
Գյուղացիները դժկամորեն բացեցին «Թեղուտ» ՓԲԸ տանող ճանապարհը
Այսօր վաղ առավոտյան՝ ժամը 5-ին, Շնող և Թեղուտ գյուղերի երիտասարդները «Թեղուտ» ՓԲԸ-ի մուտքի մոտ փակել էին հարևան գյուղերից և Ալավերդուց ընկերության աշխատողներին աշխատանքի բերող ավտոբուսների և տրանսպորտային այլ միջոցների ճանապարհը: Արդյունքում ընկերության աշխատանքային առօրյան խաթարվեց մինչև կեսօր:
Գյուղացիներին զայրացրել էին «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից գյուղի տարածքում տեղադրված դարպասները, որոնց պատճառով չեն կարողանում գնալ Լոռուտի Խաչ սրբավայր, բարձրանալ սար եւ մտնել անտառ՝ սունկ եւ հատապտուղներ հավաքելու:
Գյուղացիները բողոքում են, որ դարպասները փակում են նաև սարերում գտնվող իրենց արոտավայրերի ճանապարհը: Նրանք համարում են, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն այս կերպ ոտնահարել է իրենց՝ բնությունից անկաշկանդ օգտվելու իրավունքը:
![]() |
![]() |
Շնողի նորընտիր գյուղապետ Հովիկ Սահակյանն ասաց, որ իր պաշտոնավարման օրվանից առայսօր Շնողի համար կենսական բազմաթիվ խնդիրներ է ներկայացրել «Թեղուտ» ՓԲԸ-ի ղեկավարությանը, սակայն դրանք այդպես էլ մնացել են անլուծելի: Նա գտնում է, որ ճանապարհի հարցով պետք է գնալ դահլիճային քննարկումների: Իսկ Թեղուտի գյուղապետ Ֆրունզե Նորեկյանն էլ ասում է, որ համայնքի ավագանու նիստում «Թեղուտ» ՓԲԸ-ի վարչության անդամ Ռուբեն Պապոյանի ներկայությամբ քննարկվել է ճանապարհը փակելու խնդիրը: Ռուբեն Պապոյանը խոստացել է, որ սրբավայր և սար գնալիս գյուղացիներն արգելքներ չեն ունենա, սակայն գյուղացիները պնդում են, որ ընկերության անվտանգության աշխատակիցները խոչընդոտում են իրենց անարգել տեղաշարժին:
Խոտհնձի արդեն եռուն օրերին սարերի խոտը գյուղացիները ստիպված տեղափոխում են «Թեղուտ» ՓԲԸ-ի անվտանգության աշխատողների թույլտվությամբ: Թեղուտցի Արմենը աններելի է համարում, որ ընկերությունն իրենց հայրենի գյուղի անտառների ու սարերի ճանապարհը փակում է իրենց առաջ:
![]() |
![]() |
Կեսօրին Թեղուտ ժամանեցին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը և ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Անուբախ Համբարյանը: Գյուղացիները տեղեկացրին իրեն պահանջների մասին: Արթուր Նալբանդյանը և ոստիկանապետ Համբարյանը գյուղացիների պահանջները քննարկեցին այդ պահին «Թեղուտ» ՓԲԸ-ում գտնվող Վալերի Մեջլումյանի հետ:
Վերջինիս անձամբ չհանդիպեց վրդովված գյուղացիներին: Քննարկումից հետո Արթուր Նալբանդյանը գյուղացիներին հայտնեց, որ դեպի սարեր և սրբավայր գնացող ճանապարհները փակող դարպասները չեն քանդվի, սակայն որև արգելք չի ստեղծվի այնտեղ գնացող գյուղացիների համար:
![]() |
![]() |
«Ինձ համոզում են ընկերությունում, որ որևէ արգելք չի եղել սար և Խաչ գնացող գյուղացիների համար: Տարբերակ չկա, որ որևէ մեկն ուզենա մոմ վառել և որևէ մեկը իրեն արգելի»,- ասաց մարզպետը:
«Դարպասի իմաստ ո՞րն է»,- մարզպետին հարցրին գյուղացիները:
«Թեղուտ» ՓԲԸ-ի վարչության անդամ Ռուբեն Պապոյանը մարզպետ Արթուր Նալբանդյանի ներկայությամբ ընկերության պահակային ծառայության պետ Խաչատրյանին հանձնարեց: «Մեր հարգարժան մարզպետի և մեր ոստիկանության հարգարժան պետի ներկայությամբ ասում եմ՝ Խաչատրյան ջան, գիշերը ժամը 3-ին անգամ, եթե գնում են մոմ վառելու, միայն մոմ վառելու, թղում եք՝ գնան: Եթե գնում է սարը, թողում եք՝ գնան: Եթե գնում է իրեն այգին, թողում եք՝ գնան: Բայց մենք ունենք հազար ու մի սարքավորումներ, ունենք ծանր մեքենաներ, վայրեր, որտեղ արգելվում է լինել: Երբ մարդը ասում է՝ Խաչն եմ գնում, մենք հետևում ենք՝ էդ մարդը պարյադչնի՞ մարդ էր, իրոք խաչն էր գնում, թե՞ ուրիշ նպատակ ուներ»,- ասաց Ռ.Պապոյանը:
![]() |
![]() |
«Մեր ուզածը նա է, որ մենք որ ժամին էլ գանք, կարողանանք մեր սարը և անտառը գնալ»,- ասաց թեղուտցի Կարենը:
«Կարեն ջան, Ձեր տեղաշարժը ոչ ոք չի խոչընդոտում, բայց կան անվտանգության կանոններ: Դուք կարող եք ազատ գնալ ձեր տարածքները, ոչ մի խնդիր գոյություն չունի»,- վստահեցրեց մարզի ոստիկանապետը:
«Վալերի Մեջլումյանը և ընկերության տնօրինությունը գյուղերում կուտակված խնդիրները լուծելու համար պատրաստ են շաբաթը մեկ անգամ գյուղապետերի և ավագանու հետ քննարկել այդ խնդիրները: Եթե հարցեր կա, մի թողեք կուտակվի, և համբերության բաժակը լցվի»,- ասաց Արթուր Նալբանդյանը:
Ժամը 13:30-ին Շնողի և Թեղուտի գյուղացիները դժկամորեն բացեցին «Թեղուտ» ՓԲԸ տանող ճանապարհը:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել