
Խավարից ու դոգմաներից անդին, կամ Հայաստանում պիտի վերջ տան սեռական փոքրամասնությունների հարցը շահարկելուն
Վարազ Սյունի, Ամստերդամ,19.08.2013
Իսկական քաղաքակրթությունը սկսվեց միայն 1945 թ.-ից, երբ նացիզմի ավերածություններից ցնցված` ՎԵՐՋԱՊԵՍ հասկացան, թե ինչ սարսափելի հետևանքներ կարող են լինել, երբ երկրիդ (ոչ մի օրենք չխախտած) օրինական քաղաքացիների մի խմբիդ չես տալիս նույն սահմանադրական իրավունքները: Այս վտագանվոր-չարաբաստիկ կայծը շատ արագ մի խմբից մյուսին տարածվելու հակում ունի. գերմանական նացիզմի ժամանակ էլ այն սկսվեց հրեաներից, հետո վերջիններիս արագ միացան կոմունիստները, նույնասեռականները, գնչուները, սլավոնները և այլ «ոչ զտարյուններ»: Նացիզմի հազարավոր քաղաքական հակառակորդների գլուխն էլ կերան՝ որպես «նույնասեռականների» բանտարկելով ճամբարներում: Արդյունքում՝ գերմանական ազգին «զտել-մաքրելու» պրոցեսում տասնյակ միլիոնավոր մարդ արարած մահացավ, այդ թվում` գերմանացի ազգի կեսից ավելին՝ գումարած հսկայածավալ ավերածությունները` նյութական և հոգեկան: Ես Հայաստանին նույն ուղին և ճագատագիրը ՉԵՄ ցանկանում. նոր սև էջի կարիք ու տեղ այս փոքր ազգը չունի:
Այսօր հատկապես ռուսամետ ուժեր ու իրենց մարդիկ սեռական փոքրամասնությունների հարցը Հայաստանում դարձրել են ազգի ԻՍԿԱԿԱՆ խնդիրներից ուշադրությունը ՇԵՂԵԼՈՒ մի միջոց, ու այնպիսի իսկապես ԾԻԾԱՂԵԼԻ ու անհիմն բաներ են «պնդում» այս վաղնջական ու բնական երևույթի մասին, որ կարծես երեկ ծնված լինեն: Այսպիսի զավեշտական պնդումներից մեկն այն է, որ իբր թե այս երևույթը ««այլասեռված»Եվրոպայից եկած «հիվանդություն» է»: Նրանք կամ չգիտեն, կամ «մոռանում» են Տիգրան Մեծի ու իր օգնական-սիրեկան Սմբատ Զորավարի մասին, որոնք երկուսով (ու առանց «Աստվածաշնչի») ծովից ծով հայրենիք նվաճեցին: Նրանք կամ չգիտեն, կամ «մոռանում» են Նժդեհի թիկնապահ երկսեռական (bisexual) Զարզանդ Պողոսյանի մասին, որն առնվազն 4 անգամ փրկել է Նժդեհի կյանքը, առանց որի դուք այսօր Սյունիքի հանքերում միլիոնատեր չէիք դառնա:
Նրանք «մոռանում» են, որ ոչ մի հիվանդություն մարդուն ՆԵՐՔԻՆ երջանկության զգացում չի պարգևում: Նրանք «մոռանում» են, որ ֆեոդալական Ռուսաստանի օրինակին հետևելով ու Հայաստանում այսպես կոչված «նույնասեռականության պրոպագանդան» «արգելելով»` ոչ մի հարց չի լուծվի, իսկ Հայաստանի միջազգային իմիջը արմատապես կցեխոտվի: Նրանք շատ բան են «մոռանում»:
Հենց այս պահին էլ հայկական բանակում ծառայում են նույնա-երկսեռական տղաներ, ու հենց այս պահին էլ նրանցից ոմանք կանգնած են սահմանին: ՀԱՐՑ. իսկ ԻՆՉՈ՞Ւ իրենք էլ ԻՐԵՆՑ երկրում չպիտի ունենան նույն սահմանադրական իրավունքները: Ես հիմա իրենց անունից ՊԱՀԱՆՋՈՒՄ եմ պատասխան: Վե ՛ր կացեք ձեր պաշտոնական,եկեղեցական կամ սովորական աթոռներից և վերջապես պատասխանե՛ք այս ԱՌԱՆՑՔԱՅԻՆ հարցին:
Եթե այն պիտի փորձեք հիմնավորել աստվածաշնչյան գրառումներով,ապա ձեզ կասեմ հետևյալը. նախ՝ ՀՀ-ի օրենսդրական-պետականական հիմքը ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ է, այլ ոչ որևէ կրոնական գիրք: «Աստվածաշունչը» ո՛չ իրավական-իրավաբանական գիրք է, և ո՛չ էլ գիտական: Այն մոտ 2000 տարի առաջ` Քրիստոսի մահից 100 տարի ՀԵՏՈ, ու մի խումբ հրեաների հողմից գրված մի գիրք է, որի պատմական ճշմարտությունը ապացուցել հնարավոր ՉԷ: Այսինքն՝ դրան կամ ՀԱՎԱՏՈՒՄ ես կամ ոչ, ուստի դա քո սուբյեկտիվ-անձնական համակարգից բխած անհատական ՀԱՎԱՏ է:
Եթե Քրիստոսին, աստվածաշնչյան գրառումներին հավատալով` դու ՆԵՐՔՆԱՊԵՍ ավելի խաղաղ, հզոր ու հուսառատ անհատ ես դառնում, ապա ես դրա դեմ ոչինչ չունեմ. լրիվ ընդհակառակը: Բայց եթե այն կիրառում ես` ուրիշներին գնահատելու-ԴԱՏԱՊԱՐՏԵԼՈՒ համար, ապա դու քո ՆԵՐՔԻՆ հավատը դուրս ես բերում արտաքին միջավայր. այսինքն՝ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՆՈՒՄ ես կրոնդ:
Եթե օգտագործում ես քաղաքականացված քրիստոնեություն, ապա ուրեմն նախ և առաջ հատկապես հայ ազգին ՊԱՐՏԱՎՈՐ ԵՍ ՍՊԱՌԻՉ կերպով պատասխանելու, թե ի՞նչու այդ դեպքում Քրիստոսը չմիջամտեց 1915 թ.-ին Դեր-Զորում, եթե նա «աստվածակերպ ու աստվածակարող» էր:
«Ավանդական ընտանիքի պահպանման» դրույթը բերողներին կասեմ հետևյալը. նախ՝ նույնասեռականներն էլ ավանդական ընտանիքի անդամներ են. նրանք էլ ինչ-որ մեկի տղան/աղջիկը, եղբայրը/քույրը կամ հայրը/մայրն են. նրանք երկնքից չեն ընկել: Հետո` հայ «ավանդական ընտանիքները» երկարաժամկետ փրկվելու հնարավորություն կունենան միայն այն ժամանակ,երբ իրենց թիկունքում կանգնած կլինի հզոր ու իրավական ՊԵՏՈՒԹՅՈՒՆ: Վկան՝ ամայացած Արևմտյան Հայաստանդ: Եթե մի պետության մեջ ոչ բոլոր օրինական քաղաքացիներն ունեն հավասար օրենսդրական իրավունքներ,ապա այդ պետությունը թույլ, վախեցած ու ապագա չունեցող մի տարածք է, մի թևանի ինքնաթիռ՝ միշտ գամված գետնին:
Բոլոր պետություններում միշտ ապրել/ապրում են ՏԱՐԲԵՐ հայացքների, կարիքների, ապրելաձևի, գործելաձևի տեր մարդիկ: ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ու ՕՐԵՆՔԸ հենց սրա համար են ստեղծվել, որ այս տարբեր տեսակի բոլոր մարդկանց զսպեն, առաջնորդեն և երկրի ներսում հասարակական-իրավական կարգուկանոն/խաղաղություն/արդարադատություն հաստատեն, որպեսզի ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ քաղաքացի հավասար հնարավորություններ ունենա
իր ՏԱՂԱՆԴՆԵՐԸ զարգացնելու՝ դրանով իսկ իր երկիրը ավելի հզորացնելով: Պատրանք ու անիրագործելի լյուքս է մտածել/երազել, որ քո պետության մեջ բոլորը ՔԵԶ պես պիտի լինեն/ապրեն: Ալտերնատիվը ֆաշիստական-նացիստական-բոլշևիկյան «պետություններն» էին/են` պատմության դառը փորձից:
Նույնասեռականությունը նույնքան վաղնջական է, որքան մարդ արարածը: Եթե այն ԱՅՍՔԱՆ ժամանակ հանդուրժվել է մայր բնության և էվոլուցիայի կողմից, նշանակում է այն իմաստ/ֆունկցիա ունի մարդու տեսակի (պահպանման) և բնական բալանսի համար: Բնության մեջ նույնասեռականությունը հանդիպում է նաև ՀԱՐՅՈԻՐԱՎՈՐ այլ տեսակների մեջ: Դուք՝ մահկանացուներդ, ձեզ իմաստուն բնությունից վեր մի
Դասեք, ապրեք ձեր կարճ կյանքն ու անցեք, իսկ առավել կարևոր հարցերը թողեք իմաստուն մայր բնությանը: Նույնասեռականության դեմ շատերը պայքարեցին. նույնասեռականությունը չվերացավ, իրենք վերացան:
ԲՈԼՈՐ երկրներում, ԲՈԼՈՐ ժամանակներում մարդկանց մի քանի տոկոսը պատկանել է սեռական փոքրամասնությանը: Այս երևույթից դեռ ոչ մի ժողովուրդ ու պետություն չի կործանվել կամ փոքրացել: Բոլոր պետություններն ու կայսրությունները տապալվել են, որովհետև մարդիկ այլևս ՉԵՆ ՀԱՎԱՏԱՑԵԼ այդ երկրի/կայսրության ՔԱՂԱՔԱԿԱՆ համակարգին. կաշառակերություն,նեպոտիզմ, սոցիալական անարդարություն,պետական դավաճանություն, ծախվածություն և այլն:
Հայաստանում սեռական փոքրամասնությունների մասին պատկերացումները դեռ այնքան ՊՐԻՄԻՏԻՎ են. հիմականում
հիմնված ֆեոդալա-ռուսա-խորհրդային մեռած կայսրության գուլագա-բոլշևիկյան անցյալ պրակտիկայի վրա:
Նույնասեռականությունն էլ ԲԱԶՄԱՇԵՐՏ ու ոչ միատարր երևույթ է, ինչպես բոլոր բնական երևույթները: Հայաստանցիների մեծագույն մասը, նույնասեռական ասելով, պատկերացնում է այգում թաքնված ու արտառոց հագնված ինչ-որ մի տրավեստիտի կամ գեյ-շքերթի մասնակցող կիսամերկ ինչ-որ մի տղայի: Սրանք անարդար, պրիմիտիվ, սխալ ու զավեշտական պատկերացումներ են: Նախ՝ տրավեստիզմը սեռական կողմնորոշում ՉԷ. այսինքն՝ տրավեստիտ կարող են լինել և՛ տարասեռականները (heterosexuals), և՛ նույնա-երկսեռականները (homo/bisexuals): Երկրորդ՝ գեյ-շքերթը ԲՈՂՈՔԻ ակցիա է՝ հսկա դիսկրիմինացիայի դեմ. դա ապրելաձև չէ՛ : Շատ այլ բողոքի ակցիաների ժամանակ մասնակիցները սուլում, գոռում են ու շերեփներով խփում են ղազաններին: Սա հո չի նշանակում, որ այս մարդիկ ղազաններն ու շերեփները ձեռքին են ապրում: Երրորդ՝ այսօր ամբողջ աշխարհում սեռական փոքրամասնություններին պատկանող ՇԱՏ նախարարներ, քաղաքապետեր, իրավաբաններ, բժիշկներ, ինժեներներ, զինվորականներ, ոստիկաններ, թիկնապահներ, բիզնեսմեններ, դիրեկտորներ, դերասաններ,երգիչ-երգահաններ ու այլք կան: ՉԻ ԿԱՐԵԼԻ այս ամբողջ խմբին դատել կիսամութ այգում կանգնած 1-2 մարդու օրինակով, ինչպես որ չի կարելի ամբողջ հայ կանանց դատել թուրքիաներում ու արաբստաններում մարմնավաճառությամբ զբաղվող մի քանի հայ կանանց օրինակով:
Հայաստանում շատերը չգիտեն, որ կա էական ՏԱՐԲԵՐՈԻԹՅՈԻՆ անհատի սեռականության (sexuality), սեռական կողմնորոշման (sexual orientation) և անհատի տվյալ սեռին պատկանելիության իր ներքին զգացման (gender identity) միջև: Ուստի լրիվ հնարավոր է, որ, օրինակ, 2 տղամարդ իրար հետ ունենան սեռական հարաբերություն, բայց չլինեն նույնասեռական կամ երկսեռական, և նման այլ դեպքեր: Ինչպես տեսնում եք, սա բազմագիծ երևույթ է: Ուստի բացարձակ անիրագործելի, անպարզ ու անհեթեթ է, թե ԻՐԱԿԱՆՈԻՄ ի՞ նչ պիտի նշանակի այսպես կոչված «նույնասեռականության պրոպագանդա»: Դեռ ոչ մի երկրում ոչ մի նույնասեռական փողոցում չի «բռնվել», քանի որ ձեռքին թուղթ կար ու վրան գրված՝ «պրոպագանդա հանուն նույնասեռականության»: Սա նույնն է, ինչ բացել «պանդորայի տուփը»: Ուստի Հայաստանում ոստիկաններն ու իրավապահ մարմինները թող իրենց ԺԱՄԱՆԱԿՆ ու ՄԻՋՈՑՆԵՐԸ ներդնեն երկիրը ԻՍԿԱԿԱՆ գողերից ու վտանգներից մաքրելու համար: Իսկ այդ «մտավորականներին» կոչ եմ անում դիմել ոստիկանություն ոչ թե գուլագային-ստալինյան «նունասեռականության պրոպագանդան» «արգելող» օրենագիծ մշակելու խնդրանքով, այլ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ու ԱՐՏԱԳԱՂԹԻ պրոպագանդան կամ հազար ձեռ ծամծմված մեքենաներ/ինքնաթիռներ ներկրելն արգելող օրինագիծ ներկայացնելու խնդրանքով:
Հետո այսպես կոչված նույնասեռականության պրոպագանդան արգելելը ԻՐԱԿԱՆՈՒՄ կնշանակի հենց նույնասեռականությունը նորից քրեականացնել, այս անգամ` հետին դռնից: Իսկ սա կլինի մարդու իրավունքների ԿՈՊՏԱԳՈՒՅՆ ԽԱԽՏՈՒՄ, քանի որ նույնասեռական լինելը ՈՉ ԹԵ սուբյեկտիվ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ է, այլ մարդու օբյեկտիվ ԼԻՆԵԼՈՒ ՆԵՐՔԻՆ ԷՈՒԹՅԱՆ տարրական-համամարդկային իրավունք (universal basic human right):
Մարդու (հատկապես տղամարդու) սեռականությունը բնության մեջ ամենաբարդն է, որը որոշվում է բեղմնավորման պահին ու ձևավորվել է հարյուր հազարավոր տարիների ընթացքում: Եթե այն «պրոպագանդայով կամ սոցիալական միջավայրով հնարավոր լիներ փոխել», ապա չորսոտանի արու կապիկները վաղուց Երկիր մոլորակի տերն ու տիրակալը կլինեին:
Տիեզերքում ՀՈԳԻՆ է հարատևում, ուստի ԲԱՐՈՅԱԿԱՆՈԻԹՅԱՆ հիմքը ո՛ չ թե մարմնական, այլ ՀՈԳԵԿԱՆ արժեքներն են. այսինքն՝ լինել բարի,աշխատասեր,ազնիվ, օգնող, կարեկցող և նման այլ հոգեկան արժեքներ: Ըստ այսմ էլ շատ հնարավոր է, որ ոմն մարմնավաճառ լինի լրիվ բարոյական անհատ, իսկ ոմն կույս/միանձնուհի՝ լրիվ անբարոյական:
Այդ Աբրահամյան կրոններն էլ ընդամենը 2000 տարի առաջ են սկսել «ծնվել», մինչդեռ տիեզերքը անժամանակ ու անսահման է: Տիեզերական խորության ու բալանսի ծաղիկը ՍԵՐՆ է. սերը 2 կամ ավելի ՀՈԳԻՆԵՐԻ միջև` խավար ցանող-հնձողներից ու դոգմաներից անդին:
Այսօր ամբողջ աշխարհում ԲՈԼՈՐ հանցագործությունների ՄԵԾԱԳՈՒՅՆ մասը կատարվում է տարասեռական (heterosexual) տղամարդկանց կողմից, որը մեծ վտանգ է դարձել շատ երկրների հասարակությունների համար: Հետաքրքիր է, որ Ռուսաստանում կամ այլ ֆեոդալական երկրներում «տարասեռականության պրոպագանդան արգելող» օրենք չեն ընդունել/ընդունում:
Խավար ցանող-հնձողների համար նույնասեռականները ՀԵՇՏ ԹԻՐԱԽ էին/են` քավության նոխազներ՝ ուշադրությունը իրենցից շեղելու «ձրի» միջոց:
Հարգելի hայ եկեղեցի դա սեռական փոքրամասնությունների
ՄԵՂՔԸ ՉԷ, որ դուք չե ք կարողանում պայքարել աղանդների դեմ: Միգուցե աջ ու ձախ իրենց քարկոծելու փոխարեն շատ ավելի օգտակար կլինի, որ hայ եկեղեցին վերջապես կանգնի նաև անփող հայի կողքին/թիկունքին, որպեսզի այդ մարդիկ հույս ու ապավեն աղանդներում չփնտրեն:
Հարգելի քաղաքական միջակություններ, դա սեռական փոքրամասնությունների ՄԵՂՔԸ ՉԷ, որ դուք քաղաքական միտք, անկախություն ու քաջություն չունեք՝ իրապես ազգային խնդիրներ լուծելու ու ուշադրություն գրավելու/բարձրանալու:
Ուստի և այսուհետ ՎԵՐՋ ՏՎԵՔ ձեր հեշտ-թիրախային ԿԵՂԾ հայրենասիրության որսագողությունը կամ ԻՍԿԱՊԵՍ ազգի համար կարևոր հարցերով զբաղվեք կամ անխոս մշուշվեք ձեր խավարի սին խորշերում: Խավարում ոչ մի ծաղիկ չի ծաղկում:
Հ.Գ. Ամերիկացի նույնասեռական պատերազմի վետերանի տապանաքարից. «մարդ սպանելու համար ինձ պարգևատրեցին, իսկ մարդ սիրելու համար՝ պատժեցին»:
Մեկնաբանություններ (33)
Մեկնաբանել