HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաստանում խախտվում է հայերի հայերենով կրթվելու իրավունքը

Հուլիսի սկզբին «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունը Թբիլիսիի №103 հանրային դպրոցի 3-րդ դասարանցիների ծնողներից դիմում ստացավ այն մասին, որ նշված դպրոցում խախտվում է ազգային փոքրամասնությունների` ազգությամբ հայ Վրաստանի քաղաքացիների հայերեն լեզվով կրթություն ստանալու իրավունքը: 

ՎՀՀ պարզաբանության նպատակով դիմեց 103 դպրոցի տնօրինությանը: Վրաստանի Հայ Համայնքի ներկայացուցիչները համոզվեցին նրանում, որ հանրակրթական դպրոցի տնօրինությունն իրականում անտեսում է, ինչպես միջազգային իրավական այն նորմերը, որոնք վերաբերվում են ազգային փոքրամասնությունների իրավունքներին, այնպես էլ Վրաստանի բարձրագույն օրենքը` Սահմանադրությունը, օրենք «Ընդհանուր կրթության մասին» և ուրիշ հիմնարար օրենքներով ու ակտերով, որոնցով երաշխավորվում են մարդու և ազգային փոքրամասնությունների հիմնարար իրավունքներն ու ազատությունները:

Տվյալ պահին Վրաստանի հայ համայնքն ուսումնասիրում է ազգային փոքրամասնությունների իրավունքների խախտման փաստը եւ ծրագրում է մոտ ժամանակներում դիմել տեղական ու միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, հայալեզու քաղաքացիների մայրենի լեզվով կրթություն ստանալու իրավունքը հարգելու եւ պաշտպանելու կոչով:

Թբիլիսիի №103 հանրային դպրոցի 3-րդ դասարանցիների ծնողները նաեւ բաց նամակով դիմել են Վրաստանի Կրթության եւ գիտության նախարար Դ. Շաշկինին:

Ստորև ներկայացնում ենք բաց նամակի տեքստը.

«2010 թվականից մեր երեխաները, ովքեր սովորում էին Թբիլիսիի թիվ 110 դպրոցի հայալեզու եւ ռուսալեզու բաժիններում, դրանց փակման պատճառով իրենց ուսումը շարունակեցին թիվ 103 դպրոցում:

Չնայած այս դպրոցում հայալեզու բաժնի առկայությանը, մեր երեխաներին չտրվեց մայրենի լեզվով շարունակել սովորելու հնարավորությունը, եւ մեր երեխաներին տեղավորեցին մեզ համար օտար` ռուսալեզու բաժին, ինչով խախտվեցին մեր սահմանադրական իրավունքներն ու ազատությունները:

2011թվականի հուլիսի 1-ին թիվ 103 դպրոցի տնօրեն Նանա Շենգելիձեի նախաձեռնությամբ կազմակերպվել էր ծնողական ժողով, որի ժամանակ 3-րդ դասարանցիների ծնողներիս հայտարարվեց, որ գալիք ուսումնական տարուց սկսած կդադարեցվի ռուսական բաժնի գոյությունը: Այս հանգամանքը մեզ հույս ներշնչեց, որ ելնելով Վրաստանի Սահմանադրությունից եւ միջազգային իրավունքի նորմերից, մեր երեխաներին հնարավորություն կտրվի միջնակարգ կրթությունը ստանալ մայրենի` հայոց լեզվով:

Բայց, ցավոք, նույն ժողովի ժամանակ, դպրոցի տնօրենը, առանց որեւէ բացատրության, խախտելով Վրաստանի բարձրագույն օրենքը, ազգային փոքրամասնությունների իրավունքներն ու ազատությունները կարգավորող միջազգային նորմերը, հայտարարեց, որ հայալեզու 3-րդ դասարանը չի բացվի. չնայած նրան, որ դպրոցում գործում են մնացած բոլոր դասարանները, ինչպես նաև հավաքի ընթացքում մենք ենթարկվեցինք հոգեբանական ճնշման այն նպատակով, որ մեր երեխաներին տանենք վրացալեզու բաժին:

Խնդրում ենք բավարարել մեր օրինական պահանջը, դառնալ մեր՝ որպես երկրի ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության երաշխավորը, և «Ընդհանուր կրթության մասին» օրենքի համաձայն ապահովել մեր երեխաների մայրենի լեզվով կրթություն ստանալու իրավունքը Թբիլիսիի 103 հանրային դպրոցի հայալեզու բաժնում»:

«Վրաստանի հայ համայնքի» մամուլի ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter