HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարո՞ղ էր, արդյոք, երեւակայել Մուրացանը…

Երկար տարիներ է՝ Ծովագյուղ համայնքի մշակույթի պալատում կինոֆիլմերի ցուցադրման, թատերական ներկայացումների, երգի, պարի խմբերի ու հանդիսատեսի փոխարեն մկներ, շներ ու այլ կենդանիներ են վազվզում: 

Շենքի տարեգրությունը սկսվում է 1971-73թթ.-ից: Սեւանի տարածաշրջանի շատ գյուղերում մշակույթի տներն այդ տարիներին են կառուցվել: Այժմ դրանցից մի քանիսն են միայն գործում: «Սեւան» թերթի 1971-74թթ. արխիվներներում պահպանվում է մի լուսանկար, որը տեղեկացնում է Ծովագյուղում 400 տեղանոց կուլտուրայի պալատի շինարարությունը սկսելու մասին:

75-ամյա Ալբերտ Անտոնյանը 2 տարի`  1986-88թթ., եղել է Ծովագյուղի մշակույթի տան տնօրենը: Նա նշում է, որ իրենից առաջ եւ հետո մշակույթի տունը բազմաթիվ  տնօրեններ է ունցել: «էն ժամանակ խմբեր գոյություն չունեին: Մենք բացեցինք 3 պարի խմբակ` մեծահասակների, պատանիների եւ փոքրիկների համար` յուրաքանչյուրը 20-25 հոգանոց խմբով: Դպրոցի գրեթե բոլոր աշակերտները ներգրավված էին խմբակներում»,- պատմում է Ալբերտ Անտոնյանը: 

Նրա խոսքերով` իր ղեկավարման տարիներին մշակույթի տանը բացվել են վճարովի ուսուցման խմբակներ` դհոլի, կիթառի, դաշնամուրի, ակորդեոնի, հարվածային գործիքների, շախմատի, թենիսի, կարուձեւի: Պարողների համար հագուստներ են ձեռք բերել, դահլիճի հին նստարանները փոխարինել են նորերով, երաժշտական գործիքներ են ստացել, ինչպես նաեւ նոր կինոտեխնիկա: Հաճախակի միջոցառումներ են կազմակերպել: «Նստարանները համարակալված էին, մուտքը տոմսերով էր: Բոլոր նստարանները զբաղված էին լինում, մեր գյուղի հանդիսատեսը շատ մշակութասեր էր, սիրով էին գալիս: Մշակույթի տանը ծխելն արգելված էր: Ցուցադրվում էին «Հայֆիլմի» կինոնկարներն ու հնդկական ֆիլմեր: Մեծ գրադարան ունեինք»,- ավելացնում է Ա.  Անտոնյանը:

Վերջինիս խոսքերով` պարի խմբերը ելույթներով հանդես են եկել Սեւանում եւ Հայաստանի այլ շրջաններում, իսկ Ծովագյուղի մշակույթի տանը ելույթներով հանդես են եկել երգի, պարի պետական խմբեր, երգիչ-երգչուհիներ, անվանի դերասաններ, ասմունքողներ: Հայտնի անուններից նշում է Մհեր Մկրտչյանին, Վլադիմիր Աբաջյանին, Արեւ Բաղդասարյանին, Սուսաննա Սաֆարյանին, Էդվարդ Դարբինյանին, համագյուղացի Արուս Գուլանյանին եւ այլոց:

«Երկու տարում չհասցրեցի շատ գործ կատարել, ինձ հեռացրին աշխատանքից, հետո վերականգվեցի, բայց էլ չաշխատեցի մշակույթի տանը»,- ասաց Ա. Անտոնյանը: Ապա հավելեց, որ երբ այլեւս չէր աշխատում, մի օր անցնելով մշակույթի տան կողքով՝ իր ձեռք բերած կինոտեխնիկան տեսել է ջարդված, գետնին գցած, նստարանները` կոտրված: «Չեմ պատկերացնում, թե ոնց քանդեցին այդ հրաշալի շենքը»,- ափսոսանք է հայտնում մշակույթի տան նախկին տնօրենը:

Ծովագյուղ համայնքի 2013-2016թթ. համար հաստատված սոցիալ-տնտեսական զարգացման քառամյա ծրագրում նկարագրված է համայնքի մշակույթի տան ֆիզիկական վիճակը, որը չի գործում, ենթակա է հիմնանորոգման: «Համայնքը զուրկ է հասարակական միջոցառումներից, կինոյից, թատրոնից…»: Մշակույթի տան հիմնանորոգման հարցն, ըստ քառամյա զարգացման ծրագրի, համայնքին սպառնացող վտանգներից է:

Մշակույթի տան վերագործարկումը մի քանի խնդիր կլուծեր: «Համայնքում մշակութային կյանքը կարթնանար հարաբերական քնից, կպակասեր համայնքի գործազուրկների (հատկապես երիտասարդների) թիվը, համալսարանավարտներին գյուղում աշխատելու հույսեր կներշնչեր` ապահովելով նրանցից գոնե շատերի մուտքը ծննդավայր, արվեստասեր դպրոցականներն էլ երգ ու պար սովորելու համար ստիպված չէին լինի գյուղից Սեւան հասնել:

17-ամյա Գայանե Գասպարյանն արդեն 2 տարի պարի դասերի է հաճախում  Սեւանի մշակույթի պալատում: Պարապմունքները շաբաթը 3 օր են: Գայանեյի խոսքերով` Ծովագյուղից Սեւան 10 կմ ճանապարհ գնալ-գալը հոգնեցուցիչ է, ծախսատար ու ժամանակատար: Բայց ունենալով մեծ ձգտումներ, աշխատում է մասնակցել բոլոր պարապմունքներին: «Կցանկանայի, որ գյուղի մշակույթի պալատը գործեր, քանի որ շատ անապահով ընտանիքների երեխաներ խմբակներ հաճախելու հնարավորություն չեն ունենում»,- ասում է Գայանեն:

Ծովագյուղ համայնքի ղեկավար Վահրամ Գեւորգյանը նշում է, որ ամեն անգամ բարձրացնում են մշակույթի տան վերանորոգման խնդիրը: «Մարզպետը խոսք էր տվե, որ պտի անի, բայց էկան տեսան սեյսմիկ վիճակը շատ վատ է: Լրացուցիչ հանձնաժողով պիտի գա, որ սեյսմակայունության հարցը լուծեն, հետո նոր մշակույթի տունը վերանորոգեն: Մարզպետարանն ամեն տարի 30 մլն դրամ է հատկացնում էդպիսի խնդիրների համար: Բայց սեյսմակայունության համար էդքանը բավարար չի: Չի լինի, որ իրանք 30 մլն-ը էս տարի հատկացնեն ու գործը կիսատ մնա: Եթե 30 մլն-ն իրանք տան, նախատեսել եմ 20 մլն էլ մենք ավելացնենք, որ հարցը ծրագրի մեջ մտնի»,- տեղեկացրեց համայնքի ղեկավարը` հավելելով, որ մշակույթի տան վերանորոգումը կլուծի նաեւ արարողությունների սրահի կառուցման հարցը:

«Նույնիսկ, եթե վերանորոգվի մշակույթի տունը, մեր համար էս պահին պրոբլեմ է այն պահելը: Քանի որ գյուղացիները հարկերն ու տուրքերը չեն վճարում: Մեր բյուջեն փոքր է, 74 մլն դրամ, 60 մլն դրամ ժողովուրդը պարտք է»,- մեզ հետ զրույցում ասաց Վահրամ Գեւորգյանը:

Ի դեպ, համայնքի թույլ կողմերի մեջ նշված էր արարողությունների սրահի կառուցման անհրաժեշտության մասին: «Համայնքում շատ կարեւոր է նաեւ արարողությունների սրահի կառուցումը` հարսանյաց եւ թաղման արարողությունների համար: Այն ժամանակավորապես կատարվում է «Ունիվերսամ»-ի շենքում: Հավելենք, որ «Ունիվերսամ»-ում մինչ օրս միայն թաղման արարողություններ են կատարվել: Որքանո՞վ է նպատակահարմար հարսանյաց հանդիսությունների անցկացման համար գյուղում սրահ կառուցելու գաղափարը եւ կհանդուրժեն արդյոք սրահի հարեւանությամբ բնակվողները, որպեսզի իրենց գիշերային հանգիստը խանգարեն հարսանյաց երեկոյան հրավառությունները:

Տարիներ առաջ համագյուղացի ԱԺ պատգամավոր Հրանտ Մադաթյանի ջանքերով մշակույթի պալատի տանիքը վերանորոգվել է, բայց տանիքի մի հատվածը դարձյալ ուժեղ քամին պոկել է: Ծովագյուղի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Խաչիկ Մկրտչյանի խոսքով` այժմ տանիքի վերանորոգման աշխատանքներ են կատարվում, որն, ըստ նրա, կատարում է համայնքի ղեկավարը սեփական միջոցներով:

Ծովագյուղի մշակույթի պալատի ճարտարապետն է համագյուղացի Սոս Մանուկյանը, որի նախագծով են կառուցվել նաեւ գյուղի կենտրոնում գտնվող Մուրացանի արձանը, Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հուշարձանը: Նա նախագծել է նաեւ Էջմիածին քաղաքի գլխավոր հատակագիծը, Երեւանի Ազատության պողոտայի եւ մի շարք շենք-շինությունների, փողոցների, բնակավայրերի հատկագծերը:

«Սեւան» թերթի 2000թ. նոյեմբերի 11-ին լույս տեսած համարում տեղ գտած գրառումն այժմ էլ արդիական է Ծովագյուղի համար: «Հուսանք, որ համայնքի նորընտիր ավագանու եւ գյուղապետ Գեւորգ Թովմասյանի (այժմ արդեն Վահրամ Գեւորգյանի-Ա.Մ.) ջանքերով այդ հրաշալի կառույցն իր նախկին տեսքը կընդունի: Չթողնենք, որ Մուրացանը հրաշքով հանկարծ նորից գա ու հարցնի տանուտերերին, թե ինչո՞ւ են քանդել այս հոյակապ շինությունը, այնժամ տանուտերերն ի՞նչ պետք է պատասխանեն: Կամ ի՞նչ պատասխան կտան ծովագյուղցիներն իրենց մեծահամբավ համագյուղացուն` Սոս Մանուկյանին»:

Արփինե Մինասյան 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter