HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԵԿ-ի նախագահի տեղակալը, նրա հայրը և ֆրանսահայը` ձկնաբիզնեսում

Անապատացող Արարատյան դաշտն ու ձկնաբիզնեսը

Արարատի մարզի Սիփանիկ գյուղում նոր բացված ձկնաբուծարանը տեղացիներին հայտնի է որպես «պատժիչ հանձնաժողովում աշխատող Տիգրանի ձկնաբուծարան»: Կարմիր տանիքով ձկնաբուծարանն աչք է շոյում, քանի որ այն իր տարածքով բավականին մեծ է, բարեկարգ, զբաղեցնում է 1հա տարածք:

Ձկնաբուծարանի տարածքում մեզ ընդունեց «ՋԻՏԻԷՍ-ԻՄՄՕ» ՍՊԸ-ի միակ հիմնադիր ներկայացած Ֆրանսիայի քաղաքացի Գարիկ Սալոյանը: Նա պնդում էր, որ տնտեսության հիմնադիրն ինքն է, եւ այլ բաժնետերեր չկան: Երբ փոխանցեցինք գյուղացիների խոսքը, որ տնտեսությունն աշխատացնում է Տիգրան անունով մեկի հետ, ով պաշտոնյա է, Գարիկը հետեւյալ կերպ արձագանքեց. «Գյուղացիներն ինչ ուզում՝ ասում են: Նախ՝ Տիգրան չի, Արտյոմ է, որին հանել եմ մի քանի օր առաջ, հիմա ես մենակ եմ»: Նա հիշեց, որ Տիգրան անունով աշխատակից ունի, ով, սակայն, առաքիչ է:

«Պատժիչ հանձնաժողովի» Տիգրանը իրականում պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Տիգրան Բարսեղյանն է, ով իր ավտոմեքենայով հաճախ է լինում ձկնաբուծարանի տարածքում:

Թեեւ սիփանիկցիները որպես ձկնաբիզնեսով զբաղվողի նշում էին Տիգրան Բարսեղյանի անունը, սակայն պետական ռեգիստրում ձկնաբուծությամբ զբաղվող «ՋԻՏԻԷՍ-ԻՄՄՕ» ՍՊԸ-ի բաժնետերերի ցանկում ոչ թե նրա անունն է գրանցված, այլ հոր` Տարիել Բարսեղյանի: Մյուս բաժնետերերեն են ֆրանսաբնակ Գարիկ Սալոյանը ու ոմն Ալվինա Գրիգորյանը:

ՊԵԿ-ի տեղակալի հայրը` 74-ամյա Տարիել Բարսեղյանը, եղել է ՀՀ Գերագույն դատարանի նախագահը, այժմ ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի պատվավոր վարիչն է, ինչպես նաեւ՝ ԵՊՀ գիտական խորհրդի անդամ, իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ, իրավաբանության մասնագիտական խորհրդի անդամ, արդարադատության խորհրդի եւ ՀՀ իրավաբանների միության անդամ: Իսկ 2006թ. ստացել է իրավաբանական գիտությունների դոկտոր-պրոֆեսորի գիտական աստիճան:

Գարիկ Սալոյանը թույլ չտվեց այցելել ձկնաբուծական տնտեսություն` պատճառաբանելով, թե սանիտարական նորմերին դեմ է: Նա թույլ տվեց տնտեսությունը տեսնել միայն վարչական շենքի երկրորդ հարկի պատուհանից: Լուսանկարելը նույնպես արգելված էր: Թեեւ պնդում էր, որ տնտեսությունն ունի ջրաչափեր, եւ ամեն ինչ արվում է օրինական:

Նա պատմեց, որ տնտեսությունը գործում է մեկ տարի: Աճեցնում են իշխան եւ թառափ: Շուկա դուրս չեն եկել, սակայն պատրաստվում են արտադրանքն ամբողջությամբ արտահանել Եվրոպա:

Գարիկ Սալոյանի խոսքերով` ձկնկիթը ներմուծում են Ֆրանսիայից եւ տեղում ստանում մանրաձուկ: Ներմուծման պատճառն այն է, որ, ի տարբերություն հայաստանյան ձկնկիթի, եվրոպականը գենետիկորեն առողջ է: Գարիկ Սալոյանն ասում է` թեեւ ձկնկիթի ներկրումը բավականին թանկ արժե, սակայն դրանից ստացված ձուկն արագ է աճում: Բացի այդ` տեղականի դեպքում ավելի շատ մանրաձուկ է սատկում, քան ներկրած ձկնկիթից ստացվածից: Ներկրվածի դեպքում տրվում են որակը հավաստող մի շարք սերտիֆիկատներ, ինչը չի արվում տեղականի դեպքում:

Գարիկը նոր չէ հայաստանյան բիզնեսում: Նա պատմեց, որ տարիներ շարունակ Հայաստանից խեցգետին է արտահանել Ֆրանսիա եւ արդեն 2-3 տարի է՝ նաեւ գորտ է արտահանում: Իսկ Ֆրանսիայում ունի նաեւ սուրճի բիզնես:

Գարիկ Սալոյանն ասաց, որ ժամանակին Ֆրանսիայից ձկան կեր է ներմուծել Հայաստան, այժմ էլ է ներկրում, սակայն միայն իր տնտեսության համար: Մինչդեռ նույն եռյակի մասնակցությամբ գրանցված «Սագատի» եւ «Սագատի Ֆիշ» ՍՊԸ-ները 27.02.2013թ. դրությամբ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ ձկան կերի ապրանքային շուկայում ճանաչվել են գերիշխող դիրք ունեցող` որպես իրացնող միասին գրավելով տվյալ շուկայի ավելի քան մեկ երկրորդը` 79.62 տոկոսը: Պարզ է, որ նման ցուցանիշ ունեցող ընկերությունը զբաղվում է նաեւ ձկան կերի վաճառքով:

Գարիկը պատմեց, որ տնտեսությունը պահելու համար շահագործում են  խորքային 4 հոր: Դրանք հորատվել են անցյալ տարի: Ինքնաշատրվանող յուրաքանչյուր հորից վայրկյանում ստանում են 120 լիտր ջուր, իսկ նախորդ տարի, ըստ գործարարի, 200 լիտր է եղել:

Գարիկ Սալոյանը մտահոգություն հայտնեց, որ իջել է ոչ միայն ջրի մակարդակը, այլեւ վատացել է որակը: Այս տարի ջրում թթվածինը պակաս է, գազերը` շատ:

Գործարարը նախատեսում է ձկնաբուծարանի տարածքում հիմնել ձկան մշակման, փաթեթավորման արտադրամաս, որը կհամապատասխանի եվրոպական չափանիշներին, իսկ արտադրանքն ամբողջությամբ կարտահանվի Եվրոպա: 

Ֆրանսիաբնակ գործարարի կարծիքով, Հայաստանում ձկնաբուծությունը եկամտաբեր չէ, քանի որ այդ ոլորտով զբաղվողների մի մասը քիչ ներդրումով կարող են շուկա դուրս գալ:

«20.000 դրամով սետկա է առնում, կանալը փակում է եւ ձուկ է պահում: Նա այդ ձուկը վաճառում է նույն գնով, ինչ ես: Հայաստանի շուկան սա է, մարդկանց չի հետաքրքրում, թե որտեղից են գնում այդ ապրանքը, վերահսկողություն չկա: Ինչու՞ պիտի կանալում ձուկ աճացնեն եւ վաճառեն 1400 դրամով, ու ես այսքան ներդրում անեմ ու էլի վաճառեմ 1400 դրամով: Սա է Հայաստանի շուկան: Վաղն էլ կարող է փող պետք լինի ու 1200 դրամով վաճառի ձուկը, որովհետեւ ծախս չունի, 20.000 դրամով տնտեսություն է հիմնել»,-դժգոհում է Գ. Սալոյանը:

Գործարարի ասելով` այժմ Իտալիայի եւ Ֆրանսիայի ձկնաբուծական տնտեսությունները «լացում» են, քանի որ վնասով են աշխատում: Թուրքիան ձուկ է արտահանում նշված երկրներ, իսկ Թուրքիայի կառավարությունը յուրաքանչյուր արտահանված 1կգ-ի համար արտահանողին սուբսիդավորում է 1 դոլարով, ինչը մրցակցությունից դուրս է թողնում տեղի արտադրողներին: Շուտով նույնը կլինի նաեւ Ռուսաստանում: Գործարարը մտահոգվում է, որ եթե այս միտումը շարունակվի, իրենք չեն կարողանա ձուկ արտահանել:

Երբ ձկնաբուծարանից վերադառնում էինք, գյուղի տարածքում նկատեցինք Տիգրան Բարսեղյանի ավտոմեքենան, որը սլանում էր դեպի ձկնաբուծարան: Վերջինիս վարած ավտոմեքենայի պետհամարանիշը` 01**101 նման էր Գարիկ Սալոյանի վարած ավտոմեքենայի պետհամարանիշին` 101**01:

Տիգրան Բարսեղյանը մեզ հետ հեռախոսազրույցում հերքեց իր կապը ձկնաբուծության ու ձկնաբիզնեսի հետ: Այնպես ներկայացրեց, թե տեղյակ էլ չէ` հայրը զբաղվու՞մ է այդ գործով, թե՞ ոչ: Նրա հետ զրույցից րոպեներ անց մեզ զանգահարեց հայրը` Տարիել Բարսեղյանը:

Նա իրավաբանության ոլորտում թվարկելով իր արժանիքները` նշեց, որ հանրապետությունում գործարարական իրավունքի միակ դասագիրքը իր հեղինակածն է: «Անձը եթե պրակտիկ փորձ չունի, դասագիրք գրելու իրավասություն էլ չունի: Ի դեպ, ասեմ, որ միայն ձկնաբուծությամբ չեմ զբաղվում, թե ուրիշ ինչ բիզնեսներով եմ զբաղվում, դա արդեն բիզնեսի գաղտնիքն է,- նշեց Տարիել Բարսեղյանը եւ հավելեց:- Եթե Ձեզ հետաքրքրում է ձկնաբուծարանը, ասեմ, որ, այո, ֆրանսիացիների հետ փայատեր եմ: Որպես կանոն մեր երկրում օտարերկրացիները ներդրում չեն անում, բայց նկատի ունենալով իմ համբավը, պատիվը, փորձը եւ ունակությունները՝ ինձ հետ շատ հաճույքով օտարերկրացիները գործունեություն են ծավալում` բնականաբար օգտագործելով իմ բոլոր հնարավորությունները»:

Տարիել Բարսեղյանը վիրավորական համարեց այն հարցը, թե ինչ կապ ունի ՊԵԿ նախագահի տեղակալ որդին իր բիզնեսի հետ:

«Այդ ո՞ր մասնագետը, որ բիզնեսի դասագիրք է գրել, ոչ միայն որդուն, այլ ցանկացած որեւէ մեկին թույլ կտա, որ նա իր բիզնեսին մասնակցի: Դա հնարավո՞ր տարբերակ է: Շատ ներողություն, ես ուրիշներին բիզնես եմ սովորացնում, պետք է իմ որդին մասնակցի իմ բիզնեսի՞ն: Ի՞նչ եք ասում: Ասելուց առաջ մտածել է պետք, որովհետեւ դա նսեմացնում է իմ` մասնագետիս պատիվը: Ի պաշտոնե նա ի՞նչ պետք է ինձ անի, սովորեցնի, թե հարկն ինչպե՞ս վճարեմ եւ ինչքա՞ն, Ֆրանսիայից եկածն ինչ կարգով մաքսազերծե՞մ: Շատ ներողություն, ես նրան թույլ էլ չեմ տա, որովհետեւ արտասահմանյան գործընկերներ ունենալու պայմաններում ես ավելի լավ գիտեմ մաքսազերծման կանոնները, քան մեր մաքսային մարմինների աշխատողները: Եվ այս պարագաներում ես ու՞մ պետք է թույլ տամ, որ մտնի իմ գործերի մեջ: Գիտեք ինչ, դա վիրավորական է ինձ համար հնչում»,- ասաց Տարիել Բարսեղյանը:

Նա հորդորեց իմանալ եւ կասկածի տակ չդնել այն հանգամանքը, որ իրավաբանական գիտությունների դոկտոր-պրոֆեսորը թույլ չի տա, որ պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի վրա բիծ ընկնի նրանով, որ ինքը մասնակցում է հոր բիզնեսին: «Նա տանն է որդի, դրսում ես իմ գործերն ունեմ, ինքը` իր: Ինքը իր պետական գործերով թող զբաղվի, եթե պետական գործերը կթողնի, ես իմ բիզնեսը նրան կտամ հավատարմագրային կառավարման, ոչ թե որպես սեփականություն»,- նշեց Տ. Բարսեղյանը:

Նրանից հետաքրքրվեցինք՝ եթե Տիգրան Բարսեղյանը ձկնաբուծարանի հետ կապ չունի, ինչու՞ է հաճախ լինում ձկնաբուծարանի տարածքում: Նա սկզբից ժխտեց, որ որդին ձկնաբուծարանի տարածքում հաճախ է լինում:

«Քանի որ ես տարիքս առած մարդ եմ, հոգնած եմ լինում, երբեմն խնդրում եմ, որ մեքենան ինքը վարի, բայց դա լինում է շատ հազվադեպ: Ես ոչ միայն Տիգրանին, այլեւ նրա տղային, աղջկաս տանում եմ, որ տեսնեն՝ իրենց հայրը ինչ է անում, սովորեն, որ հետո էլ շարունակեն:

Ահա ամբողջը: Ես հասկանում եմ, որ Տիգրան Բարսեղյանը պաշտոն է զբաղեցնում, շատ հետաքրքիր է նրա հետեւից գնալը եւ այլն, բայց նկատի ունեցեք, որ Տիգրան Բարսեղյանը Տարիել Բարսեղյանի տղան է, իսկ Տարիել Բարսեղյանն  այն իրավաբանն է, որը ոչ մեկին` հարազատներին, կնոջը, երեխաներին չի թողնի մտնել իր գործերի ոլորտ: Ես ունեմ իմ գործերը, իմ գաղտնիքները: Եթե տղաս չասեր, որ հետաքրքրվում եք, ես ձեզ հետ երբեւէ չէի խոսի: Կասեի` եկեք պաշտոնական տեսնենք ինչ եք ուզում: Բայց որ տղաս ասաց, ես հասկացա, որ այստեղ ինչ-որ բան կա, ինչ-որ մեկը ինչ-որ բան ցանկացել է ոչ թե ինձ հետ լուծել, այլ ուզում է իմ տղայի հետ լուծել: Բայց ինչ-որ մեկը եթե ցանկանում է հարց լուծել, թող բարի լինի գա Տարիել Բարսեղյանի հետ իր հարցերը լուծի, կստանա իր շատ լավ պատասխանը»,-ասաց իրավաբանական գիտությունների դոկտոր-պրոֆեսորը:

Տարիել Բարսեղյանը խորհուրդ տվեց կարդալ իր գրած դասագիրքը, որպեսզի մեկ անգամ եւս համոզվենք, որ ոչ մեկը այս բնագավառում չի կարող իր հետ մրցել:

«Ես հանրապետությունում միակն եմ, վաստակավոր իրավաբան, դոկտոր-պրոֆեսոր, որը 8 տարի եղել է Գերագույն դատարանի նախագահը, որի վրա ոչ մեկը ոչ մի բիծ չի գտել: Ուրեմն խնդրում եմ այս բոլորը հաշվի առեք: Բիզնեսի ասպարեզում եթե հանրապետությունում կգտնեք մեկին, որ ինձ հետ կմրցի, խնդրում եմ մեջլիս հրավիրեք, ես նրա հետ մեծ սիրով կմրցեմ»,- խոսքը եզրափակեց Տարիել Բարսեղյանը:

ՊԵԿ նախագահի տեղակալի հոր` Տարիել Բարսեղյանի և Գարիկ Սալոյանի անուններով համատեղ գրանցած այլ ընկերություններ էլ կան` «Վեների» և «Վեների ԻՄՄՕ» ՍՊԸ-ները: ՊԵԿ-ի նախագահի տեղակալի և նրա ընտանիքի մյուս բիզնեսներին կանդրադառնանք առաջիկայում: 

Լուսանկարում ձկնաբուծարանից դուրս եկող ջրերն են

(շարունակություն)

Մեկնաբանություններ (4)

Karen
Շատ պարկեշտ և բացառիկ ազնիվ մարդ է ընկեր Տարիել Բարսեղյանը: Ասում եմ որպես իր նախկին ասպիրանտ: Պետք չէ մութ սենյակում սև կատու փնտրել, մանավանդ որ այնտեղ այն չկա: Կարեն Համբարձումյան
Վզգո
ազնիվների մեջ ազնիվը, մարդկանց մեջ ամենամարդկայինը, իսկը հայտնի բարեգործ Ջոն Ճոճոլը լինի
Andranik
Bolor@ giten Paron Barseghyani obyektivutyan u parkeshtutyan masin.Zarmanum em ,vor hanrapetutyunum biznesi zargacum@ xraxuselu poxaren ,aysorva lratvamijocner@ pordzum en ayn putajanoren paxarakel.
W. Wallace
Կարողա պարկեշտ ու ազնիվ մարդա, բայց հեչ համեստ չի բիզնեսով զբաղվելը իրա իրավունքնա, բայց չեմ կարծում որ իրոք ինքնա զբաղվում, ուստի ողջունելիա Հետքի նախաձեռնությունը, թող հետաքննեն, մեզ էլ տեղեկացնեն, մենք էլ եզրակացություններ անենք, հերիք եղավ արդեն հաշտվենք, որ բոլորը կաշառակեր, կոռումպացված ու անազնիվ են, պետքա դրա մասին բարձրաձայնել ու պայքարել

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter