HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կստեղծվեն թրաֆիքինգի զոհերի աջակցության հիմնադրամ և փոխհատուցման համակարգ

Հայաստանում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի այսօրվա նիստում ՀՀ փոխվարչապետ, խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանը շնորհակալություն հայտնեց խորհրդում ընդգրկված բոլոր պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ վերջին տարիների համատեղ արդյունավետ աշխատանքի համար, որի արդյունքում Հայաստանն իր դիրքերը բարելավել է ԱՄՆ պետքարտուղարության 2012 թ. մարդկանց թրաֆիքինգի մասին զեկույցում՝ տեղ գտնելով երկրների առաջին խմբում:

«Սա վկայում է այն մասին, որ խնդիրը ՀՀ իշխանությունների ուշադրության կենտրոնում է, բայց անելիքներ դեռ կան, և միջազգային հանրության, քաղաքացիական հասարակության, համապատասխան մարմինների աջակցությամբ առկա խնդիրները ևս պետք է իրենց լուծումներն ստանան»,- նշեց Ա. Գևորգյանը:

Նիստում խորհրդին կից միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանը ներկայացրեց թրաֆիքինգի ենթարկված անձանց համար փոխհատուցման համակարգի ստեղծման և Ազգային ուղղորդման կարգի վերանայման ուղղությամբ կատարված աշխատանքների ընթացքը:

Ոստիկանությունը մշակում է Ազգային ուղղորդման կարգի փոփոխություններ, որոնք ուղղված են լինելու զոհերի նույնականացման ընթացակարգերի պարզեցմանը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում քննարկվում է զոհերի աջակցության հիմնադրամի ձևավորման միջոցով փոխհատուցման համակարգ ստեղծելու հարցը:

Համապատասխան փաստաթղթերի նախագծերը խորհրդին կից աշխատանքային խմբին կներկայացվեն մինչև սեպտեմբեր: Վ. Կաժոյանը նշեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել նախագծերը միջազգային փորձագիտական կարծիքի ներկայացնելու վերաբերյալ:

Ա. Գևորգյանն առաջարկեց անհրաժեշտ նախագծերը և օրենսդրական փաթեթները պատրաստել նախանշված ժամկետներում՝ ԱԺ աշնանային նստաշրջանում ներկայացնելու և արդեն 2014թ.-ից դրանց կիրառությունն ապահովելու համար:

Վ. Կաժոյանը խորհրդի անդամներին ներկայացրեց նաև ԱՄՆ պետքարտուղարության 2012 թ. մարդկանց թրաֆիքինգի մասին զեկույցի առաջարկները: Դրանց մեծ մասն արդեն ընդգրկված է «Հայաստանի Հանրապետությունում 2013-2015 թթ. մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրում», մի մասն աշխատանքային խմբի քննարկման փուլում է, որից հետո կներկայացվի համապատասխան գերատեսչություններին՝ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համար:

Ա. Գևորգյանը, մասնավորապես անդրադառնալով հարկադիր աշխատանքի հնարավոր զոհերի հայտնաբերման ոլորտին վերաբերող առաջարկներին, կարևորեց աշխատանքային տեսուչների ուսուցման կազմակերպումը: Նա հանձնարարեց համապատասխան մարմինների հետ քննարկել ՀԿ-ների ներկայացուցիչների առաջարկները՝ նման դեպքերի բացահայտման համար անսպասելի տեսչական ստուգումների իրականացման հնարավորության, նաև ճամփորդական գործակալությունների ոլորտում հնարավոր ռիսկերի կանխման նպատակով աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ:

Նիստում քննարկվեց նաև 2014 թ. թրաֆիքինգի դեմ պայքարին ուղղված ծրագրերի և միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացման հարցը: Աշխատանքի և սոցիալական հարցերի, սպորտի և երիտասարդության, առողջապահության նախարարություններն արդեն ներկայացրել են համապատասխան հայտերը՝ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում և 2014թ. բյուջեի նախագծում հաշվի առնելու համար: Այս մասին հայտնում է տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter