
Կոմիտասի 5, բնակիչների բողոքի ցույցը շինհրապարակում (լուսանկարներ)
Կոմիտասի 5 ա, 7, 7/1, 3 և հարակից այլ շենքերի բնակիչներն այսօր առավոտից հավաքվել էին Կոմիտասի 5 հասցեում գտնվող շինհրապարակի մոտ, որպեսզի արտահայտեն իրենց բողոքը այդ հասցեում վերսկսած շինարարության դեմ:
Բնակիչների խոսքերով՝ արդեն մի քանի տարի մեկնարկած, բայց այդպես էլ չսկսած շինարարության կազմակերպիչները առանց օրինական փաստաթղթերի երկու-երեք շաբաթ առաջ սկսել էին հիմք փորել, ինչի իրավունքը, առանց իրենց համաձայության, չունեին: Բնակիչները դիմել են քաղաքապետարան, որտեղից նրանց պատասխանել են, որ այդ տարածքում շինարարություն իրականացնելու թույլտվություն իրենք չեն տվել: Դրան հաջորդած մոտ տասը օրվա դադարից հետո մի քանի օր է, ինչ վերսկսվել են փորման աշխատանքները: Այսօր առավոտյան Կոմիտասի 5-ի շինհրապարակում միայն հարակից շենքերի բնակիչներն էին. այդ պահին աշխատող 4 շինարարները դադարեցրել էին շինարարությունը և հեռացել:
Բնակիչները դատարկ շինհրապարակի հետնամուտքի դարպասը կոտրեցին՝ ասելով, որ այդ հատվածը պատկանում է կոմիտասցիներին, և դուրս է շինհրապարակի տարածքից, հետևաբար ապօրինի է պարսպապատված: Նրանք նույնիսկ ցանկանում էին դուրս գալ Կոմիտաս փողոց և փակել երթևեկությունը, որպեսզի այդպիսով պատկան մարմինների և քաղաքացիների ուշադրությունը գրավեն իրենց խնդրին: Այս պահին շինհրապարակում են ոստիկանությունըը և շինարարությունն իրականացնող «Լիբեր» ընկերության տնօրենը՝ Էդուարդ Քեշիշ Աբրամը՝ իր հետ բերելով շինարարության թույլտվությունը (փորման աշխատանքները սկսելուց շաբաթներ անց), որի պատճենը դեռ պետք է տրամադրի բնակիչներին, ովքեր այդ փաստաթղթի օրինականությունը ևս, իրենց խոսքերով, կվիճարկեն դատարանում:
Անզեն աչքով էլ պարզ երևում է, որ եթե նախատեսված վայրում անգամ ցածրահարկ շինություն կառուցվի, այն կփակի հարակից շենքերի լույսը, իսկ բարձրահարկը ուղղակի կվտանգի և իր, և մոտակա այլ շենքերի սեյսմակայունությունը: Բացի այդ, արդյունքում կնվազի հարակից շենքերի բակային տարածքը, արտակարգ իրավիճակներում շտապօգնության կամ հրժեջ մեքենաները չեն կարող այդ կողմից մտնել շենքերի բակեր: Բնակիչների բողոքի հիմնական կետերից մեկն էլ այդ տարածքում գտնվող բարձր լարման ենթակայանն է, որը Կոմիտաս 5 հասցեից դուրս է բերվել և մոտեցվել մյուս շենքերին:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել