HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոմբինատի անվտանգության աշխատակիցների և քաղաքապետի եղբոր գործով դատաքննությունը շարունակվում է

Այսօր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ալավերդու նստավայրում տեղի ունեցած Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի  անվտանգության պետ Արսեն Չիթչյանի, անվտանգության աշխատակից  Էդգար Հախվերդյանի և Կարեն Խաչիկյանի դատաքննությանը դատարանը հետազոտեց  քրգործում առկա գրավոր ապացույցները: Դատավոր Սուրեն Բաղդասարյանը հայտնեց, որ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից ամբաստանյալներ Արսեն Չիթչյանի, Էդգար Հախվերդյանի և Կարեն Խաչիկյանի առաջադրված մեղադրանքի հիմքում որպես հիմնավորող ապացույցներ դրվել է տուժող Սյուզաննա Հարությունյանի Ախթալա քաղաքի Աբովյան 22 շենքի  թիվ 6, տուժող Բենիկ Չիթչյանի Ախթալայի Շահումյան 22 շենքի թիվ 2 բնակարանների զննության, Բենիկ Չիթչյանի  բնակարանում կատարված խուզարկության, կատարված քննչական և դատաձգաբանական փորձաքննության արձանագրությունները և այլ գրավոր ապացույցներ: 

Ըստ խուզարկության արձանագրության`Բենիկ Չիթչյանը մինչ իր բնակարանի խուզարկությունը հայտարարել է, որ իր բնակարանում ապօրինի զենք և զինամթերք չկա: Խուզարկության ընթացքում նրան պատկանող  բնակարանում Արսեն Չիթչյանի ննջասենյակում  հայտնաբերվել է 1 հատ  7/68 տրամաչաձի փամփուշտ և 3 հատ 7/62 տրամաչափի փափուշտներ, որոնցից 2-ի գնդակի ծայրի մասում արված են անցքեր, իսկ մեկի պարկուճի վրա անցք, և հայտնաբերված փափուշտները մտցված են բանալիների համար նախատեսված օղակների վրա:  

Արձանագրության մեջ նշված է, որ Բենիկ Չիթչյանը հայտնել է, որ 4 փամփուշտն էլ պատկանում են իր տղային` Արսեն Չիթչյանին, ով փամփուշտները իրեն հետ բնակարան է բերել մոտ 5 տարի առաջ`բանակից զորացրվելուց հետ: Էդգար  Հախվերդյանի շահերի պաշտպան Մհեր Դավթյանը  դատարանին հայտնեց, որ հայտնաբերված` բանալիներ համար նախատեսված մետաղյա օղակների վրա գտնվող փափուշտները զինամթերք  չեն կարող կոչվել:

«Փորձագետը մի հստակ մեկնաբանություն պետք է աներ, թե առգրավված տեսքով դրանք ռազմամթերք հանդիսանում են, թե չէ, պիտանի են  կրակելու հանար, թե ոչ: Ես չեմ պատկերացնում, որ  բանալիի, էդ բռիլոկի օղակով կարողանային փափուշտները հրացանի մեջ մտցնեին և կրակեին»,- ասաց պաշտպանը:

Վերջինս հայտնեց, որ փափուշտների հետ կապված  հետագայում  դատարանում հանդես են գալու միջնորդությամբ: Մհեր Դավթյանը  դատարանում հայտարություն արեց նաև քրեական գործում գտնվող  հեռախոսային ձայնագրառումների փաստաթղթերի շուրջ. «Ես կխնդրեմ, որ  դատարանը ուշադրության արժանացնի 094 05 01 90  և  094 55 47 93 հեռախոսահամարների ձայնագրառմանը: Դրանցից  094 05,01.90 համարը  պատկանում է փաստաբան Ռուբեն Հակոբյանին: Պաշտպանը գտնում էր, որ  օպերատիվ հետախուզական միջոցառումների մասին օրենքի համաձայն, ձայնագրառումը տեղի  ունենալուց հետո պետք է անմիջապես այն  ոչնչացվեր, որը չի կատարվել: Մհեր Դավթյանը գտնում էր, որ դրանով խախտվել է նաև պաշտպանական իրավունքը:  Նա  անդրադարձավ նաև  2012թ.-ի  դեկտեմբերի 18-ին քննիչի կողմից կայացրած քրեական հետապնդում  իրականացնելու մասին որոշմանը, որտեղ հանցակազմի բացակայության հիմքով Էդգար Հախվերդյանի վերաբերյալ  քրգործը կարճվել է: 

Վարույթի  նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 2012թ.-ի դեկտեմբերի 21-ին որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու որոշումը վերացնելու մասին, սակայն Մհեր Դավթյանն ասում է, որ այդ որոշումը չի տրամադրվել պաշտպանական կողմին, որը պաշտպանը դիտեց պաշտպանական իրավունքի խախտում: Մեղադրող Արմեն Շիրոյանը դատարանին տեղեկացրեց, որ հեռախոսային ձայնագրառում կատարելիս ձայնագրառողները չէին կարող իմանալ, որ ձայնագրառվողներից մեկը պաշտպանի հեռախոսն է: Ինչ վերաբերվում է Էդգար Հախվերդյանի հետ կապված որոշմանը, ապա Արմեն Շիրոյանը ասաց, որ այդ որոշումը որևէ մեկը իրենից չի պահանջել:  

Արսեն Չիթչյանի շահերի պաշտպան Երվանդ Վարոսյանը, անդրադառնալով քրգործում առկա հեռախոսայի խոսակցությունների գաղտնալսումներին, նշեց,  որ  դատարանը իր դիրքորոշումը այս փաստի առթիվ պետք է հայտնի: Պաշտպանը նաև դատարանին տեղեկացրեց, որ իր պաշտպանյալն այս պահին չի ցանկանում դեռևս ցուցմունք տալ, սակայն պաշտպանության կողմը միջնորդություն ունի դատարանին ներկայացնելու` դատաձգաբանական փորձագետին դատարան հրավիրելու և հարցաքննելու վերաբերյալ: «Դրանից հետո ցուցմունք տալու կամ չտալու վերաբերյալ իմ պաշտպանյալի վերաբերմունքը կարտահայտվի»,- ասաց Երվանդ Վարոսյանը:

«Դուք դիրքորոշում հայտնեցիք, որ մինչև նրանց հարցաքննելը ձեր պաշտպանյալները չեն պատրաստվում ցուցմունք տալ»,- պաշտպանին հարցրեց  դատավոր Բաղդասարյանը: «Այո»,- պատասխանեց պաշտպանը:  Մեղադրող Արմեն Շիրոյանն էլ դատարանին միջնորդություն ներկայացրեց  տուժող Սյուզաննա Հարությունյանի հարևանուհի Սոֆյա Ասլանյանին և տուժող  Բենիկ  Չիթչյանի մորը`Բավական Չիթչյանին դատարան հրավիրելու մասին:  Դատավոր Սուրեն Բաղդասարյանը բավարարեց ներկայացված միջնորդությունները:  

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա  մայիսի 29-ին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter