HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

ԼՂՀ-ն 3000 դրամով ավելի թանկ ինսուլին է գնել, քան ՀՀ-ն. վարչապետի պարզաբանումը

«Հետքը» բացահայտել է, որ ԼՂՀ կառավարությունը պետական գնումների շրջանակներում ինսուլին դեղամիջոցը ձեռք է բերել 7800 դրամով, երբ ՀՀ կառավարությունը նույն բանն արել է 4800 դրամով: Հայաստանցի եւ արցախցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հետքն» այս հարցով դիմեց վարչապետ Արա Հարությունյանին՝ հետաքրքրվելով, թե արդյոք մյուս ոլորտներում էլ պետգնումներ իրականացնող մարմինը նման միջոցներ է վատնում:

«Դա այն ցավալի դեպքերից է, երբ մեր տնտեսվարողները, օգտվելով տարբեր հնարավորություններից, շատ ավելի գումար են ստանում, քան պահանջում են տնտեսագիտական կանոնները: Իմ վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություններ է կատարելու առաջիկայում: Չի բացառվում, որ համապատասխան մարմինները զբաղվեն դրանով (նկատի ունի քրեական գործի հարուցումը- հեղ.): Դեղերի գնումների հետ մենք միշտ խնդիրներ ենք ունենում: Մյուս թանկացումների դեպքում մենք հիմնավորումները գիտենք, իսկ դեղերի հետ կապված լուրջ է: Մենք խնդրել ենք ՀՀ առողջապահության նախարարին, որ դեղեր գնելիս հաշվի առնեն նաեւ մեր ծավալները, ու խոշոր գնումների դեպքում ունենանք արտոնյալ գներ»,- ասաց Ա. Հարությունյանը:

Նա նշեց, թե չի բացառվում, որ ինսուլինն այսուհետ անհամեմատ էժան ձեռք բերվի, քանի որ մատակարարողները, Արցախը հատուկ հաշվի առնելով, նման խոստում են տվել: Միաժամանակ գործադիրի ղեկավարը շեշտեց, որ չի ցանկանում սեւեռվել դրա վրա, քանի որ այդ ամենը առայժմ զուտ խոստում է: 

Ըստ նրա՝ իրենք այսուհետ համեմատելու են ԼՂՀ գնումները Հայաստանի առողջապահական հիմնարկների գնումների հետ, որպեսզի տեսնեն, թե որտեղ ինչ չարաշահումներ են եղել:

«Մեր վերահսկիչ պալատը պարբերաբար ստուգումներ է անցկացնում: Մնացած գնումների առումով կարծես թե իրավիճակն ավելի վերահսկելի է, քան ունեցել ենք 3-5 տարի առաջ»,- նշեց Հարությունյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter