կենտրոնական փողոցը պետք է ամբողջությամբ կապիտալ վերանորոգման ենթարկվի: Գալիս են, անձրևի տակ մի փոքր տեղ քանդում են, ասֆալտ են լցնում, մի որոշ ժամանակ անց ասֆալտը դուրս է թռչում: Բյուջեի եկամուտները քաղաքապետը իր մի գրպանից հանում է, մյուսը լցնում: Մինչդեռ փողոցների վերանորոգման փողը քաղաքապետարանի փողն է: Թող իրա ֆիրման զարգանա, բայց այդ ամեն ինչը արվի քաղաքին օգուտ տալու համար»,- ասաց Հովհաննես Եղյանը:

Վանաձորցի Լենա Պապյանը դժգոհեց իր սոցիալական վիճակից: «Ինչ պետք է ասեմ Վանաձորի զարգացման մասին, ոչ մի բանից էլա օգտվել չունեմ: Ինն երեխա ունեմ, երեխաներս չեն աշխատում, 11 անձով իմ և ամուսնուս թոշակի հույսով ապրող ենք, իմ և ամուսնուս թոշակը միասին 57 հազար դրամ է»,- ասաց Լենա Պապյանը:

Մասնագիտությամբ դիզայներ Շաքե Կիրակոսյանի կարծիքով՝ Վանաձորը չի զարգանում, որովհետև ղեկավարները վատ են ղեկավարում քաղաքը, իսկ բնակիչներն էլ իրենց իրավունքները չգիտեն, պահանջներ չեն դնում քաղաքի ղեկավարների առջև:

Գրիշա Բոշյանը ևս լավ բան չի տեսնում Վանաձորում: «Թանկացումները են, թոշակները մի կոպեկ չեն ավելացնում, աշխատանք չկա, ջահելները լքում են երկիրը: Թոշակն էլ ստանում ենք մի երկու կոպեկ, տան վարձ ա, գազ ա, տալիս ենք, սոված նստում ենք»,- ասում է նա:

Համայնքի բյուջեից իրեն սոցիալական օգնություն ցուցաբերելու համար Գրիշա Բոշյանը դիմել է քաղաքապետին: Քաղաքապետը կարճ ու կոնկրետ պատասխանել է նրան. «Մենք բյուջե չունենք, որ Ձեզ օգնենք»:

Դժվար ապրելակերպից նեղսրտած թոշակառուն գրպանից հանեց պարտքի ցուցակը և ասաց. «Այ, էս պարտքացուցակը տեսեք, գնում եմ խանութից նիսյա վերցնում եմ, որ երեխեքիս գոյությունը սրանով պահպանեմ: Թոշակս ստանում եմ, պարտքը տալի ու առանց փողի նստում եմ, հաջորդ թոշակին եմ ստանում»:

Գրիշա Բոշյանը 36 հազար դրամ թոշակ է ստանում, այս ամիս նա 22 հազար դրամ խանութի պարտք կվաճարի, գազի և լույսի վարձերը վճարելուց հետո, նոր պարտք չվերցելու դեպքում, նրա ընտանիքին քաղց է սպասում:

Վանաձորի բյուջեի ծախսումներին «Հետքն» ավելի մանրամասն կանդրադառնա քաղաքապետ Սամվել Դարբինյանից որոշ պարզաբանումներ ստանալուց հետո:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter