
Գերմանական արկածներ. մի գողության պատմություն
Վերջերս մեկ ամսով հրավիրված էի Գերմանիա՝ լրագրողական սեմինարի մասնակցելու: 10 լրագրող էինք Հայաստանից, Վրաստանից, Սերբիայից, Եգիպտոսից, Քենիայից: Բնակվում էինք Բեռլինում: Սակայն ըստ ծրագրի՝ նաեւ մեկշաբաթյա ճամփորդություն էր նախատեսված, որի ժամանակ պիտի մեկնեինք հարեւան Բելգիայի մայրաքաղաք Բրյուսել, որտեղից էլ վերադառնալու էինք Գերմանիա՝ անցնելով Դյուսելդորֆ-Քյոլն-Մայնի Ֆրանկֆուրտ-Բեռլին երթուղով:
Բրյուսելից դուրս գալով նախաճաշից հետո՝ Դյուսելդորֆ հասանք տեղական ժամանակով ժամը 16-ին մոտ: Մի գիշեր պետք է մնայինք «Novum Hotels» գերմանական ցանցի «Մեդիսոն» հյուրանոցում, որը տեղակայված էր քաղաքի կենտրոնում՝ գլխավոր երկաթուղային կայարանին բավականին մոտ:
Դյուսելդորֆ ոտք դնելու հենց առաջին պահից սկսվեցին իմ արկածները: Հյուրանոցում գրանցվելու համար 12 հոգով սպասում էինք շենքի ներսում՝ նախասրահում: Ճամփորդական պայուսակս դրել էի նախասրահի բազկաթոռներից մեկի մոտ, իսկ թղթապանակս ու համակարգչային պայուսակս՝ հենց բազկաթոռին: Ընդունարանի սեղանը երկու մետրի վրա էր. այդտեղ էինք կանգնած: Կարծես մի պահ վտանգի զգացողություն ունեցա ու, դառնալով իրերիս մոտ, ստուգեցի դրանց առկայությունը. ամեն ինչ տեղում էր: Երբ սկսեցին բաժանել սենյակներն ու գրանցում կատարել, ես էլ մյուսների նման թղթի վրա մի քանի տվյալ լրացրի: Այդ ընթացքում երեւի մի 10 րոպե անցավ, ու երբ բանալին ձեռքիս կրկին դարձա պայուսակներիս մոտ, հայտնաբերեցի սարսափելին՝ ամենաթանկը՝ համակարգչի պայուսակը, չկար: Սկսեցինք փնտրել. պարզվեց, որ մերոնցից ոչ մեկն էլ չէր վերցրել սխալմամբ: Մնում էր ենթադրել, որ «թռցրել» են: Բայց ինչպե՞ս: Օրը ցերեկո՞վ, հյուրանոցի միջի՞ց, մարդկանց քթի տակի՞ց: Մեզ հրավիրած կազմակերպության երկու ներկայացուցիչները, որ ուղեկցում էին մեզ ճամփորդության ընթացքում, ու մենք ինքներս իրապես շփոթվեցինք: Նույնը կարելի էր ասել նաեւ հյուրանոցի ադմինիստրատոր տիկնոջ մասին, սակայն նրա պարագայում (էլ չեմ ասում մյուս աշխատակիցների մասին) ամեն ինչ հարաբերական էր:
![]() |
Հյուրանոցի նախասրահը, որտեղից կատարվել է գողությունը |
Այդ տիկնոջ եւ իր հյուրանոցի համար կարծես «մինուս» չէր, որ իրենց շենքից հենց նոր հյուրի են թալանել: Իմ այլայլված ու զայրացած վիճակից հետո փոխանակ ներողություն խնդրելու միջին տարիքի այդ ֆրաուն ոչ ավել, ոչ պակաս հայտարարեց, թե հյուրանոցի նախասրահը հանրային տարածք է այնպես, ինչպես փողոցը, ու իրենք պատասխանատվություն չեն կրում այդտեղ կատարվածի համար: Հետո հասկացա, որ նրանց ուշքն ու միտքը փոխհատուցումից խուսափելն էր: Այնինչ ինձ համար առավել զարմանալի էր այն, որ օրը ցերեկով կարող է նման բան կատարվել մի երկրում, որի «ապրանքանիշերից» մեկն էլ կարգապահությունն է: Տիկնոջ խոսքերն ավելի զայրացրին ինձ. փաստորեն եթե նախասրահը հանրային վայր է, ինչպես որ փողոցը, ապա այդտեղ էլ կարելի է ազատ ծխել, անել այն ամենը, ինչ եւ ինչպես փողոցում: Բայց պարզվում է՝ չի կարելի: Պարզապես հիմարություն է հյուրանոցի շենքի ներսի հատվածը փողոցի հետ համեմատելը: Մարդ շենք է մտնում եւ իրեն ապահով զգում, մանավանդ որ նախասրահում երկու տեսախցիկ է տեղադրված, բայց դա էլ, ինչպես հետո կպարզվի, ավելի շատ ձեւականություն է:
«Առաջի՞ն անգամ է այստեղից գողություն կատարվում»,- հարցնում եմ ադմինիստրատորին՝ նկատի ունենալով հյուրանոցը: Փորձում է մանեւրել ու ասում, որ նախասրահում երբեք նման բան չէր եղել: Ոչ, հարգելիս, այս հյուրանոցից առաջի՞ն անգամ է գողություն կատարվում. ճշգրտում եմ հարցը: Կրկին հիշում է փողոցն ու հանրային վայրը: Այդպես էլ չի ասում, թե արդյոք նախկինում գողություն եղել է «Մեդիսոն» հյուրանոցից: Առաջ անցնելով նշեմ, որ երբ բարձրացա իմ սենյակ, հասկացա, որ այստեղ սկսնակ գողն էլ կարող էր թալանել հյուրերին: 4-աստղանի հյուրանոցի միջանցքներում չնկատեցի որեւէ տեսախցիկ, դռները փակվում էին սովորական բանալիով: Այսինքն՝ կարելի էր հանգիստ մտնել շենք, բարձրանալ որեւէ հարկ ու դռներից մեկի կամ մի քանիսի բանալու անցքը հմտորեն «քչփորելուց» հետո բացել դուռն ու գողոնը վերցրած դուրս գալ:
Ընդ որում՝ մինչ Դյուսելդորֆ հասնելը հայ գործընկերներիցս մեկն ասաց, որ համացանցային ֆորումում կարդացել է «Մեդիսոնի» մասին, եւ նախկինում օգտված որոշ մարդիկ դժգոհություններ են հայտնել ծառայությունների որակից: Փաստորեն, ես համալրեցի նրանց շարքերն ու գուցե դարձա առաջիններից մեկը:
Պայուսակի բացակայությունը նկատելուց մոտ 10 րոպե անց միայն գերմանացիները ոստիկանություն կանչեցին: Եվս մի 10 րոպեից երկու ոստիկան ժամանեցին ու արձանագրություն կազմեցին: Պայուսակիս մեջ էին լեփթոփ տիպի համակարգիչս, ձայնագրիչ, ֆոտոխցիկ, բելգիական հուշանվերներ, քարտեզներ ու էլի մի երկու մանր-մունր բան: Ոստիկաններից մեկը խնդրեց անձնագիրս: Ու ես ստացա երկրորդ շոկը. անձնագիրս աշխատանքային բլոկնոտի հետ պայուսակիս մեջ էին, ինչի մասին այդ խառնաշփոթ պահին մոռացել էի:
Ոստիկաններից մեկն էլ ասաց, թե 10 րոպեն բավական երկար ժամանակ է գողի համար՝ դեպքի վայրից ճողոպրելու համար: Կարծես թե ինքս չէի հասկանում: Հենց սկզբից ինձ առանձնապես հույս չտվին, որ գողոնը կգտնվի: Եվ ահա թե ինչու: Մեր ուղեկիցներից մեկը, որ Քյոլնից էր, պատմեց, որ ինքը նույն քաղաքի գլխավոր երկաթուղային կայարանում երկու անգամ գրպանահատների զոհ է դարձել, եւ նրանք չեն բռնվել: Բայց կարծում եմ, որ ճիշտ չէր կայարանը հյուրանոցի հետ համեմատելը: Այդուհանդերձ, նա նշեց նաեւ, որ Գերմանիայում շատ են հանցավոր խմբերը, որոնք մասնագիտացած են գողությունների մեջ: Հետո Բեռլինում ՀՀ դեսպանատան աշխատակիցներից մեկն ինձ պատմեց, որ դրանում առավել մեծ համբավ ունեն թուրքերն ու չեչենները, սակայն «պատվավոր» եռյակում իրենց տեղն ունեն նաեւ արաբները:
Պարզվեց, որ նույն Դյուսելդորֆում ժամանակին գողության զոհ է դարձել (նա նույնպես կորցրել էր անձնագիրը) նաեւ ՀՀ բարձրաստիճան զինվորականներից մեկը, որին գերմանացի ոստիկանները կանգնեցրել են Շտուտգարտում, ապա միայն ՀՀ դեսպանության միջամտությունից հետո գնացքով ուղարկել Բեռլին՝ Հայաստանի դեսպանատուն: Այս սպայի անձնագիրը մի քանի ամիս անց գտել էին երկաթուղային կայարանի գտածոների բյուրոյում: Սովորաբար «բարեխիղճ» գողերը թանկարժեք իրերը վերցնելուց հետո անձնագիրը կամ այլ «անպետք» թուղթ բերում նետում են դեպքի վայրում կամ կայարանների համապատասխան բյուրոներում: Իսկ գողոնն անմիջապես փորձում են վաճառել:
Դյուսելդորֆում երկար մնալ չէինք կարող, պետք է մեկնեինք Քյոլն, ապա Ֆրանկֆուրտ: Ինձ ասացին, որ կփորձեն փաստաթղթերիս հարցերը կարգավորել Ֆրանկֆուտի մեր հյուպատոսությունում, բայց հետո պարզվեց, որ դրանով պետք է զբաղվի դեսպանությունը:
Սակայն ինձ ավելի շատ զարմացրեց գերմանական ոստիկանության գործելաոճը: Հյուրանոցի նախասրահում երկու տեսախցիկ կար, դրանց տեսագրությունները վերցնելու համար ոստիկանությունը նախ պետք է արձանագրություն կազմեր կատարվածի մասին, ինչը բնական էր, հետո դա պետք է ուղարկվեր հյուրանոցային ցանցի ղեկավարությանը, որն էլ պիտի թույլտվություն տար: Ընդ որում՝ ոստիկանությունը կարող էր վերցնել միայն այն կադրերը, որտեղ երեւալու էր ենթադրյալ գողը: Դա հիմնավորում էին նախասրահում եղած մյուս անձանց իրավունքների պաշտպանությամբ: Դրա հետ էլ կարելի էր համաձայնել, բայց այն, որ ցանցի ղեկավարության թույլտվությունը ստանալու համար պետք էր սպասել հաջորդ օրվան, երբ դեռ աշխատանքային օրվա ավարտին մի քանի ժամ կար, զարմանալի էր: Սակայն բյուրոկրատական այս քաշքշուկը միակ թերացումը չէր, որ նկատեցի բունդեսպոլիցայի աշխատանքում այդ մեկ ամսվա ընթացքում:
Ծանոթներիցս մեկը, որ արդեն 8-9 ամիս բնակվում էր Բելինում, պատմեց, որ, օրինակ, գերմանացի ճանապարհային ոստիկանները շատ խիստ են. նրանց գրեթե չես տեսնի փողոցում, քանի որ տեսախցիկները ֆիքսում են խախտումները, սակայն անկարգապահ վարորդը չի կարող հուսալ, որ ներում-բեկում, առավել եւս՝ կաշառքով ազատվել կլինի: Տուգանքներն էլ շատ մեծ են: Ոստիկանները բավականին խիստ են նաեւ ցուցարարներին ցրելու եւ կարգուկանոն հաստատելու հարցում: «Մերոնք սրանց կողքին ուղղակի աղավնիներ են»,- կատակեց ծանոթս: Սրանք, այսպես ասած, լավ կողմերն են, բայց անցնենք վատին:
Մայնցում ապրող նախկին համակուրսեցիս ինձ ասաց, որ առանձնապես հույսեր չունենամ, թե կգտնեն իրերս: Նման դեպքերում, առավել եւս, որ տեղացի չեմ, ոստիկանությունը մի քանի ամիս օրակարգում կպահի հարցը, ապա կարխիվավորի, եւ վերջ: Մեզ ուղեկցողներն էլ ասացին, որ ամեն օր յուրաքանչյուր բաժին միջինը նման 15-20 դեպք է ունենում: Չգիտեմ՝ դա ասված էր իբրեւ մխիթարություն, թե պարզապես փաստ: Ոստիկանները վերցրին հայաստանյան հասցես, կոնտակտներս, ապա ասացին, որ կկապվեն հեռախոսով կամ էլեկտրոնային նամակով: Զարմացել էի, որ իբրեւ տուժող ցուցմունք չեմ տալու. ի՞նչ ասել է «մենք Ձեզ հետ կկապվենք էլփոստով»: Նամակ ստացա միայն կազմված արձանագրության մասին, սակայն հարուցված քրգործի մասին ոչ մի խոսք չեղավ: Ինձ հետ այլեւս չկապվեցին: ՀՀ դեսպանության աշխատակիցն ասաց, որ տեղի ոստիկանները չեն սիրում, երբ նրանց պարբերաբար հիշեցնում են գործի մասին: Բայց իմ պարագայում այդպես էլ անհայտ մնաց, թե ընդհանրապես ինչ գործ են արել նրանք: Հյուրանոցում ինձ ասում էին, որ իրավունք ունեմ նայել կադրերը, քանի որ գուցե տեսած լինեմ գողին, բայց ոչ մի արձագանք էլ չեղավ:
Սեմինարի ընթացքում հյուրընկալվել էինք գերմանական «Շտիֆտունգ վարենթեստ» ընկերությունում, որը զբաղվում է ծառայությունների, ապրանքների որակական չափանիշների հետազոտությամբ: Ըստ հարցումների՝ այս ընկերությունը ամենավստահելին է Գերմանիայում. նրան վստահում է հարցվածների 74 տոկոսը: Երկրորդ տեղում ոստիկանությունն է՝ 71 տոկոս, երրորդում՝ գերմանական Կարմիր խաչը՝ 69: Անկեղծ ասած՝ այն ամենից հետո, ինչ տեսա ու իմացա Գերմանիայում, հաստատ կարող եմ նշել, որ չեմ կիսում այդ 71 տոկոսի կարծիքը:
Բեռլինում հաստատվելուց մի քանի օր անց նախկին երեւանցի ծանոթիցս իմացա, որ մայրաքաղաքի որոշ թաղամասեր վտանգավոր են, չնայած Բեռլինն ինքնին շատ հանգիստ ու նաեւ մատչելի քաղաք է: Մենք ապրում էինք մետրոյի «Մորիցպլաց» կայարանի հարեւանությամբ, որը թուրքերի ու արաբների թաղ էր, չնայած իսկապես շատ հանգիստ էր: Բայց մեկ կայարան դեպի հարավ՝ «Կոտբուսեր տորի» մոտ, գիշերը կարելի էր հանդիպել թմրավաճառների ու նման հանցավոր տիպերի: Գործընկերներիցս մեկին այդ թաղում մի ջահել մարիխուանա էր առաջարկել կլորիկ գումարի դիմաց: Մի՞թե պոլիցայում չգիտեն, որ «Կոտբուսեր տորի» մոտ թմրաբիզնեսը ծաղկում է: Մի՞թե պոլիցայում չգիտեն, որ կայարաններում գրպանահատների հանցավոր խմբերը կողոպտում են մարդկանց, ինչպես որ եղավ Ֆրանկֆուրտում: Կանգնած սպասում էինք գլխավոր կայարանի դիմաց, երբ ընկերներիցս մեկը, այնտեղից դուրս գալով, պատմեց, որ քիչ առաջ տեսել էր ոստիկաններով շրջապատված միջին տարիքի մի մարդու, ով նյարդայնացած բղավում էր ու ինչ-որ բան ցույց տալիս՝ կարծես իրեն կողոպտել են, այնինչ իրավապահները ապուշ կտրած դիտում էին: Մի՞թե պոլիցայում չգիտեն, որ մայրաքաղաքի բանուկ փողոցներում շուլլերները մատնոց են խաղում, ընդ որում՝ աշխատում են թիմով՝ 2-3 հոգով: Մեկը մատնոցով աշխատողն է, մյուսը՝ կեղծ խաղացող, որը «հաղթում» է, երրորդն էլ՝ անցորդ-տուրիստներին գրավող (այս մեկը պարտադիր հարցնում է, թե որ երկրից է անցորդը)…
Գերմանացիներն ինձ ասում էին, թե ցանկացած երկրում էլ կա հանցավորություն եւ մասնավորապես գողություն: Այո, ոչ ոք չի հերքում, բայց ի գիտություն նրանց, կարծում եմ, դժվար է պատկերացնել, որ օրը ցերեկով հայաստանյան որեւէ հյուրանոցից մարդկանց քթի տակից գողություն կանեն: Դա խոսում է երկու բանի մասին՝ կամ անվտանգությունն է շատ ցածր մակարդակի վրա, կամ գողերը իրենց արհեստը հասցրել են շատ բարձր մակարդակի ու նաեւ ոստիկանների «շնորհիվ» դարձել են այդքան համարձակ: Միայն տեսախցիկը չի կարող իրավիճակ փոխել: Չէ՞ որ կան դռնապաններ, որոնց միայն ներկայությունը գողերի համար զսպող հանգամանք կարող է լինել, այնինչ նույն 4-աստղանի «Մեդիսոն» հյուրանոցում, որտեղ դռնապան չկար, թեքահարթակի բացակայության պատճառով մի խեղճ մարդու, որ սայլակի մեջ էր, ընդունարանի աշխատողը տանջահար արեց, մինչեւ գրկած նախասրահ մտցրեց…
Ես Հայաստան վերադարձա ՀՀ դեսպանության կողմից տրված վերադարձի վկայականով: Բնականաբար, վաղուց արդեն չեմ մտածում գողացած իրերս գտնված տեսնելու մասին: Պարզապես մի բան լավ հասկացա. գեղեցկուհի Եվրոպան այնքան էլ գեղեցիկ չի թվա, երբ հայտնվեք նման իրավիճակներում, անվտանգությունն ու ապահովությունը միայն խոսքեր ու բարձրագոչ հայտարարություններ չեն, դրանք փաստեր ու իրավիճակներ են, որոնց հիմքում կոնկրետ դեպքեր են: Ես նորովի հասկացա ապահով տան գաղափարի իմաստը: Երկրորդ՝ գիտակցեցի այն ապահովությունը, որ շատ տուրիստներ զգում են մեր երկրում:
Մեկնաբանություններ (9)
Մեկնաբանել