HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փայլակ Հայրապետյանը դիմում է գործարարներին

Գործարար Փայլակ Հայրապետյանն այսօր հայտարարություն է տարածել` ուղղված հայ գործարարներին: Այն նույնությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Հաշվի առնելով այն, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ–ի և իմ միջև առաջացած վեճը հանրությանը հայտնի է դարձել, անհրաժեշտ եմ համարում տարածել սույն հայտարարությունը` ՀՀ-ում գործող այլ գործարարների շահերը հետագայում չոտնահարելու համար:

Նախ նշեմ, որ իմ և «Ամերիաբանկի» միջև առկա են վեճեր, մասնավորապես` դատարանի վարույթում է գտնվում առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման պահանջի մասին գործը (առոչինչ գործարքի՝ գրավի պայմանագրի, առոչինչության հետևանքներ), ինչպես նաև` ոստիկանությունը «Ամերիաբանկի» վարկառու Աշոտ Սուքիասյանին որպես մեղադրյալ  է ներգրավել ՀՀ Քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Խարդախություն առանձնապես խոշոր չափերով), նույն օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելը՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով) և 198 հոդվածի 3-դ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի եկամուտներն օրինականացնելը՝ փողերի լվացումը) նախատեսված հանցագործությունների կատարման համար:

Աշոտ Սուքիասյանը բանկի հետ գրավի պայմանագրերը կնքել է իմ կողմից տրված լիազորությունները սահմանազանցելով, և պայմանագիրը կնքելու պահին կողմերը գործել են ոչ բարեխիղճ: 

Հայտարարում եմ, որ ինձ և ընտանիքիս պատկանող անշարժ գույքը առոչինչ գործարքի արդյունքում անցել է բանկին իբրեւ սեփականություն, և «Ամերիաբանկը» այդ գույքի մի մասը օտարել է ու անընդհատ միջոցներ է ձեռնարկում վաճառելու նաև մնացած գույքը:

Հայտարարում եմ և տեղեկացնում բոլոր գործարարներին՝ ձեռնպահ մնացեք «Ամերիաբանկի» կողմից ուղղակի կամ աճուրդով վաճառվող ինձ պատկանող անշարժ գույքի ձեռքբերումից` նկատի ունենալով, որ առկա է դատական վեճ: Մինչև դատարանի և քրեական հետապնդման մարմնի կողմից առկա վեճի և քրեական պատասխանատվության վերջնական հարցի լուծումը նաև բանկին եմ առաջարկում զերծ մնալ գույքերի օտարման հարցից: Կարծում եմ, որ դատարաններում առկա վեճերի լուծման արդյունքում այդ անշարժ գույքը ձեռք բերող անձինք որևէ կերպ չեն կարող լինել բարեխիղճ ձեռք բերողներ, և նրանցից դատարանով գույքը հետ է պահանջվելու:  Հաշվի առնելով իմ կողմից բազմիցս մատնանշված հանգամանքը, որ մեր անշարժ գույքը բանկին սեփականություն է անցել առոչինչ գործարքի արդյունքում, ուստի կարծում եմ, որ բոլորը պետք է ձեռնպահ մնան դրա գնումից: Միաժամանակ նշեմ, որ թե «Ամերիաբանկը» և թե ներկայիս այդ գույքից որևէ մեկը ձեռք բերող անձը կամ անձինք տեղյակ են դատական վեճի մասին, ուստի նրանք չեն կարող հանդիսանալ բարեխիղճ ձեռք բերողներ, սակայն բոլորիս պարտականությունն է գործել բարեխղճորեն և կրել պատախանատվություն այլ անձանց իրավունքները չխախտելու հարցում: Միաժամանակ պետք է, որ բանկն ու գույքի գնորդները պատրաստ լինեն կրելու այդ անշարժ գույքում առկա ինձ և իմ ընկերություններին պատկանող շարժական գույքերի կորստի կամ վնասվելու ռիսկերը»:

Փայլակ Հայրապետյան

Լուսանկարը՝ «Հրապարակի»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter