Բաց նամակ Տիգրան Սարգսյանին
Հարգելի պարոն Սարգսյան,
Այսօր` օգոստոսի 21-ի առավոտյան, տեղեկացա, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն քանդում է Հայաստանի Արտենի երկաթուղային կայարանի երկրորդ երկաթգիծը և փակում է երկաթուղային կայարանը` գործազուրկ դարձնելով 5 հոգու: Մեր ունեցած տեղեկություններով` այժմ քանդվող այդ գիծը հիմնանորոգվել է անցած տարի: Կայարանապետին այս ապամոնտաժման աշխատանքների մասին տեղեկացրել են երեկ երեկոյան: Կայարանապետն այս մասին իրազեկել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը, ոստիկանությանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը: Արտենիի բնակիչները առավոտնից բորբոքված են և բողոքում են երկաթուղու մի գծի ապամոնտաժման ու կայարանի փակման դեմ:
Պարոն Սարգսյան, ի գիտություն ընդունեք տարակուսանքս ու մեծ դժգոհությունս այսօրինակ կոնցեսիոն կառավարման դեմ. արդյո՞ք կոնցեսիոն կառավարման իրավունքը թույլ է տալիս ժամանակավոր կառավարչին նվազեցնել Հայաստանի երկաթուղու թողունակությունը, ի՞նչ իրավունքով է այս կառավարիչը այսօրինակ գործողություններ իրականացնում, արդյո՞ք աշխատատեղերի կրճատումը, երկաթուղային կայարանի փակումը եւ գծի ապամոնտաժումը նախատեսված է կոնցեսիոն կառավարման պայմանագրով, եւ, վերջապես, արդյո՞ք Դուք երաշխիքներ ունեք, որ մի օր էլ չեն որոշի Երեւան-Մասիս երկաթգիծը ապամոնտաժել, թունելները փակել, կամ կամուրջները քանդել, ինչի՞ վրա են հենվում Ձեր ունեցած երաշխիքները:
Մի շարք մտահոգ քաղաքացիների անունից, խնդրում եմ, միջոցներ ձեռք առնել անհապաղ կասեցնելու համար Արտենի կայարանի երկաթգծի ապամոնտաժումը, վերականգնել նախկին իրավիճակը, ուսումնասիրել այս նամակում բերված հանգամանքները եւ այսուհետեւ բացառել այսօրինակ ինքնագործունեությունը:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել