HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Տուժողը դիմում է լրագրողներին մեղադրյալներին օգնելու խնդրանքով

Այսօր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վահե Խալաթյանի նախագահությամբ քննվում էին Արամ Մուղալյանի եւ նրա ընկերներ Ռոբերտ Փիլոյանի, Գագիկ Առաքելյանի եւ Արթուր Քլյանի դեմ հարուցված քրեական գործը: Տղաներից առաջին երեքը մեղադրվում են գույքի ոչնչացմամբ խուլիգանություն կատարելու եւ գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու փորձ կատարելու հատկանիշներով, իսկ Արթուր Քլյանը` միայն խուլիգանության համար:

Դատարանի դահլիճում անսպասելի հայտարարություն արեց տուժող Սիաբանդ Խուդոյանը` հայտարարելով, թե ինքը ոչ մեկից «պարտք ու պահանջ չունի»: Ներկաները սկեցին ծիծաղել, դատավոր Վահե Խալաթյանը՝ նույնպես: Բուռն էր հատկապես մեղադրյալներից Ռոբերտ Փիլոյանի մայրիկի ծիծաղը, ինչը դուր չեկավ դատավորին, եւ նա նկատողություն արեց:

«Դուք էլ եք ծիծաղում, որովհետեւ սա աբսուրդ է»,- դիմելով դատավորին՝ ասաց մեղադրյալի մայրը: «Եթե նույնիսկ դատավորը ծիծաղում է, պետք չէ ասել»,- հակադարձեց Վ. Խալաթյանը, ինչին հաջորդեց Ռոբերտի մոր պատասխանը. «Դա շատ հաճելի է, սա ցույց է տալիս, որ մարդկային բան կա»: Դատավորը նրան զգուշացրեց, որ եթե նույն պահվածքը կրկնվի, ստիպված կլինի սանկցիա կիրառել, այս անգամ ներում է:

Արամ Մուղալյանը Սիաբանդ Խուդոյանն ու մայրը

Արամ Մուղալյանի պաշտպաններից Վահե Գաբրիելյանը ներկա չէր այս դատական նիստին: Նա «Հետքի» հետ զրույցում ասաց, որ նախաքննական մարմինը մի շարք խախտումներ է թույլ տվել, եւ իր պաշտպանյալն այժմ չհիմնավորված մեղադրանքով է գտնվում անազատության մեջ: Դատարանում միասնական միջնորդությամբ հանդես եկան նաեւ մյուս մեղադրյալների պաշտպանները` թվարկելով նախաքննական մարմնի թույլ տված սխալները հատկապես ժամկետները խախտելու առումով:

Մեղադրող դատախազ Անդրանիկ Դոլինյանը ժամանակ խնդրեց միջնորդությանը ծանոթանալու համար: Թեեւ պաշտպանները ժամանակ տրամադրելուն չառարկեցին, սակայն նշեցին, որ մեղադրողը մեղադրական եզրակացությունը հաստատելիս իրական հնարավորություն ուներ ծանոթանալու նախաքննական մարմնի թույլ տված ապօրինություններին, ինչը փաստորեն չի արվել:

Դատական նիստի ավարտից հետո Սիաբանդ Խուդոյանը լրագրողների հետ զրույցում եւս մեկ անգամ հաստատեց, որ տղաների դեմ որեւէ բողոք չունի: «Մենք բողոքելու բան չունենք, քանի կարաք, օգնեք այդ երեխեքին: Ես առաջին օրվանից եմ գրել, որ մենք բողոք չունենք այս երեխեքի դեմ: Ուղղակի իմանալու համար ենք դիմել ոստիկանություն, թե ինչ է, ինչ չի: Հետո իմացանք, որ թյուրիմացություն է եղել, առաջին օրվանից պնդել ենք, որ չունենք բողոք»,- ասում էր Սիաբանդ Խուդոյանը:

Տուժողն ասաց, որ վնասի ոչ մի հատուցում իրեն պետք չէ եւ չի պահանջում: «Ծիծաղալու է, որ ասեմ, թե ինչքան է վնասի չափը, մի 30 տուկ խոտ է վնասվել, այդքան բան: Դրա եղածն ի՞նչ ա»,- ասում էր Սիաբանդ Խուդոյանը:

Նրա մայրը` Ասյա Բաքոյանը, ով ներկա էր դատական նիստին, լրագրողներին ասաց, որ իրենք չեն բողոքում, այդ խոտով կերակրել են անասուններին: «Կերցրել ենք անասուններին, հո չէի՞նք թափի, խոտ ա, էլի»,- ասաց նա:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 2-ին:

Փաստաբան Վահե Գաբրիելյանը Դատավոր Վահե Խալաթյանը

Վահե Գաբրիելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր մասնագիտական կարծիքով՝ Արամ Մուղալյանին առաջադրված մեղադրանքը հիմնված է հակասական ենթադրությունների վրա: 

Փաստաբանը պատմեց, որ այս տարվա հունվարի 6-ին Արմավիրի մարզի Նորապատ գյուղի բնակիչ Սիաբանդ Խուդոյանն ահազանգել է Արմավիրի ոստիկանություն եւ հայտնել, որ իր տան հետնամասում ինչ-որ մեկը կրակ է վառել: Ըստ գործի նյութերի՝ ոստիկաններն այցելել են դեպքի վայր եւ տեղազննություն են կատարել, որը փաստաբանի որակմամբ` «անհաջող տեղազննություն» է եղել: Խոտի դեզից 5-6 մետր հեռավորության վրա հայտնաբերել են հանգած կրակի աղբյուր: Սիաբանդ Խուդոյանն ու նրա ընտանիքի անդամները  դեպքի վերաբերյալ ցուցմունքներ ու բացատրություն են տվել, որ իրենց ոչ մի վնաս չի պատճառվել, չեն մտածում, որ ինչ-որ մեկը ցանկացել է խոտի դեզն այրել, պարզապես կրակը տեսնելով՝ անհանգստացել են, թե հնարավոր է՝ խոտը այրվի, սակայն հետո նկատել են, որ կրակը մարել է:

Նույն քաղաքացուց գրեթե նույն բովանդակությամբ հաջորդ ահազանգը ոստիկանություն ստացվել է հունվարի 19-ին: Դարձյալ ինչ-որ մեկը նույն տարածքում կրակ է վառել, եւ Սիաբանդ Խուդոյանին պատկանող խոտի դեզի հակերից մեկը թեթեւ այրվել է, ինչպես նաեւ խանձվել է տարածքի «պահակ» շունը: Սակայն Ս. Խուդոյանն ու նրա ընտանիքի անդամներն իրենց բացատրություններում նշել են, որ շունը հաչում է, լուրջ վնասվածքներ չի ստացել եւ շարունակում է կատարել «պահակի» իր գործառույթը:

Քաղաքացին լուրջ վնաս չի կրել նաեւ խոտի այրվելուց: Վահե Գաբրիելյանի խոսքերով, Սիաբանդ Խուդոյանը բացատրություն է տվել, որ պատճառված վնասը կազմել է ընդամենը 200 դրամ:

Նույնաբովանդակ ահազանգ ոստիկանությունը ստացել է նաեւ հունվարի 26-ին, եւ դարձյալ գույքային վնաս չի եղել: Այս անգամ Սիաբանդ Խուդոյանը տարածքում նկատել է ինչ-որ ավտոմեքենա եւ հիշել է պետհամարանիշը` տրամադրելով այն ոստիկաններին: Այդ համարանիշի բոլոր սերիաներով իրավապահները ստուգումներ են իրականացրել, եւ գործում առկա բացատրություններով ոչինչ չի հայտնաբերվել:  Դրանից հետո Սիաբանդ Խուդոյանը հայտարարել է, որ հնարավոր է՝ ինքը սխալված լինի, քանի որ մութ է եղել:

Նույն տարածքում կրակի առկայության հաջորդ ահազանգը ոստիկանություն եղել է մարտի 29-ին, սակայն այս անգամ խոտի դեզ այնտեղ չի եղել: Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության` ամբաստանյալներն իրենց հետ վերցրել են բենզին եւ դրանով վառել կրակը:

«Կրակի աղբյուրը հեռու է եղել եւ' տնից եւ' գոմից: Հետեւաբար, եթե այնտեղ խոտ չի եղել, այդ կրակն իրենց չի վերաբերել: Սիաբանդ Խուդոյանը կամ նրա հարեւանները (գործում կա հակասություն) նշում են ավտոմեքենայի պետհամարանիշ: Հաջորդ օրը ավտոմեքենայի տիրոջը` Արամ Մուղալյանին հրավիրում են ոստիկանություն: Հետո տանում են նաեւ Արամի ավտոմեքենան եւ մինչեւ ապրիլի 17-ը նրան հաճախակի հրավիրում են ոստիկանություն, վերջինս էլ առանց խուսափելու գնում է: Իսկ ապրիլի 17-ին նրան ձերբակալում են Քր.օր.-ի 185 հոդվածի կասկածանքով ( գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը), բայց չգիտես ինչու ամսի 20-ին մեղադրանք են առաջադրում 258 հոդվածով (խուլիգանություն) եւ կալանքի միջնորդություն ներկայացնում: Արամը կալանավորվում է»,- պատմում է փաստաբան Վահե Գաբրիելյանը:

Փաստաբանի խոսքերով` մինչեւ նախաքննության ավարտը նախաքննության մարմինն այդպես էլ չի կողմնորոշվել, թե Արամին ինչ մեղադրանք առաջադրի եւ երկու անգամ փոխել է մեղադրանքը` վնասի չափը տատանելով 36-40 հազար դրամի միջեւ:

Վահե Գաբրիելյանը զավեշտալի է համարում Արամին եւ նրա ընկերներին վերագրված մեղադրանքն առ այն, որ նրանք գնացել են դիտավորությամբ գույք ոչնչացնելու, բայց քանի որ գույքը տեղում չի եղել, չեն կարողացել հանցավոր մտադրությունը ավարտին հասցնել: Հետեւաբար, առաջադրվել է խոշոր չափի գույք ոչնչացնելու փորձի մեղադրանք:

«Հարց է առաջանում՝ եթե գույքն այնտեղ չի եղել, ինչի՞ նկատմամբ են գործողություն կատարել, եթե դա եղել է ոչնչացնելու փորձ: Փորձն ակտիվ գործողություն է»,- ասում է Վ. Գաբրիելյանը:

Նա տարակուսած է նաեւ նախաքննական մարմնի գործողություններից: Փաստաբանի ասելով` մինչեւ տղաներին ձերբակալելը գործով տուժող ճանաչված Սիաբանդ Խուդոյանը եւ՛ բացատրություններ եւ՛ ցուցմունքներ է տվել, որ ինքը նյութական վնաս չի կրել: Ձերբակալելուց հետո մայիսին տուժողը փոխել է ցուցմունքը՝ նշելով, որ ինքը կրել է նյութական վնաս ` խոտի հակերը ծխից փչացել են, կովերը չեն կերել, եւ ինքը դրանք թափել է:

«Զավեշտն այն է, որ քննիչը հարց չի տալիս, թե ինչո՞ւ է Սիաբանդ Խուդոյանը փոխել ցուցմունքները, ինչո՞վ են պայմանավորված այդ հակասությունները: Քննիչը ոչ միայն չի պարզում հակասությունները, այլեւ չի գնացել, տեղում չի տեսել՝ արդյո՞ք քաղաքացին խոտը թափել է, կա՞ վնասված գույք, թե՞ չկա: Եթե կա, ապա պետք է փորձաքննություն նշանակվեր եւ պարզվեր, թե ինչից է վնասվել: Հնարավոր է՝ խոտը խոնավությունից է վնասվել կամ ընդհանրապես չէր վնասվել, եւ գյուղացին է կարծել, որ վնասվել է»,- նշում է Վահե Գաբրիելյանը:

Արամ Մուղալյանի փաստաբանը նշում է եւս մի շարք խախտումներ, որոնք թույլ է տվել նախաքննական մարմինը: Ըստ նրա` նախաքննության ժամկետը լրացել է մայիսի 13-ին, սակայն անհասկանալիորեն նախաքննությունը երկարացվել է մինչեւ հունիսի 7-ը: Դրա վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել եւ ստացել են բացատրություն, որ հարուցված է 4 գործ, դրանք միացվել են հարուցված առաջին գործին եւ ժամկետը հաշվել են հարուցված վերջին գործից: Մինչդեռ փաստաբանը նշում է, որ ժամկետը պետք է հաշվեին հարուցված առաջին գործից:  

«Այսինքն՝ մայիսի 13-ից մինչեւ հունիսի 7-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է ապօրինի նախաքննություն»,- նշում է փաստաբանը:

Վահե Գաբրիելյանն ասաց, որ Արամի կալանքի որոշումը մայիսին բողոքարկվել է վերաքննիչ դատարան: Դատարանում մեղադրող դատախազ Սերժ Փիլոյանը հայտարարել է, որ ինքը համոզված է` Արամ Մուղալյանը փախուստի չի դիմի եւ չի էլ կարող դիմել, սակայն դատական ակտում նշվել է, որ Արամը կարող է փախուստի դիմել, եւ բողոքը մերժվել է: Դատախազի կողմից նույն հայտարարությունն արվել է նաեւ կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդության քննության ժամանակ, բայց դատարանն այս անգամ էլ միջնորդությունը մերժել է եւ նշել, որ հիմքեր ունի կասկածելու, որ Արամ Մուղալյանը փախուստի կդիմի: Թե այդ հիմքերը որո՞նք են եղել` այդպես էլ չի հստակեցվել:

Վահե Գաբրիելյանը պատմում է, որ նախաքննական մարմինը, երբ կալանավորումը երկարաձգելու միջնորդությամբ դիմել է դատարան, գործի քննության ժամանակ քննիչն անընդհատ պնդել է, որ հայտնվելով ազատության մեջ՝ Արամը կխոչընդոտի քննությանը: Նրան հարցրել են, թե ի՞նչ կարող է անել Արամը, որով կխոչընդոտի գործի քննությանը, քննիչը պատասխանել է, որ Արամ Մուղալյանը ցուցմունք չի տալիս եւ այդ հանգամանքով արդեն իսկ խոչընդոտում է գործի քննությանը:

«Այսինքն` անձի՝ իր իրավունքից օգտվելը դիտեցին որպես խոչընդոտել, իսկ դատարանն այդպես էլ որեւէ ձեւով չարձագանքեց  դրան»,- նշում է Վահե Գաբրիելյանը:

Այն, որ նախաքննական մարմնի եւ դատարանի «կասկածները» հիմնավորված չեն, եւ Արամ Մուղալյանը չպատճառաբանված հիմքերով է ներկայում գտնվում անազատության մեջ, ապացուցվում է նաեւ նրա ընկերոջ` Արթուր Քլյանի՝ կալանավորումը գրավով փոխարինելու որոշումով եւ վերջինիս պահվածքով:

Արթուրի հոգեվիճակը կտրուկ վատացել է, եւ նա գրավով ազատության մեջ է հայտնվել: Ազատության մեջ հայտնվելով՝ Արթուր Քլյանը որեւէ ձեւով չի խոչընդոտել քննությանը, չի խուսափել, չի փախչել, եւ քննիչի նախնական ենթադրությունները, թե ազատության մեջ մնալով՝ կխոչընդոտի գործի քննությանը, իրականություն չեն դարձել: Հետեւաբար, նույն պնդումներով Արամին եւ նրա մյուս ընկերներին կալանքի տակ պահելը եւս անհիմն է:

Այսօր էլ Արթուրը ներկայացել էր դատարան: Նրա առողջական վիճակը վատ էր, ձեռքերն ու ոտքերը դողում էին: Մայրն ասաց, որ տղայի վիճակը սրվել է հատկապես կալանքի տակ գտնվելու ժամանակ:

Փաստաբան Վահե Գաբրիելյանը ուշադրություն հրավիրեց նաեւ իր պաշտպանյալ Արամ Մուղալյանի անձը բնութագրող հատկանիշներին: Վերջինս մասնակցել է մի շարք օլիմպիադաների, գերազանցությամբ ավարտել է Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, կրթաթոշակ է ստացել եւ սովորել Քեմբրիջի համալսարանում եւ վերադառնալով Հայաստան միշտ օրինապաշտ քաղաքացու վարքագիծ է դրսեւորել:

«Նման բնութագրով անձին չի կարելի կալանավորել: Անձը բնութագրող տվյալներն արդեն վկայում են այն մասին, որ նա օրինապաշտ քաղաքացի է, եւ հիմքեր չկան ենթադրելու, որ նա այս կամ այն բանը կանի»,- ավելացրեց Վահե Գաբրիելյանը:

Մեկնաբանություններ (2)

Karen
«Նման բնութագրով անձին չի կարելի կալանավորել: Անձը բնութագրող տվյալներն արդեն վկայում են այն մասին, որ նա օրինապաշտ քաղաքացի է, եւ հիմքեր չկան ենթադրելու, որ նա այս կամ այն բանը կանի»,- ավելացրեց Վահե Գաբրիելյանը: Был бы человек, статья найдется
Մխիթար
Անհասկանալի է մեկ գյուղացին ասում է որ 200 դրամի է տուժվել, մեկ էլ որ 30 տուկ խոտի վնաս: Հավանաբար մեղադրյալը արդեն իր հաշիվները փակել է տուժող կողմի հետ, քանի որ ոչ մի գյուղացի չի ասի որ 30 տուկ խոտը հեչ բան է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter