HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Քաղաքացին ներկայացնում է ապացույցներ, բայց քրեական գործ չեն հարուցում

Կապան քաղաքի բնակիչներ Վալերիկ Մկրտչյանի եւ նրա տիկնոջ` Սիլվա Բալայանի` 5 տարիների ընթացքում պետական ատյաններին ուղղված նամակներն ու հարցումներն արդեն կիլոգրամներ են կշռում: Միայն «Հետքին» ուղարկված նամակն ու կից փաստաթղթերը կշռում են 2 կգ: Սիլվա Բալայանը նույնիսկ կատակում է, որ իր հարցումների մեջ այնքան է խորացել, որ մտածում է երկրորդ՝ իրավաբանի մասնագիտություն ձեռք բերելու մասին:

Նրանց խնդիրն ի սկզբանե սովորական քաղաքացիական հարց չէր, քանի որ այն վերաբերում է ամուսիններին` 1994թ. սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ անհայտ պատճառներով իրավունքներից զրկվելուն: Այն հետեւանք է պաշտոնատար անձանց մասնակցությամբ համատեղ, կամայական գործողությունների:

Նրանցից յուրաքանչյուրը յուրովի է մասնակցել սույն խնդրի առաջադրմանը, ինչի պատճառով էլ ամուսինները հայտնվել են անորոշության մեջ: Նրանց միշտ չէ, որ հաջողվում է խուսափել կոնֆլիկտներից եւ անցանկալի միջադեպերից, այդ թվում՝ իրավապահ մարմինների հետ։ 

«Սահմանադրությունից եւ օրենքներից զորեղ է «մեծն» կոռուպցիան, իսկ պաշտոնները, կարծես թե, վստահվում են հենց այն անձանց, որոնք հնարամիտ են, խաբելու մեծ վարպետ են եւ ունեն օրենքները խախտելու առանձնակի օժտվածություն: Հայաստանում օրենքներն ընդունվում են ոչ թե նրանով ղեկավարվելու համար, այլ միջազգային հարաբերություններում «իրավական երկրի» համբավ ունենալու համար»,- ասում է Սիլվա Բալայանը։

Ամուսինների 5 տարվա փնտրտուքները որեւէ արդյունք չեն տվել եւ առայսօր մնում է չբացահայտված թե ո՞վ է յուրացրել սեփականության իրավունքով նրանց պատկանող գույքը, տեր դարձել նրանց իրավունքներին:

Նրանց նամակները հասել են մինչեւ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Կառավարությունից գլխավոր դատախազին վերահասցեագրված նամակը, ինչպես նաեւ, ՀՀ  ոստիկանապետին, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական կոմիտեի նախագահին ուղղված դիմումները շրջապտույտ կատարելով վերադարձել են համակարգերի տարածքային ստորաբաժանումներ, որոնց պատասխանատուների գործողությունների դեմ բողոքում են ամուսինները:

Նրանք դժգոհում են Սյունիքի իրավապահ մարմիններից, այդ թվում` ոստիկանության պաշտոնյաներից եւ նամակ են ուղարկել ՀՀ ոստիկանապետին, իսկ վերջինս,  խախտեով կառավարության ամրագրած գործավարության կարգը, քաղաքացու նամակը վերահասցեագրել է ոստիկանության Սյունիքի մարզային վարչությանը: Սիլվա Բալայանի ասելով՝  արդարադատության նախարարությունում նույնպես ընդունված չէ քաղաքացիների դիմումներին տալ իրավաչափ ձեւակերպումներով պատասխան:

Ս. Բալայանը դիմում է գրել Սյունիքի մարզի դատախազին, որով նա հայտնել է իրենց սեփական գույքի «փաստաթղթային զավթում» կատարված լինելու, դրանից բխած կյանքի համար վտանգավոր հետեւանքների եւ այլ հանգամանքների մասին: Միաժամանակ, անձամբ ներկայացրել է դիմումի մեջ բարձրացված խնդրին առնչվող ուշադրության արժանի փաստեր՝ այն, որ կադաստրի Կապանի տարածքային ստորաբաժանման պատասխանատուները մերժել են ք. Կապան, Գ. Արզումանյան փ. 3-րդ նրբանցքում գտնվող թ. 33ա հերթական համարով իրենց պատկանող գույքի պետական առաջին գրանցման գործընթացով գրանցումը, եւ 1994թ. սեփականության իրավունքի վկայագիրը համարել են այլեւս իրավաբանական ուժը կորցրած եւ գործածության համար ոչ ենթակա:

Կադաստրի տարածքային ստորաբաժանման պատասխանատուներն իրենց գործողությունները հիմնավորել են «Կապան» նոտարական տարածքում կնքված նոտարական գործարքով: Նոտարական գործարք ասելով`  նրանք նկատի են ունեցել Վալերիկի հանգուցյալ հոր` Զավեն Մկրտչյանի անվամբ Գ. Արզումանյան փ., 3-րդ նրբ., տ 33 հասցեով հաշվառված գույքի եւ նրա նկատմամբ ժառանգների իրավազորությունների պետական գրանցումը:

Եթե իրականում նոտարական գործարք կատարված էլ լիներ, այն չէր կարող կապ ունենալ ամուսինների սեփականության հետ, քանի որ նրանք իրենց գույքի նկատմամբ գործարք կնքելու համար նոտարական գրասենյակ չէին դիմել, իսկ թ.33 հասցեի գույքի նկատմաբ նոտարական գործողություններ իրականացնելը, նույնպես օրենսդրական պահանջների խախտում է, քանի որ նախ, ըստ ամուսիների, հանգուցյալի անվամբ հաշվառված գույքը պետական գրանցում չէր ստացել եւ հանգուցյալի անվամբ չուներ սեփականության իրավունքի վկայական: Բացի այդ, այն անհնար է առանց որդու իմացության իրականացնել, առավել եւս գաղտնի, որովհետեւ վերջինս առաջին հերթի ժառանգներից է, եւ նրան պատկանող թ. 33ա եւ հանգուցյալ հոր անվամբ հաշվառված թ.33 գույքի տարբեր օբյեկտներն ունեն ընդհանուր կողային հիմնապատ, տանիք, բակ եւ այլն:

Վալերիկ Մկրտչյանը 1991թ. մարտի 1-ից առ այսօր հաշվառված է Գ. Արզումանյան փ. 3-րդ նրբ., տ33 հասցեում, իսկ 1991թ. մարտի 15-ին գործողության մեջ մտած Հողային օրենսգիրքի ուժով նա ձեռք է բերել սեփականության իրավունք նույն հասցեի հողամասի, նրանում ամրակցված բնակելի տան, շինությունների եւ տնամերձ հողամասի նկատմամբ: Նրա այդ իրավունքը պետք է գրանցվեր գույքի պետական առաջին գրանցման գործընթացով, որը համընկել է հոր մահվան (23.12.2005թ.) հետ։

Ս. Բալայանի պատմելով` իրենց համար առեղծվածային էր գույքային իրավունքներից զրկվելու փաստը եւ խիստ կասկածելի կադաստրայինների հորդորները «դիմել դատարան»:  Ամուսինների ասելով` մոտ 1,5 տասնամյակ է տարբեր տեղերից լսել են, թե ազգականներից մեկը հավակնություն ունի տիրանալու նրանց գույքին եւ Կապանում  նոտար հարսի միջոցով կհասնի դրան:

Վալերիկը ժառանգության պահանջով դիմել է «Կապան» նոտարական տարածքի նոտար Վիեննա Հայրապետյանին` կից ներկայացնելով պահանջված տեղեկանքը: Նոտարը, խախտեով ՀՀ «Նոտարիատի մասին» օրենքի պահանջը, գործարք կատարելու մասին մերժման որոշումը կայացրել է դիմում տալու օրվանից երկու օր հետո, մինչդեռ պետք է կայացներ նույն օրը:

Ժառանգության պահանջի նոտարական մերժումը Վ. Հայրապետյանը հիմնավորել է 2006 թվականի հուլիսի տեղեկանքով, այնինչ մերժման գործում առկա է 2006թ. նոյեմբերի ամսաթվով տեղեկանք, որն իրենից ներկայացնում է Վալերիկին տրված տեղեկանքում նշված փաստերի հերքում: Սիլվա Բալայանի հավաստմամբ, տեղեկանքը առանց Վալերիկին տեղյակ պահելու, նրանից թաքուն տրամադրել է Կապանի Գ. Արզումանյան փողոցի խորհրդային պետության լիազորություններով թաղային կոմիտեի նախագահ Արթուր Արզումանյանը՝ հակասելով նաեւ ամիսներ առաջ իր իսկ տված մեկ այլ տեղեկանքին:

Փաստերը հերքող տեղեկանքը ստորագրությամբ ստացել է երրորդ անձ եւ հանձնել նոտարին: Դրա հետ էլ կապված է եղել Վիեննա Հայրապետյանի նոտարական գործարքի մերժման որոշումը երկու օր ուշացումով կայացնելը: Սիլվա Բալայանն ասում է, որ  ոստիկանության աշխատակիցները պարզել են եւ արձանագրել, որ մյուս ժառանգները դիմել են նոտարին ավելի ուշ, քան Վալերիկը (15.11.2006թ.), իսկ թաղային կոմիտեի նախագահը նրանց տեղեկանք է տվել 2006թ. դեկտեմբերին: Ուստի, նոտարի մերժումը եւ հիմնավորվածությունը հավաստի լինել չէր կարող։

2008 թվականին  ամուսինները կադաստրի Կապանի տարածքային ստորաբաժանման, Լեռնաձորի գյուղապետարանի եւ տարածքային հարկային տեսչության տվյալների բազայից  պարզել են, որ հանգուցյալին ծնողներից փոխանցված, Կաթնառատ գյուղում գտնվող, գույքի նկատմամբ նոտարական գործարք, ինչպես նաեւ գույքի եւ դրա նկատմամբ իրավազորությունների պետական գրանցում կատարված չէ: Նոտարը եւ ժառանգառուները չգիտես ինչու, «մոռացել էին» դրա մասին եւ չէին ընդգրկել նշյալ գույքը իբրեւ արդեն բաշխված ժառանգության զանգվածի կազմում: Այդ մասին հիշել են 2008թ., երբ «մոռացված» գույքի նկատմամբ կատարված ոտնձգությունների փաստի առթիվ ոստիկանության Կապանի բաժնում կատարվում էր քննություն:

Ամուսինները եզրակացրել են հետեւյալը. որպեսզի չբացահայտվի նախորդ նոտարական գործարքի շինծու լինելը, նոտարի Սյունիքի մարզպետարանի պատասխանատու պաշտոնյա ամուսնու միջնորդությամբ Լեռնաձորի համայնքի ղեկավարից ձեռք է բերվել կեղծ փաստեր պարունակող, առանց դրոշմակնիքի, տրվելու ամսաթվի, հերթական համարի, մատյանային գրանցման տեղեկանք եւ հետաքննության գործընթացի ժամանակ, իրավապահների թողտվությամբ կատարվել նոտարական գործարք եւ իրավազորությունների գրանցում:

Ավելի ուշ, Կապանի Գ. Արզումանյան փողոցի թաղային կոմիտեի նախագահի եւ Լեռնաձոր համայնքի ղեկավարի կողմից տրված տեղեկանքների տվյալները կեղծ լինելու փաստի առթիվ Վալերիկ Մկրտչյանի Սյունիքի մարզի դատախազին ուղղված դիմումի քննության նյութերում առկա փաստաթղթերից բողոք բերած ամուսինները պարզել են, որ նրանցում կեղծված են սուբյեկտների եւ գույքի օբյեկտների հասցեները, որոնք չեն համապատասխանում փաստացի հաշվառման եւ գտնվելու հասցեներին: Սուբյեկտների անձնագրային հասցեները գրանցված են համապատասխանաբար՝ Ա. Մանուկյան եւ Գ. Արզումանյան փողոցներում, սակայն նոտարական վկայագրերում նրանց հասցեները նշված են Լենինի փողոցում:

Թաղային կոմիտեի նախագահի տեղեկանքը, ծանրաբեռնված ժառանգության հետ կապ չունեցող անձանց անուններով, կազմված է գույքի փաստացի գտնվելու` Գ. Արզումանյան փողոցի հասցեով, նոտարական վկայագրերը կազմված են Լենինի փողոցի հասցեով: Այդ հասցեով է տրված նաեւ  կադաստրի տարածքային ստորաբաժանման տեղեկանքը, որը կազմված է դարձյալ ոչ սահմանված միասնական տեղեկանքի ձեւի վրա:

Սիլվա Բալայանի ասելով` Լենինի փողոցի հասցեով նոտարական վկայագրերի հիման վրա, կադաստրի տարածքային ստորաբաժանման աշխատակիցները տրամադրել են սեփականության իրավունքի վկայական այս անգամ կրկնակի հասցեով՝  Ա. Մանուկյան (Լենինի), իսկ նոտարական վկայագրերում արտացոլված 400քմ հողամասի եւ 160,2քմ մակերեսով բնակելի տան չափերում գրանցվել է աննախադեպ աճ, համապատասխանաբար՝ 0,4 հա (4000քմ) եւ 191,8 քմ: Այնուհետեւ կնքված նվիրատվության պայմանագրով Վալերիկի մայրը մյուս որդուն է նվիրել ընդհանուրի մեջ իր 3/4-ական բաժնեմասը կազմող 0,4 հա հողամասը եւ 235,4 քմ բնակելի մակերեսը:

Քննություն կատարողները չեն «նկատել», որ  միասնական տեղեկանքը տրված է ոչ թե նվիրատուին, այլ նվիրառուին, իսկ կադաստրի ղեկավարները միասնական տեղեկանքի պատճենի մեջ կատարել են ավելացումներ՝ թոնրատան ու ջրավազանի մակերեսները գրանցելով որպես բնակելի մակերես։

Ամենուրեք ամուսիններին փորձում են համոզել, որ  Ա. Մանուկյան փողոցնվիը նախկինում կոչվել է նաեւ Գ. Արզումանյանի անունով, դա փողոցի նախկին անվանումն է, եւ նոտարը գործարքը կնքել է փողոցի հին անվանումով:

Սիլվա Բալայանն ասում է, որ համատեղ իրականացրած ապօրինությունները պաշտպանության տակ է առել Կապանի քաղաքապետարանի ղեկավարությունը: Կապանի արդեն նախկին փոխքաղաքապետ Գագիկ Ղահրամանյանը, կադաստրի պետական կոմիտեի Կապանի ստորաբաժանման ղեկավար Գագիկ Աղախանյանի հետ համատեղ, կազմել են առանց իրավական հիմնավորման տեղեկատվական փաստաթուղթ, որում գրված է, թե իբր Գ. Արզումանյան փ., 3-րդ նրբ., թ. 33 բնակելի տունը նախկինում ունեցել է Ա. Մանուկյան փ., 3-րդ նրբ. թ.33 հասցեն:

Ս. Բալայանը կարծում է, որ փոխքաղաքապետը չարաշահել է իրեն ժամանակավոր վստահված լիազորությունները եւ կատարել է պաշտոնական կեղծիքներ: «Նա չի հիշել կամ էլ կասկածել է մեր հիշողության վրա, որ ինքն է նամակով պատասխանել փողոցների, նրանցում առկա նրբանցքների վերաբերյալ փաստաբանի հարցումներին եւ հայտնել, որ հարցումների վերաբերյալ տեղեկատվությունն արխիվացված է, անհրաժեշտ է դիմել Ազգային արխիվ»,- ասում է Ս. Բալայանը:

Ամուսիններին տրամադրված արխիվային տեղեկանքները  փաստում են, որ Գ. Արզումանյան փողոցը` երեք նրբանցքով,  անվանակոչվել է 1977 թվականին եւ առ այսօր անվանափոխության չի ենթարկվել, իսկ Լենինի անունով փողոցը` մեկ նրբանցքով, անվանափոխվել եւ գործում է 1991 թվականից։  

Կառավարության N 2387-Ն որոշմամբ եւ ղեկավարվելով ՏԻՄ մասին օրենքով, Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանը, առանց իրավական հիմքերի, նույնացրել է համայնքի ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտները՝ Գ. Արզումանյան փողոցի 3-րդ նրբանցքը եւ Ա. Մանուկյան փողոցի գոյություն չունեցող 3-րդ նրբանցքը եւ իր որոշումն անվանել «նախկին Ա. Մանուկյան փողոցի 3-րդ նրբանցքի 33 հասցեում գտնվող տանը նոր հասցե տալու մասին»:

Քաղաքապետը նշված որոշումը կայացրել է  ՀՀ ոստիկանության  գլխավոր քննչական վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնում ոստիկանապետին հասցեագրված դիմումի կապակցությամբ նախաքննություն կատարելու ժամանակ: Այդ գործընթացի ընթացքում անձնագրային բաժնում, թ.33 հասցեի հաշվառումից հանվել է Վալերիկ Մկրտչյանը:

Այդ ամենի մասին նա իմացել է  պատահաբար: Ամուսիններն ունեն տեղեկություն, որ Գ. Արզումանյան փողոցի 3-րդ նրբանցքում գտնվող թ.33 եւ թ. 33 ա  գույքի տարբեր օբյեկտները միավորվել են մեկ համարի տակ, որոնց նկատմամբ սեփականության իրավունք է ստացել Վալերիկի մայրը՝  Թամարա Մանուչարյանը, որը նվիրատվության պայմանագիր է կնքել ոմն Սվետլանայի հետ, իսկ վերջինս նոտարական մեկ այլ գործարքով գույքը կիսել է ինչ- որ Աղաբեկյանի հետ: Աղաբեկյանները «Կապան» նոտարական տարածքի նոտար Վիեննա Հայրապետյանի ամուսինն է, որդիները եւ ընտանիքի ամուսնու կողմի անդամները: Ըստ Ս. Բալայանի` ինքն ու ամուսինը բոլոր դիմումներում եւ տված բացատրություններում նշել են այս կասկածների մասին։ Որեւէ մարմին նրանց տեղեկատվությունը չի հերքել:

«Հետքի» հետ զրույցում Նոտար Վիեննա Հայրապետյանը հերքեց, որ իր ընտանիքի անդամները «աչք» ունեն իրենց ազգականների գույքի նկատմամբ: «Իմ սկեսուրը ու սկեսրայրը ինտիլիգենտ մարդիկ են, նրանք նման բան չեն կարող իրենց թույլ տալ: Սիլվա Բալայանն է որդեգրել Կապանի պաշտոնյաներին վարկաբեկելու քաղաքականություն: Նա ասել է, թե պարապ է մնում դրա համար է պաշտոնյաներին նամակ գրում»,-ասում է նոտարը:

Հարցին, թե ինչու է գոյություն չունեցող հասցեում նոտարական գործարք կնքել, Վ. Հայրապետյանը Սիլվա Բալայանին խորհուրդ տվեց դիմել դատարան: «5 տարի է նամակներ են գրում, ինչո՞ւ չեն դիմում դատարան»,-ավելացրեց նոտարը:

Սիլվա Բալայանն էլ հավելեց, որ առայժմ ապացույցներ է հավաքում, իսկ եղածները բավարար են մի քանի պաշտոնյաների դեմ քրեական գործեր հարուցելու համար:

Մեկնաբանություններ (8)

Anna
anardarutyuna
Anna
Ays kargi pashtonyannerin inchu e tvum te orenqi xek@ irenc dzerqine ev irencic xelaci mardik chkan.Xixch unecek ev verj tveq ays xardaxutyunnerin.Isk dzez xelaci amusinner exeq amur u payqareq aynqan vorqan harkavore.Meke chisht@ verjum haxtelu eeee.
Ռոման
Et nuyn dzevov notar@ hastat qaxaqapeti, vostikanapeti u shat ornqi pahapanneri hamar orenq@ shrjancelov lavutyuna arel.Hima el irenc hertna notarin lavutyun anel` ayspes asac(mejqin kangnel)
Varaz Syuni (Amsterdam)
Indz hamar el e da SHAT zarmanali yev NUYNISK KASKATSELI, vor mi amboxch kaxaki (mot 45000) u shrjakayki hamar KA YNDHAMENY 1 նոտարական grasenyak/1 notar.
Elmira
21 век Когда законы Государства будут защищать права народа,когда нотариус в лице клиента увидит человека,а не источника прибыли.Сколькл можно ущемлять права человека,морально терроризировать. И без того сотни домов пустуют,люди,отчаявщиеся уезжают. Кто правит нацией,кто думает о человеческом факторе. Опомнитесь уважаемые Господа представители закона и права
Артур
А как вы хотели,один нотариус и 40-50 тысячи жителей(с округами вместе).Если это правда, как говорят супруги,а я уверен ,что это так и есть, то это полный БЕСПРЕДЕЛ, начиная от мэра до нотариуса.ДОВЕДИТЕ ДЕЛО ДО ПОБЕДНОГО КОНЦА.Надеемся на ПРАВОСУДИЕ
гоар
АЙС ОДВАЦЫ КАРДАЛУЦ НОРИЦ У НОРИЦ АМОЗВЦИ ВОР АЙАСТАНУМ ОРЕНКЫ ЧИ АШХАТУМ . АРАНЦ КАШАРКИ ВОЧ МИ ПАСТАТУХТ ЧЕН ТАЛИС .ДРА АМАР ЭЛ МЕНК АЙЕРЫС ЧЕНК УЗУМ ВЕРАДАРНАЛ АЙАСТАН .МАРДУ ИРАВУНКНЕРЫ ПАШТПАНВАЦ ЧЕН .
Varaz Syuni (Amsterdam)
AHAVOR e........Yes amusinnerin (Վալերիկ Մկրտչյան / Սիլվա Բալայան ) IROK xorhurd em talis PAYKAREL minchev verj..........PARZ yerevum e vor XABEL en..................................Isk OV e HSKUM «Կապան» նոտարական տարածքի նոտար Վիեննա Հայրապետյանին?..........Sa ayspisi ARAJIN depky CHE.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter