HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ապահովել տեղ հիմնական կազմում

Կայացավ այն, ինչին երկար ժամանակ սպասում էին հայ ֆուտբոլասերները: Ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա»: Կասկած չկա, որ գերմանական թիմն ավելի ուժեղ է, քան Հենրիխի նախորդ ակումբը՝ Դոնեցկի «Շախտյորը»: Հիշենք թեկուզ 2012/13 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության «Շախտյոր»-«Բորուսիա» դիմակայությունը (2-2, 0-3): Բացի դրանից՝ այն, որ «Բորուսիան» վերջին երեք տարիներին 2 անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն, մեկ անգամ էլ՝ փոխչեմպիոն, դուրս է եկել ՉԼ գավաթի 2012/13 մրցաշրջանի խաղարկության եզրափակիչ՝ ցույց տալով արագ եւ կոմբինացիոն գեղեցիկ խաղ, խոսում է թիմի ներուժի մասին:

Գերմանական եւ եվրոպական մամուլի տեղեկություններով՝ տրանսֆերի գումարը կազմել է 25 մլն եվրո, ինչը ռեկորդի կրկնություն է «Բորուսիայի» համար. 2001-ին բրազիլացի Մարսիո Ամորուզոն իտալական «Պարմայից» Դորտմունդ էր տեղափոխվել նույնքան գումարով: Իր հերթին «Շախտյորը» հայտարարել է, որ տեղափոխության գինը կազմել է 27,5 մլն եվրո: Մխիթարյանի տրանսֆերային արժեքը ռեկորդ է նաեւ հայկական ֆուտբոլի պատմության մեջ. մինչ այդ ամենաշատը վճարվել էր Յուրա Մովսիսյանի համար. 7,5 մլն եվրո՝ «Կրասնոդարից» «Սպարտակ» տեղափոխվելու համար: 

Միջմրցաշրջանում գերմանական թիմը ձեռք է բերել նաեւ հույն Սոկրատիս Պապաստատոպուլոսին (9,5 մլն եվրո) եւ գաբոնցի Պիեռ-Էմերիկ Օբամեյանգին (13 մլն եվրո): Այս վերջին երկուսի հետ պայմանագիր է կնքվել 5-ական տարով, իսկ Հենրիխի հետ՝ 4 (մինչեւ 2017-ի հունիսի 30-ը): Մխիթարյանը «Բորուսիայում» կկրի 10 համարի մարզաշապիկը, որը մինչ այդ պատկանում էր թիմի նախկին առաջատարներից Մարիո Գյոտցեին: Վերջինս գալիք մրցաշրջանից հանդես կգա երկրի ու Եվրոպայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայում»:

Ինչպես հայտնի է, մինչ այս տեղափոխությունը ավելի հավանական էր համարվում Մխիթարյանի շարժը դեպի Լիվերպուլի համանուն թիմ, սակայն անգլիացիները գործարքի հետ կապված խնդիրներ ունեցան: Բրիտանական մամուլը գրեց, որ խոչընդոտ է հարուցել այն, որ Հենրիխի տրանսֆերային իրավունքները պատկանում են 3 կողմի՝ Դոնեցկի «Շախտյորին» ու «Մետալուգին», ինչպես նաեւ Երեւանի «Փյունիկին»:

Անկեղծ ասած՝ հայ երկրպագուների մեծ մասն էլ ավելի շատ Հենոյին ցանկանում էր տեսնել հենց գերմանական թիմում, ինչի համար էական է երկու գործոն: Նախ՝ դորտմունդցիներն այս մի քանի տարիներին շնորհիվ գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի գրագետ աշխատանքի միշտ եվրոպական մարզական մամուլի ուշադրության կենտրոնում են: Բանն այն է, որ այս թիմը իր եւ դրսի հատկապես երիտասարդ կադրերի շատ հաջող համաձուլվածք է, որն արդեն հզոր մրցակից է եվրոպական հին գրանդների համար: Ասում ենք հին, որովհետեւ հենց ինքը՝ «Բորուսիան», 1990-ականներին ուժեղագույններից մեկն էր Եվրոպայում (այս թիմը 1997-ին դարձավ նաեւ Չեմպիոնների լիգայի հաղթող), սակայն 2000-ականներին մի փոքր զիջեց դիրքերը: Կլոպի թիմի հաջողության գաղտնիքներից մեկն էլ այն է, որ կազմի միջուկը համատեղ խաղալու փորձ ունի, այսինքն՝ ֆուտբոլիստները լավ հասկանում են իրար: «Դորտմունդի» ֆենոմենն այն է, որ իր հեռանկարային խաղացողներին (օրինակ՝ Գյոտցե, Շահին) մեծ գումարներով այլ ակումբների վաճառելով, ակումբը չի դոփում տեղում՝ մնալով զուտ իբրեւ հաջող դարբնոց, այլ զուգահեռաբար հավակնում է եվրոպական եւ գերմանական տիտղոսների:      

Երկրորդ հանգամանքը. «Բորուսիայի» արագ ու կոմբինացիոն խաղաոճը շատ ավելի մոտ է մեր հավաքականի ու կոնկրետ Հենրիխի ոճին: Անշուշտ, «Լիվերպուլը» նույնպես արագ թիմ է, սակայն խաղում է բրիտանական ֆուտբոլ՝ եզրային անցումներ, երկար ու օդային փոխանցումներ, գնդակի կախում դեպի տուգանային հրապարակ, պայքար «երկրորդ հարկում», թույլատրելի կոշտ ֆուտբոլ:

«Բավարիան» ու «Բորուսիան» նախորդ մրցաշրջանում ապացուցեցին, որ ոչ միայն գերմանական կարգապահության կրող են, այլեւ տեխնիկապես ու ֆիզիկապես կարող են հավասար պայքար մղել իսպանացիների ու բրիտանացիների դեմ: Կարգապահությունը, տեխնիկական ու ֆիզիկական պատրաստականությունը նաեւ Հենրիխի բնութագրիչներից են:

Մխիթարյանը գործակալ Մինո Ռայոլայի միջոցով գտել է մի թիմ, որտեղ իսկապես կարող է առաջադիմել: Մնում է, որ մարզումների ու խաղերի ժամանակ նա վերահաստատի Յուրգեն Կլոպի վստահությունը եւ տեղ գտնի թիմի հիմնական ու շատ դեպքերում նաեւ՝ մեկնարկային կազմում, ինչպես որ եղել է իր նախորդ ակումբներում:     

Լուս.՝ ruhrnachrichten.de-ի 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter