HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Դիլիջանի միջազգային դպրոցի» հարցով պատգամավորները «նեղում» են ֆինանսների փոխնախարարին

Ազգային ժողովը քննարկում է «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին օրենքի նախագիծը:  

Ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը ներկայացնելով նախագիծը նշեց, որ Դիլիջան քաղաքում նախատեսվում է կառուցել եւ շահագործել միջազգային ստանդարտներին համապատասխան դպրոց: Ամբողջ ծրագրի արժեքը գնահատվում է շուրջ 550 մլն դոլար, որից 150 մլն դոլարը նախատեսվում է ներդնել դպրոցի շենքի կառուցման եւ անհրաժեշտ գույքային միջոցների ձեռքբերման ուղղությամբ, իսկ շուրջ 400 մլն դոլարը` գործառնական ծախսերի ու դպրոցի հետագա զարգացման ուղղությամբ:

Փոխնախարարի ասելով` ծրագրի շրջանակներում արդեն իսկ ներդրվել է 20 մլն դոլար, եւ դպրոցը շահագործվելուց հետո տարածաշրջանում լինելու է առաջինը:

Կառավարության ներկայացուցչի ասելով՝ խնդիրն այն է, որ հարկային եւ մաքսային արտոնությունների բացակայությունը հնարավորություն չի տալիս, որպեսզի ծրագրի իրականացման համար նախատեսված` նվիրաբերություններից գոյացած միջոցները ամբողջությամբ ծախսվեն ծրագրի իրականացման համար, ինչից ելնելով էլ հանդես են եկել արտոնություններ տրամադրելու մասին օրենքի նախագծով:

Դպրոցը նախատեսված է 600 երեխայի համար, որոնք պետք է լինեն բարձր գիտելիքներ ունեցողները: Նրանք լինելու են հիմնականում հայաստանցիները, սակայն սովորողներ կլինեն նաեւ արտերկրից: Ուսուցումը լինելու է վճարովի եւ մեկ երեխայի հաշվով նախատեսված է 30 հազար դոլարին համարժեք դրամ, սակայն լավագուն ունակություններ ունեցող եւ անվճարունակ երեխաների ուսման վարձը կվճարի հիմնադրամը:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը Սուրեն Կարայանից հետաքրքրվեց, թե արդյոք ունեն հայեցակարգ եւ դպրոցի հիմնումը ինչ դրական հետեւանքներ կարող է թողնել մեր տնտեսության վրա: «Միգուցե կրթում ենք քաղաքացիներ, որոնք լքելու են երկիրը»,- մտահոգվեց պատգամավորը:

Սուրեն Կարայանն էլ պատասխանեց, որ զգալի ներդրումներ են արվելու Երեւանից դուրս մի տարածքում, որը ենթակառուցվածքների զարգացում է ապահովելու, բացի այդ՝ բարձրակարգ կրթություն ստանալու հնարավորություն են ունենալու բազմաթիվ երեխաներ:

ՀԱԿ-ից Լեւոն Զուրաբյանն էլ կառավարության ներկայացուցչից պահանջեց հրապարակել ներդրողների ցանկը, բացի այդ՝ ինչու՞ պետությունը չէր կարող համապատասխան բաժնեմաս ունենալ այդ դպրոցում:

Ֆինանսների փոխնախարարն ասաց, որ ներդրողների ամբողջական ցուցակը այս պահին չի կարող տրամադրել, սակայն թվարկեց միայն հիմնադրամի անունը եւ բավարարվեց «բազմաթիվ բարերարներ» ձեւակերպումով: Իսկ թե ինչու պետությունը բաժնեմաս չունի, ըստ Ս. Կարայանի` «առանձին քննարկման թեմա է»:

Փոխնախարարը չպատասխանեց նաեւ Լ. Զուրաբյանի այն հարցին, թե որքան է լինելու տարեկան հարկային բեռը, ինչից ազատվելու է դպրոցը:

Պատգամավորները դժգոհում էին, որ Սուրեն Կարայանը կամ խուսափում է հարցերին կոնկրետ պատասխանելուց, կամ մանրամասներին չի տիրապետում:

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է նպաստել միջազգային չափանիշներին համապատասխան կրթահամալիրի կառուցման եւ շահագործման հանձնման աշխատանքներին: Բացի այդ` կրթահամալիրի ստեղծումը իր հերթին կնպաստի տարածաշրջանում նոր աշխատատեղերի ստեղծմանը, գործազրկության մակարդակի կրճատմանը, զբոսաշրջության զարգամանը:

Մասնավորապես, ակնկալվում է, որ ծրագրի շրջանակներում Դիլիջան քաղաքի ենթակառուցվածքների զարգացմանը կուղղվի 60-70 մլն դոլար, տարածաշրջանում ապրանքների արտադրության եւ ծառայությունների մատուցման ծավալը տարեկան կտրվածքով կաճի 10-12 տոկոսով: Իսկ մինչեւ 2020 թվական տեղական բյուջեի տարեկան մուտքերը կկազմեն շուրջ 1 մլն դոլար, գործազրկության մակարդակը կկրճատվի մինչեւ 12 տոկոս, աղքատության մակարդակը` մինչեւ 11 տոկոս, օտարերկրյա զբոսաշրջիկների թվաքանակը կկազմի մինչեւ 35 հազ. մարդ:

Նշենք, որ նախագծով, ծրագրի իրականացման շրջանակներում`

1) կազմակերպությունների կողմից ապրանքների ներմուծումն ազատվում է ավելացված արժեքի հարկից եւ մաքսատուրքից,

2) կազմակերպությունների Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների մատակարարումը եւ ծառայությունների մատուցումը (այդ թվում` անհատույց կամ մասնակի հատուցմամբ) ազատվում է ավելացված արժեքի հարկից,

3) կազմակերպությունների զուտ շահույթը մինչեւ հարկումը (կամ դրա մի մասը) ազատվում է շահութահարկով հարկումից, եթե այն (կամ դրա մի մասը) մինչեւ հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը օգտագործվում է (ներդրվում է) ծրագրի շրջանակներում,

4) կազմակերպությունների կողմից ոչ ռեզիդենտ կազմակերպություններին վճարվող` գործող օրենսդրության համաձայն, հայաստանյան աղբյուրներից ստացվող եկամուտներն ազատվում են ոչ ռեզիդենտի շահութահարկից,

5) կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանցից հողի ձեռքբերման համար վճարվող եկամուտներն ազատվում եկամտային հարկով հարկումից:

Մեկնաբանություններ (2)

Սուրեն Ներսիսյան
Նման դպրոցի գոյությունը մեր երկրի պայմաններում անիմաստ է․ եթե հնարավորություն կար այդքան գումար բարերարների միջոցով հավաքագրել, ապա ավելի ճիշշտ կլիներ երևի այն բաշխեին 15-20 դպրոցների, նոր սարքավորումներ, համակարգիչներ, քիմիական լաբորատորիաներ և այլն ստեղծելու համար․․․․ իմ մոտ տպավորություն է, որ մեր կառավարությունը նախաձեռնում է միայն այնպիսի քայլեր, որտեղ կա մեծածավալ շինարարություն,,, դե պարզ է ինչ պատճառներով․ Լրացուցիչ կասեի․․ ասենք, եթե դուք գիտեք, որ ենթադրենք Նիգերիան սարսափելի աղքատության մակարդակում է, մարդիկ սոված են․․ և այլն, ինչքան էլ որ Նիգերիայում մեկ հատ 500,000 արժողությամբ դպրոց բացեն, միևնույննն է, դուք Ձեր երեխային չեք ուղարկի ենտեղ,,, լոկ այն պատճառով, որ երկիրը ահավոր վիճակում է․․․ չեմ ուզում Հայաստանը համեմատել Նիգերիայի հետ, բայց ասենք Ֆրանսիահայի, կամ Ամերիկահայի համար Հայաստանի կրթության որակը մեղմ ասած գոհացուցիչ չէ․․․ որ իրենց երեխաներին ուղարկեն սովորելու․․․ ստացվում է, որ ծրագիրը դատապարտվածխ է կործանման, իսկ շինարարություն կատարողների ու գնումներով զբաղվողների համար այն կլինի հիանալի միջոց, որ մսխվեն ավելի շատ գումարներ․․․ Միայն այն փաստը, որ բարերարնեն ԱՆԱՆՈՒՆ են․․․ արդեն կոռուպցիայի նախանշաններ են․․․
Պեպո
1. (((- մեկ երեխայի հաշվով նախատեսված է 30 հազար դոլարին համարժեք (TV-ով լսածի համաձայն՝ ՏԱՐԵԿԱՆ!!!!) ))): Էս ավեր երկրի խալխը գժվել ա տո! 2. (((- լավագուն ունակություններ ունեցող եւ անվճարունակ երեխաների ուսման վարձը կվճարի հիմնադրամը-))) ,,լավագույն եւ անվճարունակ երեխաներն,, էլ կլինեն աշխատավարձով ապրող խեղճ պատգամավորների, բազմաչարչար մարզպետների ու դատախազ-դատավորների տաղանդավոր լամուկներն անշուշտ: Նրանք էլ բնականաբար կպատրաստվեն որպես մեր ապագա իմաստուն ու անշահախնդիր առաջնորդներ, միթե պարզ չէ? 1. Կարեւոր հարցը սակայն ստվերում է մնում - իսկ սրանց ,,գերխելացի,, դասատուներն ովքեր են լինելու? Այսինքն ում նախագծած ծրագրով են աշխատելու, ում համար եւ ինչ են սարքելու տեղական ,,մատերիալից,, ??? Եթե հավատ ու փոքրագույն վստահություն լիներ սրանց նկատմամբ, կարելի կլիներ ինչ որ լավ բանի սպասելիք ունենալ, սակայն այս կասկածելի մարդկանցից միայն հերթական, գլոբալ չարագործություն կարելի ակնկալել, իսկ ներդրողների գաղտնիությունը միայն մի պարզ բան կարող է նշանակել - կեղտոտոտ փողերի պարտակում!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter