HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդան Մինասյանի նախախաղային մամուլի ասուլիսը Պրահայում (տեսանյութ)

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Պրահայի «Էդեն Արենա» մարզադաշտում հանդիպեց ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ: 

- Հայտնի է, որ Ռոբերտ Արզումանյանը վնասվածքով է ժամանել հավաքականի ճամբար: Ի՞նչ վիճակում է նա մոտենում խաղին:

- Միանգամից նշեմ, որ հավաքականում գտնվող բոլոր 23 ֆուտբոլիստներն էլ պատրաստ են խաղին:

- Չեխիայի ընտրանու մարզիչը նշեց, որ Հայաստանն անկայուն խաղ է ցուցադրում, հոգեբանական խնդիրներ ունի, ինչի արդյունքում՝ թիմը կարող է պարտվել Մալթային, բայց հաղթել Դանիային: Ի՞նչպես կմեկնաբանեք նրա խոսքերը: 

- Ինչ-որ տեղ համաձայն եմ, որ կա հոգեբանական ազդեցություն: Բայց միայն հոգեբանությունը չէ պատճառը, քանի որ կան նաեւ այլ գործոններ: Մենք կարող ենք հաղթել Դանիային, պարտվել Չեխիային, իսկ Չեխիան զիջի Դանիային: 

- Չեխիայի հավաքականի մարզիչը շեշտել էր նաև, որ ինքը որոշակի ճնշման տակ է: Այդ առումով ի՞նչ վիճակ է Հայաստանում: 

- Ինչ-որ տեղ իրենց վրա ճնշումն ավելի մեծ է: Ես ավելի շատ մտածում եմ մեր հավաքականի մասին: Միակ ցանկությունը՝ վաղվա մրցավեճում լավ խաղ ցուցադրելը եւ հաղթելն է: 

- Այսօր չեխական ԶԼՄ-ները նշել էին, որ եթե Չեխիան ցանկանում է հաղթել, ապա պետք է մի քանի անգամ դիտեն Դանիա-Հայաստան հանդիպման տեսագրությունը: Արդյո՞ք Դուք փոխել եք մարտավարությունը: 

- Խաղերը միմյանց նման չեն եւ յուրաքանչյուր խաղի մենք ընտրում ենք այլ մարտավարություն: 

- Լեւոն Հայրապետյանը եւ Հրայր Մկոյանը որքանո՞վ են պատրաստ վաղվա խաղին: 

- Նշեցի, որ բոլորը պատրաստ են, իսկ ինչ վերաբերում է ֆունկցիոնալ վիճակին, ապա պետք է կատարենք ընտրություն: 

- Ընդլայնված ցուցակում ընդգրկված էին նաեւ Արտակ Դաշյանը եւ Վարդգես Սաթումյանը, սակայն նրանք դուրս մնացին հայտացուցակից: Ի՞նչ կարող եք ասել այդ խաղացողների վերաբերյալ: 

- Պետք է իրենք հասկանան, որ մեր ուշադրության կենտրոնում են, պարզապես այս անգամ ընտրվեցին այս 23 խաղացողները: 

- Միխալ Բիլեկին հարց էին ուղղել, թե ի՞նչ կլինի, եթե Չեխիան պարտվի, իսկ նա պատասխանել էր, որ իրենք պարտության մասին չեն մտածում: Ի՞նչ կլինի, եթե պարտվի Հայաստանը: 

- Մենք էլ չենք մտածում պարտության մասին:
 
- Հավաքականի մի քանի խաղացողներ տեղափոխվել են Ղազախստան: Ի՞նչ կարծիք ունեք այդ կապակցությամբ: 

- Առաջին հայացքից, հասկանում եմ ձեր անհանգստությունը: Բայց ղազախական թիմերի վարկանիշը բարձրանում է, ունեն մեծ բյուջեներ: Երկու թիմեր մոտ էին Չեմպիոնների լիգայում եւ Եվրոպա լիգայում հայտնվելուն: Վատ բան չեմ տեսնում: 

- Ինչպե՞ս եք գնահատում Չեխիայի հավաքականի ներուժը: 

- Եթե նայենք վիճակագրությանը, ապա այն մեր օգտին չէ: Չեխիան լավ թիմ է, որն ապացուցեցին Հայաստանում: Բայց ես Երեւանում նշել էի, որ այդ խաղն այնպիսի խաղ էր, որում հաղթելու էր այն թիմը, որն առաջինն էր գոլ խփելու: Շատ գրավիչ ֆուտբոլ է ցուցադրում Չեխիայի հավաքականը: 

- Ձեր՝ «Ով առաջինը գոլ խփի, նա էլ կհաղթի» արտահայտությունը դարձել է թեւավոր խոսք: Կբացատրե՞ք, թե ինչ եք ցանկանում դրանով ասել: 

- Ես դա ասել եմ՝ հաշվի առնելով խաղի ընթացքը: Ժամանակակից ֆուտբոլում շատ բարակ է հաղթանակի եւ պարտության միջեւ եղած գիծը: Շատ փոքր բաներ ազդում են խաղի վրա: Հասարակ մի բան. երբ գոլ ես խփում, սկսում ես ավելի վստահ գործել, իսկ դիմացի թիմը, հակառակը, սկսում է նյարդայնանալ, ավելի անհաջող գործել: Նույն՝ Դանիայի հետ խաղում մեր խփած արագ գոլը փոխեց խաղի ընթացքը, քանի որ դիմակայող թիմը փոխում է մարտավարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter